Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Գրողների տանն անցկացվեց «Արձագանք՝ ափից ափ» խաղաղությանը միտված միջոցառումը, որը վերածվեց վրաց-հայկական բանաստեղծական տոնի: Վրաց-հայկական մշակութային կապերի ամրապնդման նպատակով ներկայացված էին Թամար Գաբրոշվիլու «Արձագանք» և Նինո Սպանդերաշվիլու «Ափից ափ» երկլեզու գրքերը։ Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանի գրողների միությունը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
Երեկոն բացեց Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին: Նրա խոսքով՝ այս միջոցառումը բարեկամության և սիրո ևս մի կամուրջ է Կազբեգիից մինչև Արարատ ու ևս մեկ հնարավորություն է միմյանց ասելու, որ սիրում ենք իրար և ուրախ ենք այս հանդիպման համար:
Գրողների տանը լույսի և սիրո տոն էր, քանի որ ինչպես վրացական ասացվածքն է ասում՝ «Մոտիկ հարևանը աչքի լույսն է», իսկ հայերը վրացիների ամենամոտ հարևանն ու բարեկամն են: Հայաստանից ժամանած պատվավոր պատվիրակության անդամներն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, արձակագիր Արտակ Ավագյանը, առակագիր, երգիչ Արսեն Համբարյանը, Հայաստանում վրացական «Իվերիա» համայնքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիանա Սամադալաշվիլին, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանում վրացական «Իվերիա» համայնքի փոխնախագահ՝ Նինո Սպանդերաշվիլին:
Վրաստանի գրողների միությունը պատվավոր հյուրերին շնորհել է դիպլոմներ՝ հայ-վրացական գրական հարաբերություններում հատուկ վաստակի համար։
Միջոցառմանը ելույթ ունեցան ԱԳՆ աշխատակից, համալսարանի պրոֆեսոր Նինո Ափցիաուրին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, բան. գիտ. դոկտոր, դոցենտ Լալի Ուրդուլաշվիլին, ԳՄ համանախագահ Բագաթեր Արաբուլին և այլք:
Նինո Ափցիաուրին շնորհավորեց բոլորին վրաց-հայկական բարեկամության և մեծ սիրո տոնի առթիվ, հեղինակներին մաղթեց շարունակել երկու ափերին՝ Հայաստանին ու Վրաստանին միմյանց կապող հզոր գետի դերը և նորանոր ստեղծագործական հաջողություններ։ Նա ասաց, որ աշխարհում չկա ուրիշ երկու ժողովուրդ, որոնք այդքան մոտ են իրար, և խաղաղություն մաղթեց երկու ազգերին ու երկրներին։ Նա ընդգծեց, որ մեր բարեկամությունից ու սիրուց է կախված կովկասյան տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը, վրացիների և հայերի գոյատևումը, առաջընթացն ու բարգավաճումը։
Գրքերի հեղինակները շնորհակալություն հայտնեցին միջոցառումը կազմակերպողներին և գրքերն ընծայողներին:
Արևշատ Ավագյանը ներկայացրեց ժամանակակից վրաց բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունները:
Երկրորդ օրը միջոցառումը շարունակվեց մեծն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Բոլորի համար հաճելի անակնկալ էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը տուն-թանգարան: Թամար Գաբրոշվիլու «Արձագանք» և Նինո Սպանդերաշվիլու «Ափից ափ» երկլեզու գրքերը սիրո արձագանք էին մի ափից դեպի մյուս ափը, ինչը շատ երկար կմնա հյուրերի և հյուրընկալողների հիշողության մեջ: