«Սիլֆի նուրբ երազանքները» ժողովածուից
ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՀ
Կյանքը երգ է՝
ուղարկված ի վերուստ:
Պտույտը մոլորակների, անկումն ասուպների,
բողբոջումը ծառերի, վազվզոցը քամիների,
ժպիտներն աղջիկների, քայլերը երեխաների,
գումարումը թվերի, սոսափյունն անտառների,
բախումը մտքերի, փոփոխությունը գույների,
խաղն ալիքների, ջերմությունը շապիկների,
թշշոցը թեյամանների, մոտեցումը պահերի,
անխուսափելիությունը հանդիպումների, գգվանքը
նախազգացումների, շարանն ամբոխների,
աղմուկը մեքենաների, հրահրոցն անվերջ
զգացմունքների, հոսքը բազմաձև պատկերների,
չարաճճիությունն անընդհատ սլացող վայրկյանների
– ահա, ձայները նրա, ահա, տիեզերական շքերթը
հնչյունների:
Երգում է ժամանակը, երգում է տարածությունը՝
աղավաղումները ջնջելով սպունգի նման,
ու երգը շարունակվում է, երգը շարունակվելու է
դադարների միջով և ոգեշնչման:
ԵՐԳ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
Ես եմ այս փոքր սենյակը,
ես եմ թախծի խրախճանքը,
ես եմ անվերջ ճանապարհը,
ես եմ լքված ողջ աշխարհը,
ես քեզ եմ ասում, արթնացում իմ դալուկ,
ամեն ինչում ես կամ:
Թող շրջմոլիկ ինձ կոչեն,
ես՝ անկոտրում և անքեն,
իմ մահճակալն է անկյունը,
ուր երազանքի բույնն է,
ուր թևածում է, դեմքերը գրկած,
իմ լռությունը խոսուն:
– Կիրագործվե՛ն,- երգում են
իմ եղբայրներ անձրևները:
– Կիրագործվե՛ն,- երգում են
մեզ ուղեկցող պահերը,-
կիրագործվեն լուրերը:
ԱՆՁՐԵՎ
– Արթնացի՛ր,- ասաց ինձ երազի և իրականության
միջանցքներում
ինչ-որ մեկը,
և արթնացա ես, բայց ուրիշ մի աշխարհում:
Մի՞թե լինում է այդպես,
երբ օդն ինչպես շնչառություն լինի,
և մշուշագույն ննջարանի տարօրինակ լռությունը
լինի գաղտնի հայտնություն…
– Մենք եղբայրներ ենք,- երգում է ինչ-որ մեկը,-
հոսում եմ ես ձեր մեջ, իմ մեջ եք դուք հիմա հոսում,
օ՜, ինչ սիրուն է լուսաբացը,
որ ծնվում է մեր կաթիլներում:
ՕՐԵՐԸ
Օրերն ունեն բուրմունք և գույն։
Վարդի նման բացված մի օր,
ու ետևից՝ մի օր, ինչպես
սև թիկնոցով մի մարդ,
օրեր, որ աստղերի համար կարծես
հայելի լինեն,
խելահեղորեն համեղ մի օր, և օր,
որի ձեռքերը չես գտնում, չկան
նրա ձեռքերը…
Անձրևային ու թաց այսօրը՝
ուռենու կպչուն ու քաղցր բուրմունքով,
լալիս է ինչ-որ մեկը, լալիս են քո ձեռքերը,
և հանդարտ թափվում են իմ մտքեր-տերևները,
լցվում է ինչ-որ բան մեր մեջ
անհասկանալիորեն լուսավոր,
անհասկանալիորեն ցանկալի…
– Նայե՛ք,- շշուկը նրա,
– Նայե՛ք,- շշուկը մեր…
Անհասկանալի մի օր՝
անակնկալ խաղաղությամբ,
անսպասելի իր լռությամբ։
ՆԵՐԱՄՓՈՓՈՒՄ
Ես ապրում եմ իմ փակ աչքերում,
ուր տանում է ինձ գունեղ հեռուն,
ես լուսնոտ եմ պայծառ աստղերում,
սեր եմ խխունջի երազներում,
ու տերևներում քնած թզուկ եմ,
սոճիների տակ աճող մի սունկ եմ,
ստվերներում պահված՝ փոքրիկ մի ստվեր,
մութ քարանձավում՝ լուսե ջահեր,
ես այնտեղ եմ, ուր փերի է մահը,
ետ դարձի փակել եմ ճանապարհը,
փոփոխվող աշխարհն ինձ մոռացել է,
ես էլ աշխարհից այս հեռացել եմ։
Ո՞վ կասի՝ հիմա այս փողոցից
ես փակ աչքերով ժպտում եմ ինձ։
«Բնության տաճարում» ժողովածուից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀՐՄՇՏՈՑՆԵՐԻ ԱՐԱՆՔՆԵՐՈՒՄ
Եվ գուցե ճիշտ է ամեն ինչ լքել ու հեռանալը…
Անտառի խորքում տնակ շինել բացատի մոտ,
որ ամեն անգամ լավ երևա արևագալը,
որ մայրամուտին նայեմ շառագունած կամ ամպոտ։
Պատուհանի մոտ նստել, ի մի բերել ողջ կյանքը,
կամաց-կամաց գանձերը վերգտնել, սրտում գոցել,
կախիչից կախել վահանը, սուրը և բաղձանքը,
և խաղաղությամբ հոգուս երգերը լույս լսել:
Ապակուն հպված սպասել, որ եղևնուտներից
մոխրակապտավուն, կանաչ, ամպոտ լուսաբացին
կամ մայրամուտին մի օր քայլեն դեպ ինձ հեռվից
միակ իմ թագավորը և միակ իմ թագուհին։
ՍՈՃԻՆ
Վեհատես սոճին բացատում,
ինչպես հայացք, մտքերն է քո հատում,
քամուց թեթև տարուբերվում՝ ազնիվ ու վես,
ասում է քեզ խոսքեր, լսում է քեզ։
Եվ խոսքը նրա անդորրն է անալիք,
և տեսքը՝ հայտնություն և բանալի,
խորհուրդների իրագործում, անէ կնիք,
հանկարծակի տրված անբառ գաղտնիք։
Եվ չգիտես, թե ինչ ասաց, ինչպես,
արքայատես սոճին ազնիվ ու վես,
բայց բառն անձայն, աներևույթ հաղորդությունը՝
հենց այդ է քեզ տալիս
վաղուց կորցրած անհաս խաղաղությունը։
ԱՆՏԱՌԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Անտառը երաժշտություն է.
սվվոցը ծառերի և լռությունը,
կանաչի երփներանգությունը,
ծղրիդի ձայնը կենտ, հանկարծակի,
կկվի երգը և հար կրկնությունը,
կաչաղակի ելքը քո կողքին՝
վերևում՝ վարագույրից կանաչ՝
շատ անսպասելի, հանրաճանաչ
սև իր սմոքինգով նետված առաջ,
դիրիժորի պես ճչան, գաճաճ՝
չափ, ընթացք տալով այդ համերգին։
Կկվի ձայնը, ընդհատված կրկին,
զեփյուռի ուղեկցությամբ հնչում է,
ամպերը մեղմընթաց կարծես կանչում են,
լսվում է նրանց եթերային հնչյունը,
որ մերթ՝ հստակ, և մերթ հանգչում, հալչում է։
Շիկահավի կարճ, անձուկ սուլոցը
հիմա մեներգ է, մնացյալը գոց է,
մնացյալը լուռ է, համրություն է։
Եվ անվերջ մնում է ցանկությունը
քննելու անտառի խորությունը,
լսելու այդ երաժշտությունը։
ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է ԽՈՍՈՒՄ
Լռությունն է խոսում։
Եվ եթերում զնգում են իոնները,
ինչպես ձյան զրնգուն, լույս փաթիլները։
Նրանց հպումներից են տերևները
թեթևակի շարժվում, թեթև սրսում։
Լռությունն է խոսում։
Հրեշտակները
շարժում են թևիկները, և բզեզը
արթնացավ, պարզեց ոսկե երեսը,
դժկամորեն լքեց տերևի դեզը,
որի վրա շարժում են թևիկները
հրեշտակները։
Օրվա կես է։
Փայլում է երգերով աշնան արևը,
լսվում է, թե ինչպես ընկավ տերևը,
լսվում են շողի շունչը, հողի հևը,
երկնից իջնող զվարթունների հար ծեսը։
Օրվա կես է։
Նյութը և ձևը
ամենի ոգեղենիկ են, կյանք են,
և ողջ աշխարհը ղողանջող մի վանք է,
լսվում է պտտվող Երկրի առանցքը,
լսվում են Երկրի խորքը և կեղևը,
նյութը և ձևը։
Տիեզերքը
մեղմաձայն, թովիչ մի երգեհոն է,
լռություն պաշտող ծառա է, տուն է,
ուր օրհնվում է Արարչի անունը…
Եվ չաղմկող աշխարհն է շատ խոսուն։
Լռությունն է խոսում։
ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԻ ԱՆՏԱՌԸ
Հսկա այս եղևնու հաստ բնի մոտ
հուժկու արմատների ցանցն է ձգված,
որոնց արանքներում բզեզը ժիր
առաջ ու ետ է վազում մոլորված:
Քիչ վեր՝ կախված ճյուղերն են առաջին՝
խեժաբույր և արծաթակապույտ,
նրանց տեսքից կաթում է վեհություն,
բույրից՝ թեթև, քաղցրիկ գլխապտույտ:
Հայացքդ վեր հանես՝ թռչնի դայլայլ,
զավեշտ երաշտահավն է ծիկրակում,
իսկ սաղարթի խիփ-խիտ արանքներից
արևն է սողոսկում և կրակում:
Իսկ գագաթին արևը, թագ ինչպես,
փայլում է, աստղի պես խաչավորվում,
և ամենավերում հսկա մարդու
ձեռքերն են օդեղեն խաչաթևում:
Ոտքերը՝ երկրի վրա, գլուխն՝ այնտեղ,
հսկա այդ Մարդը, մարդացած Աստված
նայում է, հիացած արտաբերում.
– Օրհնյալ լինի անտառը իմ ստեղծած: