Գիրքը` գրողի երկրորդ շնչառություն

Գիրքը` գրողի երկրորդ շնչառությունՀունիսի 27-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ ժողովածուն կազմել է Ռաֆայել Նահապետյանի որդին՝ Հայկարամ Նահապետյանը, հավաստիացրեց, որ այն շատ լավ ներկայացնում է հեղինակին: «Դեռևս ուսանող տարիներից նրա կերպարը առանձնահատուկ էր իր մտածողությամբ, որևէ իրողության, դրվագի վրա չկենտրոնանալու ունակությամբ, բայց ներսում՝ խորքերով, հետաքրքիր ալեբախություններով: Նա տարիներ շարունակ ստեղծագործեց՝ գրելով պատմվածքներ ու վիպակներ ռոմանտիկ երանգով, հարուստ կենսական իրողություններով»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ընդգծեց, որ «Ուշադրություն, սկսվում է» գիրքը, իսկապես, արժանի է, որ ընթերցողները կարդան ու ճանաչեն հայ արձակի 70-80-ականների լավագույն արձակագիրներից մեկին:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նախ տեղեկացրեց, որ «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով 60-70-ականների հայ արձակի նշանավոր հեղինակների ստեղծագործությունները հրատարակելու նպատակը ինչ-ինչ առումներով ստվերում մնացած անունները վերաշրջանառելն ու նրանց ստեղծագործական տարածությունները կրկին քննարկման առարկա դարձնելն է: Ապա անդրադառնալով գրքին՝ ասաց. «Հայկարամի հետ ծրագրեցինք կազմել ընտրանի, որը ներկայացնի Ռաֆիկ Նահապետյանի անցած ճանապարհի հիմնական հատկանիշները, և այդ առումով այդ պատմվածքները տարբեր ոճի են. կան և՛ 70-ականների քնարական, և՛ 90-ականների խիտ, էքզիստենցիալ իրավիճակներ պատկերող պատմվածքներ: Գրողական ձեռագիրն այս գրքում այդ առումով ամբողջացված է»: Ա. Նիկողոսյանը կարևորեց ժողովածուում «Ուշադրություն, սկսվում է» վիպակի ընդգրկումը, քանի որ այն ունի սուր, քաղաքական ենթատեքստեր և վերախմբագրելուց հետո էլ արդիական է նաև այսօր: «Նմանատիպ ստեղծագործությունները, որոնք կառուցված են հեքիաթային, քաղաքական այլախոսության վրա, երբեք չեն հնանում, որովհետև ժամանակները փոխվում են, բայց կան բարքեր, որ անընդհատ նույնն են»,- նկատեց գրականագետը և խորհրդանշական համարեց գրքի վերնագիրը՝ վստահեցնելով, որ այս գրքով սկսվում է Ռ. Նահապետյանի՝ որպես գրողի երկրորդ շնչառությունը:
«Կյանքը բոլորիս փոխեց, հղկեց, ձևափոխեց, ինչ-որ չափով էլ շինծու դարձրեց, բայց Ռաֆոն ինչպես կար, այդպես էլ մնաց մինչև կյանքի վերջը և՛ գրականության մեջ, և՛ կյանքում իր անկեղծությամբ ու ճշմարտացիությամբ»,- նկատեց թարգմանիչ, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
Ելույթ ունեցան նաև գրող, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, Ուկրաինայի գրողների միության քարտուղար, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
«Ուշադրություն, սկսվում է» գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։