ՆԻՍՉԱՅ ԿՈՈՒՇԱԼ / ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Հնդիկ գործարար, կահույքի նորարարական դիզայնի «Adeckko» ֆիրմայի հիմնադիր և տնօրեն Նիսչայ Կոուշալը նաև հայ մշակույթի սիրահար է: Նա ծնվել է 1983 թվականին, Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում, ապրում է Նյու Դելիում:

Բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ Նիսչայ Կոուշալը խորապես հրապուրված է Հայաստանով, նրա հնամենի պատմությամբ և ուրույն մշակույթով: Այս թեմաներով գրում և համացանցում հրապարակում է ոչ միայն բազմաթիվ հոդվածներ, այլև բանաստեղծություններ, որոնցից մեկը նվիրել է Ջուղային: Ազնիվ և մարդասեր երիտասարդը ցնցվել է՝ տեղեկանալով հայ մշակույթի այս գլուխգործոցի ոչնչացման և Ադրբեջանում իրագործվող՝ հայկական հուշարձանների համատարած մշակութային ցեղասպանության մասին: 

Բանաստեղծությունը թեև գրվել է 2024-ի դեկտեմբերին՝ Ջուղայի եղեռնագործության 20-րդ տարելիցի օրերին, հեղինակը հայ խաչքարագործության գոհարներին անդրադարձել է ներկա ժամանակով՝ թերթելով ուսումնասիրություններում, պատկերագրքերում և համացանցում պահպանված լուսանկարները:

 

ՆԻՍՉԱՅ ԿՈՈՒՇԱԼ

ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Ջուղա քաղաքում լռությունն է խոսում,

Խաչքարերն են հառնում մի հին նվագով.

Քանդակված են նրանք հանուն հավատքի 

Տառապած ձեռքով, խնամքով, հույսով:

 

Քարից քար բացվող այս պատումները

Ասքերն են քաջարի մի ժողովրդի.

Ու թեև դարեր են եկել ու անցել,

Նրա ոգին է մնացել հավերժ:

 

Ժամանակի դաժան ծանրության ներքո

Այս սուրբ քարերը կանգնած են համառ.

Եվ ամեն մեկը աղոթքի շշունջ,

Սիրո, բարության մի հիշեցում է:

 

Նրանք խոսում են անցյալի մասին՝

Կորած մի երկրի անսասան ոգու.

Թեև աշխարհն է լուռ ու անտարբեր,

Ամուր կանգնած են խաչերը քարե:

 

Սրբազա՛ն քարեր, դուք պատմում  եք մեզ

Դաժան մարտերի, հողմերի մասին.

Ձեր լռության մեջ լսվում է հառաչ,

Երբեք ու երբեք չուրանալու կոչ։

 

Դուք վեր եք հառնել խոլ կրակներից,

Հաղթել խավարին ու պարտել չարին.

Ամեն մի նախշում, ձեր ամեն տողում

Ապրում է մի հուշ, աստվածային սեր:

 

Հավերժ դրոշմված, մշտապես պայծառ՝

Ծաղկած քարերը աղբյուր են լույսի.

Անգութ աշխարհի հայացքի ներքո

Կանգնած են որպես մշտարթուն փարոս:

Անգլերենից թարգմանեց Արտակ Վարդանյանը

 

Գրեք մեկնաբանություն