Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային տարիներին մեր ժողովրդի մոտ գիրք ընթերցելու մշակույթ էր ձևավորվել, գրքի հանդեպ պաշտամունք կար, շատերն էին գիրք կարդում, իսկ նրանք, ովքեր չէին կարդում` գոնե ձգտում էին իրենց զավակների համար ընտանեկան գրադարան ունենալ. գրքեր ձեռք բերելու համար մարդիկ գրախանութներում ժամերով հերթ էին կանգնում: Իսկ երբ խորհրդային համակարգը փլուզվեց, մարդկանց համար առաջնային, սևեռուն հարց դարձավ հացի խնդիրը: «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ» ասվածը հասարակության բոլոր շերտերի համար արժեզրկվեց. եթե առավոտից մինչև կեսգիշեր և անգամ ողջ գիշերը հացի խնդրի լուծման վրա ես` էլ ի՞նչ խոսք կարող է լինել գիրք ընթերցելու մասին: Ես կարծում եմ` գրքից հեռանալու առաջին, օբյեկտիվ պատճառը սա էր:
Բարոյահոգեբանական այդ մթնոլորտում աճում էր մի սերունդ, որը ոչ թե հեռանում էր գրքից, այլ ընդհանրապես չէր մոտենում նրան: Իսկ երբ անցյալ դարի 90-ականների առաջին կեսի Հայաստանից արտագաղթածներն օտար ափերում ոտքի կանգնելով սկսել էին «ձեռք մեկնել» հայրենիքում ապրող իրենց հարազատներին, և սոցիալական լարվածությունը հասարակության մեջ փոքր-ինչ մեղմացել էր, մեր իրականությունը հեղեղած լատինաամերիկյան պարզունակ հեռուստասերիալներն արդեն հիմնավորապես «ստանձնել էին» բարձիթողի մատնված նոր սերնդի «դաստիարակության գործը»:
Նորեկ սերնդի գիրք չկարդալուն ինչ-որ չափով նպաստեց նաև կրթության համակարգում գիտելիքների ստուգման թեսթային սկզբունքին անցնելու նորամուծությունը: Դժվար պատկերացնելի է, որ գիրք կարդալու պարտավորվածությունից ազատված դպրոցահասակ պատանին ինքնակամ հափշտակվի ընթերցանությամբ: Գիրք ընթերցելու մշակույթն էլ երեխայի ներաշխարհի մեջ ներարկվում է դաստիարակության շնորհիվ:
Ոչ միայն երիտասարդ սերնդի, այլև տարեց սերունդների մի ստվար հատվածի վրա գրքից հեռանալու հարցում տեղեկա­տվական նոր տեխնոլոգիաներն ու համացանցն էլ իրենց հերթին բացասական ազդեցություն ունեցան:
Գրքից հեռանալուն վերջին տասնամյակներին օժանդակեց նաև թե՛ արդարության, թե՛ հոգևորի հանդեպ մարդկանց հավատի կորուստը: Հոգևոր արժեքները գնահատող, մարդկային հարաբերություններում բարոյականությունն անվիճարկելի չափորոշիչ համարող հասարակություններում են գիրք ընթերցում: Իսկ մենք, կարելի է ասել, բացի հայրենասիրության ուրվականից, հասարակական մնացած իդեալները կորցրած իրականության մեջ էինք հայտնվել: Հանրության մտահոգ զանգվածի տրտունջները պետությունը «ներկայացնող» այրերի ունկերին չհասան, և նրանց կողմից այդ իրավիճակի առաջն առնելու ուղղությամբ ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկվեցին:
Հասարակության մեջ համամարդկային իդեալներ սերմանելը յուրաքանչյուր նորմալ պետության առաջնահերթ հանձնառությունը պիտի լինի. դրանց նկատմամբ հավատարմություն պահպանելը` նրա գերակա խնդիրը: Պետության քաղաքացին պիտի հավատա հոգևորի գոյությանը, որ նրա մոտ գիրք ընթերցելու ցանկություն առաջանա: Ու այդ քաղաքացին պիտի նաև վաղվա օրվա իր կեցության հանդեպ վստահություն ունենա, որ կարողանա խաղաղ սրտով գիրք կարդալուն ժամանակ տրամադրել:
Այսօր հայտնվել ենք գրական առումով մի չվերահսկվող իրականության մեջ, երբ անգամ գրավոր խոսք շարադրելու կարգին շնորհք չունեցող, գեղարվեստականություն հասկացությունը չընկալող, գաղափարազուրկ մարդն է գիրք տպագրում, գրքի հեղինակ ու գրող հորջորջվում և ճշմարիտ, մեծ գրականության ավանդույթներին անտեղյակ երիտասարդ սերնդի պատկերացումներում գրքի ու գրողի հարգն արժեզրկում:
Գրականության ընկալման ու գնահատման արժեհամակարգի այսօրվա աղավաղվածության մեջ, անտարակույս, մեղավորության իրենց բաժինն ունեն տաղանդից զուրկ բանաստեղծներն ու գրողները, սակայն մեղավորության ահռելի չափաբաժինը նրանց անասելիք ստեղծագործություններն իբրև գրական արժեքներ մեր հանրությանը հրամցնող, նկարագիրը կորցրած գրաքննադատների խղճի վրա է: Որքան էլ ցավալի հնչի` իրականությունն այն է, որ այսօր կեղծ գրողն ու բանաստեղծը և քսու գրականագետը «ձեռք ձեռքի տված» շարունակում են նպաստել սերունդների գրքից հեռանալու «գործընթացին»:
Այս իրողությանը, անշուշտ, նաև մեղսակից են այն գրականագետները, ովքեր, «գլուխ չդնելով» ներկա լղոզված գրական դաշտին, պարզապես լռում են: Կարծում եմ` ժամանակակից շնորհալի գրականագետները չպիտի միայն դասականների ստեղծագործությունների վերաարժևորումներով տարվեն` անտերության մատնելով ներկա ժամանակաշրջանը…

One thought on “Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

  1. 100 տոկոսով համաձայն եմ։ Հոդվածագիրն ուղղամիտ է ու համարձակ։
    Այս ամենը փոխելու համար նախ մենք պետք է փոխվենք։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։