Մեծ հաճույքով և բավականությամբ ավարտեցի Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» վեպի ընթերցումն ու հատորը խնամքով տեղադրեցի գրադարանիս մի դարակում, որն իրավամբ սկսել եմ կոչել աղաբաբյանական: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ առիթ եղավ խոսք ասելու նրա երկրորդ վեպի մասին, ասես կանխագուշակելով հեղինակի գրական նախասիրության թիրախավորումները, նկատեցի, որ «Աշոտ Աղաբաբյանը մեր գրականության մեջ գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական, գիտական նյութը դնում է գեղարվեստական որակի մեջ»:
Հիմա՝հայացք ձգելով տարիների ընթացքում Աշոտ Աղաբաբյանի վաստակած գրական հունձքին՝ համոզվում եմ ոչ միայն դիտարկմանս ճշմարտացիության մեջ, այլև այսօրվա տեսանկյունից այն արդեն համարում եմ անբավարար և ժլատ: Հունը, որի մասին խոսել էի, լայնացել ու խորացել է, վերածվել լայնահուն ու հորդառատ ջրահոսքի, որտեղ նավարկում է մի յուրօրինակ տորմիղ, որի նավերը մեկը մյուսից տարբեր ու ինքնատիպ են և միտում են դեպի մեծ ջրեր: Այն, որ գրողն ունի իր ուրույն նախասիրությունը` գեղարվեստավավերագրական արձակը, մեր գրականության անդաստանում այլևս կայացած և ակնառու իրողություն է, և իր կոչումն ու մենաշնորհը՝ արդի հայ արձակում:
Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործության գլխավոր հերոսները իրական հայտնի և անհայտ անձինք են, որոնք պատմության մեջ թողել են անջնջելի հետք իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած հաջողությունների և նվաճումների շնորհիվ, և գրողը կարողացել է վարպետորեն վերակերտել նրանց մարդկային կերպարը, անձնական կյանքը, նրանց հոգեբանական վայրիվերումները և իրական գործիչներին գեղարվեստորեն ներկայացրել ապրած ժամանակի, միջավայրի, մեծ ու փոքր իրադարձությունների համապատկերում: Ստեղծագործությունն առավել ամբողջական է դառնում հեղինակի վառ երևակայության և պատմական իրողությունների համատեքստում, երբ աննկատ ու համոզիչ միահյուսվում են գեղարվեստականությունը, հրապարակախոսությունը, պատմականությունը, լրագրությունը:
Ա. Աղաբաբյանը վերարթնացնում է իրական հերոսների, հյուսում պատումներ նրանց անկրկնելի գործի վերաբերյալ: Նրա հեղինակած հատորներում ապրում են իրական մարդիկ` իրենց առօրյայով, բնորոշ հոգսերով, մտորումներով, սխրանքներով: Դրանք ոչ միայն գեղարվեստական գործեր են յուրովսանն` բարձունքներ կերտողների կերպարների վերականգնում, այլև տողատակում կրում են դաստիարակչական ուղերձներ հայրենասիրության, ճիշտ ապրելու պատասխանատվության վերաբերյալ, մարդկային առաքինությունների, կյանքի իմաստավորման խորհուրդներ: Այդ գրքերում ապրում են գիտության և մշակույթի, ռազմի և հատուկ ծառայությունների նվիրյալների կենդանի կերպարներ: «Նմանակը» վեպի գլխավոր հերոսը եկավ լրացնելու գրողի կերտած երախտավորների պատկերաշարը` Ջոն Հանեսյան-Ջահան Հովհաննիսյան, Հայկ Հովակիմյան, Գրիգոր Գուրզադյան, Սերգո Համբարձումյան, Իվան Աղայանց և այլք: Փառքի և խնկարկումի արժանի երախտավորների մի ամբողջ պատկերաշար-աստղաբույլ, որն առայժմ եզրափակում է հետախուզության համաշխարհային պատմության մեջ աննախադեպ և աներևակայելի հատուկ գործողության հերոս Սմբատ Խոջոյանը, որը գրքում Թուրքիայի պառլամենտի իշխող կուսակցության պատգամավոր, պետական գործիչ Մահմուդ Շովքեթի նմանակն է: Հանրությանն առ այս վեպի հրատարակումն անհայտ մի նվիրական անուն, որի շնորհիվ ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը Հայրենական պատերազմի ավարտին հաջորդած շուրջ երեք տարիների ընթացքում իրականացրել է հույժ կարևոր գործառույթներ նենգ թշնամու անմիջականորեն որջում: Վեպի ինտրիգը հիմնված է երկու անձանց բնության կամոք բացառիկ արտաքին նմանության վրա: Հետախույզի գործունեության, մարդկային նկարագրի, աշխատանքային նրբությունների պատկերմանը զուգընթաց, հեղինակը հմտորեն ամբողջացնում է անցյալ դարասկզբից մինչև հետախույզի մահը` 1984 թվականն ընդգրկող ժամանակաշրջանի կարևոր և էական մի շարք իրողություններ, մի սերնդի ապրած կյանքի պատկերը` որոշ դրվագներով` ցարական իշխանությունների կողմից հայ գյուղացու անտանելի կեղեքումներ, արտագնա աշխատանք արդյունաբերական Բաքվում, հայերի ջարդեր, որտեղ պատանի Սմբատին հաջողվում է թուրքի բռնաբար ճիրաններից փրկել երիտասարդ հայուհուն: Հիշյալ բարբարոս թուրքին ընթերցողը դարձյալ կհանդիպի վեպի հետագա գործողությունների ընթացքում: Ի վերջո, Ախուրյանի սահմանային ուղեկալում ծառայած Սմբատի փրկության ճանապարհն անցնում է նույն ուղեկալով՝ բախտորոշ փորձությունը հաղթահարելով նույն ծանոթների և մտերիմների շնորհիվ:
1945-49 թթ. հանդես գալով ուրիշի անվամբ՝ հայ հետախույզն անցնում է տագնապների և սպառնալիքների, տարատեսակ խոչընդոտների միջով, հաճախ ինքնուրույնաբար գտնում ելքեր փակուղային իրավիճակներից, կայացնում անհապաղ լուծում պահանջող թնջուկների որոշումներ, հաջողությամբ ավարտին հասցնում «Սեպ» պայմանական անվանումը կրող լարված ու բարդ գերգաղտնի օպերացիան, որն իրավամբ կարելի է ոսկե տառերով արձանագրել հետախուզության պատմության մեջ: Հեղինակն ընթերցողին պահում է երբեմն արկածային, երբեմն դետեկտիվ ժանրին բնորոշ լարվածության մեջ, որն առավել վստահելի և համոզիչ է դարձնում մազե կամուրջներով անցնող հերոսի գործողությունների անհավանական ընթացքը:
Վեպի սյուժետային բազմաճյուղ և կերպարների, գործող անձանց գործողություններն այնպիսի վարպետությամբ են միահյուսված, որտեղ, եթե փորձենք պատկերավոր ներկայացնել, բացակայում է, տեղ չունի Անտոն Չեխովի նկարագրած պատից կախված այն հրացանը, որը չի կրակում: Պատճառահետևանքային այդ հստակ աղերսների, իրավիճակի առաջադրող տրամաբանական և համոզիչ լուծումների մեջ են ընթանում սյուժետային զարգացումները: Կարևոր է, որ հեղինակն իր կամքն ու ցանկությունն արհեստականորեն չի պարտադրում հերոսներին, չի միջամտում նրանց շարժին, մտորումներին, այլ՝ հետևում է նրանց գործողություններին, և դա այնքան համոզիչ և իրական է, որ ակամայից ուզում եմ հարցնել Աշոտ Աղաբաբյանին` «Պատահաբար դու քո կերտած նմանակի նմանակը չե՞ս…»: Անհավանական թվացող արտաքին համընկնումները բավարար չեն օտար միջավայրում ներդրվելու և թուրք պետական-քաղաքական գործչին փոխարինելու համար: Վեպի հերոսի արտաքին նմանությունը լրացվում է ժամանակավոր կերպափոխությամբ, անհրաժեշտ բազմաթիվ գործոններով, նա տիրապետում է իր, այսպես կոչված, զոհի հոգեբանությանը, բնավորությանը, միջավայրին, կրկնօրինակում շարժումները, սովորությունները, մերձավորների և բարեկամների, ընտանիքի անդամների հակումները, համոզմունքը, յուրացնում դիվանագիտական, միջազգային անցուդարձի նրբությունները, առերեսվում հետախուզական ցանցերի դավերին ու նենգություններին, ամենայն մանրամասնությամբ ճանաչում տեղանքը: Նա հատուկ արտիստական, խոհարարական, մատուցողի և փականագործի դասընթացներ է անցնում, ձեռք բերում այդ բնագավառներում վարպետ մասնագետի որակներ: Մեծապես նպաստում է լեզուների իմացությունը, անցյալում իր գործընկերների շրջանում նվաճած հարգանքը: Լրջագույն փորձություն է հարաբերությունների հաստատումը պատգամավորի կնոջ` Ֆաթմայի հետ, որը Հայոց ցեղասպանության օրերին առևանգված հայուհի է, որին իր իսկ ընտանիքին իր իսկ աչքերի առջև մորթած թուրքերը, բռնի կրոնափոխելով, հետագայում կնության են հանձնել հայատյաց Մահմուդին: Տիկին Ֆաթմա-Նազանը, բնականաբար, ատելությամբ է լցված իր ամուսնու հանդեպ, և այդ ատելությունը փոխադարձ է: Շնորհիվ Նմանակի հոգեբանական ճշգրիտ մոտեցումների և վերաբերմունքի, նրա առջև ինքնաբացահայտման ճակատագրական ռիսկին, նա վերագտնում է իրեն, վերարթնանում է հիշողությունը, գորշ կենսակերպից