– Նարեկ ջան,- հարցնում եմ ութ տարեկան թոռանս,- ի՞նչ ես կարծում, որևէ բան կառուցե՞լն է հեշտ, թե՞ քանդելը:
Նարեկը քորում է գլուխը, մտածում ու պատասխանում է կմկմալով.
– Ի՛-իհարկե քանդելը:
Երեխան ճիշտ է մտածում, ես ժպտում եմ քթիս տակ ու քննադատում մեզ՝ մեծերիս: Պարզվում է` ութ տարեկան երեխայի չափ խելք չունենք: Մեզանում ավանդության նման բան է դարձել. ամեն նոր եկող իշխանություն կեղտաջրի հետ նաև մանկանն է շպրտում: Այսինքն, չի տեսնում կամ չտեսնելու է տալիս նախորդի արած, թեկուզև քիչ, բայց լավ գործերը և ամեն ինչ քանդում է հիմքից: Նորը կառուցո՞ւմ է, թե՞ չէ, այլ հարց է: Իշխանավորն ինքն է, ուրեմն, ճիշտն ինքն է և, առակի գյուղացու նման, սերմը խաշած է ցանում, քանի որ արտն իրենն է:
Մենք քննադատություն չենք ընդունում, եթե նույնիսկ քննադատողը սրտացավ է: Հիշեմ հեռավոր հազար ինը հարյուր ութսունութ թվականը: Նոր էր սկսվել Արցախյան շարժումը: Մենք բոլորս՝ ծեր ու ջահել, մեր ու մանուկ, ոգևորված էինք: Գիտեք, ամեն օր և ամենուր հավաքներ էին լինում, կոչեր հնչում: Եվ այդ օրերի ամենաշատ հնչած կոչերից մեկն էլ «Մահ կամ ազատությունն» էր: Ես, բոլոր հայերի նման, Շարժման ջատագով էի, Շարժման կողմնակից, Շարժումով ոգևորված, բայց տարակուսում էի հաճախ: Եղբայր, ինչո՞ւ պիտի ազատության հետ նույն նժարին դնենք մահը: Աշխատում էի շրջանային «Սևան» թերթում, որը հինգ հազար տպաքանակ ուներ այն ժամանակ և լույս էր տեսնում շաբաթական երեք անգամ: Մի բանաստեղծություն գրեցի, որի մեջ հարցնում էի, թե՝ չի՞ լինի, որ պայքարենք, ազատ լինենք, բայց չմեռնենք, ապրենք: (Հաստատ այդ գրությունը պահպանվում է արխիվիս թղթերի մեջ, բայց չգիտեմ՝ որտեղ, ու մոտավոր բովանդակությունն եմ բերում): Տպագրվեց թերթում, և հաջորդ օրը մոտս եկան ՀՅԴ ներկայացուցիչներն ու սկսեցին հաշիվ պահանջել, թե ես ինչու եմ այդպիսի բան գրել… Պատմության շարունակությունը այնքան էլ կարևոր չէ, բայց հիշում եմ ու զարմանում: Այսքան ժամանակ է անցել, շատ ջրեր են հոսել, բայց մինչև հիմա մեր կուսակցությունները (խոսքը միայն ՀՅԴ-ին չի վերաբերվում), իրենց վերաբերմունքը չեն փոխել ազատ խոսքի, կյանքի ու մահվան, հայրենիքին տալու ու նրանից առնելու վերաբերյալ: Կյանքը հարափոփոխ բան է, և կարծում եմ՝ նրա հետ փոփոխվել է պետք: Չգիտես ինչու, կան ուժեր, և դրանք քիչ չեն մեզանում, որ կարծում են, թե մեր գոյատևության գրավականը որևէ մեկի վասալը լինելն է: Մեկը վերմակը քաշում է Ռուսաստանի կողմը, մյուսը ԱՄՆ-ի կողմնակից է, երրորդը՝ Եվրոպական միության և այդպես շարունակ: Եվ վերևում բերված երկընտրանքը նորից ծեծում է դուռս, ու հարց եմ տալիս ինքս ինձ՝ պարտադի՞ր է որևէ մեկի վասալը լինել: Չի՞ լինի, որ մենք մեզ ենթարկվենք, գոնե այնքան, ինչքան թույլ կտա համաշխարհային կարգ ու կանոնը: Գիտեմ, դրա համար ուժ է հարկավոր: Ամեն պետություն, ազգ, ժողովուրդ ազատ է այնքան, ինչքան ուժ ունի: Չեմ ուզում Իսրայելի օրինակը բերել: Այդ երկրի տարածքը, բնակչությունը… մյուս բաները համեմատել մերի հետ: Ես մտածում եմ՝ որպեսզի մեզ լսեն, որպեսզի ազատ լինել կարողանանք, ուժ պիտի ունենանք: Խոսքը միայն ռազմական ուժի մասին չէ: Պիտի, թեկուզև փոքր, բայց մի փշոտ ոզնի դառնանք Հարավային Կովկասում: Եթե լինենք այդպիսին, մեզ հետ հաշվի կնստեն: Չէ, համաշխարհային կարևորության հարցերում չէ, բայց մեզ վերաբերող հարցերում անպայման հաշվի կնստեն: Հաճախ ենք լսում արժանապատիվ խաղաղություն արտահայտությունը: Ամեն տեղից վեր կացող խոսում է արժանապատիվ խաղաղության մասին և ասում, թե հենց ինքը գա… Իմ կարծիքով՝ այդպիսի խաղաղություն կլինի, եթե ուժ ունենանք՝ ռազմական, տնտեսական, մշակութային… Այո, մշակութային և գիտական հիմք: Մենք մշակութային ազգ ենք, գաղափարներ ու մշակութ արտահանող ազգ, և շատ կարևոր է մեր մշակութային ինքնությունը պահպանելն ու զարգացնելը: Եփած հավն էլ գիտի, որ առանց այդ հիմքերի խաղաղությունն արժանապատիվ լինել չի կարող: Եվ միայն այդ դեպքում կարող ենք հուսալ, որ այլևս չի փոքրանա մեր առանց այն էլ փոքրացած շագրենի կաշին: Մեզ մեր պարտությունը մարսելու ժամանակ է հարկավոր, խաղաղ ժամանակ: Ես՝ շարքային թոշակառուս, հասկանում եմ դա, մեր քաղաքական լիդերները չե՞ն հասկանում: Եթե հասկանում ու շահարկում են, վա՜յ իրենց, իսկ եթե չեն հասկանում՝ վա՜յ մեզ…
Պիտի հասկանանք վերջապես՝ մեծ տերություններից ով էլ Հայաստան է գալիս, գալիս է իր համար, գալիս է իր օգուտն ստանալու համար, և մենք պիտի այնքան խելացի լինենք, որ մեր շահերն առաջ մղենք: Կամաց-կամաց, ամեն օր թեկուզ և մի քիչ, մի թիզ թեկուզև, բայց առաջ մղենք:
Իսկ մենք ի՞նչ ենք անում. ձեռքս չի բռնում, որ գրեմ, հավատացեք: Ուժեր, շարժումներ, կուսակցություններ, ու ամեն մեկի անունը միայն իր մեջ հազար լուսավոր խոստում է պարունակում, որոնց ես չեմ հավատում: Ինչո՞ւ: Քանի որ բոլորը թևքները քշտած կռվում են իրար դեմ: Եվ մեր մի պատառ հողը դողում է ատելությունից: Կառավարությունը բռնում ու բաց է թողնում մարդկանց, մեղավոր է համարում ու արդարացնում է, հազար ու մի մեղք է բարդում ամեն մեկի վրա, հետո դատարաններն արդարացնում են… Մեղադրանքների հարցում պետությունից ետ չի մնում ընդդիմությունը: Եվ ատելությունը մութ ամպ դարձած խտանում է երկիրս վրա: Ընդդիմությունը խոստանում է հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Չի ասում՝ ենթադրենք ստեղծեց, էդքան մասնագետ ունե՞նք, չի ասում՝ ինչ միջոցներով, ի՞նչ արտադրանք ենք տալու, չի ասում՝ ո՞ւր ենք արտահանելու… Չի ասում… Ասում է՝ գալիս եմ փրկելու, ասում է՝ գալիս եմ արցախահայերին իրենց տները վերադարձնելու, ասում է, ուժեղ լիդեր է հարկավոր: Նստում, մտածում եմ՝ ախր ոնց, ի՞նչ միջոցներով: Եթե հիմա նույնիսկ Ադրբեջանը դռները բացի ու ասի՝ եկեք, էլի բոլոր արցախցիները ետ չեն գնա, էլ ո՞ւր մնաց… Հարցրեք նրանցից ցանկացած մեկին՝ եթե հնարավորություն լինի, կգնա՞ Արցախ ու կապրի՞ ազերու հետ: Կամ ի՞նչ է նշանակում ուժեղ լիդեր: Ինչքա՞ն ուժեղ՝ ասենք սումոյի չա՞փ, հինգ հարյուր կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնողի չա՞փ, թե՞… Իրենք ինձնից լավ գիտեն, որ ցանկացած պետության ուժը նրա տնտեսական ու մշակութային հիմքն է:
