Տասնչորս տարեկանից բանաստեղծություններ հեղինակող Իգնա(տիոս) Սարըասլանը ևս տասնչորս տարի անց համարձակվեց քերթվածների «ԼՕ» ժողովածուն ներկայացնել ընթերցողի դատին: Քսան տարի անց ծնվեց «Քառասմբակ սէրերով»1 հատորյակը, ապա` «Սիրոյ գոյնը»2 հավաքածուն: Հետո տեղ գտավ տասնութամյա լռության մի շրջան, սակայն լռություն բառը հասկանանք Ռոլան Բարտի (Roland Barthes) ձևակերպմամբ. «Գրողի լռությունը աղմկոտ արձագանք է, ինչպես իր հավատից անբացատրելի հրաժարումը»3: Այդ իսկ պատճառով ընթերցողի անաղմուկ սպասումը (չնայած համացանցում հանդիպում էինք հեղինակի գործերին) հատուցվեց Իգնա Սարըասլանի «Դէպի Հորիզոն»4 քերթվածների հատորի հրատարակությամբ:
Հետեղեռնյան (Զինադադարին հաջորդած) քսանամյա դադարից հետո 1940-ականների սկզբին սկզբնավորվեց պոլսահայ նորագույն և «նորատարազ» բանաստեղծությունը, որի մոտ ութսունամյա ընթացքն արդեն երեք-չորս սերնդի կենսագրություն ունի: Եթե Կարպիս Ճանճիկյան-Հայկազուն Գալուստյան-Խաչիկ Ամիրյան-Արամ Շավարշ Փեհլիվանյան հիմնադիրները շատ կարճ մի ժամանակահատված դրսևորվեցին, ապա Զահրատ-Զարեհ Խրախունի երկյակը եկավ և, հուսով եմ, ընդմիշտ մնաց հայոց բանաստեղծության անդաստանում, իսկ Իգնա Սարըասլանը վարպետների հրաժեշտից հետո ինքն է Վարպետ: Թվում է` ամենատարբեր ազդակների պարտադրանքով մարում է այս բանաստեղծությունը, սակայն կարող ենք հիշել ևս մեկ անուն` Վերճիհան Զիֆլիօղլու` իր երկու փոքրիկ հավաքածուներով` «Անանուն երազ» և «Հանելուկ», որ չորրորդ սերնդի ներկայացուցիչ է:
Սարըասլանի ստեղծագործության մեջ ցայսօր թերևս առանձնացնենք երկու կարևորագույն ժամանակահատված` «ԼՕ»-ի ծնունդից ետք և Զահրատի երկրային մահից հետո: Երկրորդ սահմանաբաժանը ոչ միայն արվեստում ինքնուրույն ու ինքնիշխան գոյության հորդոր ու պատասխանատվություն է, այլև ավանդույթի ու հոգևոր ժառանգորդության յուրահատուկ արտահայտություն ոչ միայն պոլսահայ, այլև ընդհանրապես հայոց բանաստեղծության ծիրում: Այս սահմանաբաժանումը ընդգծում է նաև հեղինակի «կորուստներն» ու ձեռքբերումները: Եթե նախորդ շրջանում կարևորվել են, ի մասնավորի, սոցիալական ընդգծված մոտիվները, հակապատերազմական թեման, ապա երկրորդ շրջանում շարունակվում է սիրո հավերժական թեման, մարդու և ժամանակի հարաբերակցությունը, հիշողության արժեքային համակարգը, կարոտը, պատմության պատասխանատվությունը մարդու հանդեպ (և ոչ հակառակը):
Սարըասլանի համար ժամանակի երեք չափումները չունեն ներդաշնակ հարաբերակցություն: Եթե «Գաղտնիքը միշտ իր մէջ ապագայ մը կը պարունակէ /Իսկ ապագան արդէն գաղտնիք մըն է» (ԴՀ, 70), եթե ներկան չի բավարարում հեղինակին և առարկայանում է միայն սիրով, ապա ժամանակն ավելի հաճախ պատկերանում է որպես մեծ անցյալ, որից էլ սկզբնավորվում են իր խոհերը, ապրումները, բանաստեղծությունը` իր հուշերը, կարոտը, պատմությունը, մանկական հիշատակները: Բայց և «Դէպի Հորիզոն» ժողովածուն նախորդից ժառանգել է ասելիքի որոշակի ընդհանրություններ: Հեղինակի ստեղծագործության մեջ, չնայած «ժամանակային անհամամասնությանը», տեղ է գտնում ժամանակի անվերջության զգացողությունը, որ ներառում է անվերջ հիշելու խնդրառությունը: Արդյունքում հուշեր և հիշողություններ ունենք ոչ միայն մերձավոր անցյալից («Այդ բոլոր մահացած անուններէն /այդ բոլոր անմահացած անուններէն /տիեզերք մը յուշ ժառանգ մնաց», «Եւ այդ օրերուն», ՍԳ, 44), այլև հարաբերականորեն հեռավոր անցյալից («Հին թանկո մըն է հիմա Օրթագիւղը», ՍԳ, 45-47): Եվ նորից հայաբնակ է դառնում Պոլիսը` լցվելով ժամանակով, դառնալով տարածություն, ուր հայ մարդիկ ապրել ու ապրում են, և այլևս անհնար է ջնջել նրանց վերաբերմամբ հիշողությունը և ապրած, ապրվող, ապրելիք կյանքը:
Խոսքը վերաբերում է ոչ միայն Պոլսին: Կան նաև այլ տարածքներ, երևի ամբողջ երկիրը, որ հազարամյակների ընթացքում ներծծել է հայի հիշողությունը: Այդ հիշողությունից է ծնվում կարոտի զգացողությունը. չէ՞ որ «Կարօտը մեր հոգիին մէջ բացուած անծայր ու խորունկ հերկն է /Կարօտը մեր պատմութեան սրբազան բերքն է /Ան մեր սրտերուն մէջ խարսխող վէրքն է /Մեր սրտերը պատռող-մեր սրտերուն խրուող երգն է» (ՍԳ, 59): Ու թե այս ամենին հավելենք մե՛ր ձևակերպումը` «կարոտ բառը կարելի է թարգմանել սիրել հեռվից», ապա պարզ է դառնում, որ կարոտը տարածաժամանակային արտահայտություն ունի` կարոտել ժամանակի մեջ անցյալը և կարոտել տարածության մեջ այն, ինչ բացառիկ հայրենիք է:
Մեկ այլ դեպքում տեղ է գտնում կարոտի մի ուրիշ ձևակերպում, որ էլի խարսխվում է անցյալին. « մեզի /Ճակատագրի պէս անսանձելի /Դաշոյնի պէս հատու կարօտ մը մնաց /Անցեալը անաւարտ երգ մըն է հիմա /Արցունքի պէս տաք մեր շրթերուն վրայ» (ԴՀ, 73): Ահա նման վկայություն է «Քըզըչախչախի շոգեկառքը եւ Եղիշե Չարենց» «պատմուածքը» (ըստ Զահրատի ժանրաբնորոշման), որ կարոտի ուղղակի արտահայտություն է և միաժամ փաստում է Հեղինակի հավատարմությունը իր անցյալին ու հուշին, և ուր հիշվում է 1910-20-ականների մի իրողություն` Կարս-Կըզըլչախչախի շոգեկառքը (գնացքը).
«Իւրահատուկ եւ թախծոտ շոգեկառք մըն էր ան//Ան որ Կարսէն դէպի Արեւմուտք երբեք չէր ճամբորդած//Ան որ Արեւմուտքը բնաւ չէր տեսած-չէր ճանչցած//Կարծես հոն աքսորուած պետական պաշտոնեայ մըն էր//Կամ ցկեանս հոն ապրելու դատապարտուած բանտարկեալ մը» (ԴՀ, 55):
Այս շոգեկառքի ժամանակն առարկայանում է Եղ. Չարենցի անձով ու կենսական դրվագով.
«Եղիշե Չարենց//Դեռ 22 տարու երիտասարդ բանաստեղծ//Որպէս ուսուցիչ կը պաշտօնավարէր//Պաշկէտիքլէր գիւղի դպրոցին մէջ//Եւ ամէն ամսագլխի//Կը նստէր Քըզըլչախչախի շոգեկառքը//Կ’երթար Կարս – ստանալու իր ամսաթոշակը//Եւ ման գալու իր ծննդավայր քաղաքին փողոցներուն մէջ» (ԴՀ, 56):
Իգնա Սարըասլանն իր վերջին ժողովածուներում ավելի հաճախ է հյուսում նմանատիպ պատմություններ, որոնք սովորաբար ավարտին հասնում են իրենց զգացմունքային ներուժին, ինչպես այս դեպքում.
«Ժամանակը սառնաշունչ քամի մը դարձաւ//Փշրեց-գոռաց-անցաւ ու գնաց//Այդ անմոռանալի օրերու վրայէն//Ոչ Քըզըլչախչախի շոգեկառքը//Ոչ ալ երբեմնի ուղեւորները մնացին//Կառախումբը անջատեցին//Քակեցին-քանդեցին-աւերեցին//Բաժան-բաժան ըրին//Տախտակները կոտրեցին//Որպէս վառելանիւթ գործածեցին//Մետաղեայ կազմածները հաւաքեցին-հալեցուցին// Ապակիները փշրեցին // Ոչնչացաւ-կորսուեցաւ-անհետացաւ // Մոռցուեցաւ տակաւ Քըզըլչախչախի շոգեկառքը// Մեզի միայն//Միայն յիշատակի փշուրները մնացին//Ապակիի փշուրներու նման յիշատակի փշուրներ//Որոնք կը խոցեն-կ’արիւնեն սիրտերը մեր» (ԴՀ, 57):
Ժամանակի մեջ մարդկային սահմանափակ գոյի (որպես սահման) և ժամանակի շարունակական ընթացքի (որպես հավերժություն) միջև ընդգծվող բաժանում-ընդհանրացումը թողնում է որոշակի զգացողություն` կապված հուշի բեկորների և զգայնություններով ձևակերպվելիք հնարավոր հիշողությունների հետ: Իգնա Սարըասլանը Չարենցին չի տեսել և Կզըլչախչախի շոգեկառքը չի տեսել, սակայն նրանք կան Բանաստեղծի ոչ թե հիշողությունների, այլ զգայնությունների անդաստանում, այն զգայնությունների, որոնք դարձել են հիշողության բաղադրիչ Կ. Գ. Յունգի ձևակերպած «ներհոգեկան ոլորտի», իսկ ավելի խորքում` անձնական ու կոլեկտիվ անգիտակցականների մակարդակներում: Սա տուրք չէ Եղիշե Չարենց բանաստեղծի հիշատակին, այլ գենետիկ և ոգեղեն հիշողության վերապրում, որ Հր. Մաթևոսյանը ձևակերպում է որպես «հիշողության վթար և վերապրում»5, ասել է` ազգային հավաքականության և հիշողության պայմանաձև, առանց որի անհնար է հաղթահարել ներազգային բարդույթները:
«Պատմուածք» է ու նույն գործառույթն ունի նաև «Փանոս Էօզարարատ» բանաստեղծությունը, որ մեր աշուղական արվեստի պատմությանը հավելում է գոնե մինչ այս ինձ անծանոթ մի անուն` Փանոս Էօզարարատ (1919-1985), և «Այս բանաստեղծութիւնը ձոնուած է /Անատոլուի վերջին հայ աշուղին /Գոնիայի Փանոս Էօզարարատին /Եւ իր անթիվ-անհամար նախորդներու յիշատակին»:
Մուսալլայի գերեզմանատան հայկական բաժնում «հազիւ վեց տապանաքար» կա թրքերեն արձանագրությամբ, որոնց մեջ է Անատոլիայի վերջին հայ աշուղի գերեզմանը.
« պահ մը կը խորհիմ թէ//Այդ տապանաքարն արդեօք//Միմիայն Անատոլուի վերջին հայ աշուղի՞ն տապանաքարն է//Թէ ոչ//Անատոլուի մեր բոլոր հայ աշուղներուն//Անհետ կորսուած բոլոր հայ աշուղներուն//Անյայտ գերեզմա՞նն է////Կը ձիւնէ շիրմաքարերու-նոճիներու//Հրաժեշտներու-արտասուքներու վրայ//Կը ձիւնէ փշրուած սէրերու-կարօտներու//Կը ձիւնէ պատմութեան վրայ//Կը ձիւնէ հայ աշուղներու անաւարտ երգերուն վրայ» (ԴՀ, 76):
Ժամանակի անդարձ սահքի զգացողությունը կա Բանաստեղծի մոտ, որ ուզում է հիշել ամեն ինչ, կազմել ժամանակի մեջ կորուստների ու գտածոների հաշվեկշիռը.
«Իւրաքանչիւր տարին որ կը սահի-կ’երթայ /Մեր յիշողութեան մէջ /Ե՞րգ մըն է թէ վէրք մը /Դեռ չեմ գիտեր» (ԴՀ, 47):
Մեկ այլ դեպքում Բանաստեղծը ձևակերպում է ժամանակի, կյանքի ու հուշի որոշակի հարաբերություն.
«Դարերու փոթորիկին մէջ /Ժամանակը երբ անխնայ կը հրէ-կը հրմշտկէ մեր կեանքը /Ի՞նչ կը մնայ որ մեզի /Մեզի այս կեանքէն /Եթէ ոչ խոնաւ յիշատակներու բեկորներ /Որոնց վրայ մենք կը դողանք – կը գուրգուրանք» (ԴՀ, 80):
Զահրատին հասցեագրված իր «Ուղերձում» Իգնա Սարըասլանը մեր ժողովրդի համար կարևորել է «Դափնիի տեղ փուշերով, բառերով ու տառերով փառապսակներ հիւսող բանաստեղծներու ներկայութիւնը: Դարերու անհունին մէջ արձագանգող տառապանքը, կարօտը, յոյսը և սէրը արձանացնող բանաստեղծներու գոյութիւնը»6: Ըստ էության խոսքը վերաբերում է նաև իրեն, որովհետև նույն ուլունքաշարի իրար հաջորդող բաղադրիչներ են իրենք: Վկայությունը ոչ միայն Զահրատի «Մեծ կողոպուտը» քերթվածն է` նվիրված Իգնա Սարըասլանին, ոչ միայն Սարըասլանի «Բանաստեղծին կաղանդը» երկի Բ հատվածն է` ձոնված Զահրատին, այլև հեղինակի «Տիեզերական» փոքրիկ շարքն իր զահրատյան կառուցվածքով, բաղադրիչներով և անվանումներով` «Տիեզերահռչակ», «Տիեզերաչափ», «Տիեզերաշրջիկ», «Տիեզերահանդէս»: Ահա և «Դէպի Հորիզոն» ժողովածուի տարբեր էջերում բացահայտ է դառնում Զահրատ-Սարըասլան ժառանգորդությունը: Ահավասիկ Սարըասլանի «Կեղծ բանաստեղծը». «Չէր ապրած – չէր ապրած /Այն ինչ որ գրեց /Երանի թէ /Ապրէր ամէն ինչ /Եւ բնաւ չգրէր» (ԴՀ, 17) կամ «Կարծեցին թէ» եռատողը. «Ծնաւ-կարծեցին թէ բնաւ պիտի չապրէր /Ապրեցաւ- կարծեցին թէ բնաւ պիտի չմեռնէր /Մեռաւ-կարծեցին թէ բնաւ չապրեցաւ» (ԴՀ, 12) և Զահրատի «Տապանագրի նմոյշներ» շարքը.
«Խոհեմ մարդ էր /չծնաւ /ոչ անուն ունեցաւ ոչ տարիք /ոչ ալ կեանքին հետ /առնելիք տալիք»7:
Կամ Զահրատի «Եռանկիւններ» շարքից. «Դժբախտութիւնը ընտրեց – /Ըսաւ – կայ ու կը մնայ /Երջանկութիւնը վաղանցուկ է մինչդեռ»8 և Սարըասլանի դիտարկումը. «Երջանկութիւնն ինչո՞ւ միշտ «չակերտ»ի մէջ էր /Եւ վիշտը միշտ գլխագիր – միշտ «շեշտ»աւոր» (ԴՀ, 21):
«Տարինա» բանաստեղծությունը, որ հարաբերական ներկայի արտահայտություն է, անդրադարձ է 1999-ի Մարմարայի երկրաշարժին ու նրա հետևանքներին, յուրահատուկ կարեկցանքի գրականություն, ուր նորից կարևորվում են ժամանակն ու հիշողությունը, մարդն ու կարեկցանքը նրա հանդեպ: Տարերքը միայն տարածք չի ավերում և միայն մարդկային ճակատագրեր չի բեկում, այլ նաև ժամանակի ու տարածության մեջ ավերակում է պատմություն, պատմական հիշողություն, գործեր ու մարդկանց` լինեն անվանակիր Ստեփանոս Արք. Հովակիմյան, Եղիշե Վրդ. Դուրյան, Կարապետ Ամիրա Պալյան, թե անանուն մի ջրաղացպան. «հարիւրամեայ խուլ ջաղացպանին հիւր եղա՞ծ ես /հնօրեայ ջաղացքը երբ եգիպտացորեն կ’աղար /ան – տարիներու եւ յուշերու բեռան տակ կքած /ոչ ջուրին կարկաջը – ոչ ջաղացին երգը կը լսէր /ջաղացքը եգիպտացորե՞ն կ’աղար /Թէ ոչ անցնող գացող ժամանակը /-ոչ ոք գիտէր – /-մինչ խուլ ջաղացպանը հպարտ – դարերուն դէմ կը կանգնէր» (ԴՀ, 64):
Մեջբերվածը կարևորում ենք, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես են Սարըասլանի մոտ զգայնությունը և դրա գնահատականը դառնում պատկեր` չհրաժարվելով այդ նույն զգայնությունից և պահպանելով այն:
Կույր տարերքի ու ավերման թեմային` մեր երկրաշարժին, Սարըասլանն անդրադարձել է տարիներ առաջ` «Ճիշդ այն պահուն» քերթվածով: (Միջանկյալ նշենք, որ Զահրատն էլ իր հերթին անդրադարձել է «Փլատակներ»9 քերթվածում` զահրատավարի հասնելով արտակարգ տպավորչության և ընդհանրացման):
Սարըասլանը հաճախ է ապավինում անցյալին, հենվում նրան, սակայն երբեք չի դառնում անցյալապաշտ, այլ ներդաշնության կարոտն ունի բոլոր դեպքերում և բոլոր հարաբերություններում:
Սարըասլանը լույսի և սիրո բանաստեղծ է: Ականջալուր լինենք նրա բանաստեղծական հանգանակներին.
«Բանաստեղծները պատուհաններ են /Որոնք /Նոր յոյսերու- ներ հորիզոններու /Նոր արեւներու վրայ կը բացուին» (ԴՀ, 83):
«Ձեր արցունքը մեր այտերէն թող հոսի//Մեր ժպիտը ձեր աչքերուն մէջ թող ցոլայ» (ԴՀ, 101):
«Եւ /անմահութիւնը /մոռացկոտ /դարերու /յիշողութիւնը /յաղթահարող /բոցավառ /արձագանգ մըն է» (ՍԳ, 60):
Բայց սիրուն դառնանք, որովհետև այն հավերժորեն նոր և հավերժորեն անկրկնելի է: Նաև այս դեպքում: Սարըասլանը սիրո ալամդար է և իր բանաստեղծական ճանապարհին եղել է ու կա սիրերգակ: Առանց սիրո իր բանաստեղծությունը փոքրիկ հողակտոր է, իսկ սիրով հանդերձ դառնում է տիեզերաչափ: Սերն ամենայն շնչավորի ավիշն է, ամենայն անշունչը կենդանացնողը, աստվածային այն հոգեղենը, որ նախանյութ է և վերջնարդյունք: Այդ պատճառով է ժպտում և ասում.
«Նախ կարօտներուն-երազներուն// Նախ սէրերուն չափերն առ տնաշէն//Ապա տիեզերքին» (ԴՀ, 33):
Սարըասլանը գիտի, որ սերը հավերժ է, «Եւ կեանքն ալ որ մոխիրն է սիրոյ մեծ հրդեհներու /հազարամեակներու քառուղիին վրայ /դեռ գաղտնիքներով դեռ առասպելներով մշուշապատ /Ռամզէսի հսկայ արձան մըն է Ապու Սիմպէլի մէջ» (ԴՀ, 104), և արարում է իր քերթողության տեսանելի գագաթներից մեկը.
«Սեւ վարդ մըն է յիշատակը – կը թոշնի /Յաղթանակը հին աղբիւրի մը նման կը ցամքի /Ճակտի քրտինքը կը շոգիանայ /Վաստակը կը մոխրանայ /Անհանդարտ ճնճղուկ մըն է /ժամանակը որ կը թռի կ’երթայ /Կ’անցնի կեանքը – սէրը կը մնայ /Նուաճումներն ու համբաւները տակաւ կը տժգունին /Թագերն ու շքանշանները կը ժանգոտին /Գահերն ու գահակալները կը մոռացուին /Սրընթաց գետ մըն է ժամանակը որ կըհոսի կ’երթայ /Կ’անցնի կեանքը – սէրը կը մնայ /Մարմինները կը հիւծին /Բառերը կը մաշին /Վրէժը-քէնը-նախանձը փսոր-փսոր կը փշրուին /Բազմութիւնները առանձնութեան անձրեւներուն տակ կը թրջին /Անզսպելի հով մըն է ժամանակը որ կը սուրայ կ’երթայ /Կ’անցնի կեանքը – սէրը կը մնայ /Կ’անցնի կեանքը /Կ’անցնինք մենք /Սէրը կը մնայ» (ԴՀ, 43):
Հետևելով բանաստեղծությունների գրության ժամանակին, որ նախանձելի հետևողականությամբ արձանագրում է հեղինակը` նկատում ենք, որ այս քերթողությունը ստեղծվում է բազմազբաղ գործունեությունից դուրս` հազվադեպ հանգստի պահերին կամ տոն օրերին, երբ ժամանակի հաշվեկշիռն է իրականացվում: Բացառություն չէ նաև «Առաջին սէր» քերթվածը, որ ներբող է այդ Առաջինին, Անկրկնելիին.
«Այս գիշեր /Նոր լոյսերով բեռնաւորուելու /Նոր յոյսերով բեղմնաւորուելու առիթն է /Այս գիշեր /Պարտութիւնները մոռնալով /Յաղթանակներ ողջունելու /Մահերը մոռնալով /Նոր ծնունդներով ողջագուրուելու /Հաշվեյարդարի /Ամէն ինչ սրբելու-ներելու-հաշտուելու /Ամէն ինչ մաքրելու-մոռնալու երազային գիշերն է /Այս գիշեր /Մոռցե՛ք ամէն ինչ /Բայց մի՛ մոռնաք պահ մը կանգ առնել եւ յիշել /Յիշել ձեր «առաջին սէր»ը» (ԴՀ, 98):
Սիրո անդաստանում հեղինակը չի մոռանում նրանց, ովքեր չեն ապրել սիրո կատարյալ երջանկությունը, և համբույր է նվիրում «Բոլոր այն կիներուն /Որոնք /Մայր չկրցան ըլլալ», «Որոնք /Սպասումներու թագուհին /Յուսալքումներու սրբուհին /Ճգնաւոր սրտերու իշխանուհին եղան», ասել է` անավարտ երգ են:
Սարըասլանն իր «Դէպի Հորիզոն»-ը մատենագրում է` սկիզբ տեսնելով «Անուանակոչում» խտացումը.
«Երկինքը ծնրադրեց /Ծովուն հետ համբուրուեցաւ /Համբոյրը հորիզոն կոչեցին» (ԴՀ, 5):
Եվ ավարտում է իր նրբահյուս մատյանը յուրահատուկ մի հիշատակարանով.
«Հորիզոնը սէր կոչեցին /Սէրը` վերածնունդ» (ԴՀ, 122):
Սեր-հորիզոնով սկզբնավորվում, հորիզոն-սիրով է շրջանակվում Իգնա Սարըասլանի ինքնուրույն, «նորատարազ», մարդասեր բանաստեղծությունը:
———————–
1 Իգնա Սարըասլան, Քառասմբակ սէրերով, Իսթանպուլ, 1994:
2 Իգնա Սարըասլան, Սիրոյ գոյնը, Իսթանպուլ, 1998: Այս գրքից մեջբերումները շարադրանքում կհիշվեն ՍԳ հապավմամբ, կնշվի նաև էջը:
3 Барт Р., Избранные работы: Семиотика: Поэтика, М., Прогресс, 1989, с.137.
4 Իգնա Սարըասլան, Դէպի Հորիզոն, Իսթանպուլ, 2016: Այս գրքից մեջբերումները շարադրանքում կհիշվեն ԴՀ հապավմամբ, կնշվի նաև էջը:
5 Մաթևոսյան Հր., Սպիտակ թղթի առջև, Ե., 2004, էջ 6:
6 Եկեր եմ կ’երթամ այսպէս – որու ինչ, Իսթանպուլ, 2012, էջ 120:
7 Զահրատ, Բառ բառի քով, Ե., 2007, էջ 407:
8 Զահրատ, Ջուրը պատէն վեր, Իսթանպուլ, 2004, էջ 27:
9 Զահրատ, Ջուրը պատէն վեր, Իսթանպուլ, 2004, էջ 77: