Հրանտ Մաթևոսյանը «գրողի առաքելությունը» համարում է «ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը» [1, 463]: Ժամանակը կարելի է ընթերցել՝ պատմական երկ շարադրելով, պատմության տրամաբանությունը դիտարկելով կամ, որ ավելի դժվար է, քո այսօրի մեջ տեսնելով անցյալն ու լինելիքը: Կա նաև մի երկրորդ դիտարկում: Զուգահեռելով առաջին և երրորդ հանրապետությունների տագնապները՝ Մաթևոսյանը հարցազրույցներից մեկում «կուսակցական էգոիզմը» բնորոշում է որպես խարան «առաջին զոհի՝ առաջին հանրապետության վրա» [1, 434]: Այս տեսակետից տարբերություններ չկան այն ու այս օրերի «աղբի, արևելյան այս բազարի, այս համաճարակային փնթի թալանի» միջև. ասես ժամանակը կանգ է առել: Նաև այդ պատճառով է ասվել, որ Հր. Մաթևոսյանը «չի տրոհում պատմության ամբողջականությունը» [2, 160], այլ «ամենուրեք ինքն է, անցյալի, ներկայի և ապագայի հանգույցում, միացնում է ժամանակները և իմաստավորում ժամանակի խորհուրդը» [2, 162]:
Եվ երրորդ ելակետը: Պատասխանելով Ալ. Մարչենկոյի հարցին, որ վերաբերում է պատմական սյուժեներ մշակելուն՝ Մաթևոսյանն ասել է. «Թերևս պատմությունն ինձ համար պատվիրված է, չնայած երբեմն դատողությունների մակարդակով ինձ գայթակղում է, հմայում գործողությունների համարյա անսահմանափակ ազատությամբ, սյուժեների բազմազանությամբ ու հարստությամբ: Բայց ամեն անգամ, երբ գործի եմ անցնում, կանգնեցնում է իմ վախը: Կեղծելու վախը: Գրելու համար պետք է մանրակրկիտ իմանաս նյութը: Ներսից: Կարող եմ, իհարկե, երևակայությամբ հասնել պապական, գուցե նաև նախապապական ժամանակներին, բայց ոչ ավելի հեռու» [1, 215-216]: Մի անգամ «Տաշքենդ» («Անձրևած ամպեր») վիպակում Մաթևոսյանը հասել է «նախապապական ժամանակներին»՝ 1795 թ.՝ ներկայացնելով կիսապատմական-կեսառասպելական Ղուռդու պատմությունը էպոսի հանգույն, բայց և միաժամանակ վերապահություն արել. «Սա զրույց է, բայց Ղուռդու բերած հետնորդներիս զրույցն է» [3, 724]: Մաթևոսյանի տարբեր գործերում ու հրապարակային ելույթներում ավելի հաճախակի անդրադարձներ կան «հայրական» ու «պապական» ժամանակներին, Անդրանիկ զորավարի, Հովհաննես Թումանյանի անձի ու գործի, պատմականորեն հավաստի այլ անձանց ու իրողությունների, մասնավորապես 1918-20 թթ. վերաբերմամբ: Ահավասիկ. «Տարիները հարմար էին թալանի. իշխանություն չկար. գավառապետին բանտարկեցին՝ տեղը նստեց դաշնակցության լիազորը. լիազորին քշեցին վրացիները, հետո եկան գերմանացիները, ապա՝ անգլիացիները: Եվ այնքան արագ էին փոխարինում իրար, որ մարդիկ սկսեցին խառնել՝ ով փախավ, հիմա ով է տիրականը» [4, 38]: Նույն գործում հիշվում են 1918-ի այն օրերը, երբ թուրքն ահա գրավելու է Ալեքպոլը, իսկ հայերն զբաղված են թալանով. «Մի զինվորական սրա-նրա փեշից կախվում է, խնդրում է, ձիերի առջևը կտրում է՝ սանձը բռնում ու լաց է լինում. «Եղբայրնե՜ր, հայեր, ինչ եք անում, ամոթ է, հայրենի՜քը, թո՜ւրքը… եղբայրնե՜ր, հայ եղեք…»:
Սիրուն տղա էր այսպես բարակ-մարակ, քսան-քսանհինգ տարեկան, սափրված, պարուչիկի աստիճանով: Ասում եմ՝ սա աղաչում-պաղատում է, թե հայրենիքը պաշտպանենք, իսկ մարդիկ իրենց փախցրածի հետ են, նայող չկա: Չնայելը դեռ փառք էր: Մեկի ձիու սանձից էլ որ բռնեց, թիկունքով տղամարդ էր, արյունն աչքերը կոխած, մի չորս ընկեր էլ ուներ հետը, ձիու վրայից դա շրխկացրեց մտրակով պարուչիկի երեսին, ու նրա գլխով ձին թռցրեց գնաց, ընկերները ետևից: Պարուչիկը ճանապարհից մի կողմ քաշվեց ու նագանով կրակեց ինքն իր սրտին: Խանգարող չեղավ» [4, 80]: «Մեկ այլ պատմություն կապվում է Զորավար Անդրանիկի հետ» [4, 81]: Ինչ-որ կերպ չփաստված պատմություններ են սրանք, որ վերաբերում են բարոյական սկզբի գերազանցությանը, սակայն այդ գերազանցությամբ պատմություն չի գրվում, հորինվում է ինչ-որ բարոյական հաղթանակ կամ պարտություն, կամ հյուսվում է խոհագրություն, միտք ու զգացմունքով շարադրված փորձագրություն, ինչպիսին հեղինակի «Մեծամոր» էսսեն է, որտեղ 1918-ին անդրադարձ կա՝ կապված Սարդարապատի ճակատամարտի հետ, և կա տեղի ունեցածի զգացմունքային գնահատականը [3, 283]:
Մաթևոսյանի կերպարընտրության և մարդաճանաչողության հիմքում ընկած է սկզբունք՝ յուրաքանչյուր ոք անկրկնելի է ու բացառիկ. «Ես ուզում եմ լինել մեր օրերի ժամանակագիրը և գրել նրանց ճակատագրի մասին, որ ընդհանուր վիճակագրության մեջ հաշվվում են միայն որպես մարդկային միավոր, բայց անհատականություն են» [1, 237]: Հավելենք, որ պատմական կոնկրետ ժամանակահատվածում ապրած յուրաքանչյուր ոք արդեն իսկ պատմության սուբյեկտ է, և նրա միջոցով կարելի է բացահայտել այդ պատմությունը կամ պատմության տրամաբանությունը, առավել ևս, որ այդ պատմությունը Ժամանակի ստվերն է:
«Տախը» վեպի հետ կապված դիտարկում կա հարցազրույցներից մեկում. «Իմ վերջին վիպակում ես նկարագրել եմ կոնկրետ իրավիճակ, ինձ թվում էր, որ դա միայն թեթևակի շեղում է մի կողմի վրա, նահանջ է մի կողմ, ոչ մեծ էքսկուրս դեպի անցյալը, որից ես արագ կանցնեմ իմ թեմային: Բայց քանի որ նույնիսկ հպանցիկ չէի ցանկանում լինել մակերեսային, ոչ ճշգրիտ, մոտավոր՝ մանրամասներում, այդ էքսկուրսը հավելվեց մանրամասներով: Այդտեղ և սպանություն կար (իրադարձությունները տեղի էին ունենում 1918 թվականի ամռանը, երիտթուրքերի արշավանքի ժամանակ, որոնց առաջնորդում էր Վեհիբ բեյը), և ես հանկարծ, ինքս էլ դա չցանկանալով, մարգարեացա՝ կանխագուշակելով այսօրվա աղետները: Վիպակի վրա աշխատելիս ես չէի ցանկանում խոսքով մերկացնել այն, ինչ աչքիս առաջ էր: Իսկ ես տեսնում էի վախկոտություն, դավաճանություն, մարդկային ամբողջ կեղտը, որ կարելի էր պատկերացնել: Բայց հենց ես հասա սպանության նկարագրությանը, գրիչը վայր դրեցի, ես ֆիզիկապես չէի կարող դա գրել, ձեռքս բառացիորեն հրաժարվում էր գրիչ պահել» [1, 421]:
Եթե նշված սպանության պատմությունը անգամ հպանցիկ է արտահայտված ստեղծագործության մեջ, այնուամենայնիվ տեղ են գտել իրողություններ, որոնք վերաբերում են նույն 1918 թվականին և նախընթաց ժամանակներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններին, եղեռնին ու տեղահանությանը, Անդրանիկ զորավարի առաջնորդությամբ եղեռնից փրկված փշուրների գաղթին, նաև հողի ու մարդկային համակեցության վերաբերյալ հայի ու թուրքի պատկերացումներին, նաև հաջորդածին՝ 1932-ին, 1957-ի նոյեմբերին՝ դրսևորելով որոշակի պարբերականություն, որ իր մեջ ներառում է նաև 1988-ով սկզբնավորվածը, ուրեմն՝ նաև մեր օրերը: 1905-07 թթ. իրադարձությունները Հովհաննես Թումանյանի վեհ ու վսեմ անձ ու գործով ընդհատվեցին. «Հովհաննես Թումանյանի գալստյանն սպասելով Քոշաքարը խաղաղ ապրում է մինչև 1918 թիվը, չնայած ցարական պատերազմի զորակոչով մեր հայ տղայությունը խիստ նվազած ու թուրքի ջիգիթը գերակշռելիս է լինում,- պատահարներն այսինքն դեպք չեն դառնում» [5, 499]: Իսկ Անդրանիկ Զորավարի առաջնորդած գաղթի պատմությունը մի քանի անգամ է հիշատակվում Մաթևոսյանի գործերում, ի մասնավորի «Տերը» կինովիպակում [6, 325]: Նաև «Տախը» վեպում. «1918-ին, 18-ի թաց ու սառը հունիսին, հայաստանցի հայությունը դեպի Թիֆլիս ու Ռուսաստան երկաթուղու ձորով հասել, Օսմանլվի առաջ եկել Հովհաննես Թումանյանի Դսեղից կառչել ու նախ մնացել է, ապա Ղարաքիլիսայի անկման բոթն առնելուց հետո Անդրանիկ պարտված զորավարին սպիտակ ձիու վրա առաջն է գցել ու 18-ի լլկված ամռանը Քոշաքարով սև ամպի նման քշվել դեպի Սևան, Զանգեզուր, Պարսկաստան ու անհայտություն: Տեղի ժողովուրդը սսկվել է, թուրքի քոչը մնացել է ճանապարհին» [5, 500]:
Դրսևորվում է նաև Մաթևոսյանի արվեստի ու կերպարակերտման յուրահատկություններից մեկը, երբ մի քանի մանրամասնի կուտակման ու համադրման միջոցով կերպարը ամբողջանում ու դրսևորվում է ժամանակի հետ ունեցած կապերի ամբողջությամբ, սակայն այդ կապերն էլ բացահայտում են ժամանակն ու նրա հոսքը:
Մի հատված, ուր բարոյական սկզբի գերակայությունը կա և առկա կեցության խեղճությունը, որոնք ըստ էության հակոտնյա են և դրանով իսկ ողբերգություն են երևակում. «Որտեղ որ հիմա զոհված տղերքի հավերժական հուշարձանն է, մի հալիվոր ոտն այնտեղ գետնին խփեց. «Էստեղ, էստեղ՝ ոտիս տեղը. Յուխարու քյոխվեն տասնութի ամառը օսմանցու բանակից փախչելիս գյուղի մոտ ետ էր դառել մի օսմանլի փաշա ու երկու ասկյար սպանել, երկու նոքարի հետ իրեն տվել մեր ու Ահինձորա ծմակը. թուրքի կառավարությունը հայի կառավարությունից քյոխվին պահանջել էր. թե հանձնեինք՝ մեր դուշմանի թշնամուն էինք հանձնում, ուրեմն մեր բարեկամին, եթե չհանձնեինք՝ մեր կառավարությանը չէինք ենթարկվում. պատասխանեցինք ասինք՝ ձեր ուզած մարդն էստեղ չի. բայց էստեղ՝ ոտիս տեղը, ուրիշ անունով կանգնած էր, չովդար էր՝ տավարի բազար էր անում <...> Հայաստանի կառավարությունը մեր պատասխանը թուրքի կառավարությանն էր տվել՝ թե քու ուզած մարդը մեզանում չի, իրավունք եմ տալիս գաս քու աչքով տեսնես. եկա՜ն, օսմանլի չերքեզ օնբաշին օսմանլի մուսաֆատ ասկյարի խառը խմբով եկա՜վ… էսօրվա Ծմակուտի տղեն իր ձորն ու գոմահանդը էնպես չգիտի՝ ինչ Ահմադը գիտեր. էս նեղվածքի ձորում մի ամիս երեք տեսակի թուրք էր՝ Ավետըքի ու տղերանց կոտորողը, կառավարության ասկյարը, Յուխարու քյոխվեն..»: <...> հալիվորով-պառավով ու զրուցող բոլոր տներում բազմիցս զրուցված ծանոթ եղելություն էր, որ Ծմակուտի փոքրիկ տեղանքի վրա անուններ էր կնքել՝ Ավետըքի սպանած, Տղերանց կոտորածի գոգ, Վրացոնց համրի քարանձավ» [5, 474-475]:
Մաթևոսյանը կարևորում է այս իրողությունը, այդ պատճառով էլ էջեր անց նորից է անդրադառնում դրան՝ չփորձելով նսեմացնել այս կամ այն կողմին, սակայն բացահայտելով բարոյական հիմքերը, ընդարձակելով պատկերի ընդգրկման սահմանները և ինչ-որ տեղ առաջնորդվելով Լ. Աննինսկու «Սիրիր թշնամուդ» խորհրդով. «Հետո արդեն երկու տավար-քշողի հետ փամբակեցի չովդարը՝ տավարի գնորդն է գալիս: Ժողովրդի մեջ գալիս կանգնում, անասունի առուտուր է անում՝ գին է կտրում, խոսք կապում, որ մինչև աշուն ու ձմեռ հայի կամ թուրքի որևէ գնորդ երկու գնով անգամ իրենց առևտրին չպիտի խառնվի, «աշխարհում դեռ մարդ ու մարդկություն կա, խոսքը ոսկու ծանրություն ունի»: Բայց ո՛չ ինքն է չովդար, ո՛չ էլ օգնականներն են տավար-քշող,- ինքը Յուխարու տանուտերն է, որ օսմանցու իշխանությունից հանկարծ գազազել, իր հետապնդողներին ջարդել ու տնից-տեղից զրկված՝ մերոնց է ապաստանել: Ինքը թուրքը ի՞նչ կաներ. մեր հայ փախստականին կկապեր կհանձներ մեր հայ ջոկատին ու հայի ոտն իր երկրից կկտրե՞ր: Ինքը թուրքը մեզ ի՞նչ կասեր՝ եթե մեզ ապաստանածին մերոնք ետ հանձնեին:
Չովդարն ու չովդարին փնտրող ջոկատը Ծմակուտ իրար ետևից տարբեր օրերի են կանգնել, մեկն անցել է, հետքը բռնած մյուսն է ներս ընկել, բայց մեզ ահա պատկերանում է՝ թե ղազախեցու ասկյարը մեր Ձնծաղկի բլրին հսկումի է կանգնած, «փամբակեցու չովդարը» գյուղամիջում գին է կտրում, և մեր տների ետևից ասկյարին ոչ ոք ձեռքով չի անում՝ թե ձեր փնտրածը մեզանում է: Ջոկատն ու տանուտերը ոչ մի հայի այստեղ չեն վնասել. օսմանցի աֆիցերի զուսպ հսկողությամբ ջոկատը միայն պտտվել է մեր այս վեց գյուղում, տանուտերն իրեն օսմանցուց էլ զգույշ է պահել. նույնիսկ պատահել է, որ անհայտ փախստականները Հովհաննես Թումանյանի մոր քոչի ճամփան կտրեն ու խուրջինները հացի նայեն և տանուտերը, կասկածվելուց վախենալով, այստեղացի հավատարիմ մեկի միջոցով դսեղեցիներին խնդրի հավատալ, թե ձեր փախստականը մեր՝ Ծմակուտի փախստականը չի» [5, 503-504]:
Ինչպես են նախ հող, ապա երկիր գրավել մեր հարևանները: Ռազմավարությունը եղել է նույնը. «Բայց Վաթընանց դուռը խորհրդի են գնում. Ղափըչօղլին մեռելը իր ուրթի տակ՝ մեր Իծաքարա ջրի ակունքներում է թաղում-դրանում ի՞նչ գաղտնի իմաստ կլինի. բացահայտ է՛ն իմաստը կլինի՝ որ ժամանակավոր ամառանոց սարերում գերեզմանի վրա մշտական գյուղ կհիմնվի, ու մուսուլմանի կռիվը իր մեռելի վրայից կսկսվի» [5, 492]: Մեկ այլ տարբերակով ուրիշի հողը յուրացնելու թրքական այս սկզբունքը ձևակերպվում է՝ կապված վեպում պատկերված կոնկրետ իրադարձությունների հետ. «Սանասարը մեզ գրասենյակի կենտրոնում հաջորդ երեկոյան կանգնեցրեց, գամփռի մեծ բերանը գրասեղանի վրա շարժեց ասաց. «Արա… ես ձեզ խուզի՞ էի ղրկել, թե՞ խուզվելու»: <...> «Արա, մեծ մարդիկ, բա Ծմակուտի ու Ղափըչօղլու հին կռիվն ինչի՞ վրա էր»: Գերեզման կլինի թե գոմ՝ թուրքն այստեղ չպիտի շինություն ունենա-հին կռվի իմաստն այս էր: Ասաց. «Մի ինձ բացատրեք տեսնեմ խոտհարքն ինչն է»: Խոտհարք՝ ասել է հանդապահ, այսինքն՝ ծածկ, դափա, տնակ, գոմ: Այդ գոմում ոչխարը ձմեռեց, պայմանագրի ժամկետը փակվեց, աշնան սարերն ազատ են, ոչ հայ ոչ թուրք մարդ ու անասուն չկա, բայց ուրիշը քո ձորում շինություն ունի, ձորը քոնը չի» [5, 558]: Ասես ճակատագրով կամ բախտի քամահրանքով իրար կողքի են հայտնվել երկու բացարձակապես տարբեր ժողովուրդներ, որոնք համակեցության խորհրդով են ապրելու, ինչը չկա:
Մաթևոսյանը, եթե հիշում ենք նրա հարցազրույցը, կարևորել է սպանության տեսարանը, որ վերաբերում է Մեսրոպի հորը՝ Ավետիքին, և ծանոթ է «Մեսրոպ» երկից: Այստեղ և այլ երկերում պատկերվածը չի բավարարել Մաթևոսյանին, ինչն էլ ուղղակիորեն ենթադրել է վերամարմնավորում, նաև սպանություն իրականացնող: Տեղ գտածը արյան վրեժի-վենդետայի ուղղակի արտահայտություն է. «Այդ լուռ, անլվա, սև մշակը, որ իր հացը մեծամեծներից թաքուն է ուտում և չի համարձակվում հայացքն իշխանների սեղանին դարձնել, տասը տարի հետո այդ սև մշակներից երկուսը զատվելու ու պատանի վրիժառուին ծանոթ կածաններով առաջնորդելու են սպանելու Ավետըքին, որ հիմա լուռ հաց է ուտում ու վերևի իշխանական սեղանին նայում կարծես ծոծրակով ու ականջներով: <...> Սփռոցի գլխին բազմած Թումանյանի պատկերը, ձիու վրայից ջաղացին ու խնձորենիներին նայող Թումանյանը և Վաթինյան տերտերի ի վերջո նվիրած սադափե հրացանը Ավետիք Մելիքյանի հիսնամյա կյանքի հիմնական ուրախությունն են դառնում, մեր հաշիվներով՝ Ավետիքն այդքան է ապրել, սպանել են քառասունյոթ-հիսուն տարեկանում՝ 1918-ի ամռանը, Թումանյանի ժպիտն ու խաղաղ հարևան մնալու իշխանական պատվիրանը մինչև 1918-ի ամառն է դիմացել» [5, 498]: Անդրադառնալով արյան վրեժի թեմային՝ Լ. Աննինսկին այստեղ տեսնում է «հեթանոսական» սյուժե՝ մարդկանցից չկախված, այլ մարդն է օրենքի, սովորույթի, պատահարի օբյեկտ: Բայց կա նաև մարդ լինելու ու մնալու խնդիրը, ինչն էլ պայմանավորված է ազգային հոգեկերտվածքով. «Մենք չգիտենք` թուրքն իր տղային երբ է տղամարդ հռչակում` տասնվե՞ց տարեկանում, տասնյոթո՞ւմ, տասնութո՞ւմ, թե՞ երբ ժամանակը թշնամուն նեղել է: Հայը ե՞րբ է հռչակում, մենք ե՞րբ հռչակեինք: Հայը ընկածին չի խփում, տասնութ տարեկանի փափուկ խելքը հայը թողնում է ամրանա, իր պատանու միամիտ սիրտը հայը վրեժով չի խարկում, բայց թուրքը ծանր խոսք ունի` հիվանդին պիտի տեղաշորում խեղդես- այսինքն թե տղան տղամարդ է կնքվում այն օրը, երբ թշնամու տեղը նեղ է, թշնամին տեղաշորում է,- կնքվում, պորտից խանչալ է կախում, ուսը հրացան է առնում, ճակատին մոր համբույր, զառամյալ բեկի ձեռքը գնում պաչում է, երկու կողքը երկու օգնական առնում` բեկի հին չոբաններից մեկին ու իր մորեղբորը ու գալիս» [5, 501]: Այն սև մշակը այս մորեղբայրն է, որ քրոջ որդու կողքին է, նրա դաստիարակն ու ուղղորդողը: Եվ արյան վրեժի այս պատմությունը նույնպես համընկնում է 1918-ին: Դեպքն իր հետ տարավ նաև ուրիշների, այդ թվում Սարգիս Մելիքյան անվանյալ կերպարին, որ մինչ այդ ասում է. «Խոսքն իմը չի: Բայց որ թուրքը քեզ էլ ու ինձ էլ հայ է կնքելու հավասար ջարդելով գալիս է՝ ուզենք-չուզենք ուրեմն բոլորս էլ հայ ենք» [5, 534]: Խոսքը, որքան էլ տարօրինակ է, Անդրանիկ Ծառուկյանինն է: Մաթևոսյանն է իր հարցազրույցներից մեկում բարձրաձայնում. «Մեր բոլորիս բարեկամ Անդրանիկ Ծառուկյանից ապրողներին դաժանորեն հասնող մի բան է մնացել: Նա ասում է՝ երբ 1915-ին թուրքը յաթաղանը բարձրացրեց, չհարցրեց կաթոլի՞կ ես, թե՞ առաքելական, հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, պատգամավո՞ր ես, թե՞ հասարակ շարքային, վանեցի՞ ես, այնթապեցի՞, թե՞ կիլիկեցի: Ոչինչ չհարցրեց: Հավասարապես ամբողջ ազգին կոտորեց» [1, 67]: Թերևս այս դասը մի քիչ սովորել ենք: Սակայն… Պետականության 600-ամյա կորստից և պետականության զգացողության վեցհարյուրամյա բթացումից հետո չկան անգամ այդ պետականությունը վերականգնելու քիչ թե շատ տանելի նախապայմաններ, իշխանական լծակներ, կա ներխուժած թշնամի և իր լինելիքը չպատկերացնող, Զորավար Անդրանիկին առաջնորդ կարգած ու նրան հետևող եղեռնից մազապուրծ գաղթականություն, կա բավական երկար քո հողին ու երկրին հավակնող հակառակորդ, տեղի են ունեցել հայտնի ճակատամարտերը, ու անգամ եղանակը քո օգտին չէ. «այդ տարի Քոշաքար թուրքի որևէ ուրթ չի ծխացել-կույր մառախուղի մեջ սառն անձրևը ծեծել է: Մեղուն փեթակներում ու փեթակները թաց այգիներում փտել են: Ժողովուրդը գոմերում կծկվել ու ականջ է պահել եկող գարնան սովին ու տիֆին» [5, 500]: Այս պայմանականության մեջ կան նաև ժողովուրդը և ասես երկնքից մանանայի պես իջած ինքնիշխանության հնարավորությունը: Դո՞ւրս գալ այդ անհուսությունից ու անելանելիությունից, մերժե՞լ մենակությունն ու կեցության թշվառությունը, փակվե՞լ նորից քարայրում, ինչպես վարվել են, ըստ Մաթևոսյանի, իր կերպարներից մի քանիսի պապերը. «Իրենք հիշելու մի բան չեն, բայց մենք տեսանք, որ ձորի այդ լռության մեջ մերն է նաև Վրացոնց կենսագրությունը. Տաճկաստանի առաջ փախած՝ տասնութ թվականի թաց գարնանը եկել, Տանձուտ բացատն անցել, մեծ սալերն անցել, եկել մտել են այս քարայրը: Վերևը բաց սարեր են, ներքևը Տաճկաստանի բոթը – քարայրում ծվարել հանգել են» [5, 252-253]: Շատ էջեր անց սրանք նորից են հիշվելու. «Քարից ձերոնք դուրս եկա՞ն» [5, 534]: Թե՞ ելնել՝ լինելու համար: Ընտրություն կատարելու է մարդը՝ պատմության սուբյեկտը: Չնայած դարեր առաջ այդ սուբյեկտն օտարել է իր հերոսին՝ փակելով Ագռավաքարում, սակայն ունենալու է վերընտրության հնարավորություն և՛ 1918-ին՝ Մաթևոսյանի հայրական ու պապական ժամանակներում, և՛ Մաթևոսյանի ու իր կերպար Ռոստոմի ժամանակներում, և՛ ունենալու է այսօր: Այդ վերընտրությունը պատմության ու առասպելի հակասությամբ է պայմանավորված:
Ի վերջո մի իրողություն, որ մի շարք անգամներ՝ բազմիցս, արձանագրվել է «Տախը» վեպում և ըստ էության հիմնական ասելիքներից մեկն է: Ռոստոմ նորածին մանկանն ու նրա մորը հայրը՝ հայրացուն՝ հայրափոխնակը, մեկուսացնում է այս աշխարհից. «Գալիս տեսնում են, խանձարուրները գետնին դրած, փոս է փորում-հող է դուրս տալիս: Ասում են ուրեմն կամ ինքն է սպանել կամ փախս ընկած ձին ճամփին գայթել է-շան ավելորդ լակոտի տեղ թաղում է,- բայց՝ ոչ. խանձարուրը դրել, շան բունը քանդել, շան բնի տեղը տուն է սարքում: Մեզ ունեցողին, երեխան գիրկը տված, այդտեղ նստեցրել ու շուրջը գերեզմանի չափ տան պատերը դրել են <...> եկել ջահ են արել հին փալասներից ու խոզի ճարպից, ջահի լույսով քարուցեխը վրա տվել: <...> Դա մի ծանր դուռ ու չորս խուլ պատ էր: <...> Դռան ու կաղապարի արանքից արևը ածելու բերանի պես մի րոպե խփում էր՝ էդ էր: Այդ դամբարանից մենք փախչում էինք: Մեր ձեռքը բռնակին չէր հասնում, մեր եղունգները կաղապարի ու դռան արանքը չէին մտնում-շան լակոտի պես դուռը մենք ճանկռում էինք» [5, 148]: Ըստ էության այս փոքրիկ կացարանը կարող ենք պատկերացնել որպես Ագռավաքար-Մհերի դռան այլընտրանք, ուր մայր ու որդի ապրում են մի քանի տարի, ապա և Ռոստոմն ու իր կինը՝ երեք տարի: Սակայն կեցության այս տարածքը հավերժական չէ: Դուրս գալով այս կենսատարածք-քրոնոտոպից՝ հաստատում ես դրա գոյության անիմաստությունը: Հետևաբար՝ այն պիտի քանդվի. «Մենք շարժահարեցինք, տեղահան արինք մեր այդ հին տան անկյունաքարը, ուր մեր մնջիկ տիրուհու հետ ծվարած երեք տարի ապրել էինք, և քարը տարանք, դրեցինք կեռասենու կախված արմատների մոտ՝ չափարի մեր նոր կիսատ պատին, որպեսզի ժամանակի ընթացքում մեր այգու հողը սահի ու ծածկի մերկ սալը: Մենք մի քար ևս բերեցինք, ապա մեր ձեռքերը թափ տվինք և մատների ծայրով մեր ուսերին գցեցինք բաճկոնը» [5, 114]: «Մեկ էլ է հյուսվում այս պատմությունը» [5, 147]:
Ասել է՝ որբ մանուկը ելել է Ագռավաքարից: Ասել է՝ Ագռավաքարի այս այլընտրանք-ածանցյալն արդեն ավելորդ շինություն է, և նրա քարը պիտի դառնա զորություն խորհրդանշող պարսպի շինանյութը, ինչն էլ անում է Ռոստոմ Վաթինյան-Սարգսյան-Մամիկոնյանը՝ վասն իր այգի-երկիր-հայրենիքի. «Դարավանդի ընտիր պատն անընդհատ մեր աչքի անկյունում՝ քանի որ մենք ինքներս որմնադիր չենք, բայց այդ պատը մեր ձեռքի անձնական գործն է» [5, 114]:
Հր. Մաթևոսյանի «Տախը» վեպից քիչ առաջ մեջբերված հատվածներն ստիպում են արձանագրել, որ պատմության մեջ գերակա է առասպելը, և առասպելի ու պատմության հարաբերակցության սահմանումից հետո հարկ է ճշգրտել ու քողազերծել այդ առասպելը՝ հաստատելու համար հայ տեսակի գոյատևման իրական գործառույթները: Մեր առասպելն ու իրականությունը տեղփոխվել են, և իրականությունն ընկալում ենք որպես առասպել, իսկ առասպելը՝ որպես իրականություն: Ամեն ինչ իր տեղում տեսնելու իրատեսությունը փոխելու է նաև ժամանակը և այդ ժամանակով պայմանավորված պատմությունը: Ինչպես Մաթևոսյանն է ասում՝ «Էսօր մեզ է պարտադրվում՝ այլ հայացքով նայել իրականությանը: Այսինքն՝ ծնվել այս հայրենիքի լրտես, այս հայրենիքի զինվոր, այս հայրենիքի թագավոր, այս հայրենիքի մշակ» [1, 450]:
Գրականություն
Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, Ե., «Ոսկան Երևանցի» հրատ., 2005,
Ս. Սարինյան, Հրանտ Մաթևոսյանի ժամանակը, Հայ գրականության երկու դարը, գ. հինգերորդ, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2009,
Հր. Մաթևոսյան, Վիպակներ, Ե., «Նաիրի» հրատ., 1990,
Հր. Մաթևոսյան, Նանա իշխանուհու կամուրջը, Ե., «Օգոստոս» հրատ., 2006,
Հր. Մաթևոսյան, Անտիպներ, հտ. 2, Ե., «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ, 2017,
Հր. Մաթևոսյան, Տերը, Ե., «Սով. գրող» հրատ, 2017:
One thought on “1918թ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՏԱԽԸ» ՎԵՊՈՒՄ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ”