ԱՆԿԱՍԵԼԻ ԹՌԻՉՔ / Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

​Բեռնաձին ապրում էր իր գորշ կյանքով՝ անմռունչ հնազանդությամբ կրելով ճակատագրի սահմանած չափից ավելի ծանր իր լուծը: Հալածանքներն ու դառնությունները, անջրպետող պատնեշի նման, վաղուց հեռացրել էին նրան բոլոր տեսակի ուրախություններից և վայելքներից: Անտեսված գոյությունը քարշ էր տալիս լեռնաստորոտում փռված ամառանոցային գոտում կառուցված երկհարկանի շքեղ քարաշեն տանը, որի հետնամասում գտնվող կցակառույցի վերջում իրեն հատկացված խոնավ և մութ ախոռն էր՝ իր նման լքված և ուշադրությունից դուրս: Նա այդ հսկայական տան միակ բեռնակիրն էր, և հենց իր մաշկի գույնով էլ Գորշ էին կոչում։
Տանտերը հիսունը բոլորած պաշտոնաթող մի բարձրաստիճան զինվորական էր՝ դեմքին քամահրանքի չոր արտահայտությունը դրոշմված: Գորշը և տերը երբեք չեն սիրել իրար: Նախկին սպայի անթաքույց հիացմունքի առարկան իր ազնվացեղ Սպիտակաթույրն էր՝ շենշող զամբիկը, որի նկատմամբ անասելի փաղաքուշ էր, շռայլ՝ ոչինչ չխնայելով նրան արժանի լիարժեք բարեկեցության համար: Գորշը թաքուն համակրանքով քնքշահայաց աչքերը հեռվից հառում էր Սպիտակաթույրի՝ մաքրությունից փայլող վայելչակազմ մարմնին՝ ուղղաձիգ պարանոցով, ձյունափրփուր, փարթամ բաշով և առատամազ պոչով, հատուկ քսուքներով ու անուշաբույր յուղերով խնամված հարթ մաշկով, ջլապինդ մեջքով։ Նա Գորշի երբևիցե ճանաչած արարածներից ամենագեղեցիկն էր և ամենաերջանիկը: Չնայած իր շքեղաշուք տեսքին՝ զամբիկը գոռոզ չէր, ավելին, միշտ կարեկցանքով էր վերաբերվում Գորշին՝ սրտացավությամբ տեսնելով նրա տառապանքները և տիրոջ բիրտ վարմունքը:
Բարձունքի ստորոտին կից բացատի հարթության վրա տերը մի ընդարձակ խաղահրապարակ-ձիարշավարան էր կառուցել, որտեղ հաճախ էր հյուրընկալում բարձր հասարակությունից իր ընկերներին՝ միասին զվարճանալու, դիտելու իր գեղանի ձիու պարը և հիանալու նրա   հեքիաթային գեղեցկությամբ: Խաղահրապարակը ծածկված էր   թավիշ խոտով՝ աջ և ձախ կողմերում ամպհովանիներով ծածկված հարմարավետ օթյակներով: Կային հատուկ հյուրասրահներ, խաղասենյակներ, զանազան տաղավարներ, հանդերձարաններ։
Մուտքի մոտ բացել էին գետնաբուխ աղբյուր՝ լեռնային պաղպաջուն ջրով, կողքին՝ անկյունաձև կտրվածքով տաղավար-լոգարան՝ տարբեր մեծության ցնցուղներով և լոգանքի պարագաներով, տարբեր աստիճանի տաքության ջրի ծորակներով՝ Սպիտակաթույրին վարժանքներից հետո լողացնելու համար: Ամեն անգամ ցնցուղները տեսնելիս Գորշը փորձում էր հիշել, թե երբ են վերջին անգամ իրեն լողացրել՝ մի քանի դույլ օճառաջուր վրան շփելով:
Խաղահրապարակը հրաշագեղ մի վայր էր՝ կատարյալ հանգստի և զվարճանքի համար: Ինչ խոսք, գրաստների մուտքը այնտեղ խստագույնս արգելված էր։
Բարձունքի գագաթին կացարանն էր՝ բաց պատշգամբներով, որտեղից կարելի էր ժամերով հիանալ լեռնաշխարհի չքնաղ գեղեցկությամբ՝ իր գոգավորություններով, սակավ փշատերև անտառներով, կիրճերով ու խորխորատներով: Բարձունքի ստորոտը հակառակ երեսից անմիջապես լայներախ անդունդի պռնկին էր. մի փոքր անզգուշություն, և հետևանքը կլիներ անդառնալի: Կացարանի շուրջբոլորը պարսպապատված էր՝ հնարավոր պատահական սայթաքումների ողբերգական ավարտից խուսափելու համար: Գորշը մի ներքին տագնապալի բնազդով խուսափում էր այդ կողմերը գնալուց:
Խաղահրապարակից կացարան ձգվող սալիկապատված շավիղով Սպիտակաթույրը և տերը բարձրանում էին այնտեղ՝ վարժանքներից կամ զվարճանքներից հետո վայելելու իրենց հանգիստը:
Գորշը, օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանալով ու իջնելով բարձունքի զառիվեր խորդուբորդ կածանով, բերում էր նրանց համար սնունդ և այլ անհրաժեշտ իրեր: Կածանը ամբողջությամբ պատած էր խիճով, մանր ու խոշոր քարերով, կարծրացած հողագուղձերով, փուշ ու տատասկով: Ամռան բարկ արևից պապակված բերանի դառնահամը փոխելու համար մի կանաչ ծիլ անգամ չէր գտնվի։
Կյանքը Գորշին ընտելացրել էր հաղթահարելու բոլոր տեսակի դժվարությունները, այդ թվում նաև զառիվերի խոչընդոտները, միայն թե անձրև չգար: Լպրծուն ցեխի մեջ մաշված սմբակները անընդհատ սայթաքում էին, և երբեմն, չդիմանալով բեռի ծանրությանը, բեռնաձին ուժ չէր ունենում պահելու մարմնի հավասարակշռությունը, ընկնում էր և տևական ժամանակ այդպես  մնում, մինչև մոլեգնած տիրոջ գալը: Աններելի էր նրա մեղքը, քանի որ ուշացրել էր Սպիտակաթույրի համար պատրաստված հատուկ կերը:
Ավելի սարսափելին դրանից հետո էր: Բարեկազմ մարմնի՝ երբեմնի հարթ և փայլուն մորթին խարանված էր մտրակի հարվածներից մնացած սպիներով։ Այդ էր իրեն բաժին ընկած ճակատագիրը, և նա բերանը փակ, անտրտունջ խոնարհությամբ համակերպվում էր, այլապես կզրկվեր օրավարտին տրվող մի խուրձ խոտից: Սակայն առավել ցավալին նրա փայփայած երազանքների փլուզումն էր, հոգետանջ սպասումը, որ օրերով հնարավորություն չէր ունենում Սպիտակաթույրին տեսնելու։ Կարոտը աստղափոշու նման մաղվում էր իր դժգույն օրերի վրա և գունավառվում սպասումի երանությամբ: Գորշի անբնական խոշոր, թավ թարթիչներով երիզված գեղեցիկ շագանակագույն աչքերից ծորացող թախիծը արցունքի նման չէր ընկնում ներքև, այլ՝ քուլա-քուլա գոլորշիանալով՝ բարձրանում էր վեր և կարծես խառնվում ամպերին, և Գորշը երբեմն ակամա հայացքը հառում էր հեռվում վերջացող հորիզոնի և երկնքի միախառնված եզրերին, որտեղ իր երազանքներն էին ամբարված:
Տերը ինչ-որ հատուկ վարժանքների համար Սպիտակաթույրին տարել էր  ուրիշ ձիարշավարան, և մեկ շաբաթ մնացել էին այնտեղ: Կարծես  կարևոր տոնակատարության էին նախապատրաստվում: Ութերորդ օրը վերադարձան:
Վերջապես եկավ բաղձալի օրը: Խաղահրապարակում հավաքվել էին տիրոջ ներկայանալի հյուրերը: Ինչ հանդիսություն էր լինելու, Գորշը չգիտեր, տեսել էր միայն տան բակում ճոխ հյուրասիրության համար պատրաստված հսկա զամբյուղները՝ լեփ-լեցուն տարբեր ուտեստներով, մրգերով, խմիչքներով և մի ուղեպայուսակով էլ տիրոջ տոնական հագուստները: Նա պիտի մի քանի անգամ արագ բարձրանար զառիվերով, տեղ հասցներ դրանք: Կրկնակի ծանր բեռները այնքան էլ սարսափելի չթվացին Գորշին, քանի որ հրապարակում էր լինելու Սպիտակաթույրը, և ինքը նրան գոնե հեռվից կտեսներ:
Անձրև չէր գալիս, և դա էր օրվա իր բաժին մյուս ուրախությունը: Բարձրանալու էր առանց երկյուղի` չընկնելու հույսով: Սովորաբար մենակ էր կացարան գնում: Ճամփի աջ եզրով ձգվում էր զմրուխտյա խաղահրապարակը, որ քարքարոտ կածանից բաժանվում էր ցանցկեն հյուսված ցանկապատով: Քրտնաթոր բեռնաձին երանությամբ նայեց աղբյուրի՝ առատորեն թափվող պաղպաջուն ջրին: Լեզուն ցամաքել էր: Սակայն իսկույն գլուխը թեքեց, որ չտեսներ հորդաբուխ ջուրը, զգուշությամբ քայլերը առաջ գցելով՝ շարունակեց ճանապարհը: Նախորդ օրվա տեղատարափ անձրևից գետինը դեռ թաց էր: Մի քիչ էլ առաջանալով՝ Գորշը հեռվից տեսավ տիրոջը՝ հյուրերի հետ օթյակում նստած: Անմիջապես սկսեց   փնտրել Սպիտակաթույրին: Դիտավորյալ ընթացքն ավելի դանդաղեցրեց։ Վերջապես կամարաձև դարպասները բացվեցին, և ծեքծեքուն նազանքով պարելով դուրս եկավ Սպիտակաթույրը՝ ուղղվելով դեպի հրապարակի կենտրոն: Նրան հանդերձավորել էին ձյունափայլ դշխուհու նման՝ ճակատին թանկարժեք քարերով մի պերճ կախազարդ: Տերը անասելի հիացմունքով և հպարտությամբ աչքը չէր կտրում սիրելի ձիուց, նրա պարով հմայված՝ ակամա ինքնամոռաց վեր էր թռչում տեղից և ծափ տալիս, բացականչում: Շեղ աչքերը փայլում էին հրճվանքից: Գորշը հիշեց, թե ինչպես այդ նույն աչքերից կայծեր էին թափվում, երբ դաժանորեն խարազանում էր իրեն, քանի որ չէր կարողանում բեռը մեջքին վեր կենալ ընկած տեղից: Գորշը մեծ բավականությամբ կճզմեր նրան իր սմբակների տակ:
Սպիտակաթույրը պարում էր՝ գեղանի շարժումներով ընդգծելով նրբակազմ մարմնի շքեղությունը, որ հատուկ էր միայն ազնվացեղ ձիերին։ Պարում էր ինքնավստահ՝ որսալով ներկաների՝ իրեն բևեռված հիացական հայացքները, ծափերն ու բացականչությունները՝ երբեմն-երբեմն էլ մի թռուցիկ հայացք կարեկցաբար գցելով ցանկապատի ետևում բեռան տակ ճկված Գորշին՝ մշտապես զգալով նրա՝ անհավասարի երկյուղածությամբ թաքցրած ազնիվ զգացումները:
Սպիտակաթույրը պարն ավարտեց՝ քաղցրածոր վրնջալով, ապա ամեհի ալիքի նման ծառս լինելով՝ հասակով մեկ կանգնեց ետևի ոտքերի վրա՝ ցուցադրելով իր հզորությունը և կատարյալ մարմնի   շքեղությունը: Երկնասլաց թռիչքով Սպիտակաթույրը կարծես ասում էր աշխարհին, որ, ցավոք, միայն ընտրյալները կարող են վերևում լինել: Բեռնաձին քարացել էր նրա սիգապանծ խոյանքից:
Իսկ ինքն ամբողջ կյանքում մնաց թևատ՝ երբեք չապրելով թռիչքի բերկրանքը: Սպիտակաթույրը մի վերջին անգամ հայացքը սևեռեց Գորշի դեմքին՝ անթաքույց խղճահարությամբ լցված քնքշությամբ նայելով նրա աչքերի մեջ:
Գորշը շփոթած հայացքն անմիջապես սահեցրեց ներքև, ապա հանգիստ շունչ քաշեց. լավ է՝ ոտքերը ցեխի մեջ էին, և Սպիտակաթույրը չէր տեսնի իր մաշված սմբակները:
Այդ պահին նույն դարպասներից դուրս եկավ բոցեղեն բաշով մի աշխետ նժույգ, վարգելով մոտեցավ Սպիտակաթույրին, գլխով փարվեց նրան, և սկսեցին իրենց փառահեղ զուգապարը:
Նրանք պարում էին ինքնամոռաց և կրքոտ: Գորշը այլևս չկարողացավ որսալ սիրելիի հայացքը: Նա ուզում էր հասկացնել Սպիտակաթույրին, որ պետք չէ խղճալ իրեն, ինքն էլ կարող է թռչել անգամ իր այս ճախրանքի՝ վաղուց հատած թևերով, և իր թռիչքը կլինի ավելի բարձր, ավելի հզոր, եթերային և անկասելի:
Գորշի աչքերը մշուշվեցին, թվում էր՝ կորցնում է հավասարակշռությունը: Հանկարծ սթափվեց իր վրա սևեռված տիրոջ կատաղած թունոտ հայացքից: Նա միշտ իր պատվից ցածր էր համարում բծախնդիր հյուրերի ներկայությամբ ողորմելի գորշաձիու հայտնվելը, թեկուզ ցանցկեն ցանկապատից այն կողմ։
Ծանրության տակ երերալով՝ Գորշը մի կերպ բարձրացավ զառիվերով, և չնայած բավականին ուշացրել էր բեռը, սակայն կացարանի կողմը չգնաց: Դժվարությամբ շնչելով՝ մոտեցավ իր հասակի բարձրության սրածայր ցցված մի քարաժայռի։ Մեջքին ամրացրած ուղեբեռի թոկը սկսեց քսել սուրսայր քարերին՝ համառորեն սղոցելով և ատամներով ձգելով դեպի իրեն: Բեռան ծանրությունից ուժասպառ էր եղել, քարերը վնասել էին կողերը, արյուն էր հոսում, սակայն շարունակեց սղոցելը, մինչև թոկը կտրվեց և եղածը մեջքից ընկավ ցած: Զամբյուղի միջից ուտելիքները և խմիչքները թափվեցին գետնին՝ մի մասը տեղնուտեղը ջարդվելով: Ուղեպարկը նույնպես պատռվել էր, և պարունակությունը՝ տիրոջ ճերմակ վերնաշապիկները՝ փայլուն ճարմանդներով, բծախնդրությամբ արդուկված նորաոճ տաբատները, ադամանդյա գնդասեղներով փողկապները հայտնվել էին ցեխի մեջ: Բեռնաձին անզուսպ կատաղությամբ սկսեց ոտքերի տակ տրորել տիրոջ տոնական հագուստները՝ ասես վրեժխնդիր լինելով իր եղծված կյանքի համար:
Ցավն ու վիրավորանքը եռում էր Գորշի երակներում, սակայն թռչելու անհաղթահարելի մի բուռն տենչանք նրան մղում էր առաջ: Եվ նա, հավաքելով ուժերը, փորձեց Սպիտակաթույրի պես ծառս լինելով՝ բարձր թռչել, գոնե մեկ անգամ վերևում հայտնվելու ցանկությամբ՝ բնավ չմտածելով անխուսափելի ծանր հետևանքի մասին: Ավա՜ղ, թռիչքը չստացվեց, իսկ վայրէջքը մի սարսափելի գահավիժում էր: Երկար ժամանակ նա անշարժ ընկած մնաց քարքարոտ բլրի վրա՝ չհասկանալով իր հետ կատարվածը։
Մայրամուտ էր արդեն: Ուժասպառ Գորշը շնչահեղձ էր լինում: Հանկարծ անսպասելիորեն գլուխը կտրուկ վեր բարձրացրեց, դեմքը կարծես պայծառացավ, խոշոր աչքերը փայլատակեցին: Դիվահարի պես վեր թռավ   և աչքերը հառած հորիզոնի՝ մայրամուտից շառագունած ամպերին՝ անզուսպ վրնջյունով խելահեղորեն սուրաց առաջ՝ չընկրկելով մարմնի արյունոտ վնասվածքների ցավերից: Ոտքերը ցեխի մեջ խրվելով, ստեպ-ստեպ սայթաքելով, ընկնելով և նորից ելնելով՝ արդեն առանց զգուշավորության իջնում էր զառիթափն ի վար: Անհաղթահարելի մղումով սլանում էր՝ պահ առաջ վայելելու բարձր ճախրելու բերկրանքը: Քամին գորշ բեռնաձիու ռունգերին հասցրեց մանկության օրերի երանելի բույրը, ինչպես ինքը մի զվարթ ու երջանիկ խենթուկ մտրուկ, արձակ դաշտերի միջով վազում էր սիրելի մայրիկի ետևից, բայց չէր հասնում, վազում էր, վազում հևիհև այնքան ժամանակ, մինչև մայրիկը դիտավորյալ դանդաղեցնում էր իր վարգը, որ գորշուկը հասնի իրեն, և ինքը փաղաքշանքով գգվի իր անուշ ձագուկին:
Մայրիիիիի՜կ…
Գորշը իջել էր բարձունքից և արդեն կանգնած էր անդունդի եզրին:  Ահռելի խորությունը չսարսափեցրեց նրան: Ընդհակառակը, անասելի հաճույք զգաց: Թվաց՝ ականջներում կրկին արձագանքվեց Սպիտակաթույրի արծաթահնչյուն վրնջյունը, աչքերի առաջ հառնեց նրա ամեհի թռիչքը, զգաց նրա ռունգերից արձակվող   կրակոտ հևքը և ամբողջ ուժով  առաջ  մղվեց…
…Արնածոր խորխորատի ականակիր խավարում   խաթարված երազանքների   բոցեղեն մերկապարն էր…