անցում է կատարվում դեպի իր արմատները, դեպի իմաստավորված կյանք: Վերադառնալով իր ինքնությանը՝ նա սկսում է հայեցի դաստիարակել որդիներին և մեծապես օգտակար է լինում հետախույզին` ականջալուր լինելով վերջինիս հորդորին՝ պահպանելու լռություն իր վերաբերյալ: Պակաս կարևոր չէ հետախույզի ազգային պատկանելության խնդիրը, նրա ապրած արդարացի կյանքից քաղված պտուղները, գործընկերների շրջանում սիրո, հարգանքի և անքննելի վստահության ձեռքբերումը, որտեղ հավատարմության էական դերակատարություն են դրսևորում իր սփյուռքահայ նվիրյալ ազգակիցները: Սակայն, ըստ իս, անշնորհակալ գործ է գեղարվեստական ստեղծագործությունների սյուժեներ վերապատմելը. դրանք հարկավոր է կարդալ…
Ապշեցուցիչ են վեպում գործողություների ծավալման տեղանքի նկարագրությունները, տարբեր հաստատությունների գտնվելու վայրի, դրանց կենսագրության, ծագումնաբանության իմացությունը: Ընթերցողն իրավամբ կարող է շփոթել, թե որտեղ է սկիզբ առնում և ավարտվում իրական, փաստական նյութը, որտեղ` ստեղծագործական-գեղարվեստական պատումը:
Գաղտնի փաստաթղթերի ձեռքբերում և աշխատանք դրանց հետ, անգնահատելի տեղեկատվության փոխանցում կենտրոն, որի շնորհիվ կարգավորվում, ճշտվում են խորհրդային երկրի հարաբերությունները այլ պետությունների հետ, թուրքական պետության արտաքին և ներքին շահերը, մեծ խաղացողների գործակալական ցանցերի ներկայությունը և այլն: Հետախույզի աշխատանքում գիտական և տեսական համակողմանի իմացությունը, անհրաժեշտ մասնագիտությունների տիրապետումը, կենտրոնից եկող հանձնարարականների կատարման հաջողությունը մեծապես կախված են տվյալ անձի մարդկային նկարագրից, նրա բնավորության մեջ առկա շրջահայացությունից, խիզախությունից, հնարամտությունից և կամքից: Հատկանիշներ, որոնք սրի շեղբի վրայով քայլելիս առաջնորդում են Սմբատ Խոջոյանին դեպի մեծ ու փոքր հաղթանակներ, վերջապես Սեպ օպերացիայի ցանկալի բարեհաջող ավարտ: Բայց, ինչպես ասում են, հետախույզը երբեք նախկին չի լինում: Քսան տարի անց կարիքը դարձյալ դրդում է Մոսկվային հիշելու նրան` Հայաստանի գերատեսչություններից մեկում որպես կադրերի պատասխանատու աշխատող անփոխարինելի սպային…
Վեպի տողատակերը՝ առանց լոզունգայնության, այլևայլ ամպագոռգոռ կոչերի և կարգախոսների, շարունակաբար հուշում են ազգային և մարդկային արժանապատվության, ազգային և անձնական հիշողության, գործնական հայրենասիրության և նվիրումի, աստվածաշնորհ կյանքը իմաստավորված ապրելու, արարելու և Հայրենիքի, Ընտանիքի, Մերձավորի հանդեպ մեծատառով Մարդ լինելու առաջնահերթության մասին: Եվ այդ ամենը՝ պարզության մեջ ներդրված խորիմաստությամբ, առանց ավելորդ մտավարժանքների, ասելիքի բարդացման և միգամածությունների, կեղծ փիլիսոփայական դատողությունների, ի հայտ են գալիս խրատական և իմացաբանական արժեք ունեցող թևավոր մտքեր: «Նմանակը» վեպով Աշոտ Աղաբաբյանը հերթական անակնկալը մատուցեց` համալրելով ու հարստացնելով ընթերցողի աղաբաբյանական գրադարակը հետախույզ Սմբատ Խոջոյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հերոսապատումով:
Աշոտ Աղաբաբյանի գրչից ակնկալիքները և սպասելիքները շատ են: Գրեթե համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ խախտելով օրինակելին ու դրականը տեսնելու բնույթը՝ գրողն իր մտահղացումների ծիրում կմտմտա նաև մի գեղարվեստական լայն կտավ, որտեղ կվրձնի աներկբա աննախադեպ ճղճիմ ուսապարկերի ավերիչ ժամանակների մղձավանջը` գլխավոր հերոսների և նրանց խամաճիկների ամբողջության մեջ: Ինչևէ: Մաղթում եմ, որ Աշոտ Աղաբաբյանը նույն եռանդով շարունակի ստեղծագործել, կատարել նոր բացահայտումներ, մեր պատմության գզրոցներին ի պահ տրված բազմաթիվ իրողությունների նոր կյանք ներարկելով՝ կերտի նորանոր երկեր և չթողնի, որ իր ստեղծարար գրչի թանաքը չորանա` ի շահ իր հազարավոր ընթերցողների և երկրպագուների…
