ՎԵՐՋԻՆ ՆՈՎԵԼԸ / Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

– Դեռ չեկա՞վ…
Մահամերձի ուշադրությունը շեղելու համար, խնամողը հեռուստացույցն աղմկոտ հաղորդման վրա էր գամել: Փոխնիփոխ գոռում-գոչյուն էր`
– Հե-րոս… հե-րոս…
– Ոճ-րա-գործ… դա-վա-ճան…
Ձայնը նյարդայնացնող բարձր էր, խնամողը չափավորեց:
– Կգա, քեզ մի՛ տանջի:
– Չուշանա…
Հեռուստացույցով դատի հեռարձակում էր:
– Իրար ուտում են,- ասաց մահամերձը:
– Կատակ բան չի, տասը անմեղ մարդ կարճ ապրեց, չապրեց բաժին հասած կյանքը, մեղավորը չպատժվի՞:
– Դե նույնն եմ ասում՝ առանց իրար միս ուտելու հնարավոր չի… Ու դրա վերջը չի երևում…
– Կյանքին վերջ չկա,- թեմայի նուրբ անցումով հուսադրեց խնամողը:
Ու լուրջ, ծիծաղում էին՝ մեկը, որ իբր լուրջ բան ասեց, մյուսը, որ՝ իրոք, լուրջ ծիծաղելի էր…
– Մարդը մի կայուն հենակետ չունի: Հավատքը՝ հավատք, բայց դա հիմք չի… Տիեզերքի խորհրդին հետամուտ, ժամանակակիցներից առաջ ընկած մեկը կար, ասում էր՝ հենման կետ տվեք, աշխարհը կշրջեմ… Չկա էդ կետը: Շրջելն էլ իմաստ չունի՝ որ կողմից դուրդ եկավ՝ էն կողմից նայի էս կլոր ու պտտվող աշխարհին…
Հեքիաթի պես մի խոսք ու միտք կա: Չգիտեմ, մի տեղ կարդացե՞լ եմ, թե՞ ես եմ հնարել:
– Դու պատմի, ես կորոշեմ,- ծիծաղեց խնամողը:
– Լավ… Հին ժամանակներում, երբ Արարիչն ստեղծում էր, ու առաջինը մենք էինք, նայեց ստեղծածին, գոհ էր կարծես… Հետո մի աչքը ծերպ արեց, կողքից, թեք նայեց՝
– Էսքան կատարյալը եղունգ պիտի ունենա, որ իրեն պաշտպանի:
ԵՒ ԵՂԵՒ ԵՂՈՒՆԳ: Բայց եկավ պահ, որ մենք մեզ աստվածատուր ու հզոր կարծեցինք և արհամարհեցինք և համարեցինք եղունգն ավելորդ: Ու անոսկոր կակղամորթները եղունգին տեր դարձան: Ու դարձան ՏԵՐ: Դրանից հետո հեքիաթն ավարտվեց, սկսվեց վրիպածի իրականությունը՝ եղունգն ունի, նշանակությունը մոռացել ենք, գենի հիշողությունից դուրս պրծած, չկա: Ասում ենք. եղունգ ունես՝ գլուխդ քորի…
Այնինչ, եղունգը չուզողի աչքը հանելու նպատակն ուներ Ի ՍԿԶԲԱՆԵ: Ոչ թե… միմյանց: Ոչ էլ՝ գլուխը քորելու համար էր:
– Հիմա էդ խոսքդ տերտերի քարո՞զ էր, թե՞ հեքիաթ,- ծիծաղեց խնամողը:
– Տերտեր ասեցիր՝ հիշեցի… Մի օր շրջանից քաղաք երթուղայինի մեջ մեկը կար, կայտառ, խնամված մորուքով, խոսքուկեցվածքը՝ վարպետ բաժակաճառողի… Ոտքի վրա էր մնացել, ազատ նստատեղ չկար: Տեղ զիջողներ եղան, ինքը` անհողդողդ, ոգեմեծ… Կինը,- ասում էր,- ձի է, տակից կփախչի, եթե հեծյալը տեր չի… Ու ահագին էսպես… իմաստուն բաներ էր ասացանում հնուց ի վեր իրենց քարոզներով ավանդված:
Լրիվ գիտեր: Ու կասկած չուներ, ի վերուստ աշխարհի դրվածքն իր համար անթերի էր, բացի նրանից, որ ասում էր՝
– Երեք փոքր գյուղի վրա երկրորդ տերտերն են ուղարկել, էդ քանի՞ մարդ, ուրեմն, պիտի ամսական մեռնի, որ ես պատարագ անելով մարդավայել ապրելու հնար ու միջոց ունենամ…
– Հա, դե,- ասաց խնամողը,- իրարով ենք ապրում կամ… իրար հաշվին:
Դուռն անթակել էր մտել, թե հեռուստադատածիծաղախառն աղմուկի մեջ չէր լսվել, եկողն արդեն սենյակի կեսն անցել էր:
– Դո՞ւ ես…
– Հա՛, եկել եմ:
– Գիտե՞ս,- ասաց մահամերձը,- դու ճիշտ չէիր, բայց սխալը ես արեցի… Ուզո՞ւմ ես, հիմա մի հատ խփի, սիրտդ հովանա:
– Նոր բան ես մտածե՞լ… Քո ոտքով ճամփա ընկած ես արդեն, խփեմ, շունչդ փչես, գնամ դատվե՞մ:
– Ուրեմն ինչի՞ ես եկել…
– Եկել եմ… եկա համոզվեմ, բայց պարզվեց, դեռ կենդանի ես…
Մինչ խնամողն այցելուին հիվանդասենյակից դուրս էր հրում, ականջը մահամերձի ձայնին էր, մի պահ թուլացրեց եռանդը:
– Լավ եղավ… Անպատասխան չմնացի… Խղճիցս քարն ընկավ…
Ծանր էր շնչում, բայց աչքերում երջանիկ տենդափայլ կար՝ սա իմ ուզած ցամաքը չէր, սխալ տեղ էի ընկել…
Ձայնը գնալով մարում էր, խնամողն ականջը մոտեցրեց:
– …Թեթև տարեք… կյանք ասածը մի եսիմ ինչ կարևոր բան չի…
Ու հանկարծափայլ պայծառացումը շողարձակում էր: Գլուխը կողքի էր ընկել, բայց աչքերը դեռ բաց էին: Դեռ վերջնական չէին փակել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։