Հարցազրույց «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ հետ
Գ.Թ. – Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի այս տարվա առաջին համարը, որը նախորդներից տարբերվում է այլ ձևավորմամբ ու չափերով: Ի՞նչ է փոխվել:
Ա. Ն. – Իսկապես, անզեն աչքով էլ նկատելի են փոփոխությունները: Նախ, շապիկը սև ու սպիտակից դարձել է գունավոր: Ձևավորման առումով, նորություններն առկա են նաև ներսի էջերում, միաժամանակ մեծացել են հանդեսի չափերը: Այս ամենը պայմանավորված է հանդեսի ֆինանսական վիճակի փոփոխությամբ, ինչը մեր պայմաններում, թերևս, ամենաէականը կարելի է համարել: Այսքան տարվա մեջ առաջին անգամ ոչ թե հովանավոր ունեցանք, այլ իսկական գործընկեր, ով անկեղծորեն մտահոգված է հանդեսի ճակատագրով: Համաձայն «Դար» հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի և մեր հանդեսի միջև ստորագրված քառակողմ պայմանագրի՝ «Դար» հիմնադրամը պարտավորվել է ոչ միայն ֆինանսավորել խմբագրությանը, այլև կազմակերպել հանդեսի տպաքանակի տարածումն ու իրացումը հանրապետության սահմաններից դուրս: Բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ բնականաբար, հովանավորն իր պահանջներն է առաջադրել, համաձայն որոնց, «Լիտերատուրնայա Արմենիան» այսուհետ պետք է ավելի բովանդակալից և արտաքնապես ավելի գրավիչ լինի:
Գ. Թ. – Նորություն չէ, որ ձևի փոփոխությունը միաժամանակ բովանդակության փոփոխություն է ենթադրում…
Ա. Ն.- Մասամբ արդեն ասացի, որ հովանավորի պահանջներից մեկն էլ բովանդակայինի փոփոխություններն են: Անշուշտ, պիտի ջանանք, որպեսզի հանդեսը դառնա առավել հետաքրքիր, առավել բազմազան և առաջնորդվի գեղարվեստական առավել բարձր չափանիշներով: Դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան, որպեսզի կարողանանք և՛ նյութերը, և՛ թարգմանությունները պատվիրել, խրախուսել հեղինակներին և բարձրարվեստ նյութեր ունենալու ակնկալիքով՝ այլ միջոցառումներ կազմակերպել:
Գ. Թ. – Գաղտնիք չէ, որ մամուլի ամենամեծ խնդիրներից է տպաքանակն ու սպառումը:
Ա. Ն. – Ես միշտ էլ ասել եմ, որ ռուսալեզու «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը ներքին օգտագործման համար չէ և ավելի հասցեագրված է դրսի ընթերցողին: Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ հանդեսի տպաքանակը հասնում էր տասը հազարի, Հայաստանում մնում էր ընդամենը հինգ հարյուրը, այսինքն՝ մեկ քսաներորդ մասը: Այսօր էլ մեր երկրից դուրս մեծ է հանդեսի պահանջարկը, քանի որ մեր ընթերցողն այնտեղ է: Ուրեմն՝ ամեն ինչ պիտի անել, որպեսզի հանդեսն ու ընթերցողը գտնեն միմյանց, ինչը անչափ դժվար խնդիր է, բայց ոչ անլուծելի: Մեր օրերում ռուսական անգամ ամենահայտնի գրական ամսագրերի տպաքանակը չի գերազանցում 4-5 հազարը: Տարբեր երկրներում ռուսալեզու մեծ սփյուռք ունենք, ովքեր նույնիսկ օտարության մեջ չպիտի կտրվեն հայրենի պատմությունից, գրականությունից, արվեստից: Հենց դա էլ մեր հանդեսի գործառույթն է, և խմբագրակազմը դրան էլ ձգտում է: Արդեն այսօր Մոսկվայում սկսվել է հանդեսի բաժանորդագրման գործընթացը: Հուսով եմ, որ այնտեղ գոնե հազար բաժանորդ կունենանք:
Առիթն օգտագործելով՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել «Դար» հիմնադրամի աշխատակազմին և անձամբ Արսեն Աղաջանյանին: Չեմ կարող չհիշատակել հանդեսի ամենաակտիվ հեղինակներից մեկին` Մարգարիտա Գևորգյանին, ում ջանքերի շնորհիվ հանդեսը նման վստահելի և հոգևոր արժեքները բարձր գնահատող բարեկամ ձեռք բերեց: