«ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ». Պարույր Սևակ և Մարինա Ցվետաևա / ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՍևակՄարինաՊարույր Սևակը սերտորեն կապված է ռուսական պոեզիայի հետ: Պուշկինից ու Լերմոնտովից մինչև իր ժամանակակիցները` Ռոբերտ Ռոժդեստվենսկի և Անդրեյ Վոզնեսենսկի ձգվող այդ հարուստ փորձը Սևակի համար եղել է հարազատ ավազան: Նրա կողմնորոշումների մեջ առանձնահատուկ և խորհրդավոր տեղ է գրավում հմայվածությունը 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծության ամենապայծառ աստղերից մեկի` Մարինա Ցվետաևայի արվեստով:
1964 թ. մի նամակում Սևակը պոեզիայի և բանաստեղծների մասին իր դատողություններն անում է Պաստեռնակ ու Ցվետաևա կարդացած մարդու դիրքերից: Այս երկու անունները տրվում են չափանիշի դեր խաղացող մյուս բանաստեղծներից՝ Էլյուարից, Խեմենեսից, Ռիլկեից, Ջոն Պերսից առաջ: Իսկ նրանց գերազանցությունն ընդգծվում է ոչ թե առանձին-առանձին, այլ հենց երկու բանաստեղծների միասնության միջոցով: Մոտ երեք տարի անց նույն հասցեատիրոջը հղած նամակում Սևակը Պաստեռնակի և Ցվետաևայի անունները դարձյալ դնում է կողք կողքի: Ընդհանրացումը բխում է ավելի մեծ ընդհանրությունից: Հենց իրենք` Պաստեռնակն ու Ցվետաևան, կողք կողքի էին ճակատագրերով, փոխադարձ տարվածությամբ (որ վկայված է նամակագրությամբ ) և, որ ամենակարևորն է, իրենց պոեզիայով: Բայց եթե կյանքից մի քանի տարի առաջ ողբերգականորեն հեռացած Պաստեռնակի գործերին Սևակը հաստատապես լավ ծանոթ էր, նույնը վստահաբար չենք կարող պնդել Ցվետաևայի պարագայում: 1941 թ. պատերազմի բոցերի մեջ այրվող իր սիրելի և դաժան երկրի խորքերում ինքնասպանությամբ իրեն վերջ տված Ցվետաևայի ստեղծագործությունը շուրջ քսան տարի թաղված էր մթության մեջ, և հենց 60-ական թվականներին էր, որ սկսվեց վերադարձը բանաստեղծուհու դստեր` Արիադնա Էֆրոնի ջանքերով: Առաջին հետմահու հրատարակությունը եղավ նրա 1961 թ. մոսկովյան «Հատընտիրը»: Բայց ռուս բանաստեղծուհու բնագրի հետ սևակյան չափածոն հարազատություն է դրսևորում արդեն մեծ մասամբ 50-ական թթ. երկրորդ կեսին ստեղծված «Մարդը ափի մեջ» գրքում: Ինչ-որ մի եզրով Ցվետաևայի բանաստեղծական լեզվին հարում է հենց այս վերնագիրը: Ձեռքի ափը Ցվետաևայի սիրած պատկերներից է, որ առկա է և՛ հոդվածներում, և՛ պոեզիայում: «Քանզի ափը կյանք է» («Ибо ладонь – жизнь»),– գրում է նա բանաստեղծություններից մեկում, իսկ «Լեռան պոեմում» օգտագործում է «Ինչպես ափի մեջ տրված դրախտ» համեմատությունը («Как на ладони поданный Рай…»):
Վերնագրային պոետիկային այնքան մեծ կարևորություն տվող Սևակը ունի նաև մի քանի վերնագրեր, որոնք ճշգրտորեն համընկնում են Ցվետաևայի համանուն գործերին` «Անքնություն», «Անջատում», «Նամակ», «Խեղկատակ» և այլն: Վերնագրային կաղապարներին առընթեր գործում են մոտիվների, պատկերային միջոցների, բառային ձևակերպումների ընդհանրություններ: Կյանքի տագնապները Ցվետաևան արտահայտում է դստերը` Ալյային նվիրված բանաստեղծություններով, Սևակը` որդուն հղված պատգամներով: Հուսահատության ինչ-որ մի պահի Ցվետաևան վաճառքի է հանում իր հոգեկան արժեքները` ճչալով «Վաճառում եմ, վաճառում եմ, վաճառում» («Продаю! продаю! продаю!»), իսկ Սևակը` ամենամեծարժեքը. «Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»: Ցվետաևան Աննա Ախմատովային կոչում է «Համայն Ռուսիո Ոսկեբերան Աննա» («Донеси любовь мою Златоустой Анне – всея Руси !»), իսկ Սևակը` Կոմիտասին` «Ամենայն Հայոց Երգի Վեհափառ»: Երկու բանաստեղծն էլ մի բնազդային-ներքնատեսական կապ են հաստատում անտառի, առհասարակ, բուսական աշխարհի, քայլող ծառերի, միայնակ հզոր կաղնու, խոսող ջրերի, երկրի ընդերքին կապված խոտի հետ: Սևակը սևեռուն հակվածություն է դրսևորում հենց դեպի Ցվետաևայի պոեզիայի բնազանցական, տրանսցենդենտալ այն շերտը, որն ըստ բանաստեղծուհու՝ նաև Բորիս Պաստեռնակի տիեզերական պոեզիայի միջուկն էր և որը ինքը Ցվետաևան «Երկուսը» բանաստեղծության սևագրում ձևակերպել է հետևյալ ընծայագրով. «Իմ եղբորը տարվա հինգերորդ եղանակով, վեցերորդ զգայարանով և չորրորդ չափումով` Բորիս Պաստեռնակին»: Առաջին երկուսը նաև Պարույր Սևակի բանաստեղծական երկրորդ տեսողության հիմքերն են: Հինգերորդ եղանակը ճշգրիտ ձևակերպում է ստացել «Նամակ» բանաստեղծության բնագրում, վեցերորդ զգայարանը` «Ականջդ բեր ասեմ» պոեմի հայտնություններում և դրանց նամակային մեկնություններում, համաձայն որոնց՝ պոեմը բոլոր նրանց համար է, ովքեր հինգ զգայարաններից բացի ունեն նաև վեցերորդը: Պաստեռնակին նվիրված մեկ այլ բանաստեղծության մեջ Ցվետաևան գրում է. «Վախենամ, որ քիչ են նման դժբախտության համար Ամբողջ Ռասինը և ամբողջ Շեքսպիրը…» («Боюсь, что мало для такой беды Всего Расина и всего Шекспира !»): «Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում` Իր ողբերգական դրամաներով…»,– կարծես կրկներգում է Սևակը «Արվեստ» բանաստեղծության մեջ:
Արվեստի, նույնիսկ Շեքսպիրի նկատմամբ կյանքի գերակայության այս սկզբունքը Ցվետաևային մղում է միայն վեցերորդ զգայարանով ընկալելի պատկերների, որոնք գրավում են նաև նրա հայ աշակերտին: Արտասովոր, վերիրական ընկալում է, օրինակ, Ցվետաևայի հետևյալ տողը. «Ամեն ինչ տեսնում եմ, որովհետև ես կույր եմ» («Все вижу- ибо я слепа»), որին Սևակը արձագանքում է «Միաչքանին» բանաստեղծության հղացումով.
Մի աչքով եմ նայում կյանքին:
(Երկրորդ աչքս ապակուց է):
Եվ մեկ հատիկ իմ այս աչքով
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով` ավելի՛ շատ,
Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով… մի՜շտ երազում…
«Բանաստեղծի ուղին,- խորհում է մի բանաստեղծության մեջ Ցվետաևան,- մեծաբաշ մի կորագիծ է, որ կռահված չէ օրացույցով»: Աստղային օրացույցով ապրելու երազանքից խոսող Սևակը նույնպես հայացքը հառում է աստղերին` իր հովանավոր հռչակելով տիեզերքում ծուռումուռ հետագծով շարժվող Սիրիուսին: Ցվետաևան մի տեղ փառաբանում է օգոստոսը` որպես աստղաթափի ամիս («Август-Месяц Ливней звездных!»), իսկ Սևակը «Խարույկ սառույցի վրա» բանաստեղծության վերջում օրհնաբանում է. «Որ մեր հոգու մեջ/Եթե կա ամիս տերևաթափի՜, /Ապա կան օրեր և աստղաթափի՜…»:
Հարազատություն է հուշում նաև շաբաթվա յոթերորդ` կիրակի օրվա պանծացումը: «Ես քո կիրքն եմ, քո կիրակնօրյա հանգիստը, Քո յոթերորդ օրն եմ, քո յոթերորդ երկինքը»,– գրում է Ցվետաևան «Պսիխեա» բանաստեղծության մեջ, իսկ մեկ այլ տեղ ստեղծում է «Իմ արծաթ-շաբաթ, Կիրակի-ոսկի» փոխաբերությունը: Սևակի զգացողությունները նույնպես հաճախ հարաբերակից են շաբաթվա օրերին: «Լի օրվա երակին պատվաստել կիրակի՜»,– գեղագիտական մի հանգանակում երազում է նա, իսկ «Բարով տեսանք» բանաստեղծության մեջ՝ երկրորդում. «Թող մե՛կ շաբաթվա մեջ զո՛ւյգ կիրակի լինի»:
Թվում է` Ցվետաևայից է ներշնչված նաև խնձորը կծելիս այն որպես երկրագունդ կամ արև ընկալելու պատրանքային զգացողությունը, որ տեղ է գտել Սևակի «Զարմացնում եմ» և «Պատրանք» բանաստեղծություններում: «Երկու երգ» բանաստեղծության մեջ երևույթը հենց այդպես է տեսնում Ցվետաևան. «Կծի՛ր, սիրելի՛ բարեկամ, ամբողջ երկրագունդը՝ որպես խնձոր»:
Բայց թող տպավորություն չստեղծվի, թե Սևակը կառչում է սիրելի բանաստեղծի բառերից: Բերված օրինակները սոսկ մասնակի հավաստումն են ավելի բարձր և խորունկ կապվածության, որ տանում է դեպի պոեզիայի ոգեղեն և իմացական վերին ոլորտները: Ակամա ինքնաբնութագրի արժեք է ստանում Սևակի՝ Վ. Հովակիմյանին 1967 թ.տված խորհուրդը. «Դու զգու՜յշ եղիր Պաստեռնակի և Ցվետաևայի արվեստի հետ, միայն դրան (գրելաձև-արվեստին) հետևելը կարող է քեզ (և ամեն ոքի ) շատ խեղճացնել, էլ չասեմ` հնացնել»: Ուրիշին նման խորհուրդ տվողն ինքը պետք է որ մտածած լիներ արտաքին-ձևական նմանողության կործանարար հետևանքների մասին: Իրականում Սևակը խորապես կապված է ավելի շատ Ցվետաևայի էության հետ, իսկ տողային նմանությունները հետևանք են այդ խորքային կապվածության:
Բոլոր յուրահատկություններով հանդերձ` ապշեցուցիչ հոգեհարազատություն է նկատվում Ցվետաևայի և Սևակի խառնվածքների ու ճակատագրերի միջև: Անչափելի, պարականոն, տարերային այդ էությունները հանգեցնում էին իրականու­թյան հետ սոսկալի բախումների, որ դատապարտվածության բնույթ էր հաղորդում նրանց կեցությանը: Հիրավի, Ցվետաևան իրավունք ուներ իր մասին ասելու. «Ի՞նչ անեմ, ասե՛ք, իմ անչափությամբ այս չափ ու ձևում» («Что же мне делать С этой безмерностью В мире мер?!»): «Հյուրասիրում եմ ես ինձ էլ նույնով` չափի զգացմամբ…»,– տարիներ անց կհարասի Պարույր Սևակը:
Առօրյա ընկալմամբ անհավասարա­կշիռ այս էությամբ Ցվետաևան կամավոր հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ուղիղ երեսուն տարի անց, մոտավորապես նույն տարիքում, ողբերգական դիպվածով հեռացավ նաև Սևակը:
Խառնվածքների տարերայնությունն ու վարքի անկանոնությունը Ցվետաևայի ու Սևակի գործերին թելադրել են ձևային զգալի ազատություն` բուռն պոռթկումներ, լարված-պաթետիկ հնչերանգներ, ողբերգական խզումներ ու փլուզումներ, արձակայնության և խոսակցական ոճի տարրեր:

Էությունից բխող ձևային հարազատությունը առավել ընդգծված տեսք է ստացել սիրերգության մեջ: Դա այն տիրույթն է, որտեղ առավել խորությամբ է դրսևորվում Պարույր Սևակ – Մարինա Ցվետաևա գրական առնչությունը: Դրամատիկ, հաճախ ողբերգական այն գալարումները, որ սիրային պատմությունների բազմաբարդ հերթագայության ընթացքում ունենում էր Սևակը, էապես շատ մերձ էին Ցվետաևայի նույնքան ողբերգական սերերին: Այստեղից էլ` տրամա­դրությունների ու դրանց ձևավորման խաչաձևումները երկու բանաստեղծների սիրերգության մեջ:
Բանաստեղծություններից մեկում Ցվետաևան խոստովանում է, որ սերն զգում է ամբողջ մարմինը պատած ցավով: Այն իր հոմանիշներով նաև Սևակի սիրերգության բնորոշիչն է: Ցավի համընդհանուր տիրապետությունը բխում է սիրո տեսակի ընտրությունից, որ ճակատագրական է և միաժամանակ կամավոր: «Իմ Պուշկինը» գրվածքում Ցվետաևան պատմում է, թե ինչպես մանուկ հասակում ծանոթացավ Օնեգինի և Տատյանայի սիրո պատմությանը, որ կանխորոշեց իր ապագա բոլոր սերերը. «Իմ այդ առաջին սիրային տեսարանը կանխորոշեց իմ բոլոր հաջորդները, իմ ամբողջ հակումը դժբախտ, ոչ փոխադարձ, անհնարին սիրուն: Ես հենց այդ րոպեից չուզեցի լինել երջանիկ և դրանով ինձ դատապարտեցի անսերության»: Դատապարտված, անհնարին սիրո փիլիսոփայությունը Ցվետաևան ամենից հաճախ տալիս է «Անջատում» («Разлука») պատկերով` դրան նվիրելով թե՛ առանձին բանաստեղծություններ, թե՛ հատուկ մի շարք: Իսկ անջատման գոյաբանական պատկերը անգամ նույնանում է իրեն` բանաստեղծուհուն. «Դու հիմա կոչվում ես Մարինա, անջատում…» («Ты нынче зовешься Мариной,- разлука»).
Սա այն մոտիվն է, որն ամփոփող համանուն ժողովածուն կարդալուց հետո ռուսական բանաստեղծության քրմերից մեկը` Անդրեյ Բելին, սիրահարվեց Ցվետաևային ու նրա պոեզիային միաժամանակ` գրելով «Անջատումից հետո» գիրքը, որի հեղինակը, իր իսկ խոստովանությամբ, Մարինա Ցվետաևան է, որից արտագրում է ինքը: Այսպիսի հզոր նմանողության կողքին չպետք է վարանել Ցվետաևայի համապարփակ պատկերի ազդեցությունը տեսնել Պարույր Սևակի «Անջատում» բանաստեղծության մեջ, որը հյուսված է անջատում երևույթի համատարած, սպանիչ գերիշխանության գաղափարի շուրջը:
Անջատման փիլիսոփայության դրսևորում է տարածաժամանակային մեծ չափումների առկայությունը Ցվետաևայի սիրերգության մեջ: Տարածականորեն բաժանված լինելու վիճակը բանաստեղծության մեջ ներմուծում է այսպես կոչված «փոստային լեզվի» միջոցներ: Հատկապես Պաստեռնակին նվիրված արդեն զուտ սիրային գործերում հաճախադեպ պատկերներ են դառնում նամակը, հեռագրասյունը, ուղեփակոցը և հարակից այլ միավորներ, որոնք ծանրակշիռ տեղ են գրավում նաև Սևակի սիրերգության մեջ: Նկատելի է նաև, որ Պաստեռնակ-Ցվետաևա նամակագրությանն առընթեր գործող, հաճախ էլ նրանից ածանցվող սիրային բանաստեղծության զուգահեռ գոյությունը տասնամյակներ անց ճակատագրականորեն կրկնվում է Սևակ – Սուլամիթա իրական և գեղարվեստական, դարձյալ զուգահեռ «նամակային սիրերգության» մեջ: Պաստեռնակը և Ցվետաևան նաև Սևակի սիրո պատմությունը շրջապատող հոգեբանական-գեղարվեստական ամենից հարազատ միջավայրն են:
Բաժանման և անջատումի բանաստեղծական այլագոյությունն է նաև խանդի զգացումը, որին խիստ յուրահատուկ, չափավոր մեկնաբանությամբ անդրադարձել են Ցվետաևան` «Խանդի փորձ», Սևակը` «Խանդում եմ» բանաստեղծությունների մեջ:
Սիրերգության տիրույթում նկատվող մոտավոր առնչություններից արժե նշել ևս երկուսը: Սևակի պոեզիայում գլուխկոտրուկի բնույթ ստացած «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» աֆորիզմը ինչ-որ մի թելով կապվում է Ցվետաևայի «Երկրային անուն» բանաստեղծության հետևյալ տողերին. «Անվերջ կրկնում եմ ես – և ավելի համառորեն Նորից – կրկին…» («Все повторяю я – и все жесточе Снова – опять»): «Նորից – կրկին» անտինոմիան այլ աղբյուրների հետ միասին սնվել է նաև Ցվետաևայի բառապաշարից: Բացի այդ` քնարական մենախոսության այն ձևը, որ կիրառված է սիրային պոեմներում, հատկապես «Նահանջ երգով»-ում, հիշեցնում է Ցվետաևայի սիրային պոեմների, հատկապես Կոստանդին Ռաձևիչին նվիրված «Լեռան պոեմի» և «Վախճանի պոեմի» ժանրային ձևը:
Սևակին գրավել է նաև Ցվետաևայի սիրերգության մեջ գործող ժամանակի գեղարվեստական ըմբռնումը: Երկրային իր սերերից, իր բառով` «անսերությունից» դժգոհ բանաստեղծուհին հաճախ ելք է փնտրում ժամանակային հեռադրության մեջ: «Մեզ տասը տարի, մեզ տասը հազարամյակներ են բաժանում»,– գրում է նա մի բանաստեղծության մեջ: Մի դեպքում նա սիրո խոսք է ասում հարյուր տարի առաջ ապրած Դերժավինին, մի այլ դեպքում շրջվում և երևակայական զրույց է ունենում հարյուր տարի հետո գալիք տղայի հետ («Քեզ, հարյուր տարի անց» բանաստեղծությունը, որի վերնագիրն է կրում Ցվետաևայի` 1983 թ. լույս տեսած առաջին հայերեն գրքույկը): Սևակը նույնպես տրվում է ժամանակների մոգությունը, խոսում 40 և 4000 տարիների մասին: Հետաքրքիր է նաև, որ Ցվետաևայի սիրերգության ողբերգական էջերում իբրև լուսո շող ցրված են «Երգ երգոցի», Սողոմոնի և Սուլամիթայի հիշատակությունները, որոնց թեկուզև թեմատիկորեն առնչվում է Սևակի պոեմը:
Ցվետաևայի և Սևակի սիրերգության ամենից ուշագրավ խաչաձևումներից մեկը այսպես կոչված լուսնոտության մոտիվն է:
1959 թ. մարտին Պ. Սևակը Մոսկվայում գրեց «Լուսնահար կարոտ» սիրային բանաստեղծությունը, որտեղ ողբերգական-անհնարին սիրո կրողը վերամարմնավորվում է մեծ քաղաքի շեղ-սայթաքուն կտուրներով, ատամնաբաց քիվերով ու շանթարգելով դեպի Նա գնացող լուսնոտի կերպարի մեջ: Մահվան եզրին հայտնված, լուսնախտով վարակված հերոսը այս պատկերով արտահայտում է երջանիկ սիրո անհնարինության դրաման.
Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար
վախենալով,
Գիտե՞ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:
Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:
Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով
ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն
քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու
Եվ դա – ո՛չ թե բարությունից,
Այլ… պարզապես չսիրելու՜ց…

………………………………………….
Լուսնահարության, օտար բառով` սոմնամբուլիզմի հոգեբուժական, հոգեվերլուծական նրբությունների մեջ չխորանալով` կարող ենք ենթադրել, որ սիրային բանաստեղծության մեջ այդ մոտիվի ներթափանցումը հազիվ թե համարվի ինքնաբուխ տրվածք: Ամենայն հավանականությամբ այն գոնե ընդհանուր գծերով ունի գրական ծագում:
Լուսնոտության պատկերը և հենց «լուսնահար» բառը բազմիցս հանդիպում է նրա մեկ ուրիշ մեծ ուսուցչի` Եղիշե Չարենցի պոեզիայում: Այն քանիցս հիշատակված է «Դանթեական առասպել» պոեմում («Լուսնոտի նման բութ ու շվարած` Այլևս ոչինչ չէինք նկատում», «Եվ մեռելների շուրջպարն էր թռչում Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ») և «Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ («Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի…»): Իսկ «Էպիքական լուսաբացը» սկսող «Մուսայիս» ներբողում «լուսնահար» բառը տրված է իբրև սիրո բնորոշիչ («Եվ սերդ, ինչպես լուսնահարի սեր»), որով խիստ մեծանում է Սևակի հղացման չարենցյան հետքի հավանականությունը: Բայց պատկերի ներքին իմաստաբանությամբ և լեզվական ձևավորմամբ այն ավելի սերտորեն առնչվում է դարձյալ Մարինա Ցվետաևայի բնագրին:
Լուսնոտության թեման միջանցիկ տեղ է գրավում Ցվետաևայի քնարերգության մեջ: Դեռևս 1914 թ. գրված մի բանաստեղծության մեջ նա իրեն համարում է երկու լուսինների լուսնոտ («Я – лунaтик Двух темных лун»): Իսկ 1924 թ. Պաստեռնակին հիացրած «Վախճանի պոեմը» սիրային ստեղծագործության մեջ Ցվետաևան գրում է. «Բռնում եմ, ինչպես տանիքի եզրից լուսնոտը»: Դրանից մեկ տարի առաջ Ցվետաևան գրել է լուսնին և լուսնոտին նվիրված առանձին մի բանաստեղծություն : Այն կոչվում է հենց «Լուսինը` լուսնոտին » («Луна – лунатику»): «Լուսնոտը և հանճարը Չունեն ընկերներ»,– գրում է Ցվետաևան` ակնարկելով արվեստագետի լուսնոտության խորհրդավոր բնույթը: «Քեզ կկանչեն անունով – Չլսես»,– փոքր-ինչ հավելում է նա: Իրադրությունն այստեղ չափազանց մոտ է Սևակի բանաստեղծության մեջ պատկերվածին: Ցվետաևայի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում նաև տանիքից ընկնելու (օրինակ, Բլոկին նվիրված շարքում` «Ինչպես տանիքագործն է ընկնում տանիքից»), առհասարակ ցած նետվելու պատկերները: Եվ ահա այստեղ նույնպես Սևակ – Ցվետաևա կապը ընդգրկում է նաև Բորիս Պաստեռնակին: «Ժամանակակից Ռուսիայի էպոսը և լիրիկան» հոդվածում Ցվետաևան Պաստեռնակին համարում է «լուսնահար էակ»` ակնարկելով վերին ճշմարտությունների և բանաստեղծական հայտնությունների մեջ բանաստեղծի և լուսնոտի նույնացման խորհուրդը:
Մենք շոշափեցինք Պարույր Սևակ – Մարինա Ցվետաևա գրական կապի միայն մի քանի դրսևորումներ: Բնագրերի ուշադիր համեմատությունը, անշուշտ, կբացահայտի նոր, ավելի հետաքրքրական փաստեր: Չունենալով հանդերձ Ցվետաևայի գործերի սևակյան ընթերցման, նշումների և ընդգծումների պատկերը` անվերապահորեն կարող ենք հավաստել կապի գոյությունը ոչ միայն վերոհիշյալ վարկածային դիտարկումներով, այլև ժամանակակիցների հուշագրական մեկ-երկու պերճախոս վկայություններով: Ստեփան Ալաջաջյանը 1955-1957 թթ. սովորել է Մոսկվայում և այնտեղ հաճախակի շփումներ ունեցել Սևակի հետ: Նա վկայում է, որ այդ ժամանակ բանաստեղծուհու գրքերից մեկը տեսել է Սևակի սեղանին . «Եվ մեկ անգամ տեսա Մարինա Ցվետաևայի գիրքը» («Լուսավորյալ խորաններ», Լոս Անջելես, 1993, էջ 21):
Մի քանի տարի անց` 1959 թ., արդեն Երևանում, Թեռլիկ Մակուչյանը ծանոթացել է բանաստեղծի հետ և հարցրել. «Ընկե՛ր Սևակ, Ձեր ամենասիրելի բանաստեղծն ո՞վ է:» Ոտքի ելնելով. «Սվետաև» ասաց ու գնաց: Իմ «Շիպկա» ծխախոտատուփի վրա գրեցի այդ անծանոթ անունը: Եկավ մոխրամանով և ջրով: Ուզում եմ դուրս գալ, փախչել, գնալ… Այս «Սվետաևը» ծանր նստեց վրաս: Չնայած դուրս գալիս Սևակը մի քանի անգամ ասաց, որ իր դուռը բաց է իմ առաջ, շուտ-շուտ կարող եմ հանդիպել, բայց… Սվետաև կոչվածը Սևակի հետ իմ հանդիպումը ուշացրեց ամիսներ: Բանն այն է, որ քրքրեցի Ազգային գրադարանի քարտարանը և չգտա «Սվետաև» բանաստեղծ, դիմեցի իմ ծանոթ երիտասարդ բանաստեղծների, անվանիների, դասախոսների, և ոչ մեկը Միխայիլ Սվետլովից այն կողմ չանցավ: Նորից դիմեցի «Ապագա բժշկի» խմբագրին: Նա պարզեց Պարույրի միջոցով. Մարինա Ցվետաևա…» («Հայ գրող», 1992, հունվարի 28, N 1):
Ցվետաևայի իսկական վերադարձը դեռ չէր սկսվել, և շատերը ծանոթ չէին նրա պոեզիային: Իսկ Պարույր Սևակը շարունակում էր հմայվել իր ամենասիրելի բանաստեղծի գործերով` պեղելով նրան հաղորդակցվելու նոր հնարավորություններ: 1960 թ. գրած մի նամակում Սևակը Սուլամիթային շնորհակալություն է հայտնում նրա ուղարկած բանաստեղծությունների համար և անում մի հակիրճ հավելում. «Ցվետաևան, ինչպես միշտ» (Հովիկ Չարխչյան, Սուլամիթա, հ. 1, Ե., 2004, էջ 263):
Հիրավի, Ցվետաևան, ինչպես միշտ:

2 thoughts on “«ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ». Պարույր Սևակ և Մարինա Ցվետաևա / ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  1. Այս լավ հոդվածը կարդալով՝ ավելի եմ համոզվում, որ արդարացի էր Գ. Մահարին՝ ժամանակին արած իր դիտողություններով…

  2. Ինձ միշտ էլ հետաքրքրել է Սևակի հետ կապված գրական առնչությունների հարցը՝ Սևակ-Ցվետաևա, Սևակ-Ուիթմեն, Սևակ-Մեժելայտիս: Սեյրան Գրիգորյանի այս հոդվածը հերթական անգամ խորհելու տեղիք է տալիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։