Ստանիսլավ ԵԺԻ ԼԵՑ

Ստանիսլավ ԵԺԻ ԼԵՑ

***
Նա իրեն ոչ մեկին չերևացող ուրվական էր թվում:

***
Ապագայի երաժշտության տակ ոչ բոլորն են կաքավելու:

***
Դեմքը թաքցնելու լավագույն միջոցը մերկ քայլելն է:

***
Նա ինքն իրեն փրկագնեց գերությունից, բայց իր ստրուկը դարձավ:

***
Պատահում է` դրոշակակիրը լեղապատառ փախչում է դրոշակից:

***
Գերբնակեցման արդյունքը.
մեկ մարդու մեջ ապրում է լիքը մարդ:

***
Նա հանցագործ է` սպանել է ինքն իրեն:

***
Որքան մարդու երևակայությունը վառ է, այնքան ինքն իրեն թշվառ է զգում:

***
Ուժը սարսափելի է իր ճղճիմ թուլություններով:

***
Ուշադրությո՛ւն, ուրիշի բախտի անիվի տակ մի՛ ընկնի:

***
– Ա՛խ, թե նորից բիձա դառնայի,- շշնջաց թարմ մեռելը:

***
Հարցերդ օտար աստվածներին հղիր` նրանք քեզ կլսեն առանց հերթի:

***
Երբ քամի չկա, տաճարի հողմացույցը ևս իր կարծիքն ունի:

***
Օտար լեզու չիմացողը երբեք չի հասկանա, թե լռությամբ ի՛նչ են ուզում ասել օտարերկրացիները:

***
Գազաննե՛ր, բոլոր ճագարներին անխտիր մի՛ կերեք. եթե հանկարծ փորձաճագարները չհերիքեն, ինքներդ գիտեք` ի՛նչ կլինի:
***
Ինձ դուր են գալիս նրանք, ովքեր առանց ծնողների օգնության էլ լույս աշխարհ կգային:

***
Միայն աշխարհի արարումից հետո այսքան անավարտ գործերի անդունդ առաջացավ:

***
Գեղեցիկ չէ մարդուն կասկածելը` լրիվ համոզվածության դեպքում:

***
Կայսրերին սովորաբար սպանում են ընկերները, զի թշնամիներ են նրանք:

***
Մենք անձա՛մբ կփչենք մեր առագաստները:

***
Թույլատրե՛ք` կույրերը ևս պահմտոցի խաղան:

***
Իմ ընկերներից քանի՛սը ինձ թշնամացան, որքա՛ն թշնամի ինձ մտերմացավ…
Եվ միայն անկարեկիցները հավատարիմ մնացին:

***
Իմիջիայլոց, հոգուն ևս օգտակար է դիետա պահելը:

***
Այն, ինչը չես պատկերացնում, հաճախ կարող ես պարզապես գնել:

***
Լինում են և ուխտադրուժ հավատացյալներ…

***
Ես ամբողջ կյանքում վախեցել եմ չլիցքավորած հրացաններից. դրանցով գլուխ են ջարդում:

***
Որքան չնչին են քաղաքացիները, այնքան լայնարձակ է թվում կայսրությունը:

***
Անկողմնակալները նույնպես անմասն չեն կողմնապահությունից. օրինակ` արդարության դեպքում:

***
Փոցխին մի՛ կանգնիր` տանը պետք կգա:

***
Լեզվի հետևը թաքնվելով` նա աշխարհին լեզու էր հանում:

***
Իրականության վրա կարող ես աչք փակել, բայց ոչ` հիշողությունների:

***
Ի՛նչ տարօրինակ է` դատարկ գլուխներում ամենադժվարը արձագանք առաջացնելն է:

***
Այդ մարդը համեստորեն իրեն գրամոլ էր կարծում, այնինչ` մատնիչ էր:

Թարգմանեց
Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.