ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ ՎԱՆ ԱՐՅԱՆԻՆ

ՎԱՆ ԱՐՅԱՆ

ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
ՎԱՆ ԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

ՄՈՌԱՑԻՐ ՄԱՀԱՄԵՐՁԻ ՀԱՅԱՑՔԸ
(հատված վիպակից)

Եթե ես իմանայի, որ առավոտյան` քո վերադարձի ժամանակ, տանն եմ լինելու, չէի գրի այս տողերը: Մենք միասին սուրճ կխմեինք ու կզրուցեինք: Դու ավելի շուտ կցանկանայիր ինձ լսել, իսկ ես ավելի շատ կուզեի, որ դու խոսես: Եվ ինձ թվում է, որ ամեն անգամվա պես կասես.
– Դժվար հերթապահություն չէր, չնայած երեք հոգու համար պայքարեցինք ողջ գիշեր: Երկուսին փրկեցինք:
Պարզ է, ուրիշ էլ ինչի մասին կարող է պատմել հիվանդանոցի վերակենդանացման բաժնի աշխատողը հերթապահությունից անմիջապես հետո: Դու հիմա խաղաղվել ես: Չնայած, նախկինում դու շատ էիր դժգոհում, անգամ ուզում էիր փոխել աշխատանքդ: Բայց մի անգամ, հիշո՞ւմ ես, զգալով, որ էլ չես տրտնջում, հարցրի.
– Վարժվեցի՞ր…
– Ինչի՞ն, մահի՞ն… Հնարավո՞ր է մահին վարժվել:
– …
– Պարզապես գտել եմ ձևը:
– Ինչի՞ ձևը:
– Քիչ տանջվելու: Աշխատում եմ ծանր հիվանդների դեմքերին չնայել: Չնայել, չխոսել նրանց հետ ու չհիշել: Իսկ նա, ում հայացքը տեսել ես, ում հետ զրուցել ես և ում արդեն կարող ես հիշել մյուս անծանոթ դեմքերի մեջ, արդեն քո ծանոթն է, գուցե նաև մտերիմը: Եվ երբ, մի քանի ժամ կամ մի քանի օր հետո, նա վախճանվում է, ապա վախճանվում է մի մարդ, որին, թեկուզև կարճ ժամանակով, դու ճանաչել ես: Այդ մահը ինչ-որ բան է խլում նաև քեզնից: Այլ բան է, երբ ասենք, որ մեռել է չորրորդ հիվանդասենյակի աջ կողմի հիվանդը: Դու չգիտես նրա դեմքը, նրա կենսագրությունը: Քեզ հայտնի են միայն նրա հիվանդության տվյալները: Իհարկե, կորուստը մնում է կորուստ և վիշտն էլ՝ վիշտ, բայց գոնե ավելի մեղմ ես տանում ցավը: Այնպես որ, հիվանդի հետ կարիք չկա մտերմանալու, մանավանդ, մահամերձի դեմքին պիտի աշխատես չնայել…
Հիմա հիշում եմ քո այս խոսքերն ու փորձում եմ հասկանալ քեզ: Եվ իսկապես, երբ հեռուստատեսությամբ հայտնում են, թե ինչ-որ երկրաշարժից զոհվել է 2000 մարդ, ցնցվում ես վշտից: Բայց այդ վիշտն անդեմ է: Դու չգիտես այդ մարդկանց մասին ոչինչ: Բայց, ահա, երբ հայտնում են Սամանդա Սմիթի մահը, ապա վիշտն ու ցավն անհամեմատ ավելի ուժգին են, որովհետև անմիջապես մտաբերում ես նրա դեմքը, նրա կյանքն ու գործունեությունը: Վախճանվել է մի մարդ, որին դու ճանաչում էիր, և այդ մահը քեզնից էլ է ինչ-որ բան տարել…
Գիտեմ, առավոտյան պիտի կարդաս այս տողերն ու պիտի, մեղմ ասած, դժգոհես ինձնից: Թախիծ ու դժբախտություն, մահ ու վախճան: Դու կհարցնես. ,Մի՞թե ուրիշ բառեր չկան»: Բառերը շատ են, բայց բացիր բառարաններն ու կարդա: Ամենաշատ հոմանիշներն ունի մահ բառը. մեռնել, վախճանվել, նահատակվել, հոգին փչել, հանգչել, աչքերը փակել, հեռանալ, խավարել և այլն: Մոտ հարյուր բառ: Մարդը շատ է տանջվել ու մտածել այս մասին: Բառեր է հորինել, կարծելով, թե դրանով կփոխվի կյանքի ու մահվան իմաստը…
Իհարկե, ճիշտ ես և դու. կարելի էր խոսել և ավելի հաճելի բաներից, կարելի էր խոսել ու գրել ավելի կարգավորված ու մտածված, ոչ այսքան խրթին ու անկապ: Բայց ինչ կարող եմ անել, երբ այս օրերին, նաև այս պահին ողջ էությունս տագնապալի, անուրախ ու խառնափնթոր մտքերով է պարուրված:

 

***
…Իր «իմիջիայլոց» կյանքն է ընթերցողին պատմում Վան Արյանը: Ուրեմն, խորունկ արվեստի համար հետաքրքիր ի՞նչ շերտեր կարող է ունենալ «իմիջիայլոց» կյանքը, և ընթերցողին ի՞նչ կարող է տալ Վան Արյանի` հերոսական իրադարձություններից և գունագեղ պատմություններից բացարձակապես զերծ կենսագրությունը, որը փոքր ու մեծ պատմվածքների է տրոհված գրքում: Իր գրեթե փաստագրականի հասնող անողոք անկեղծությունը, որով նա ամենայն մանրամասնությամբ ցուցադրում է այն չնչին տարածքը, որը մի ոտքի վրա գոյատևելու համար «բարեհոգաբար» թողել են նրան: Նա հասել է մեկ այլ էֆեկտի` բավականին պարզորոշ ցուցադրելով անուրախ ու չքավոր մի գոյություն, որը պարտադրված էր գրեթե բոլոր ազնիվ ու շնորհալի մարդկանց: Եվ այս զգացումը չափազանց խոր ու համոզիչ է արտահայտված գրքի ամենահաջողված, իր ամբողջության մեջ անթերի «Մոռացիր մահամերձի հայացքը» պատմվածքում: Ու թեև գրքում էլի կան տպավորիչ գործեր, որոնք, ի դեպ, առավել հաճախ են հանդիպում նրա հակիրճ, 2-3 էջանոց պատմվածքներում, այդուհանդերձ, այս մի պատմվածքն էլ բավական էր` համոզվելու, որ Վան Արյանն, իրոք, արժանավոր արձակագիր է, խորհելու, սիրելու, թախծելու ոչ այնքան գործողությունների, որքան մտքի զարգացման արդեն ձևավորված կերպով, որը չեմ թաքցնում, հարազատ է ինձ, որովհետև ընդ­գրկվում է մեր ժամանակի պոեզիայի և արձակի ժանրային մերձեցման սկզբունքների մեջ: Մտածողությունը դինամիկ է, չկա ավելորդ տարածություն պարազիտ բառերի ու պատկերների համար: Կերպարները ծնվում, ձևավորվում են ոչ թե «տիպական հանգամանքներում», այլ հեղինակի ազատ պատումի հոսանքի մեջ, հենց այն «քմահաճույքով» ու տրամաբանությամբ, որոնց ենթարկվում կամ չի ենթարկվում մարդու կենսագրությունն ընդհանրապես: Ու թեև ընդունված է անվիճելիորեն, որ գրողի գործը հորինելն է, Վան Արյանը հրաժարվում է ոչ թե գրողական այդ կարևորագույն հնարանք-շնորհից, այլ գունազարդումից, կեղծիքից: Դա առավել ևս գնահատելի է, երբ ուշադրությամբ զննելով իրադրությունը, ինքդ քեզ առանձնապես հաջողակ չես համարում: Գրողները թեթև գրչով, զավեշտական-անկաշկանդ պատումով մարմնավորել են այդ կերպարները` մեծամասամբ օգտվելով երրորդ դեմքից` ուրիշի մասին: Վան Արյանը դա պատմում է առաջին դեմքով` ինքն իր մասին, և դա համարձակության, ես կասեի, անլիարժեքության զգացման իսպառ բացակայության նշան է: Այս դեպքում ամենահիվանդագինն ու ցավոտը ընթերցողին ներկայանալն է ամենաանպաշտպան կողմով` կենցաղով: Անհրապույր ու աղքատիկ խոհանոց, կին, որն արդեն հոգնել է դժգոհելուց, վեպ, որ գրվում է ու չի գրվում, մանկության ընկեր, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում է գավառական քաղաքի թախծալուր երկնակամարում` շլացնելով իր մայրաքաղաքային արկածներով, իսկ իսկական գիսաստղը, որը հեղինակի վկայությամբ մի անգամ է երևում մարդու կյանքում, այս անգամ չգիտես ինչու ուրիշ երթուղի է ընտրում: Մի խոսքով, կարծես թե ստեղծված են բոլոր պայմանները` դուռ ու լուսամուտ փակելու և միայնության մեջ դառնաղի հեկեկալու համար: Այդուհանդերձ լաց չկա: Բոլորովին չկա:
Գրականությունը կերպարի է ձգտում, իսկ թե գեղարվեստի ինչ միջոցներով, դա արդեն գրողի անհատականությամբ, տաղանդի ինքնատիպությամբ պայմանավորված խնդիր է: Վան Արյանի դեպքում ստացվել է ինքնանկար կամ հարմարեցնելով մեր ասելիքին` ինքնակերպար: Իր ժամանակի ելևէջներով ապրող, զգայուն, նուրբ, տպավորիչ դիտարկումների ընդունակ մարդու կերպար է դա: Բոլոր առումներով` համակրելի մարդու կերպար: Իսկ որ համակրելի մարդն էլ կարող է թերություններ ունենալ` պարադոքսալ և զարմանալի երևույթ չէ: Խոսքը թե՛ կերպարին է վերաբերում և թե՛ «բնօրինակին»` հեղինակին:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

***
…Պատմվածքներում կան նուրբ զգացողություններ, ճիշտ դիտված մանրամասներ, թաքնված ու զուսպ քնարականություն, որ ոչ թե բառային զգեստավորում ունի, այլ բխում է պատմվածքների ներսից: Մի մայթից մյուսը քո մտերիմ մարդուն այլ կերպ ընկալելը, այլ կերպ տեսնելը և այդ փողոցն «անցնելու» անկարողությունը, քո և նրա միջև գոյացած տարածության հաղթահարման անկարելիությունը «Գունավոր տեսողություն» պատմվածքում, փոքր-ինչ «դեֆորմացված» կամ պայմանական գունավորում ունենալով հանդերձ, հիմքում հոգեբանական ճշմարտություն է պարունակում:
Վան Արյանը, որ ընդգծված հակում ունի սովորական վիճակներ պատկերելու, առօրյան չի դիտում սև ու սպիտակ գույներով և աշխատում է որսալ հենց այդ նույն առօրյայի ու սովորականի բանաստեղծությունը: Խոսքս ո՛չ քնարական զեղումների, ո՛չ էլ տեքստի բանաստեղծականության մասին է, այլ մարդկային հարաբերությունների նուրբ և փխրուն ծալքերը լուսավորելու, մարդու հոգու գաղտնիքների մեջ ներթափանցելու այն կերպի, որ թելադրում է սովորականի մեջ տեսնել անսովորն ու անսպասելին, հենց այն, ինչ արձակագիրն անվանում է գունավոր տեսողություն:
Այս պատմվածքներում կարծես ներքին մի կապ կա: Դա այն տարածությունն է, որ ամեն պատմվածքում տարբեր չափերով գոյություն ունի երկու մարդու միջև: Օտարացման այդ տարբեր չափերը առաջադրել են հոգեբանական տարբեր խնդիրներ ու լուծումներ: Եվ, ըստ իս, բոլոր դեպքերում էլ` համոզիչ ու ճշմարտացի: Սակայն, ի տարբերություն օտարացման մոդայիկ տեսությունների, պատճառներն այստեղ ոչ թե «օդի մեջ» են, այլ` միայն ու միայն մարդկանց:

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Բարի լույս, Վա՛ն
Նորայր ԱԴԱԼՅԱՆ

«Վան Արյանը» ճանաչված տպա­գրատուն է Հայաստանի գրողների միության շենքի կիսանկուղում, որն արդեն հազարից ավելի հեղինակային գրքեր է լույս ընծայել և անհաշիվ այլաբնույթ նյութեր, գալիս են երկրիս տարբեր ծայրերից, մի քանի աստիճան ներքև իջնում, բացում տնօրենի դուռը և ողջունում` «Բարև, Վան», այսպես ընկերավարի, և արժանանում նրա նույնքան սիրալիր ու անմիջական վերաբերմունքին: Նրանցից շատ քչերը գիտեն, որ Վան Արյանը (Վիլյամ Պողոսյանը), տնօրեն լինելուց առավել, տաղանդավոր գրող է, օրինակելի մտավորական և հոգեղեն մարդ: Այս անգիտության պատճառը Վանն է, նրա համեստությունը, որ մեր անհամեստ ժամանակներում չի զարդարում մարդուն, այլ գործում է նրա դեմ:
Նրա վերջին գիրքը, որ նախորդների հավաքածուն է, տպագրվել է տասը տարի առաջ և ունի դարձյալ համեստ վերնագիր` «Ընդամենը», լավ, էլի, Վան, ախր այստեղ այնքան հետա­քրքիր ու ինքնատիպ գրականություն կա, որ չի տեղավորվում «ընդամենը» բառի սահմանափակ տարածության մեջ: Գրքում զետեղված են բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, սրանք մեր գրողի գլխավոր ժանրերն են: Նա զբաղվել է թարգմանական գործով, գրել բազմաթիվ գրական ու թատերագիտական հոդվածներ, ամբողջ ժամանակ ծավալել աշխատանքային բեղմնավոր գործունեություն, եղել է գծագրող, լուսանկարիչ, ճարտարագետ, ուսուցիչ, վարել է Երևանի դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչի պաշտոնը, աշխատակցել «Գարուն», «Զինուժ», «Առագաստ», «Գրական թերթ» պարբերականներին, իր սցենարով նկարահանել է «Ծարավ» և «Մոնթե» ֆիլմերը և այլն: Երբ ու որտեղ էլ գտնվել է` մշակույթի նկատմամբ հանդես է բերել ան­մնացորդ նվիրվածություն, սեր ու պատասխանատվություն, ոչինչ չի արել ձևականորեն, որ հոգևոր մարդու նրա հատկանիշներն են:
Վան Արյանի գրականության սկիզբը բանաստեղծություն եղավ, ինչպես շատերի մոտ, որոնք հաջողությամբ կամ անհաջող մուտք են գործում ժանրային այլ տիրույթներ, նույնիսկ` գրականագիտական ասպարեզ կամ քննադատություն անում: Բայց Վանը մնաց բանաստեղծ նաև իր արձակ ու դրամատիկական երկերում, քանզի կյանքը շարունակեց տեսնել հոգու և սրտի աչքերով, նրա համար իրականությունն արդեն իսկ բանաստեղծություն է: Ասաց. «Ես նորից որոշել եմ մի թռչուն գնել,//Որ ապրի ինձ հետ առանց վանդակի»: Ազատ հոգին որոնում է սերը. «Աստղերն այս գիշեր//Փոխել են իրենց տեղերը://Նրանք երկնքում անունդ են գրել»: Դա նվիրական անուն է Վանի համար, զգացմունքների լուսավոր դրամա. «Դու հանդիպում ես մի անծանոթ կնոջ,//ով քեզ ժպտում է առաջին ու վերջին անգամ»: Ասաց. «Դու գնում ես բնության մեջ թափառելու//Եվ բանաստեղծություններ որոնելու»: Իր չասածը (սակայն զգացածը) Վան Արյանը լրացնում է հին մեքսիկական և ուշ միջնադարյան ճապոնական պոեզիայի ընտիր տողերի թարգմանություններով, որոնք, միջնորդավորված, հարստացնում են նրա բանաստեղծության բնությունը: «Ամեն ինչ այս կյանքում ստանում ենք ժամանակավոր//Եվ մի ակնթարթում կորցնում ենք այն»: Վերջապես, Վանը թարգմանում է շոտլանդացի Ռոբերտ Բյոռնսի «Բաժանումից առաջ» բանաստեղծությունը` համաշխարհային սիրային պոեզիայի մի գլուխգործոց: Մանավանդ այս թարգմանությունը պատահական չէ, այն հարաբերում է Վան Արյանի ստեղծագործության կյանքային ընկալումներին, ի մասնավորի` սիրո, «Այս բոլոր բառերից//Ես դեն եմ նետում ավելորդները,//Եվ վերջում մնում է մի բառ, Մի բառ միայն. ՍԵՐ» (գլխատառ – Ն.Ա.):
Վան Արյանը գեղարվեստական խոսքի ու ընթերցողի հանդեպ տածում է բարձր պատասխանատվություն և քիչ է գրում (ավելի` իր մեջ), և այդ քիչը նաև շատ է իր բովանդակությամբ: Հորինել է մանկապատանեկան երեք պիես` «Երջանկության նետը», «Վարադարձի գաղտնիքը», «Արևորդիները», որոնք բեմա­դրվել են Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Դրանք հետաքրքիր են նաև մեծերիս համար, քանզի որքան մեծանում ենք, այնքան ավելի հաճախ ենք սիրում և հիշում մեր մանկությունը:
Իր «տարաբնույթ» նյութերում` գրականություն, արվեստ, անդրադարձ մշակույթի ու գիտության գործիչներին, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, Վանը ներկայանում է իր հետաքրքրությունների ամբողջ ներկա­պնակով` նաև ինքն է, իր ժամանակն ու ժամանակակիցները, որոնցից յուրաքանչյուրի մեջ նա տեսնում է ու գնահատում մի բան, որ սովորական չէ, օրինակ` Մարիետա Շահինյանը, Ժորա Հարությունյանը, Սերգեյ Օբրազցովը, Երևանի դրամատիկականի «Հուլիոս կեսարն» ու «Մակբեթը», Եղիա Մոմջյանը, Ռաֆայել Քոթանջյանը և այլն: Այստեղ` «Ընդամենը» գրքի նյութերում են և Վան Արյանի կատարած լուսանկարչական դիմանկարները, որոնք ունեն նկարչական արվեստին բնորոշ հատկանիշներ, հատկապես` մարդը ոչ միայն վայրկենական պահին, այլև իր տևական կյանքում: Մաեստրո Երվանդ Քոչարն ասում էր. «Վճռական տարբերություն կա լուսա­նկարչական գործիքի և նկարիչ մարդու միջև. գործիքը մեկ աչք ունի, այնինչ նկարիչը` երկու, նա իր երկու աչքով շատ ավելի խորն ու ամբողջական է տեսնում մարդուն»: Այս երկուսին ես կավելացնեի երրորդ` հոգու աչքը: Երբ միաչքանի գործիքը ձեռք է բերում մի քանի աչքեր, լուսանկարչությունը հաղթահարում է իր ֆիզիկական վիճակը և մերձենում կերպարվեստի որոշ հատկանիշների: Վան Արյանի այսպիսի լուսանկարներից են Հ. Մաթևոսյանի, Վ. Պետրոսյանի, Մ. Գալշոյանի, Շիրազի, Ս. Խանզադյանի, Արա Վահունու, Կ. Սուրենյանի, Սլավիկ Չիլոյանի, Վիլյամ Սարոյանի, Եվգենի Եվտուշենկոյի պատկերները, որոնց հրապարակ գալուց շատ տարիներ հետո այս գրողների երկերի հրատարակություններում օգտագործվում են դրանք` որպես նրանց կերպարի տիպական արտահայտություններ:
Ես գիտակցաբար Վան Արյանի պատմվածքագրությունը որոշեցի շեշտադրել հոդվածիս վերջում, որովհետև այս ժանրում նա հասել է ոչ միայն իր, այլև մեր արդի գրական դաշտում որակական հաջողությունների, որ ժամանակին նկատել ու գնահատել է նաև Պերճ Զեյթունցյանը: Այդ պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, անգլերեն:
Վանի պատմվածքների ենթատեքստում վիպական գծեր կան, կարճ տարածության վրա հեղինակը տալիս է առավելագույն տեղեկա­տվություն հերոսների ճակատագրի վերաբերյալ, հատկապես` կանանց, որոնք նրա կերպարային պատկերասրահի զգալի մասն են, ավելի շատ, քան տղամարդիկ: Նա չի պատկերացնում կյանքի գործողություններն առանց կնոջ մասնակցության, այստեղ կարծես մայրիշխանություն լինի: (Նկատել եմ, ընդհանրապես հայ արձակում կանայք քիչ են, շատ քիչ, և սա մարդկային բնության ոչ ամբողջական արտացոլանք է, որ Գրիգոր Զոհրապի բացակայությամբ ավելի մեծ թերություն կլիներ, օրեր շարունակ, ակնոցն աչքերիդ գնում ես ծավալուն վիպակների ու վեպերի ֆաբուլայի ետևից և չես հանդիպում գործողություն ծավալող կին հերոսների, լավագույն դեպքում անունը կա, բայց ամանում չկա):
«Մի պատռիր լուսանկարները» պատմվածքում տղամարդը մենախոսում է կնոջ մասին, նրա սիրո ու դավաճանության: Տղամարդը երբեք մենակ չէ, նրա կողքին մշտապես գտնվում է կինը, նրանք մեկ հոգի ու մարմին են, եթե նույնիսկ հեռու են միմյանցից («Գունավոր տեսողություն»): Դերասանուհի Էմմայի տխուր ճակատագրի մասին է «Նոր դերը» պատմվածքը: Առհասարակ, Վան Արյանն իր հերոսներին «բռնում է» նրանց համար ճակատագրային իրավիճակներում, դա գրողական հայացք է, բոլոր մարդիկ երբ ու որտեղ էլ գտնվեն, ակամա ենթարկվում են ճակատա­գրի ազդեցությանը, որը նրանց դրամայի հիմքն է, նրանց լուռ, դրսի մարդկանց` հաճախ անտեսանելի դրաման: Վանը չի բարձրաձայնում այդ ողբերգությունը, չի պատմում, այլ ցույց է տալիս, հենց ցույց է տալիս հերոսների ներանձնական տվայտանքներով: Այսպիսին են «Դրախտը նրբանցքի վրա», «Հասած պտուղներ» պատմվածքները: «Հիմա եմ հասկացել, որ ինձ համար ոչինչ ո՛չ վերջանում է և ո՛չ էլ սկսվում է: Ինձ համար ամեն ինչ միայն շարունակվում է, շարունակվում է անելանելի ու անհեռանկար, տանջալի ու անորոշ»: Այստեղ և այլ պատմվածքներում հոռետեսություն կա, բայց դա մեր կյանքն է, հետևաբար` նրա գրական արտացոլանքը գնահատելի: Հերոսներից մեկի ձայնով Վան Արյանն ասում է. «Ինձ հաճախ են մեղադրում… իբր ես թախիծը շատ եմ առարկայացնում, նկարագրում եմ ինչպես օդն ու ջուրը… Ինձ ասում են, որ թախիծը ինչ-որ շոշափելի բան չէ, այն կարող է գոյություն ունենալ միայն իմ մեջ, և կարիք չկա, որ ես իզուր նպաստեմ նրա` այդ իմ մեջ եղած թախիծի անհարկի ու անտեղի դուրս հորդելուն» (սխալ են ասում – Ն.Ա.): Թախիծը Վան Արյանի պատմվածքների պոեզիան է` առանց տաղաչափության, իբրև զգացմունքների հոսք: Վան Արյանն ունի երկու պատմվածք, որոնք զարդարում են հայերիս ժամանակակից «փոքր» արձակը` «Կանխա­զգացում» և «Քո միակ անունը», բայց ես չեմ խոսում դրանց մասին, այլ ուզում եմ արթնացնել ընթերցողի հետաքրքրասիրությունը. գնացեք կարդացեք, չեք զղջա:
Վան Արյանը պատկերում է հոգեբանական գործողություններ, որոնք հանդես են գալիս մենակության նշանի տակ: Այս աշխարհում մարդու միայնության տեսլականը արևմտյան գրականության մեջ ծագեց ու ձևավորվեց Առաջին աշխարհամարտից հետո, և որոշ գրողների կողմից ներկայացվեց իբրև գոյության փիլիսոփայություն: Նրա շառավիղները հայ գրականություն մասնակիորեն հասան բավականին ուշ: Ընդհանրապես, ուշանում հա ուշանում ենք արևմտյան մշակույթի զարգացումներից, այս մասին, այլ օրինակներով, իր հոդվածներից մեկում ափսոսանքով խոսել է Պարույր Սևակը, երբ ինչ-որ բան ի վերջո հասնում է մեզ, այնտեղ արդեն ուրիշ զանգեր են ղողանջում: Մենակության զգացողությունը, սակայն, կարծում եմ, այն միակ ու անպարագիծ վիճակն է, որ մշտապես եղել է մարդու հոգում, հետևաբար ո՛չ շուտ է գալիս և ո՛չ իսկ ուշացած: Բոլորն անհատապես միայնակ են, նույնիսկ` որոշ ընտիր ազգեր: Ճակատագի՞ր է: Թերևս: Վան Արյանի պատմվածքների միայնակ հոգիների տվայտանքներն ավելի մարդկային ու ամբողջական են դարձնում նրանց, ընթերցողին սիրելի ու հարազատ:
Նորություն չէ, ուրիշներն էլ են ասել` գրողը, նկարիչը ինչ էլ գրում, նկարում են` ստացվում է ինքնանկար: Վանն էլ է այդպես կարծում: Մինչև իսկ ֆրանսիացի տղամարդ Ֆլոբերն ասաց`«Տիկին Բովարին այդ ես եմ»: Մի քանի բնորոշ գունագծերով ինքնանկար է նաև Վանի ստեղծագործությունը:
Թվում է` յոթանասուն տարի ճանաչում եմ Վան Արյանին: Իր ֆետրե լայնեզր գլխարկով նա մեր ժամանակակիցն է, մենք` նրա: Այս «կից»-ը ֆիզիկական հարևանություն չէ, այլ հոգևոր ձեռքսեղմում: Բարի լույս, Վա՛ն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։