Յարոսլավ Իվաշկևիչ

Արիետտա
Այս ի՞նչ է ծնվում և ի՞նչ է մեռնում:
Թե՞ արևային մի արոտ է սա, ուր արածում են
թևավոր ձիեր դեմքով Բեթհովենի:
Թե՞ ծիրանագույն-նարնջախորշն է
Բիսկայան ծոցի,
ուր խեցիները փչում ու հնչո՜ւմ է
եզակի տոնը նվիրաբերման:
Թե՞ հրեշտակներն են Յուրեկ Լիբերտին օրորում երկնում,
իսկ նա քնի մեջ ժպտում – ասում է՝ մի՜ լար,
Յարոսլավ, մի՜ լար:
Թե՞ սպանանված քերովբեներն են կանգնած երկնամեջ
արցունքի ծովում:

Warte nun balde
Ruhest du auch*:
_______________________________
*Քիչ էլ սպասիր,
Կննջես և դու:
Գյոթե, (Թափառաշրջիկի գիշերային երգը):

Սբ. Ֆրանցիսկոսի թռչունները
Խոնարհ կախված ենք վանդակում
սուրբ Օգոստինոսի փողոցի երկայնքով

մեզ լավ ենք պահում կեռնեխը սուլում է
կտցարներն իրենց նեղ վանդակներում
պճնազարդվում են վառ երանգներով

մոտ եկեղեցուց
սուրբ Ֆրանցիսկոսն է մեզ քարոզում

մենք շա՜տ ենք սիրում
քարոզները սուրբ Ֆրանցիսկոսի

նա բարբառում է որ սիրենք զմիմեանս
մեկս մյուսից փետուր չպոկենք

ռումբ չդընենք մեր բների տակ
որպեսզի էգերը թուխս նստեն

որպեսզի սիրենք մեր վանդակները.
լսո՞ւմ ես կեռնեխն ի՜նչ գեղեցիկ է սուլում

որ իրեն ասեն ի՜նչ գեղեցիկ է
եղբայր Ֆրանցիսկոսը
մեր եղբայր Ֆրանցիսկոսը

Բրեյգել
Մեկնի՜ր ինձ ձեռքդ: Ծովերն ու լերանց գագաթները,
կախաղանները, խաչերն ու հեռաստանները
կտավների՝ ողողված են քրտինքով ոսկեհատ
ու դողդողում են՝ ապշած նայելով այն գաղտնիքներին,
որ թաքնված են սև ու ստվերի տակ, արդյոք չե՞մ կորզի:
Նայի՛ր, ճերմակ դաշտով, տակառներն առած,
ձյունապատած իրենց, Խևի վարձկանները
չեն դավաճանի ծառաբների մերկությանը,
քայլում են սառցով,- սառույցը գորշ է, խաժամուժը՝ սև,
և նրանց առջև դեպի սարերն է մղվում լազուրը,
մարդ ու աշխարհից փախչում վախեցած,-
սառցակուտակ է, ասես լճակն է ցցվել իր տեղից,
կամ գահավեժ են ընդերք ու երկինք:
Երկնքի տեղում ամայություն է, ո՛չ ավելի, քան
սրտի մեջ է իմ, որտեղ կվինտան
ծամածռվում է, ասես տխեղծն է նա բրեյգելյան:
Դու ինձ վստահիր: Տե՛ս, ահա հեռվում կորվետն է՝ քշված
ժանտախտի հողմով վշտի ծովախորշ,
այդպես էլ տրվիր, տրվի՛ր ահավոր երջանկությանը,
ասես կնոջ հետ, հագուրդ տուր կրքիդ
կախաղանի հետ, որը հառնում է լեռան կատարին,
անարգված՝ ծերտով կաչաղակների:
Անծայր մի դագաղ, երկնագերեզման,
ծովն անտակ մի չան – իր ալեկոծմամբ
սուզում է կղզիք՝ մեզ վրա ապշած…
Մեզնից հեռանում՝ կորցնում է Աստծուն
ու մռայլվում է, ինչպես մարմինն է զառամյալ կնոջ,
ում հետ դևերն են տռփանքում ոռնում,-
կրծում է, ծամում, կլլում է ժայռեր:

Մի ամպ իսկ չկա,- ի վերա երկրի տատասկ է ու քար,
իսկ ծովում մենակ, որպես ձուկ հսկա,
ջրահեղձ լողորդն է – մերկանդամ: Իկարն է:

Թարգմանությունը` Շանթ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։