ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, գրականագետ
ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՄԵր գրական կյանքում կան անհատներ, որոնց տվածը քիչ, բայց աղմուկը շատ է լինում: Կան նաև մարդիկ, որոնք տարիներ շարունակ համեստորեն ու համբերատար անում են իրենց գործը, այն, ինչին կոչված են` սիրով ու նվիրումով, առանց ավելորդ ցուցադրականության: Այս երկրորդ տեսակի գրական մշակներից է Գևորգ Ատրյանը (Խաչատրյան): Հենց այդպես` իր անելիքին ու նպատակին հետևողականորեն միտված գրող-գրականագետի կերպարով է երևում նա ինձ` սկսած անցյալ դարի 70-80-ական թվականներից, «Լիտերատուրնայա Արմենիա»-ում (պոեզիայի և արձակի բաժնի վարիչ), ՀԳՄ վարչությունում (գրական խորհրդական), տարբեր հրատարակչություններում իր արդյունավետ գործունեությամբ հայ-ռուսական գրական կապերին նվիրված հոդվածներով, նշանավոր գրողների հետ հարցազրույցներով, պատմվածքներով «Մեգիդդոն» (Մոսկվա, 2005), «Ուրոբորոս» (Մոսկվա, 2016) միֆոլոգիական բազմաոճ վեպով:
Այսօր էլ Գևորգ Ատրյանը լի է եռանդով, ստեղծագործական ծրագրերով, որոնք, չեմ կասկածում, առաջիկա տարիներին նույն հաջողությամբ իրականություն կդառնան:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՆՔ ՄԵՆՔ ԳՐՈՒՄ
Գևորգ ԱՏՐՅԱՆ
Տասնհինգ տարեկանում սիրահարվեցի ու սկսեցի բանաստեղծություններ գրոտել: Այդ ժամանակ էլ ինձ հարց տվեցի, որը հիմա դարձրել եմ այս էսսեի վերնագիրը: Մանկուց շատ էի կարդում և բանաստեղծելու պահին զուգահեռ արդեն կարողանում էի բավականին գրագետ արտահայտել մտքերս, ուրեմն ինչո՞ւ ինձ չէին բավարարում կապուտաչյա գեղեցկուհուս բարձրաձայն հղվող բառերը: Ու ես հանգեր էի հորինում, երևույթներին փնտրում համարժեք փոխաբերություններ, ստեղծում ընդհանրական կերպարներ, ճիշտ է, դեռևս թերատ, բայց դա չէ գլխավորը, խնդիրը հարցն է` ինչո՞ւ եմ ինքս ինձ այսպես տանջում: Անցել է հիսունհինգ տարի, իսկ այս թեման ինձ համար դեռ հրատապ է:
Ես ապրել եմ փոփոխությունների դարաշրջանը: Կոնֆուցիոսի կարծիքով, դա ցանկացած անհատի համար ամենամեծ անեծքն է: Իմ աչքի առաջ հասարակական կյանքը կտրուկ փոխեց իր նախընտրությունները` բաժանվելով մինչև-ի ու հետո-ի: Հասուն տարիքս ապրելով այդ խորհրդային մինչև-ում, ես գտա հարցիս պատասխանը:
Լենինը գեղարվեստական արձակի գիտակ չէր, բանաստեղծական արվեստից էլ ոչինչ չէր հասկանում, ասենք, նա երկար չղեկավարեց երկիրը, իսկ Ստալինը, գիտակցելով, որ ԽՍՀՄ վախեցած ժողովուրդներին անհրաժեշտ է գաղափար սեփական ստրկական գոյությունը արդարացնելու համար, մեծ ուշադրություն էր հատկացնում գրականությանը, իր անունով մրցանակ հիմնեց ու ինքն էլ անձամբ բաժանում էր դրանք: Այստեղ հարկ է հիշեցնել, որ հեռուստատեսություն ու համացանց այն օրերին չկար, իսկ կինոթատրոններում ամիսներ շարունակ պտտեցնում էին նույն ֆիլմերը:
Ծամծմված ֆրազներ չկրկնելու համար մինչև օրս ոչ մի տեղ չամրագրված հետաքրքիր օրինակ մեջբերեմ, քանի որ այս պատմությունը անձամբ ինձ է պատմել Զոյա Միկոյանը, ում հետ բարի ընկերներ ենք եղել երկար տարիներ: Նա համաշխարհային ճանաչում ունեցող «ՄԻԳ» կործանիչի ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի այրին էր: 1947 թ. ձմռանը Միկոյանին իր ամառանոցն է հրավիրում Ստալինը: Խիստ տագնապած` նա ճանապարհում է ամուսնուն, ծանր սպասման մեջ անցկացնում գիշերը ու միայն հաջորդ օրը Միկոյանը վերադառնում է տուն: Ողջ ու առողջ: Պարզվում է, նրա կոնստրուկտորական բյուրոյի գործունեության մասին երկարատև գաղտնի զրույցից հետո, որի մասին կինը չպետք է իմանար, առաջնորդն անսպասելի նրա ամուսնու առջև է դնում «Զնամյա»-յի առաջին համարն ու հարցնում է.
– Այստեղ տպագրված է Կազակևիչի «Աստղը» վեպը, կարդացե՞լ եք: Բավական հետաքրքիր է:
Պարզ է, որ նոր ինքնաթիռի փորձարկումների լարված օրերին վեպ կարդալու ժամանակ չկար, ու նա մեղանչում է` ոչ, չի կարդացել:
– Արդեն ուշ է,- ասում է Ստալինը,- կգիշերեք այստեղ:
Հասկանալի է, որ այդ գիշեր քնելու մասին խոսք լինել չէր կարող, իսկ քանի որ Արտեմ Իվանովիչի կրթությունը հայկական էր, նա մինչև առավոտ կարդացել, ավարտին էր հասցրել վեպը, հետո սպասել, մինչև աշխարհի բոլոր ճնշված ժողովուրդների առաջնորդն արթնանա, որպեսզի նրան իր հիացմունքն արտահայտի սոցռեալիզմի մեթոդի նոր հաղթանակի առթիվ: Մեկ տարի անց Կազակևիչին Ստալինը պարգևատրեց իր մրցանակով:
Իսկ այդ մրցանակների գումարային չափը աստղաբաշխական էր խորհրդային քաղաքացիների համար: Օրինակ, Մարիետա Շահինյանը իր «Ուլյանովների ընտանիքը» չորս հատորի համար ստանալով Լենինյան մրցանակ` կարգին մերձմոսկովյան ամառանոց գնեց: Ի դեպ, Լենինապատումի մասին: Ցանկացած հորինող, ով ցանկություն էր հայտնում գրել «կրեմլյան ֆանտազյորի» (բնորոշումը Ուելսինն է) մասին, ստանում էր անհրաժեշտ ամեն ինչ հարմարավետ աշխատանքի համար: Ասենք, տաղանդավոր, բայց իր գրիչը դյուրությամբ վաճառող Վալենտին Կատաևը այն պատճառաբանությամբ, որ գիրք է գրում Լենինի փարիզյան տարիների մասին, պետության հաշվին կես տարի ապրեց Փարիզում: Հայտնի հայերի մասին գրքեր գրող մեր Աշոտ Արզումանյանը «Սովետական գրող» հրատարակչությունից, որտեղ ես աշխատում էի այդ ժամանակ, կանխավճար խնդրեց նոր գրքի համար, որն սկսելու մտադրություն անգամ չուներ, ու նրան վճարվեց երկու հազար ռուբլի` այն օրերի համար դա իմ մեկ տարվա աշխատավարձն էր: Մոսկովյան հայտնի գրականագետ Վիկտոր Պերցովը 1975-ին Երևանում իմ հյուրն էր և մի զրույցում խոստովանեց, որ Մայակովսկու ստեղծագործությունների եռահատոր մենագրության համար հրատարակչությունը նրան խոստացել է վճարել երեսուն հազար ռուբլի, իսկ այդ գումարով կարելի էր գնել վեց ավտոմոբիլ: Լենինականից մի անտաղանդ բանաստեղծ, ով իր գրվածքների ռուսերեն տողացին անելու մշտական խնդրանքներով ինձ հանգիստ չէր տալիս, չկարողանալով Երևանում իր «տեղը գտնել», գնաց Մոսկվա, խցկվեց Գրողների միություն ու ձրի բնակարան ստացավ քաղաքի կենտրոնում, Տվերսկայա փողոցում, «Արմենիա» խանութի կողքին:
Սրանք ընդամենը մի քանի պատմություն են, պատահական երևակված հիշողությանս մեջ: Էլ չեմ ասում ձրի ստեղծագործական տների, երկրում ու արտասահմանում գրողական գործուղումների և նմանատիպ այլ բաների մասին:
Նյութական կողմին հաջորդում էր հեղինակության հարցը, թե որոշ գրողների համար այն գերադասվում էր նյութականից: ԽՍՀՄ Գրողների միության անդամակցությունը գրողին վերագրում էր համարյա թե աստվածային էություն: Ստալինի ժամանակներից ի վեր նրան էր հանձնարարված քարոզչությունը, միսիոներությունը, նա էր կյանքի ուսուցիչը, դաստիարակը:
Անգամ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Բրեժնևը ցանկացավ գրող դառնալ, նրա անվամբ ճարպիկ գրոտողները եռագրություն գրեցին, որի համար նա, շատ «անսպասելի», Լենինյան մրցանակ ստացավ:
Իսկ ի՞նչ էր պահանջվում գրողից նման դրախտային բարիքներ ստանալու դիմաց: Ընդամենը մի բան` ներբողներ ձոնել իշխող վերնախավին և վաղուց ի վեր իրեն վարկաբեկած մարքսիստական գաղափարախոսությանը:
Կանխակալ և ոչ օբյեկտիվ կլինի ասելը, թե այն տարիներին տաղանդավոր ոչ մի բան չի ստեղծվել: Իհա՛րկե, ստեղծվել է, հատկապես միութենական հանրապետություններում: Պատճառաբանելով, որ այդպիսին է ազգային նկարագիրը, տաղանդավոր գրողները սոցռեալիզմի կպչուն մեթոդներից բավականին «ազատագրված» գործեր էին ստեղծում: Բայց հենց նրանք էլ առավել հաճախ էին դուրս շպրտվում գրական մայրուղուց, որի վրա իրենց հորինվածքներով անարգել սուրում էին գրական չինովնիկները:
Իսկ ի՞նչ կատարվեց հետո, ավելի ստույգ` ի՞նչ է կատարվում հիմա: Համեմատական ազատություն ու անկեղծություն ստեղծագործելիս, հրապարակման հնարավորություն, ծայրահեղ դեպքում` սեփական հաշվին: Միաժամանակ գրողի հեղինակության բացարձակ անկում, ոչ վաղ անցյալում կյանքից հեռացողների մոռացում, լույս ընծայվող գրքերին` անտարբերություն: Պարզապես կարդալ չեն ուզում:
Վարպետ գրող Պերճ Զեյթունցյանը, ում գրքերը հրատարակվում էին հարյուր հազար տպաքանակով, դադարեց արձակ գրել, քանի որ չորս հարյուր հատ տպագրված գիրքը, ընդ որում` առանց հոնորարի, բավականացնում էր միայն ծանոթներին բաժանելուն: Ուստի ստիպված էր պիեսներ գրել, որոնք և՛ հանդիսատես ունենալու, և՛ լսվելու հնարավորություն են տալիս:
Այստեղ չեմ կարող չհիշել իմ տաղանդավոր ընկերուհուն, կյանքից վաղաժամ հեռացած Գոհար Մարկոսյան-Կալլեին, «Պենելոպե» փայլուն վեպի հեղինակին և նրա գրքի հերոսուհուն` 90-ականներին Երևանում ապրող երիտասարդ աղջկան, ով ընդամենը ուզում էր… լոգանք ընդունել հոսող ջրի` ցնցուղի տակ: Ի դեպ, վեպը անցած տարի հրատարակվեց Երևանում Կ. Խոդիկյանի հիանալի թարգմանությամբ: Գոհարի առաջին գիրքը` «Իմ անավարտ պալատը», մեծ դժվարություններով տպագրել տվեցի «Սովետական գրող» հրատարակչությունում, հետո նա ամուսնացավ էստոնացի գրող Կալլե Կասպերի հետ ու տեղափոխվեց Տալլին: Նա լարված աշխատում էր, ստեղծում արձակ գործեր, իսկ հիմա,- ուշադրությո՛ւն,- ռուսերենով գրող հայուհին, որ գրում էր հիմնականում Հայաստանի մասին, տպագրվում էր Էստոնիայում 500 տպաքանակով ու հազար դոլար հոնորար էր ստանում: Մեզ համար սա ֆանտաստիկայի ժանրից է, Էստոնիայի համար` հոգածություն մշակույթի իր գործիչների նկատմամբ:
Իհարկե, այսօր էլ Ռուսաստանում կան հոնորարներով ապրող գրողներ: Դասական օրինակը Դարյա Դոնցովան է, նրա կարողությունը միլիոն դոլարից ավելին է: Ու բոլորն էլ գիտեն, որ Դոնցովան ու նրա նման կոմերցիոն գրողները ստեղծում են այսրոպեական թղթի թափոն: Եթե մեր գրողները ամաչում են այդ մասին խոսել, ապա Արևմուտքում դա սովորական երևույթ է: Ջեյմս Բոնդի մասին գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը մեկ անգամ չէ, որ հարցազրույցներում խոստովանել է, որ այդ վեպերը գրում է միայն ու միայն փող աշխատելու համար: Նրան կրկնում են Սթիվեն Քինգն ու Դին Կունցը` գուցե աշխարհի ամենաունևոր գրողները: Թեև այս հաստատումը կարող է վիճարկել Անգլիայի ամենահարուստ կանանցից Ջոան Ռոուլինգը` Հարրի Փոթերի մասին անպաճույճ, պարզունակ պատմությունների հեղինակը: Այսօր նման գրողներին շատ են աջակցում հրատարակիչները, նրանց շահույթ է պետք, ուստի գիրքը, որի վրա նախկինում ընկնում էր Աստվածաշնչի ստվերը, ներկայումս նրա կարգավիճակը հավասարեցված է… դե, ասենք, երշիկին:
Այս օրինակները Հայաստանում «չեն աշխատում», պատճա՞ռը,- աշխարհում հայերենի տարածումը նվազագույնն է: Դրա համար է, որ նորից ես կանգնած եմ հարցի առաջ` վերը թվարկած իրողությունները հրաշալի իմանալով, ինչո՞ւ երիտասարդները «փող սարքելու» (ինչպես ասում են ամերիկացիները) փոխարեն զբաղվում են դժոխային գրական գործունեությամբ: Դրան են հատկացնում թանկարժեք ժամանակը, փող են ծախսում` հրատարակելով իրենց հորինվածքները, որոնք, հիմնականում, կկարդան մի քանի ծանոթ-բարեկամ: Իսկ եթե ֆինանս չկա` տեղադրում են համացանցում: Ռուսական կայքերը լցված են երիտասարդ հեղինակների տասնյակ հազարավոր ստեղծագործություններով:
Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը: Կարծում եմ, այս երևույթի միակ բացատրությունը ես ունեմ:
Երբ աշխատում էի Հայաստանի գրողների միությունում, գրական փորձեր անող ահել ու ջահելի ուղարկում էին մեր աշխատասենյակը, որտեղ երկուսով էինք` ես ու իմ անմոռաց բարեկամ Հովհաննես Գրիգորյանը: Հովհաննեսը կարդում էր հայերեն, ես` ռուսերեն տեքստերը: Բայց մի անգամ ստիպված նրան օգնության հասա: Մեկ տարի շարունակ նրան ահաբեկում էր տարեց մի կին, ընդ որում` ոչ անգրագետ, գրականության ու լեզվի նախկին ուսուցչուհի: Իր «գոհարները» նա գրանցում էր հաստ ընդհանուր տետրերում, որոնցից մի կույտ հավաքվել էր մեր պահարանում: Ու քանի որ, հորինելուց բացի, նա տարբեր ատյաններ բողոք գրելու մեջ էր վարպետացած, Հովհաննեսն արդեն չգիտեր` գլուխն առներ-ուր փախչեր: Նրա տառապանքին ականատես` կրակը վերցրի ինձ վրա: Որից հետո մի քանի ամիս նախանձելի համառությամբ նա հետապնդում էր ինձ: Ես ցնցված էի նման գրական ցավագարությունից, որն արդեն վերածվել էր մոլագարության ու խելահեղության:
Ու միայն հիմա, կյանքիս յոթանասունամյակի սահմանագծին, ես հասկացա, թե ինչու է մարդը գրում: Դա պարզապես հիվանդություն է: Եթե մեկը ձեռքն է վերցրել գրիչը կամ նստել է համակարգչի առաջ ու սկսել է գրել, իր կարծիքով, համաշխարհային գրականության մեջ դեռևս անսովոր ու չտեսնված մի բան, ուրեմն, համոզված կարելի է ասել, որ նա տառապում է հոգեկան փոքր կամ մեծ շեղումով: Օրինակներ` ինչքան ուզեք: «Այսպես խոսեց Զրադաշտը» գրական գլուխգործոցի հեղինակ Նիցշեն կյանքի վերջին տասնմեկ տարիները բացարձակ անմեղսագիտակ էր: Անցած դարի լավագույն բանաստեղծներից մեկը` Օսիպ Մանդելշտամը, ով Հայաստանի մասին լավագույն բանաստեղծական ու արձակ գործեր է ստեղծել, այդպես էլ սեփական տանիք չունեցավ` կնոջ հետ մի ընկերոջ տնից մյուսն էր տեղափոխվում: Իսկ 1933 թ. կարդաց իր սպանիչ հակաստալինյան բանաստեղծությունը տասնյակ ծանոթներին, որից հետո սովահար եղավ ստալինյան ճամբարում: Նոբելյան մրցանակի դափնեկիր Հեմինգուեյը, տառապելով հոգեկան խանգարվածությամբ, ինքնասպան եղավ: Եսենինը մոլագար-դեպրեսիվ պսիխոզով էր տառապում, կախվեց լենինգրադյան «Անգլետեր» հյուրանոցում: Գոգոլը ձայնային ու տեսողական հալյուցինացիաներ ուներ, ի վերջո ինքն իրեն սովից սպանեց: Անգլիական մոդեռնիզմի դասական Վիրջինիա Վուլֆը իր մշտական խոր դեպրեսիվ հոգեվիճակում ջրահեղձ եղավ` գրպանները քարեր լցրած: Բավական է կարդալ Դոստոևսկու անսանձ, բուռն վեպերը, երբ այլևս չես կասկածի, որ հոգեկան հիվանդի հետ գործ ունես: Առաջին հայացքից միանգամայն նորմալ հոգեկերտվածք ունեցող Լ. Տոլստոյը գրում էր ողջամիտ, իրապաշտական գործեր, բայց ինչպե՞ս բացատրել, որ կյանքի մայրամուտին, պատասխանատվություն կրելով իր բազմանդամ ընտանիքի հանդեպ, որոշեց հրաժարվել բոլոր հոնորարներից, իսկ երբ կինը հակառակվեց այդ որոշմանը` տնից փախավ ու մահացավ երկաթուղային կայարանում:
Նման ցուցակը ես կարող եմ լրացնել ևս տասնյակ անուններով, իսկ դրան հակակշիռ` հասարակ ընթերցողը նույնպես կարող է թվարկել իր ծանոթ գրողներին, իր կարծիքով` որպես հոգեկան բացարձակ առողջների: Իրականում ստեղծագործողը թաքցնում է իր հիվանդությունը. ոմանց դա հաջողվում է, մյուսները ժամանակ առ ժամանակ «բացահայտվում են»:
Ասենք, մեր դասական Հրանտ Մաթևոսյանը, ում հետ զրուցելիս մշտապես զգում էի նրա հոգում մոլեգնող շնորհի կրակը, որը նրա արտաքին կերպարին տալիս էր փոքր-ինչ մռայլ հայացք ու նրա խոսքը դարձնում անհարթ ու կցկտուր: Եվ իզուր էի ես, իսկ ինձ հետ նաև նրա բազմաթիվ երկրպագուները, նոր Ռուսական Դաշնությունում սպասում նոր արձակի` նա լռեց մինչև իր մահը:
Հա՜ գրում եմ ուրիշների մասին, իսկ կարո՞ղ եմ ինքս ինձ համարել հոգեպես առողջ մարդ:
Կարո՞ղ է արդյոք նորմալ մարդը քսան տարի շարունակ գրել մեկ ու նույն վեպը: Արդեն հարգանք ներշնչող տարիքի տեր` չշփվել ընկերների հետ, չքայլել ամառային փողոցներով, չնստել սրճարանում, չայցելել ազգականներին, ու հենց նահանջեն բազմաթիվ հիվանդությունները, վազել գրասեղանի մոտ ու որոշակի հերթականությամբ դասավորել բառերը, երբ երկու-երեք ժամ տևող տառապալից աշխատանքից հետո մեկ ու միակ նախադասության բառերի այդ հաջորդականությունը հանկարծ դուր չգա` նորից ու կրկին ամեն ինչ պատռել ու նորից արտագրել: Ու երբ միայն այդ գրվածը հանկարծ նրան կատարելություն թվա, ապուշի երանելի ժպիտով էլի ու էլի կարդալ և հիանալ ստեղծածով:
Այդ իսկ պատճառով դիմում են ձե՛զ, պարոնա՛յք գրողներ. եթե անգամ բոլորս ավելի քան առողջ տեսք ունենանք, կարելի՞ է արդյոք համարել, որ մեր բնավորությունն ու հոգեկերտվածքը գտնվում են նորմայի սահմաններում, ու մեր հոգեկանը, ինչպես ոչնչով աչքի չընկնող, սովորական մարդկանցը, չի ձևախեղված ու չի աղճատված ստեղծագործական պրոցեսի նկատմամբ տածած ամենակուլ, կործանիչ կրքով…
Ռուսերենից թարգմանեց
Կ. ԽՈԴԻԿՅԱՆԸ