Աթաբեկ Խնկոյանի «Ոսկե Իլիկը» հեքիաթի թաքնագիտական լեզուն / Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

 

«Հեքիաթները ժողովուրդների կանխամտածված խրատներն են և մեծ դաստիարակչական և ուսուցողական միջոցները»:
Ֆրիդել Լենց

«Կար, չկար մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր»։
Հեքիաթը փոքրիկ դրամա է, որը բեմադրվում է հերոսի ներաշխարհի բեմում: Կինը մարմնավորում է անձի հոգու զարգացման աստիճանները: Երկու աղջիկները մարմնավորում են մարդու հոգու երկփեղկվածությունը, հասունացող նայիվ հոգին և նրա երեխայական պրպտող զգայնությունը:
Մարդու մարմնում կատարվում են տեսանելի և անտեսանելի պրոցեսներ: Այդ երևույթներին սնուցողը մարդն է իր մտքով և մարմնով:
Հեքիաթում մարդկային կերպարներ են, նրանց հոգևոր և ոգեղեն ուժերի անձնավորումը և՛ աստիճանական զարգացումով, և՛ իրենց զգացմունքներով, բնազդներով՝ ի հակադիր այն բնութագրող կենդանիների: Չնայած կերպարները խաղում են իրենց դերերով, բայց ամեն ինչ պետք է հասկանալ որպես ներաշխարհի գործողություն, որի ամեն մի տարածություն համապատասխանում է գործունեության ներքին տարածքի:
Մարդու հոգևոր ուժերը այս դրամայում պետք է հաղթահարեն ծուլությունը, եսասիրությունը, ինքնասիրահարվածությունը, գոռոզությունը, ստորությունը, անտարբերությունը և այլն, և այս ամենը պետք է հենց հոգին անի, իջնելով ջրհորը և անցնելով մի շարք փորձություններ՝ մաքրվի ու, որպես պարգև, վերափոխվի հոգևոր բարձրագույն գիտակցություն տիրապետող անձի:
«Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում: Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը»: Որպեսզի մարդը արթնանա, սկսի գիտակցել, նա պետք է խոր ցնցում ապրի, այս դեպքում թել կտրվելն ու իլիկը կորցնելը և այն գտնելու համար ջրհոր մտնելն է այն խթանը, որի շուրջ զարգանում են հեքիաթի գործողությունները:
«Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե՝ իլիկս ընկավ ջրհորը:
Մայրը թե.
– Ա՜յ աղջիկ, ոչ է՛ս, ոչ է՛ն, պետք է գնաս, իլիկը բերես, եթե ոչ՝ ձեռքիցս պրծնողը չես:
Աղջիկը չէր իմանում ինչ անի, տխուր-տրտում եկավ ջրհորի մոտ, կռացավ, նայեց վերևից, մին էլ գլխի վրա ընկավ ջրհորը»:
Այս դիպվածը հնարավորություն է տալիս արտաքինով տգեղ աղջկան հոգու զարգացման առաջին փուլից անցում կատարել երկրորդին՝ մտածողին: Հոգու զարգացման աստիճաններն են. զգացող հոգի, մտածող հոգի և գիտակցող հոգի: Կարելի է ասել, որ մտածող հոգին սովորում է ապրել և արարել իր մտքում, նա իր մտքերով հաղթում է իր բնազդներին՝ մարմնի երրորդ մասին՝ կենդանականին, և որոնող «Ես»-ը, օգտվելով հինավուրց իմաստնությունից, հաղթահարում է ներքին արգելքները:
Իլիկը խորհրդանշում է հետևողական, ստեղծագործ մտածողական պրոցեսը, որի շնորհիվ զարգանում է աղջկա ներաշխարհը: Բուրդը անձնական և արտաքին աշխարհից եկող տարաբնույթ խնդիրներն են, որոնք մարդուն հանգիստ չեն տալիս, և այդ պատճառով պրպտող, որոնող միտքը, երկար աշխատանք կատարելով, դրանցով ասես թել է մանում, հասունանում է իր մտքերում: Երբ կտրվում է մտքի թելը, մարդն ազատվում է արտաքին ազդակներից և ինքն իրեն ճանաչելու համար իջնում է ներաշխարհի ջրհորը, որտեղ ներքին հոգևոր աշխատանքով վիթխարի ջանքեր է գործադրում բաղձալի արդյունքների հասնելու համար:
Մարդու մեջ ապրում է և՛ գեղեցիկը, և՛ տգեղը: Եվ այս հակադիր ուժերի բախումը պետք է հաղթահարվի, այն պետք է մաքրվի թոնրի (սրտի) կրակով, և ծանրացած միտքը՝ խնձորի ծառը, պետք է ազատվի ավելորդ բեռից, նաև բնավորության հինավուրց, հիվանդագին հատկանիշները՝ հիվանդ, ծեր կինը, պետք է համբերատարությամբ և սիրով խնամել և բուժել, այսինքն՝ ըմբռնելով նրանց էությունը՝ ազատվել դրանցից, որպեսզի արժանանա ճակատագրի պարգևներին: Չէ՞ որ ըստ տիզերական կարգի՝ ոչինչ հենց այնպես չի տրվում, որովհետև գործում է համապատասխանության օրենքը («Ինչպես ներսում է, այնպես էլ դրսում է»):
Ծառը մարդու նյարդային համակարգի խորհրդանիշն է: Մարդու ներսի այգեգործը պիտի խնամի ծառը, հավաքի բերքը՝ ազատելով ճյուղերը բեռից, որ ծառը հասակ առնի, տա նոր բողբոջներ ու հարատևի:
Բացի այս բնորոշումից, խնձորի ծառը խորհրդանշում է չարի ու բարու ճանաչողությունը: Մեր հերոսը, ճանաչելով չարի ու բարու պտուղները, կարողանում է արթնացնել «թոնրի» կրակով մաքրված իր հոգում սեր և բարձրագույն իմաստնություն, որոնց շնորհիվ էլ հաղթահարում է վերջին փորձությունը:
Այս փորձությունները կապ չունեն ֆիզիկական մարմնի հետ, նրանք հոգևոր տրանսցենդենտալ աշխարհում են կատարվում, բարձր էներգիաների ոլորտում:
Արդյունքում՝ ջանասիրության համար աղջիկն արժանանում է ոսկե իլիկի՝ հոգին մաքրվում է, և ոսկե ծամեր ու գեղեցկություն է ստանում՝ բարձրագույն գիտակցություն և իմաստնություն ձեռք բերում: Այսինքն՝ հոգին` աղջիկը հասնում է գիտակցության էվոլյուցիային՝ ոսկե իլիկին:
Ստանալով պարգևները՝ աղջիկը տատիկին խնդրում է թույլ տալ վերադառնալ հայրական տուն, այսինքն՝ հոգին, հասնելով զարգացման վերջին փուլին՝ գիտակցող մասին, գիտի, որ ամբողջանալու համար պետք է հասնել Ոգուն՝ հայրական տուն, որ ավարտվի անհատականության ձևավորումը: Պառավը բնորոշում է հոգևոր այն ուժերը, որոնք օգնում են ոգեղենության զարգացմանը: Այդ ուժերի շնորհիվ բացվում է բախտի դռնակը, և կատարվում է վերափոխման, վերամարմնավորման հրաշքը, ինքնաճանաչման հասած աղջիկ-հոգին միավորվում է ոգուն:
Հեքիաթի երկրորդ մասում մայրը, տեսնելով արտաքինով տգեղ աղջկա վերափոխությունը, ոսկու փայլից կուրացած, իր սիրելի գեղեցիկ աղջկան է ուղարկում ջրհորի մոտ, որ փորձության նույն ճանապարհով նա էլ գնա ու ոսկի բերի իր համար: Ճիշտ է, այս աղջիկն էլ է կարողանում իջնել ջրհոր, սակայն քանի որ նրա հոգում եսասիրությունից, ինքնասիրությունից, նախանձից բացի այլ բան չկար, չկարողացավ իր զգայական հոգում արթնացնել բարձրագույն հատկանիշներ, արդյունքում՝ չտեսավ իր ներսի կրակը և գանձերը՝ խնձորի տեսքով, և թերությունները՝ հիվանդ պառավի տեսքով, չկարողանալով հաղթահարել իր բացասական հատկանիշներն ու ձեռք բերել համբերություն ու բարություն՝ չհասավ անձնական էվոլյուցիայի, արդյունքում՝ պատժվեց՝ կորցնելով միակ գեղեցկությունը՝ արտաքինը, կպրոտվեց ու այդպես էլ մնաց անկատար ու տգեղ հոգով և արտաքինով:
«Ու էսպես, ջանասեր աղջիկը ոսկեմազիկ, գեղեցիկ աղջիկ դարձավ, ծույլ աղջիկը մնաց կպրոտ և տգեղ: Քանի-քանի լողացրին, չիստակվեց, էն կպրոտն էր, կպրոտ էլ մնաց»:
Մարդու մեջ առկա են և՛ լավը, և՛ վատը, և՛ տանելի բնավորության գծեր, և՛ անտանելի, որոնք նրա Ես-ի հատկանիշներն են: Մեզանից յուրաքանչյուրը կարող է հոգու աչքերով տեսնել իր թերությունները, հասկանալ սխալներն ու բացթողումները և կամաց-կամաց, ներքին աշխատանքով փոխել դրանց բացասական բևեռականությունը, հասնել դրականին, լավին ու բարուն, կատարյալին: Սակայն փոփոխության կարելի է հասնել՝ իջնելով սեփական հոգու անտեսանելի ջրհորը, որի խորքերից են ծնվում արարչական ուժերը:
Ամփոփելով՝ կարելի է ասել. մարդու մարմնի երեք բաղադրիչները և հոգու երեք աստիճանները, ինչու չէ, նաև ոգու երեք աստիճանները, ինչ-որ կերպ բացահայտ և թաքնված ասպեկտներով բնորոշում են այն երեք փորձությունները (զգայական, մտածողական և կամային), որոնցով անցնում են հեքիաթի հերոսները: Մարդու մարմնում առկա թոնիրը՝ սիրտը ապահովում է այն ջերմությամբ, առողջությամբ և զգայնությամբ, խնձորի ծառը, որը բերքից ծանրացել է, առողջ նյարդային համակարգի գրավականն է, մտածողությունը, որը հատ-հատ հավաքում է խնձորները՝ մտքերը, և ամբողջացնում մի տեղ, իսկ հիվանդ պառավը՝ բնավորության այն վատ հատկանիշները, որոնք հաղթահարելու համար պետք է ցուցաբերել բարություն, հոգատարություն և համբերություն, և՛ կամք, և՛ սեր: Սակայն մարմնականը չի կարող գործունեություն ծավալել առանց հոգևորի, չէ՞ որ մարդու էության հիմքում հիմնական երեք բաղադրիչ կա. Մարմին, Հոգի և Ոգի, ընդ որում, երեքն էլ ունեն իրենց երեք բաղադրիչները, և, հետևաբար, հոգին պետք է հաղթահարի մարմնականից ստացած ազդակները՝ անցնելով զարգացման երեք աստիճաններով, և այնուհետև այս ամենը պետք է մաքրվի ոգու երեք աստիճաններն անցնելով, և վերջում մարդու էության երեք բաղադրիչները միաձուլվելով՝ կկատարեն էվոլյուցիոն պլանը՝ ձևավորելով անսպառ իմաստնությամբ լի բարձրագույն անհատականություն:
Հեքիաթ վերլուծելը դժվարին գործ է ամեն առումով, քանի որ գործողությունների արտաքին նկարագիրը և ներքին հոգևոր բացահայտումները երբեմն մեկը մյուսին հակասում են կամ այդ բացատրությունները չեն համընկնում աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթների խորհրդանիշների նշանակությանը: Սակայն, ըստ իս, սա չի խանգարում, որ հայկական հեքիաթները բնորոշեն և՛ մաքուր հայկականը, և՛ նրան առանձնահատուկ հատկանիշները համաշխարհային բանահյուսության ժառանգությունում: Եվ այն, որ նույն հեքիաթի ծածկագիրը տարբեր գործիքներով, էզոթերիկ, ազգագրական, էթնիկ, լեզվաբանական թե մեկ այլով բացելիս միշտ էլ կարելի է գտնել նոր շերտեր, որոնք միայն արտաքնապես են նման արդեն բացահայտածին, իսկ իրականում ունեն և՛ նոր նշանակություն, և՛ թաքնված ասելիք, և՛ իմաստ: