Բրիտանացի բանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ: Ծնվել է 1976-ին, Լոնդոնում, ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկուհի գրող Գեյլ Ռայդմախերի ընտանիքում: 2006 և 2014 թթ. այցելել է Հայաստան: Վոն (Վահան) Փիլիկյանը սանսկրիտի մասնագետ է, թարգմանում և խմբագրում է սանսկրիտով բնագրերի և դրանց անգլերեն թարգմանությունների համացանցային հրատարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. գիրք 7»-ի առաջին հատորը: Հեղինակ է «Խավարման ժամանակ» (2001) և «Օրերի գիրք» (2017) բանաստեղծական ժողովածուների: Ներկայացվող բանաստեղծությունները վերցված են վերջին ժողովածուից:
Վոն ՓԻԼԻԿՅԱՆ
***
Գիշերը մենք հետ գնացինք՝
հետ գնացինք՝ փնտրելով,
հետ՝ դեպի անձավները,
դեպի երակները խավարի,
հետ՝ դեպի մանրախիճը,
որտեղ շներն են վազում,
հետ՝ դեպի ձեռքերը,
հետ՝ դեպի ոտքերը,
հետ՝ դեպի վերջույթները
ավազում լողացողների,
հետ՝ դեպի ցածրացող երկինքը,
մենք հետ գնացինք դեպի
արևի կոտրված սկավառակը,
հետ, որտեղ ընկած են
սպանող քարերը:
Մենք հետ գնացինք
դեպի հարթությունը,
որտեղ ոչ մի կենդանի բան չկա,
մենք մտանք
ընդարձակ սև դատարկության մեջ:
Մենք գտանք կողոսկրեր ու գանգեր՝
քնարներն ու վիները
մեր վաղվա օրերի,
որ փայլում էին լուսինների պես:
***
Ես հետևում եմ քեզ:
Ես կապված եմ Աստծուն
ու ջանում եմ գրկել
քո պատմած հեքիաթը,
այս բառերը
զոդված են մնջախաղում,
սալաքարերից խփված
կատակերգության մեջ,
քո թատերգության
ցնցող երկնապայծառ
ծաղրածուական աշխատանքում:
***
Լաբիրինթոսի
շոգի մեջ
ես մի ծաղիկ գցեցի քեզ համար.
քեզ համար, քեզ համար,
քեզ համար:
Այն թշշաց ու ֆշշաց,
բռնկվեց, երբ ընկավ,
բռնկվեց՝ ինչպես ձյունը բոցի մեջ:
Կրակը սրտում,
որն այրվում է ինքնին,
որն այրում է ու այրում
բոլոր օրերը անցած,
որ այրում է բոլոր օրերը գալիք:
Լարվածության
ու մոռացումի բավիղում
ես իմ հետևում մի ծաղիկ
թողեցի քեզ համար:
***
Քո փակ աչքերով
տե՛ս ջրածիծառին թռիչքի պահին,
տե՛ս՝ ինչպես է նա պտտվում օդում.
կատարյալ է:
Քո կյանքում ոսկի կա,
բայց այն չքանում է.
արագ պահի՛ր այն,
քանի դեռ արևը չի տարել:
Անգլերենից թարգմանեց
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԸