Փրկարարների խումբը բոլոր ուժերը կենտրոնացրել էր ավերված շենքի մի հատվածի վրա, որը ցույց էր տալիս կինը.
– Այստեղ են, քանդե՛ք… խնդրում եմ, հենց այստե՛ղ… երեխաներս այստե՛ղ են…
Կինը, որ կանգնած էր փրկարարների կողքին, հիմա հեռվում էր։ Հետևում էր, թե ինչպես էր խմբի գլխավորը՝ Արմանն ուղղորդում մյուսներին, ինչպես էին նրանք ճշգրտորեն մոտեցնում տեխնիկան, զգուշությամբ բարձրացնում պանելի կտորը, երկաթի ու բետոնի մնացորդներով ծռմռված կտորտանքը տակից անմիջապես ամրակայելով վնասազերծում, հատուկ հարմարանքների օգնությամբ դուրս բերում հնարավոր բոլոր մասերը։
Շերտ առ շերտ՝ փոշու ամպի հետ բացվում էին ավերակված տան բազմահարկ ընդերքում անճանաչելիորեն խեղված կահ-կարասու պատառիկներ, խոշտանգված իրեր, փոշակոլոլ անկողին, ջարդուփշուր սառնարան, սպասք…, ամեն բան՝ բացի շնչավոր կամ անշնչացած որևէ մեկի… Շերտ առ շերտ՝ ժամերով, առանց հանգստի, ընդամենը պարբերաբար իրար հերթափոխելով յոթ հոգանոց խումբն առանց հանձնվելու բաց էր անում փլատակի որովայնը, և միայն ժամանակ առ ժամանակ փրկարարների առաջնորդը հայացքը վեր բարձրացնելիս հնարավորինս տեսանելի հեռվում նկատում էր կնոջը՝ իր տեղում կանգնած, և հուսահատության պահերն ասես ընկրկում էին՝ իր ներսում հնչող նրա ձայնից.
«Այստեղ են, քանդե՛ք… խնդրում եմ, հենց այստե՛ղ… երեխաներս այստե՛ղ են…»։
Չորս ժամ աշխատել էին, և արդեն ցերեկը մաշվել՝ երեկոյին էր մոտենում… Ուժերը տեղի էին տալիս։ Ճի՞շտ էր արդյոք՝ ուժերի սպառումով, վճռորոշ պահին վտանգի ենթարկել գործը. Արմանը գիտեր իր անելիքը, միայն թե՝ ո՛չ տապալելու ռիսկով։ Հապաղելը մարդկային կյանքեր արժեր։ Քանի լույս է՝ սկսածն ավարտել էր պետք…
Մի պահ ուզեց շնչառական դիմակը հանել. օդը պակասել էր։ Տղաները, պարբերաբար իրար փոխարինելով, մաքուր թթվածին էին շնչել, մի քանի կում ջուր խմել ու վերադարձել իրենց գործին։ Ինքը մեկ անգամ էր միայն դադար առել, մի քիչ հեռացել էր ու հանել դիմակը, և երբ ջրի շիշն ուզել էր բերանին մոտեցնել, հայացքը դեմ էր առել նույն տեղում կանգնած կնոջը։
Էս ի՛նչ ուժ ունի կին արարածը՝ հասցրել էր մտածել. թվում է՝ ամենափխրունն է, պիտի թուլանա, ֆիզիկապես գոնե տեղի տա, այնինչ՝ տեղից չի շարժվել… Երևի ջրից էլ հրաժարվել է՝ մինչև չտեսնի իր զավակներին՝ ողջ կամ… Արմանի միտքն անգամ հրաժարվել էր նախադասությունն ավարտել։ Ջուրն արդեն խմել էր, բաց օդում խոր շունչ քաշեց, իրեն արագ կարգի բերեց ու միանգամից քայլեց խմբի տղաների ուղղությամբ։
Պանելի երրորդ շերտը բարձրացրել էին անհույս։ Տրորված երկու մարմիններն անճանաչելիորեն խոշտանգված մեծահասակներ էին։ Ծերունու մարմինը դեռ տաք էր։ Արմանը հնարավորինս անվտանգ կազմակերպել էր նրանց դուրսբերումը… Երեխաներին գտնելու, այն էլ՝ ողջ տեսնելու հույսը զրոյանում էր։ Քանի խորանում էին, այնքան ավելի էր դժվարանում ամրակայման գործը, և մեծանալով մեծանում էր հնարավոր նոր փլուզման վտանգը։ Գևորգը, որ Արմանի աջ ձեռքն էր՝ փորձառու փրկարար, մի պահ նայեց Արմանի կողմն ու երկու ձեռքը խաչելով նշան արեց, թե՝ անիմաստ է. (գուցե դադարեցնե՞նք)… Գլուխը տարուբերելով Արմանը մերժեց, և խումբը շարունակեց աշխատել… Տասը րոպե էլ չէր անցել, որ հրաշքի պես օդային մի բացակ երևաց, և արդեն Արմանի՝ կատարյալ դադար պահպանելու կտրուկ հրահանգից հետո, ներսից ինչ-որ ձայներ լսեցին…
Տղաները հիմա աշխատում էին միայն ձեռքերով, մեծ զգուշությամբ հեռացնելով արտաքին շերտից հնարավոր ամեն բան, ինչը փլուզման ռիսկից համեմատաբար դուրս էր… Արևն արդեն կարգին իջել էր՝ ասես ավերակի ներսը զննելու և բաց չթողնելու վերջին կես ժամվա ընթացքում ներքևից անընդմեջ լսվող ձայների ոչ մի ելևէջ… Հիմա բացակի բերանն արդեն փոքրիկ տղայի փոշակոլոլ գլուխն ու ճանկռոտած ուսերն էր դուրս տալիս՝ ասես մոր արգանդից առաջին անգամը ծնվելու կրկնողությամբ… Արմանը հայացքով ակնթարթում փնտրել էր երեխաների մորը՝ տեսնես նա հիմա հասկանո՞ւմ է ինչ է կատարվում, բայց նույն պահին էլ միտքն աշխատել էր բանտված հաջորդ երեխային դուրս բերելու քայլերը հաշվարկելու ուղղությամբ։ Ժամանակ չկար, քանի որ ամենափոքրին վեր բարձրացնելուց հետո ներսից հազիվ լսվող մի ձայն հորդորում էր՝ «առաջինը դու». ուրեմն ներսում առնվազն երկուսն էին, և ծայրահեղ զգույշ էր պետք լինել՝ նրանցից առաջինին դուրս բերելու ժամանակ՝ երկրորդին վերջնականապես չխորտակելու համար…
«Իսկ եթե երե՞քն են»,- մտածեց Արմանը։
Դուրս բերված փոքրիկը շատ էր փոքր՝ հարցին պատասխանելու համար, թե ներսում քանի՞ հոգի են։ Նա թույլ ձայնով անընդհատ լալիս էր, երևի դեռ խոսել էլ չգիտեր։ Երեխային գրկած՝ արագ տեղափոխեցին պատգարակի վրա և դուրս բերեցին փլուզման գոտուց։ Քիչ անց, բացակի մի քիչ ավելի ընդարձակված երախով, երկրորդ անգամը ծնվում էր վեց-յոթ տարեկան մի տղա… Քույրը վերջինն էր։ Նրան դուրս բերելու համար նախ պետք էր հավելյալ ամրակայել բացակի շուրջը… Րոպեներն ասես տարի էին տևում։ Դուրս բերված տղան հրաժարվում էր առանց քրոջը փրկված տեսնելու քայլ անգամ հեռանալ ավերակից։ Նա էր հաստատել, որ ներսում միայն քույրն է, և կամավորները մի կերպ նրան պառկեցնելով պատգարակի վրա՝ համոզում էին, որ քրոջն էլ շուտով դուրս կբերեն, բայց տղան դեռ գոռում-գոչում էր, և նրան կարողացան հանգստացնել միայն հիշեցնելով, որ իր փոքրիկ եղբայրն իր կարիքն ունի, և իրեն տանում են նրա մոտ…
Աղջիկը որոշ ժամանակ ևս բանտված էր թակարդում, բայց ներսից մարող ձայնով դեռ պատասխանում էր Արմանի հարցերին… Վերջապես նրան էլ համարյա անվնաս դուրս բերեցին՝ բացակի կողային փլուզումից ընդամենը վայրկյաններ առաջ։
– Ո՞ւր են… եղբայրներիս ո՛ւր տարաք… իմ փոքրիկ եղբայրը դեռ խոսել չգիտի… ո՞ւր տարաք… կկորչի…- Դրսում արդեն՝ իր ետևից տեսնելով փլուզման ամպն ու փոշին, շոկային տագնապի մեջ կտրտվող ձայնով վրա էր տալիս աղջիկը։
Արդեն պատգարակի վրա՝ նա իր հողակոլոլ մազերն ու դեմքը դեսուդեն էր շրջում՝ առանց ընկալելու իրեն հստակորեն ասվող բառերը, որ հիմա իրեն տանում են հենց իր եղբայրների մոտ, որոնք ապահով տեղում են՝ բժիշկների խնամքին։
Արմանը շնչառական դիմակը հանել ու վերջին հրահանգն էր տվել տղաներին՝ վերջ, ծայրահեղ վտանգավոր դարձած փլատակներում անհնարին փրկարարական աշխատանքները դադարեցվել էին։ Գևորգը խմբի մյուս փրկարարների հետ սակրավորի զգուշությամբ հեռացրել էր շարժական տեխնիկան, և տղաները հեռանում էին ավերակից, երբ Արմանը հիշեց կնոջը.
«Այստեղ են, քանդե՛ք… խնդրում եմ, հենց այստե՛ղ… երեխաներս այստե՛ղ են…»,- ներսում նորից հնչեց ձայնը։ Որտեղի՞ց գիտեր՝ մտածեց ու հայացքով փնտրեց նրան։ Հորիզոնից արևն արդեն մայրամուտի վերջին շողերով՝ մի քիչ սփոփված մեղավորի պես փաղաքշում էր երկրաշարժից ավերված քաղաքի վերքերը։ Արմանը կամավորներին մոտենալով հարցուփորձ էր անում կնոջ մասին, նրանք ևս ոչինչ չգիտեին։ Նրա մտքով անցավ, որ կինը հիմա երեխաների մոտ կլինի՝ պարզից էլ պարզ է, և նրանց բոլորին միասին տեսնելու մտադրությամբ մոտեցավ շտապօգնության մեքենաների շարքին ու փնտրեց նրանց։
Մեքենաներից մեկում երկու տարեկան փոքրիկն էր, դեղի կաթոցի ազդեցությամբ խաղաղված՝ ննջում էր։ Փոքրիկի հետ վեցամյա եղբայրն էր. նրան արդեն ասել էին, որ քույրը ևս անվնաս դուրս է բերվել փլատակներից, բայց նա անվերջ հարցուփորձ էր անում բուժակին, հորդորում էր իրեն տանել քրոջ մոտ, կամ՝ նրան իրենց մոտ բերել… Ու հիմա աղջիկը, որ հազիվ տասնչորս տարեկան լիներ՝ առաջին օգնության վիրակապերը թևերին, հրաժարվել էր ուրիշ մեքենա նստելուց, բոլորին համոզել ու իրեն փնտրելու գնացած բուժակի ուղեկցությամբ եկել էր եղբայրների մոտ…
Շտապօգնության մեքենայի կողային նստարանին նստած աղջիկը վիրավոր թևերի մեջ էր առել իրեն փարած, իր կողքին նստած եղբորը և նրա փոշոտ գլուխն անընդհատ կրծքին սեղմելով՝ համբուրում էր, անունը տալիս, մի տեսակ՝ մայրական գորովանքով նայելով մե՛կ նրան, մե՛կ վիրավոր հրեշտակի պես թթվածնի դիմակի տակ քնած փոքրիկ եղբորը։ Աղջկա տառապած ու վախվորած աչքերում միաժամանակ արցունք կար և վայրկենապես առկայծող ու անհետացող դառնանուշ կիսաժպիտ՝ մե՛րթ մեկ կողմի, մե՛րթ մյուս կողմի վրա…
Արմանը նրանց հենց այդ վիճակում գտավ։ Վարորդն արդեն նստել էր ղեկի մոտ, և շտապօգնության բուժակն ուզում էր մեքենայի դուռը փակել, երբ նա առաջ մղվեց մեքենայի բաց դռնից, սրահն աչք ածելով՝ տարակուսեց ու ձեռքը թեթևակի հպելով աղջկա ուսին՝ հարցրեց.
– Աղջի՛կս, իսկ ձեր մայրն այստեղ չէ՞…
Աղջիկը զարմացած նայեց նրան՝ չկռահելով անգամ, որ իրենց փրկարարին է տեսնում.
– Մեր մա՞յրը,- կարկամեց։
Եվ ակնթարթում քրոջ գրկից գլուխը բարձրացրած եղբայրը՝ արցունքից ու փոշուց բորբոքված աչքերով, ասես քրոջը պաշտպանելու պոռթկումով՝ հանդիմանեց մարդուն. «Մեր մաման չկա՛»…
Արմանն ապշահար ետ էր քաշվել փակվող դռնից ու դեռ երկար մնում էր կանգնած՝ հեռացող շտապօգնության մեքենայի հետևից նայելով։ Հիմա ասես նրա ներսից էին հնչում աղջկա արտասանած վերջին խոսքերը.
– Մեր մայրը մեկ տարի առաջ է մահացել… համաճարակից… Մենք ոչ ոք չունենք՝ իրարից բացի…
- 03. 2023 թ.