ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐ / ԱՐԱ   ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արա Նազարեթյան

«Հազարամյա անձրև» շարքից

Այն ժամանակներն էին, երբ Հայաստանը ոչ միայն արևելյան ու արևմտյան էր, նաև հյուսիս ու հարավ ուներ:
…Տարոնում ակնկալածը չգտնելով, Կեսարիայից Ղևոնդիոս եպիսկոպոսի նամակաբերները շարունակեցին դեպի արևելք իրենց առաքելությունը և, մատենագիր Հովհան Մամիկոնյանի վկայությամբ, Հայկական պար լեռնաշղթայով անցան Արարատյան երկիր:
Սուրհանդակն արդեն լուրը փութանակի հասցրել էր Վաղարշապատ, մունետիկները սլանում էին թաղեթաղ.
– Ժողովո՜ւրդ…
Ժողովուրդը հուզախնդիր իրարանցման մեջ էր:
– Իշու ձագ,– հետևից աչքերը փակողի սպասածին անհարիր, ասաց հանկարծակիի եկած որմնադիր Արթունը:
– Չգուշակեցիր,– հարևան դարբինն էր:– Փլա՞վ են բաժանում, Արթուն եղբայր, գլխապատառ վազում ես:
– Տղայությունից դուրս չես գալիս,– հանդիմանեց որմնադիրը: Աքցանագիրկ դարբնից ազատվելը հեշտ գործ չէր լինելու, ասաց.– Դաշտահանդես է, արքան է մասնակցելու:
– Ուղտին հարսանիքի կանչեցին, ասաց` ուրեմն ջուր կրելու գործ կա… Արքան իր թագավորական գործերով, դու սանձակոտոր քեզ ճղում ես:
– Արքան մեր արքան չէ՞:
– Արքան բոլորինն է:
– Է, բոլորը մերը չե՞ն:
– Մենք ենք բոլորինը` ես ու դու, որ մշակ ենք:
– Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը ծափ կտա: Իսկ մի ձեռքը…
– Ապտակ,– հռհռաց դարբինը:
Քաղաքամատույց դաշտում արքայազոր սասունցիների խոժոռադեմ դասակը գիշերադիր թարմ ձյունը տոփանում էր: Ձյան վրա շարժվելուն հարմար անճոռնի ոտնամաններ ունեին, համաչափ, իրենց ավագի հրահանգով, հեռվում գծագրվող Հայկական պարի հանգույն ուս ուսի պատ կազմած, երկու քայլ առաջ – մի քայլ ետ, աջ, ձախ…
Թմբուկի տված չափի ծիրում զուռնան ցընծում էր:
– Հե՛պ,– պարապետ ավագն ազատ ձեռքով օդում վերգնա պարույր էր գծում:
– Հեպ-հո՛պ,– խրոխտ արձագանքում էր պատն ու` ետ ու ձախ…
– Հո՛պ,– առավել խրոխտանում էր ավագը:
– Հոպ-հո՛պ,– պատն երկու քայլանվաճ աջառաջ էր անում:
Դարբինը հարցրեց.
– Զուռնա՞ն է կարևոր, թե՞ թնդուկը:
– Թնդուկ չէ, թմբուկ է,- ուղղեց որմնադիրը:
– Բայց լավ թնդում է:
– Դմբում էլ է:
– Ուրեմն` դմբուկ:
– Բայց թունդ է դմբում,- վարպետ Արթունը ժպտաց:
– Համոզեցիր,– զիջեց դարբինը:– Ուժեղ էր: Թող լինի թմբուկ:
– Ուժեղ է լինում, երբ համաձայնություն կա: Իսկ դու ասում ես` ո՞րն է կարևորը:
Պարողներին փոխարինած տարոնցիների մի այլ, սրամերկ ջոկատ Մամիկոնեից իշխանիկի գլխավորությամբ սկսեց ժողովրդի մեջ ասպարեզ բացել: Ապա Բագրատունյաց ասպետն եկավ, կիսաշրջան արեց, այն ոտքը, որը կարմիր մույկով էր, զարկեց գետնին, ասաց` այստեղ: Եվ առանց շրջապատողներին ուշադրության արժանացնելու, սևեռուն, այնքան նայեց կարմիր կոշիկին, մինչև արքայական գահավորակը բերեցին դրեցին ճիշտ այնտեղ, որտեղից վերջին պահին ոտքը վերցրեց:
Թագավորին ուղեկցողների մեջ էին Անակ պարթևի որդի Գրիգորը, Զենոբ ասորին: Վերջինս էլ անցավ ավագ նամակաբեր Եպիփանի խոսքը թարգմանելուն:
– Աստված աստվածոց և Տեր տերանց, որ կատարում ես քո անունով երկյուղածների կամքը և անտես չես անում նրանց աղաչանքը, ովքեր քեզ են դիմում…
Արքան լուռ ունկնդրում էր, երբեմն գլխով հավանություն էր տալիս, ու մինչև ընթերցման ավարտն իր մասնակցությունն այդքան էր:
– Ի՞նչ կասես,– հարցրեց դարբինը:
– Եթե այս նոր հավատքից մեր այգիները ծաղկուն, մեր տներն ապահով ու երկիրը խաղաղ է լինելու` թող լինի:
– Իսկ այդ պատվիրաննե՞րը, որ արգելքի պես դրեց… Ստացվում է մինչև հիմա կարելի՞ էր:
– Չէ՛: Բայց չէին սպանո՞ւմ, չէին գողանո՞ւմ, ուրիշի հարսի վրա ձեռնձգություն չէր լինո՞ւմ:
– Անտեր ապրանքին տեր միշտ կգտնվի:
– Կարգ պիտի լինի, որ ամեն ոք իր գործով զբաղվի, ու կյանքը կդյուրանա: Նոր հավատքը զգաստության սահման է դնում:
– Ո՞ւմ անունից: Իրենց Աստվածը հեռու է, որ բացատրի:
– Ո՞ւմ: Հասկացողին բացատրել պետք չէ, գիտե, իսկ թանձրամիտները մեկ է չեն հասկանա: Դրա համար է ասվում` չի կարելի ու վերջ: Գուցե երկյուղեն:
– Ինչի՞ց:
– Իր ասած` երկնային կրակ ու պատժից:
Դարբինը հռհռաց.
– Կրակի հետ ամեն օր եմ խաղում, իսկ իրական պատիժը…- նա դանդաղ, որ նայողից մանրամասները չվրիպեն, ցուցադրեց զանգվածեղ բռունցքը:
– Դա ո՞ւմն է,- հանգիստ ասաց որմնադիրը:
– Ի՞:
– Ձի,– ասաց որմնադիրը:– Արդարության չափանիշը եթե սմբակդ լինի, մեկ այսպես կչափես, մեկ՝ այնպես: Կռանի խելք ունես. խփի` կուղղվի:
– Լավ,– ասաց դարբինը:– Իսկ մե՞րը: Մեր բնիկը:
– Մեր բնիկ ի՞նչը: Վախենում ես Հայկական պարի լեռները տեղահանվե՞ն:
– Եթե սա պար է` հայկական չէ, սրանք ուրիշ խաղեր են… Լսիր,– վճռական ասաց դարբինը,- Ցոլակ անունն ի՞նչ է նշանակում:
– Պարզ չէ՞:
– Պարզ է: Իսկ… Աղբիանո՞ս կամ` Եղիազարոս:
– Անուններ են: Դերձակի…
– Հենց դա եմ ասում.– միտքն առաջ տարավ դարբինը:– Մեծի անունը Ճարպիկ է, մյուսը` Մկրատ, Ճուտիկ ու փոքրը` Եղիազարոս…
– Հիմա դու լսիր: Դեմետր անուն հո գիտե՞ս:
– Արձան քրմապետի որդին:
– Հայ Արձան քրմապետի: Բայց ի՞նչ է նշանակում:
Դարբինը գագաթը քորեց:
– Դարձյալ դրսեկ է… Դուրս է գալիս, ով ասում է ձեռքինս վարունգ է` աղն առած վազում ենք:
Զենոբ ասորին շարունակում էր թարգմանել:
– …Հին աշխարհի որմերը կքանդենք մենք ու այդ հիմքի վրա նոր վեմեր կկառուցենք…
Դարբինը ծիծաղեց.
– Քեզ համար գործ է բացվում, վարպետ Արթուն:
– Իմ գործը միշտ կա: Բայց հինն ինչո՞ւ են քանդում: Որմն ու վեմը նույն պատերը չե՞ն:
– Հինը քրմերի սարքածն է:
– Ես եմ սարքել ու ես էլ սարքելու եմ,- մտախոհ, ասաց որմնադիրը: Հայացքն ակամա գնաց Հայկական պար լեռնաշարի կողմը. ասես գոմեշների հետևից գութանին հակված մաճկալների քարավան լիներ, որ վարում էր հայոց երկիրը արևելքից արևմուտք:- …Քրմերը հեշտ զիջող չեն, իսկ դիմացն արքան է…
Տեսիլքի պես աչքի առաջ եկավ խնամված այգիների` երկինք կարկառված տակռացից պատկերը, երկիրը` բացված որովայնով, քար ու կարկառը դուրս թափած:
– Ի՞նչ ենք անելու…
– Ե՞րբ,– ասաց դարբինը:– Եթե ինձ ես հարցնում` գիշերը Ծիծառնիկս պիտի ճախրի:
Թեք, վարպետ Արթունը նայեց:
– Դերձակի հա՞րսը: Բավական չէ՞, մարդ, ամոթ է:
– Ամոթով ավելի թունդ է: Մերը քո ասած` համաձայնությունով է, երևի դրանից էլ ուժեղ է ստացվում: Համ էլ իրենց գործը մարդկանց հագցնելն է, իմը` հանելը, իրար լրացնում ենք:
– Մի փոքր մարդ եղիր:
– Իսկ դրանք մա՞րդ են,– փնթփնթաց դարբինը:– Երեխայիս, իմ երեխայի անունը… Եղիազարոս են դրել:
Նամակի ընթերցումն ավարտվել էր: Բոլորի հայացքները դարձան թագավորին:
– Պատասխան թղթում մանրամասն գրեք Հայոց աշխարհում մեր կատարած գործերի մասին,- ասաց արքան:
Զենոբ ասորին պատրաստ սպասում էր: Գրիգոր պարթևն սկսեց թելադրել:
– Գրիր. այն բանից հետո, երբ Կեսարիայում մենք բազում անգամներ խնդրեցինք, ու դու չէիր տալիս սուրբ Կարապետի նշխարները, մինչև մի խոսքի եկանք ու երկուսիս հասավ Տիրոջ հրամանը` մասունքները բաժանել և տասներկու հազար դահեկանի դիմաց մեզ տալ կեսը (սուրբ Կարապետի երկու ազդրերը, երկու սրունքներն ու ողնաշարի ոսկորների մի մասը և Աթանագինես նախավկայինը` ամբողջությամբ), և այդ տասներկու հազարը մեր նախարարներն անմիջապես կշռեցին ու տվեցին… Անգեղ տան տերը սակայն դժգոհ էր և առաջարկեց գիշերով հարձակվել քաղաքի վրա, բայց ես երկու հազար դահեկանի դիմաց նրան առաջարկեցի Աթանագինես վկայի նշխարները մեր երկիր տանելու պատիվը, ու այդպիսով խնդիրը խաղաղ լուծում ունեցավ: Եվ գրիր, ինչպես մեր իշխանները մեծ զորքով ելան կռապաշտների դեմ, ովքեր չորս հարյուր չմարդ էին, սակայն վախկոտաբար հանկարծակի հարձակվեցին քաջարի իշխանների վրա և նրանց նենգաբար փախուստի մատնեցին, բայց առյուծասիրտ իշխանները օժանդակ օգնությամբ վերադարձան: Այնժամ Արձան քրմապետն առաջ եկավ, սկսեց անարգել և ասաց. «Առաջ եկեք, ով դավանակործան, հայրենի աստվածներին ուրացողներ և թշնամիներ բարեփառ Գիսանեի…»: Իսկ իշխանն Արծրունյաց առաջ եկավ և ասաց. «Դու, որ խրոխտանում ես, եթե հանուն չաստվածների ես մարտնչում` սուտ ես, եթե հանուն հայոց երկրի` բնավ անմիտ ես, քանզի սրանք են, ահա իշխանն Անգեղ տան, և իշխանը Սյունաց տան և ուրիշները պատվական այրերից, որոնց ինքներդ էլ լավ եք ճանաչում»: Սրա պատասխանը եղավ. «Մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետև սա տունն է Հայոց թագավորի, և դուք էլ նրա իշխաններն եք, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց տեսնել ձեր ձեռքով կործանված ու ապականված. արդ եկեք և հաղթեք մեզ, եթե այդքան արիություն ունեք»:– Այստեղ փոքր դադար տալով, Գրիգոր պարթևը շարունակեց.– Հականե-անվանե գրիր այն մարդկանց մասին, ովքեր թույլ չէին տալիս իրենց կուռքերին կործանենք և այդպիսով պատերազմ հրահրեցին…
Ապա պահանջեց.
– Գրիր նաև, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոսներ ու քահանաներ են հարկավոր, իսկ ուղարկածներդ, որ եկել ամենուստ հավաքվել են, ի՞նչ են մեր գավառների համար…
– Բովանդակ Հայոց վեց հարյուր քսան գավառների համար,– ասաց արքան:
– Այդքան կա՞նք,– հպարտ զարմանք ապրեց դարբինը:
– Եթե մնանք: Քրմերը հեշտ չեն զիջելու:
– Եղունգ ունես` գլուխդ քորիր,– հանկարծ թիկունքից լսվեց դերձակի ձայնը:
– Դու…
– Ես` ի՞նչ: Ով ավանակ` ես փալանը:
Պրկաձայն ուժգնահռչակն ազդարարում էր արքայի խոսքը.
– …Արդ` եթե հանկարծ գտնվի որևէ մեկը, ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած բերեն արքունի դուռը, իսկ նրա տունը, ինչքն ու գանձերը ամեն թող լինեն նրանց, ովքեր այդպիսիներին կհայտնաբերեն…
– Լեզուներդ էլ ձեզ քաշեք, եթե…– դերձակը խորհրդավոր դադար տվեց:
Ու ինչպես անսպասելի հայտնվել էր, նույնչափ աննկատ կորավ ամբոխակուտակ զանգվածի մեջ: Թեպետ ստեպ-ստեպ լսվում էր հստակ նրա ձայնը.
– Փառք սուրբ Գրիգորին, կեցցե Տրդատ արքան:
– Լեզուներիս չափ դրեց,– ասաց վարպետ Արթունը:
– Տեսա՞ր,– դարբինը չէր հանդարտվում:– Հետո էլ ասում ես` մարդ եղիր…
Ավարտվում էր կուռքեր պաշտելու դարը, առջևում սրբերին երկրպագելու ժամանակներն էին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։