Փետրվարի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ մրցանակակիրների գրքերն ամբողջ տարվա ընթացքում հաջողություններ են ունեցել, գնահատվել են, ընդգծեց. «2020 թ. համավարակի և պատերազմի ալիքները որոշակի ստեղծագործություններում ի հայտ են եկել, բայց այնպես չէ, որ այդ թեժ նյութերը անմիջապես պետք է դառնան գրականություն: Երբեք չպետք է հրապարակախոսությունը խառնել գեղարվեստական գրականությանը, վերջինս ուրիշ օրենքների, ուրիշ հարթությունների մեջ է»: Հավելելով, որ մեր պետության առաջնահերթությունը պիտի անպայմանորեն լինի մշակույթը և կրթությունը՝ նա վստահեցրեց, որ ընտրված ստեղծագործություններն իրապես արժանի են բարձր գնահատականի և հետագայում բազմաթիվ ընթերցողների կգրավեն: Ապա ներկայացրեց մրցանակակիրներին:
«Այս դժվարին ժամանակներում, երբ հատկապես գրավոր խոսքը լուրջ խութերի միջով պետք է անցնի, հաղթահարի և՛ արհեստածին, և՛ բնական դժվարություններ, ուրախ կլինեմ, որ գրողական խոսքը հասնի ընթերցողին, հասարակության մեջ հույս արթնացնի»,- ասաց Դավիթ Մկր Սարգսյանը: Խոսելով «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» վեպի մասին՝ նա ասաց, որ այն քաղաքական երգիծանքի բնույթ ունի: «Պետք է փորձել անել ամեն բան, որ մեր գրականությունը բարձրության վրա լինի, էժանագին չլինի, չթելադրի միայն օրվա հրամայականները, այլ խոսի ժողովրդի սրտից, ժողովրդի համար ու վերադարձնի այն ճշմարտությունները, որոնցից կտրվել ենք, կտրել են ժողովրդին իր արմատներից»,- նկատեց գրողը:
Ըստ Աշոտ Ալեքսանյանի՝ մրցանակը պարտավորեցնող է. չնայած ծանր ժամանակներին՝ ինքնագնահատանքի, ընթերցողների հետ շփումների առումով շատ կարևոր է, որ մարդը գիտակցի իր կատարած աշխատանքի արժևորումը:
Ռուզան Ասատրյանը, խոսելով մրցանակի արժանացած գրքի մասին, նշեց, որ իր նպատակն էր հայ ժողովրդի համար ունենալ Տիգրան Մեծ, որովհետև Տիգրան Մեծի հերոսությունը, ինքնությունը, վեհությունը, պայքարը, ռազմագիտությունը, նրա բացառիկ հայրենասիրությունը հենց այն է, ինչի պակասն այսօր օդ ու ջրի պես կա Հայաստան աշխարհում:
Սուրեն Աբրահամյանը նկատեց, որ վերջին կեսդարյա հայ պոեզիայի շրջանը գրականագիտության մեջ ամբողջական ուսումնասիրված չէր, և իր հատորը նվիրված է հետսևակյան գրականության շրջանից (ներառյալ 60-ականների սերունդը) մինչև արդի շրջանի ուսումնասիրությանը: «Խնդիր կար պարբերացման, մանավանդ հետսևակյան շրջանի. Սևակը 50-60-ականների մեր գրականությունը հանեց ճգնաժամից՝ այն ձևավորելով իր սահմանած սիմֆոնիզմի՝ և՛ հանունի, և՛ ընդդեմի, այսինքն՝ ռեալիզմի նախահիմքերի տեսության վրա: Եվ ահա գրական նոր սերունդը խարսխված էր այդ տեսությանը, որը փորձում էր որոնել նորը, հասկանալ, թե ինչ է բանաստեղծությունը, ինչ է գրականությունը: Հենց այդ ժամանակ ձևավորվում է երկու ուղղություն՝ բանաստեղծական ապոետիկ սկզբի և մետաֆիզիկական բառի որոնման գաղափարը: Ապոետիկ ուղղությունը սկզբնավորեց Հովհաննես Գրիգորյանը, իսկ Հենրիկ Էդոյանը՝ բառի մետաֆիզիկական որոնման գաղափարը, որն 80-ականներին զարգացավ Հակոբ Մովսեսի պոեզիայում: 60-ականների սերունդը, որքան էլ սկզբում շարժումը միասնական էր, 80-ականների վերջին, 90-ականներին հասնում է բախման, և բանավեճը շարունակվում է մինչև օրս»,- ասաց նա:
Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով այս պատերազմում որդու՝ Վաչագան Մանուկյանի սխրանքին, ընդգծեց. «Գալիս է մի ընթացք, որ հայացքդ ուրիշ ուղղությամբ է գնում: Իր հայացքով եմ նայում աշխարհին, իրենով եմ հիմա կողմնորոշվում: Իր սխրանքի առջև իմ տողերը խեղճացել են»:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաև Հենրիկ Էդոյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