Նա շարունակում է ստեղծագործել այստեղ՝ երկրից հեռու, ներշնչանքի թևերին: Եվ կերպարանափոխության առեղծվածը բացվում է՝ մեկ բառով… երկու… երեք… Ձևավորվում և մարմնավորվում է բանաստեղծական մի նկարագիր, որն իրական կյանքի և երազի համատեղ հյուսվածք է, հակասական երանգներով և բազմաշերտ հոգեվիճակներով ամբողջացող մի ներաշխարհ:
Անդրանիկ Կարապետյան բանաստեղծը մինչև բառին մոտենալը հպվում է իր հոգու խոսուն լռությանը, ըմբռնում, որ «Ինչ-որ ժամանակ է եկել-անցել…»: Հետո ճեղքելով ճանապարհի մշուշը, մի ձեռք հիշողության շրջանակի միջից նրա «պտղունց ձայնն է ցանում երազի արտաշնչող մոխրի վրա»: Այստեղ՝ երկրից հեռու, ներշնչանքի թևերին…
Ուզեցի թոնիր վառել,//Բայց արցունքներիցս թրջված աթարները չվառվեցին,//Սկսեցին մխա՜լ, մխա՜լ, մխա՜լ//Մնացած ամբողջ կյանքիս համար:
Հիշողությունների բռունցքի մեջ սեղմված մի աշխարհ իր առաջին վստահ քայլն է կատարում դեպի անվերջություն: Եվ հակադրության թևերում բացվող երկինքը լուսավորում է ընթերցողի հոգին: «Կրակի ցուրտը վառում է մատներս»: Բոլոր պատյաններից հրաժարվող բանաստեղծը խուսափում է նաև հարմարավետության նստարաններից, հասկանում, որ անհնար է հուզել հասարակությանը «փողկապ-թիթեռնիկներով»: Ինչպե՞ս շրջանցել երկկենցաղ խաբկանքն ու կյանքի քաոսը, չէ՞ որ… «Երազներ էին շնկշնկում խաշամի ծալքերում»:
Ա. Կարապետյանը կարողացել է սյուժետային բանաստեղծությանը օժտել արդիական շնչառությամբ («Երկինք»): Երկինքը թոնիր է և օջախի մաքրության խորհրդանիշ: Ստեղծելով լուսնաբաժին նոր բառը՝ նա ինքնին ստեղծում է նոր երանգ, տպավորություն, միջավայր («Բառը մի աշխարհ է» Հովհ. Թումանյան):
Մայրս թևերն է քշտել.//Հիշողության խմորն է շաղախում,//Ու թափված ալյուրն ահա//Հարդագողի ճանապարհ լինի//Մորս գոգնոցին:
Աշխարհի ճակատագրով մտահոգված բանաստեղծը սարսափում է այն մտքից, որ երկրագունդը դարձրել են մի ական: «Որքան կդիմանամ //Այս տիեզերական հավասարակշռության մեջ»:
Բանաստեղծի խոսքի ուրույն պատկերավորությունը համակում է ընթերցողին և նրա մեջ հարազատ ու տաք երանգներով բացահայտում Անհայտի լուսափայլ շերտերը: «Անձրևը գզգզում է ինքն իրեն// Ու ցեխաջրերին խառնվելով// Բարձրանում է՝ իր հետ բարձրացնելով //Հազար ու մի տապանիկներ…»:
Գոյատևման խորհուրդը թափուր պատուհան է փնտրում կամ սոված հայելի, ուր արտացոլվող հեռավորությունը մի ժամանակ ինչ-որ մեկի կենսագրությունն էր: Մի քանի բառով հյուսվում է անմիջական կոլորիտ, ներշնչանքի անդրադարձ, խոհի սյուն: Բացվող պահը տեսարան է…
Թափուր սենյակ- //Չհավաքած մահճակալ: Կորամեջք աթոռ: Թափուր հոգի…
Ենթատեքստում նշմարվող այս համեմատությունն ավելի է ուժգնացնում ապրումը, կրկնապատկում հուզականությունը, նոր լույս սփռելու ասելիքի խորության և ընդհանրացման թարմության վրա: Իսկ «Սոված հայելի» վերնագիրը մի առանձին բանաստեղծության ուժ ու խորություն ունի: Հոգին, ուր բանաստեղծությունն է ապրում, ավերակ է…
Ու ծանրանում են շուրթերդ բառի հյութով,//Եվ շուրթերդ քոնը չեն արդեն…
Ասելիքը մի նոր լռություն է ստեղծում, բացում հոգու նոր տեսարան: Ու բանաստեղծը փորձում է իր հոգին տեղավորել նաև բառից դուրս… «Աշխարհը լողում է կարմիր շրջանակների մեջ»: Եվ այդ պահին ներշնչանքը բերում է նոր գյուտ.
Տռզած երակներով քո ձեռքերը//Հազարամյա ծառի հիմներ են հիշեցնում//Ստորգետնյա:
Բանաստեղծի երևակայությունը բացահայտում է բառի նոր երանգներ, որոնցով հարստացած հոգին անխոցելի է: Հիշում է հայրենի Մուշը («Քո հազար տարվա Արյունը ես եմ»), ուր ժամանակն է վերջին նահատակը: Վաղվա Հավատի դարպասը բացող սերունդն այսօր երդվում է հողով: Ա. Կարապետյանը իր «Բոլորովին էլ այդպես չէ» բանաստեղծության մեջ ծաղրում է նրանց (գրչակոթ ծծող մոլորյալներին), ովքեր, ներշնչվելով օտար քամիների բերած «գունավոր» պատրանքներով, անխնա կոխկռտում են ազգային արժեքները՝ ստեղծելով գորշ ու անհոգի միջավայր. //Աշխարհաքաղաքացի ձիերը //քարտեզի վրայից մեր պատմությունն են արածում//:
Այդ ձիերը//Մեկ ժամում կարող են արածել//Քո աշխարհայացքը, քո կերպը,//Քո կենսագրությունը…
Ստեղծելով քաոս, նրանք իրենց տեսակն են տարածում՝ գորշ ու անհոգի և քստմնելի («Դատարկն է դատարկվում»):
Կորցնում ենք, ինչը այնպես թանկ էր երեկ…
Ա. Կարապետյանը մոր կերպարը ստեղծում է ազատության վրձնահարվածներով և հոգու գույներով:
Բառերը…//Զինվորների պես շարված բառերը://Քանդվում են: Դասավորվում են այլ կերպ://Մի քանիսը հեռանում են, գալիս են նորերը,//Շարվում են այլ կարգով, այլ նախադասությամբ…//Եվ այս զորահանդեսն ընդունում է//Ամենաբարձր բառը, որի անունն է ՄԱՅՐ:
Հեռանալով սյուժետային բանաստեղծություններից՝ նա մտնում է գծերի, զիգզագների, հոգեվիճակների պոեզիայի տարածությունը և բացահայտում Ոգու ընթացքը, իր ձգտումների պայծառ հանգրվանը, ուր ազատության մեջ կայացող բանաստեղծության անակնկալ պատկերն է ընդառաջ գալիս: «Իջնելիս //Աստիճանների աղիողորմ կաղկանձի մեջ //Չէր լսում ձայնը սրտի: //Սիրտը՝ պատռված թմբուկ, //Ասես թողել էր վերևում…»: Այստեղ՝ երկրից հեռու, ներշնչանքի թևերին բանաստեղծը գտնում է իր անխոնջ որոնումների միակ իմաստը, լսում գույնի ճիչը, բառի աղոթքը, լռության համբուրող շուրթերի տաք աղաղակը, իր Ոգու անակնկալ դիմագիծը: «Արյունը չի հանդուրժում զսպաշապիկն իր…»: Գտնում է ու կորցնում: Կորցնում է և… գտնո՜ւմ: Հանկարծ ըմբռնում է, որ «Երկրից բարձրացող այս ծառը //Մորս ձեռքի երակի պես բաժանվել է մազանոթների»: Ելնելով լռության միջից, բանաստեղծը գնում է շարունակ դեպի նրա խորքերը: Կանգնում է իր դիմաց՝ հրաժարվելով բոլոր հայելիներից (իմա՝ սպառվա՜ծ արտահայտչաձևերի): «Ու սերմնացանը //Արև է ցանում հողի երեսին, //Նաև քրտնաշաղ հեռավոր երգեր…»: Սիրո շարքերում նույնպես, Ա. Կարապետյանի ստեղծած պատկերը լռության խորքերից բարձրացող աստղ է: «Գիրկս եմ քեզ մոտ թողել, //Քո արխիվից սիրո //Ձեռքերս տուր…»: Իսկ սիրո դուռը՝ անկեղծությունն ու անմիջականությունը, արվեստում միշտ նրա դիմաց է բացվում, ով ուժգին ու խորն է սիրում: «Դրսում քամին սանրում է առվի կանաչ մազերը, //Եվ ջրափոսերն են փշաքաղվում անընդհատ…»: Թեմաների սահմանագիծն հատելով՝ հեղինակը կերպավորում է առօրյայի իրարահաջորդ երանգները: «Սև շուկա» բանաստեղծությունն առանձնանում է բառապաշարով, որն ամբողջացնում է առօրյայի ուռուցիկ երանգները, տիպական ընթացքը: Թեթև տոնով խոսելով կյանքի ծանր հարցերի ու հոգսերի մասին՝ բանաստեղծն ընդգծում է հումորով շղարշված կյանքի ողբերգությունը: «Ցածրացիր ու անցիր //Սահմանը բաժանող: //Կյանքս տամ-ցավ առնեմ, //Էժանո՜վ, էժանո՜վ…»: Եվս մի դիտարկում. «Երկու փոքրիկ աղունիկներ //Ղունղունում են կողք կողքի// Ու խաղում օդեղեն խաղալիքներով…»: Իսկ Գյումրին ասում է՝ բարև՛… «Բուռ-բուռ վերցնում եմ քո լուսաբացից, //Դեմքիս շպրտում: //Ու լվացվում եմ…»: Գյումրին արև է հագնում, դառնում Կումայրի: Բայց գոյություն ունի նաև պատը, որ բաժանում է այս և այն կողմերը: Պատը՝ թեմաների միջև, պատը՝ սահմանագծի պես երկիրը բաժանող: Պատը, որ բաժանում է հոգին երկու մասի: Մեզ սփոփողը երազն է, «Երազը, որ չունի ներկա, ունի անցյալ»: «Ժամանակը մի սարդախեղդ անկյուն, //Որտեղ փորձում ես դեռ ելնել, կանգնել ոտքի…»:
Անդրանիկ Կարապետյանը հաջողությամբ է կիրառում բանաստեղծության բոլոր չափերը, ձևերն ու արտահայտչամիջոցները: Ուշագրավ և առանձնահատուկ են նաև նրա հանգավոր բանաստեղծությունները («Երբ իմ օրերի խոր անտառի մեջ», «Նամակ», «Գիշերը աչքերն է բացել», «Մի աղջիկ՝ անձրև մազերով», «Շամպայն», «Գինի», «Տարակերպություն»), որոնք ընթերցողին հուզում են ոչ միայն հանգերով և ռիթմի ընթացքով, այլև պատկերների թարմությամբ և անակնկալ ընդհանրացումներով:
Գիշերը աչքերն է բացել,//Աստղերը թախծում են, ոչինչ,//Լուսինը հնձվորի հացն է-//Կախ ընկած գերանդու պոչից:
Նա շարունակում է ստեղծագործել այստեղ՝ երկրից հեռու, ներշնչանքի թևերին: Եվ կերպարանափոխության առեղծվածը բացվում է՝ մեկ բառով… երկու… երեք… Ձևավորվում և մարմնավորվում է բանաստեղծական մի նկարագիր, որը իրական կյանքի և երազի համատեղ հյուսվածք է, հակասական երանգներով և բազմաշերտ հոգեվիճակներով ամբողջացող մի ներաշխարհ: