ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆՀԳՄ վարչությունը

շնորհավորում է արձակագիր, թարգմանիչ, կինոգետ

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

ծննդյան 80-ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

 

Դառնանք շնորհավորենք Սերգեյ Գալստյանին

 

Ինչ մեղքս թաքցնեմ` ես սիրում եմ մասնագետներին: Եվ ամեն անգամ զարմանում եմ, երբ մեր այս համատարած դիլետանտիզմի դարաշրջանում հանդիպում եմ դեռ մարդկանց, ովքեր խորացել են իրենց մասնագիտության մեջ այնքան, որ կարող ես անվերապահորեն վստահել նրանց կարծիքին, ովքեր իսկապես պրպտում են իրենց ընտրած նեղ կամ լայն ասպարեզում, փորում, հորատում, հայտնաբերում ու գտած գանձերը համեստորեն ներկայացնում են հանրությանը, չմտածելով անգամ` պետք են դրանք այս թոզ փչելուն սովոր հասարակությանը, թե ոչ: Ժամանակին այդ մարդկանց կոչում էին ռահվիրաներ: Այսօր այդ բառն անգամ շատերին թվում է հնացած ու անհասկանալի:

Ինչքան որ գիտեմ Սերգեյին, իսկ գիտեմ գրեթե կես դար, անկախ տարվա եղանակից, կարգերի ու իշխանության փոփոխությունից, ռուբլու ու դրամի վայրիվերումներից, անգամ վճարել-չվճարելուց, նա քրտնաջան, գլուխը կախ իր գործն է անում, չակնկալելով կոչում ու պարգև, ճանաչում ու փառք, բավարարվելով անգամ կեսբերան գովեստով:

Շուրջ երեք տասնյակ գրքերի ու աշխատությունների հեղինակ է Սերգեյ Գալստյանը: Արժեքավոր են հատկապես հայկական անիմացիոն կինոյին և հայկական վավերագրական կինոյին (երկու հատորով) նվիրված աշխատությունները, որոնք վաղուց ի վեր դարձել են մեր ուսանողության մասնագիտական ձեռնարկները: Պակաս արժեքավոր չեն «Հայ կինոգործիչներ»  մատենաշարով նրա հեղինակած մենագրությունները, որոնք հայ կինոգիտության բնագավառում լուրջ ներդրումներ են: Այս գրքերը (նվիրված Ֆրունզե Դովլաթյանին, Ներսես Հովհաննիսյանին, Լև Ատամանովին, Ռուբեն Գևորգյանին, Ռոբերտ Սահակյանցին, շուտով կհամալրվի մատենաշարը` նվիրված Սերգեյ Փարաջանովին), անշուշտ, օգտակար կլինեն ոչ միայն ուսանողությանը, այլև բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ուսումնասիրել հայ կինոյի պատմությունը ընդհանրապես:

Չգիտեմ, Սերգեյ Գալստյանը գիտական կոչում ունի, թե ոչ: Բայց հավատացած եմ, որ նրա հայտնաբերած նյութերը, նրա կողմից գիտական շրջանառության մեջ դրած փաստերը, քանի դեռ կա հայ կինոգիտությունը, անցնելու են գրքից գիրք, աշխատությունից աշխատություն:

Մի՞թե սա չէ իսկական գիտական վաստակը:

 

Միքայել ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Կինոգետ, «Ոսկեծիրան»  միջազգային կինոփառատոնի հիմնադիր անդամ

 

 

Ստամբուլ 1989, ապրիլ

(դրվագ «Փարաջանով. հանդիպումներ և ոչ միայն…» անավարտ գրքից)

1991-ի գարնանը Հայաստանի կոոպերատիվների միության առաջարկով կազմակերպեցի հայ երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես, նախ Աթենքում, ապա Ստամբուլում: Թուրքիայում մեզ հյուրընկալել էր «Մարմարա» թերթի խմբագրությունը` ճանաչված բանաստեղծ և արձակագիր Ռոբերտ Ատտեճյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի բացումը կայացավ Ստամբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի սրահում, իսկ մեծ դահլիճում տրվեց համերգ` հայ արվեստի վարպետների մասնակցությամբ: Ինձ օգնում էր գեղավարիչ Գրիգոր Թորոսյանը: Ցուցահանդեսի փակումից հետո մեզ և մի խումբ երգիչների իր տուն հրավիրեց պարոն Մարտիրոս Բալըքչյանը:

Պարոն Մարտիրոսը Ստամբուլի «Գոյա» կոշիկի հռչակավոր ֆաբրիկայի տերն էր, Կարագյոզյան վարժարանի հոգաբարձուներից մեկը, հարուստ մարդ էր: Հարուստը` հարուստ, բայց նա առավել հարուստ էր հոգով… փոքր-ինչ կարճահասակ, նաև գիրուկ «ծերուկ էր», ուներ առինքնող հմայք… Այնքան, որ ուզում էիր անընդհատ նայել նրան, լսել նրա մեղրածոր խոսքը…

Տանտերը նստեց իր տեղը` սեղանի գլխավերևը և հրավիրեց ինձ տեղավորվելու իր կողքին: «Այս աթոռի վրա նստել է Սերգեյ Փարաջանովը, կուզեմ, որ դուք զբաղեցնեք այս տեղը: Կհուսամ` կճանաչեիք նրան»…

– Մենք ոչ միայն ճանաչում էինք միմյանց, այլև մտերիմ էինք… Ի դեպ, Գրիգորը նույնպես նրա մտերիմներից է, նաև նկարահանվել է «Նռան գույնը» ֆիլմում:

Պարոն Մարտիրոսը աշխուժանում, ոգևորվում է. իր փայլող աչքերով շոյում է մեզ: Հրաժեշտից առաջ ցանկացավ որոշ ճշգրտումներ անել վաղվա օրվա համար. ո՞վ ինչ խնդիրներ ունի: Բոլորի ծրագրերում շուկան էր, առևտուրը…

– Է՛, դուք չասացիք. դուք ի՞նչ խնդիրներ ունեք, – դարձավ ինձ:

– Եթե հնարավոր է, կցանկանայի, որ վաղը որևէ մեկը ինձ ուղեկցի գերեզմաններ. ուզում եմ ծաղիկներ դնել իմ սիրած բանաստեղծների շիրիմներին:

Պարոն Մարտիրոսը նախ զարմացած նայեց ինձ, հետո գրկեց:

– Ես ինքս վաղը կուղեկցեմ ձեզ: Առավոտյան իննուկեսին կլինեմ նավի մոտ:

Նա եկավ իրեն սպասարկող ավտոմեքենայով: Մեկնեցինք Սկյուտարի գերեզմանատուն: Ուզում է ծաղիկներ ինքը գնի` ես փող չծախսեմ, սակայն առարկում եմ` «Այնպես, ինչպես եկեղեցում մոմը, գերեզմանի համար էլ ծաղիկները, ինքդ քո փողով պետք է գնես»… Խնդում է. փաթաթվում է ինձ… Ծաղիկներ եմ դնում Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, մեր քնարերգության այս երկու հանճարեղ պատանիների շիրիմներին: Ու ասես հաղորդակցվում եմ մի վեհ, անիմանալի երևույթի հետ:

Օրը կիրակի էր. 21-ը ապրիլի:

Ժամը երեքին նավը մեկնելու էր: Մենք վերադառնում էինք:

– Մինչև 3-ը բավականին ժամանակ կա: Կարելի՞ է միասին ճաշենք,- խնդրանք կար խոսքի մեջ, մի տաք անկեղծություն:

Ես ընդունում եմ առաջարկը, մանավանդ, եթե նավ էլ վերադառնամ` նստելու եմ ճաշի: Մոտենում ենք Մարմարայի ծովեզերքին. կանգ ենք առնում դարպասների առաջ: Նա խոշոր թղթադրամներով, բառիս պատկերավոր իմաստով, մի բուռ փող է տալիս մուտքի համար: Ներս ենք մտնում` չքնաղագույն մի պարտեզ. եդեմական մի աշխարհ է բացվում մեր դեմ…

– Սա եղել է Աթաթուրքի ամառանոցը,- բացատրում է ուղեկիցս,- հիմա այստեղ ժամանցի վայր է, ռեստորանների համալիր: Այս վայրը կոչվում է «Մալթա Թյոշք»:

– Երևի այստեղ գալը թանկ հաճույք է,- նկատում եմ ես:

– Ցանկացա հենց այդ հաճույքը պատճառել ձեզ,- ուրախ արձագանքում է պարոն Մարտիրոսը:

Խորքում` ծովեզերքին ավելի մոտ, երկհարկանի մի հեքիաթային շինություն է, շուրջբոլորը` տաղավարներ: Մտնում ենք այդ տունը, ծանոթանում սենյակներին ու ներքին հարդարանքներին: Թանգարանային բացառիկ արժեքներ…

Դուրս ենք գալիս: Զգում եմ, որ ուղեկիցս չի շտապում հրավիրել նստելու: Հետո ազատվում է մի սեղան (իսկ ազատ սեղաններ շատ կային):

– Նստենք, սպասում էի, որ այս սեղանն ազատվեր… Փարաջանովի հետ ճիշտ այս սեղանի շուրջ էինք նստել, – բացատրում է նա` անուշ ժպտալով:- Նա եկել էր Ստամբուլի կինոփառատոնին մասնակցելու, վրացուհի մի տիկնոջ հետ էր… Նրան էլ հրավիրեցի, բայց նա զբաղված էր… Փարաջանովը շատ հավանեց այս վայրը, հատկապես դուրը եկավ թանգարանը, նրա կահավորանքը, ներքին հարդարանքը…  Ցանկացա մի հատ կատալոգ նվիրել նրան: Տեղի աշխատողը ինձնից առաջ անցավ… Ասաց` ես ձեզ ճանաչեցի, դուք «Աշուղ Ղարիբ» ֆիլմի հեղինակն եք, մասնակցում եք մեր կինոփառատոնին… Թույլ տվեք, ես ձեզ նվիրեմ… Շան տղան առաջ անցավ,- մի տեսակ մեղա գալով` ավարտեց միտքը և հոգոց հանեց:- Հիմա նա չկա… Գոնե ինձնից մի հիշատակ կմնար նրա տուն- թանգարանում…

Որպես մխիթարանք սեղմում եմ նրա ուսը:

– Երեքով` Փարաջանովը, այդ տիկինը և ես շուկայում էինք: Մեկ էլ հևալով մեզ մոտեցավ փառատոնի ներկայացուցիչներից մեկը, թե` շտապ պետք է գնանք կինոդահլիճ, որտեղ հանձնվում են մրցանակներ… Փարաջանովի ֆիլմին շնորհվել էր ժյուրիի հատուկ մրցանակը: Հասնում ենք կինոդահլիճ: Ժյուրիի նախագահը մրցանակը հանձնում է Փարաջանովին: Խոսք է ասում նա: Ես կանգնել էի լեփ-լեցուն դահլիճի բեմահարթակի մոտ` պատի տակ: Զգում էի դահլիճի արձագանքը: Ծափերը շատ էին, բայց դժգոհ խլրտումներ էի նկատում… Երբ դուրս էինք գալիս դահլիճից, կանչեցի իմ տղաներից չորսին, կարգադրեցի գալ իմ ետևից: Փարաջանովը, այդ կինը և ես ոտքով գնում էինք դեպի հյուրանոց, լուռ քայլում էինք, մեզ հավասար քայլում էին մի խումբ երիտասարդներ, նայում էին դեպի Փարաջանովի կողմը, բարձրաձայն վիճում էին, հայհոյանքներ նետում… Տղաներս լսում էին խոսակցությունը: Ինձ նույնպես հասնում էին նրանց կրքոտ ձայները, զգում էի, որ ծրագրվում է հարձակում` մահափորձ… Զգացի, որ տղաներս շրջապատեցին նրանց: Զգալով, որ իրավիճակը վերահսկվում է, այնուամենայնիվ նրանցից մեկը մոտեցավ տիկնոջը, մի թուղթ տվեց և արագ հեռացավ… Տղաներս շարունակեցին հետևել նրանց: Մտանք հյուրանոցի շքամուտքի սրահը: Ես թեթևացած շունչ քաշեցի… թեև համոզված էի, որ մենք ամեն գնով կանխելու ենք այդ թուրք ոհմակի մտադրությունը, թեկուզ արյան գնով, քանի որ ես ինձ չէի ների իմ մնացած ողջ կյանքում…

Ցնցված այս պատմությունից, ես ոտքի էի կանգնել և նայում էի չորսբոլորս, ասես նոր չարագործության սպասումով…

…Հետագայում ես այս պատմությանը և՛ հավատում էի, և՛ չէի հավատում… (մեղա˜ քեզ, մեղա՛…. Լույս իջնի գերեզմանիդ, պարոն Մարտիրոս), մինչև, որ 2006 թվականին ձեռքս ընկավ ճանաչված կինոգետ, մի շարք գրքերի հեղինակ Կորա Ծերեթելիի (հենց այդ տիկինը) Փարաջանովին նվիրված «Կոլաժ ինքնադիմանկարի ֆոնին» բացառիկ գիրքը: Ահա հենց այս գրքում էլ հեղինակը նկարագրում է ստամբուլյան կինոփառատոնի այս դեպքը:

«Խոսք ասեց Սերգեյը,- գրում է Ծերեթելին,- խոսեց, ըստ իս, ասաց իր ամենապայծառ, ամենազարմանալի ճառը, որը երբևէ լսել էի. խոսում էր երկու հարևան ժողովուրդների անիմաստ ու դաժան հակամարտության մասին: Երբ սկսվեցին ղարաբաղյան դեպքերը, ինքը մոնտաժում էր «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Ասում էր, թե որքան ընկերներ ունեցավ Բաքվում: Եվ խոսքը ավարտեց հետևյալ բառերով` «Աստված մեկն է»: Եվ ահա մենք քայլում ենք դեպի «Մարմարա» հյուրանոց: Նկատում եմ, որ մեզ կրնկոխ հետևում են մի խումբ երիտասարդ թուրքեր. նրանք վիճում էին և մեր կողմն էին նետում անբարյացակամ հայացքներ»: …Վերջապես հյուրանոցի շքամուտքի սրահում թեթևացած շնչում եմ. կարդում եմ իմ ափը խոթած գրությունը. «Դու, խղճուկ կինոռեժիսորշիկ. այս անգամ ներում ենք: Չհամարձակվես այսուհետ հիշատակել Ղարաբաղը: Կեցցե Ադրբեջանը». Եվ ստորագրություն` «Թուրքիայի երիտասարդ պոետներ»: Մեր մշտական ուղեկիցը, տեղացի հայ, ով գալիս էր մեր թիկունքից, լսել էր նրանց խոսակցությունը, մտնելով ներս մրմնջում է. «Օրհնյալ լինես, Տեր»… Ես Սերգեյի համար թարգմանում եմ գրությունը: Նա դուրս է գալիս հունից. «Ի՞նչ է կատարվել… ե՞րբ… ի՞նչպես… ինչո՞ւ ինձ չեք ասել»…

– Եթե քեզ ասեի, դու անմիջապես կհրահրեիր մահափորձը…

– Ավելի լավ: Այ թե լավ կլիներ: Ինձ կսպանեին և կտանեին Թիֆլիս, ինչպես Գրիբոյեդովին:

– Բայց Գրիբոյեդովին սպանել են Իրանում:

– Աստված իմ, ինչպի՜սի սահմանափակություն: Դա ինչ կարևոր է…

…Մենք հաշտվեցինք միայն առավոտյան, ինքնաթիռում:

Եվ կես տարի էլ չանցավ, երբ կրկին հիշեցի այս դեպքը, երբ նրա կյանքի պատմությունը արագ մոտենում էր վերջաբանին…

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։