Ընդդիմությունն ասում է՝ Նիկոլը քանդող է, նրան մի հավատացեք, Նիկոլն ասում է՝ ընդդիմությունը ուրիշ երկրից է կառավարվում, եկեղեցին Նիկոլին ու բարեփոխության ծրագիր առաջ քաշած եպիսկոպոսներին տիրադավ է անվանում, նրանք՝ կաթողիկոսին օտարերկրյա ուժերի կողմից կառավարվող, հայոց պետական շահերին դեմ գործող: Մի խոսքով… Չեմ ուզում նկարագրել, չեմ ուզում խորանալ, մանավանդ, որ ամեն ոք այդ մասին գիտե և գիտե ինձնից շատ ավելի լավ: Նրանցից ո՞վ է ճիշտ, չգիտեմ: Կամ ո՞րն ինչքանով է ճիշտ՝ էլի չգիտեմ: Տարակուսած կանգնել եմ երկուսի արանքում ու մտածում եմ՝ ի՜նչ հրաշքներ կկարողանար գործել այս ժողովուրդը, այս ազգը, եթե կարողանար իր ողջ ներուժը ոչ թե քանդելուն ու պառակտմանն ուղղել, այլ՝ կառուցելուն… Դուք էլ գիտեք, որ չեմ չափազանցնում և գիտեք, թե որքան մեծ է լազերի էֆեկտը: (Երբ լույսի ճառագայթը կենտրոնացնում են մի կետի վրա, այն հսկայական ուժ է ստանում): Հիմա էլ իշխանությունն ու ընդդիմությունը մեզ՝ ընտրողներիս դրել են ծանր վիճակի մեջ: Մեկն ասում է՝ Հայաստանը պատրաստվում են վերածել ռուսական «գուբեռնիայի», մյուսը՝ «թուրքական վիլայեթի», և ոչ ոք չի լսում ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց: Մենք ուզում ենք տեսնել ազատ ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն, մենք ուզում ենք մեր ապագան մեր ձեռքերում տեսնել: Ի՞նչ է, աշխարհի միակ փոքր երկիրը Հայաստա՞նն է, ուրիշ փոքր երկրներ չկա՞ն, որ անկախ են, զարգացած, ժողովրդավար, և որոնց բնակիչները խաղաղ են ու երջանիկ: Կան, հաստատապես կան, և մենք նրանցից վատը չենք: Մենք մի՞թե այդպես էլ պատանդը պիտի մնանք օտարների ու մեր կողմից մեզ հագցրած զոհի բարդույթի:
Ինքներս անկեղծ լինենք մեզ հետ: Անցած դարի իննսունականներին մեզ համար բացվեց պատմության պատուհանը և հաղթանակ շնորհեց մեզ: Ոչ միայն Արցախն ազատագրեցինք, այլև անվտանգության գոտի ստեղծեցինք նրա շուրջը: Բայց չհասկացանք, որ մի անգամ հաղթելով՝ Հաղթանակ չի լինում: Հարկավոր է հաղթել ամեն օր: Նախ ինքներս մեզ՝ մեր հոռի բարքերը սանձահարելով: Պայքարելով արծաթասիրության, ընչաքաղցության, հպարտության և մյուս ախտերի դեմ: Հայրենիքը անձնականից վեր դասելով, սեփական ժողովրդին չշահագործելով ու իրեն իշխանիկ չերևակայելով… Էլի չեմ ուզում բոլոր ախտերն ու դրանց պատճառները թվել: Մի բան պարզ է՝ մեծ գաղափարները մեծ զոհողություն են պահանջում, ամենօրյա զոհողություն: Փակագծերում ասեմ, նախկինների դղյակները կամ դրանց առնվազն մի մասը հիմա քանդում են: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց ախր դրա վրա մարդկային ուժ, աշխատանք, խելք ու այլ միջոցներ են ծախսվել, և դրանց տերերն իրենք չեն քրտնել: Էլի ժողովուրդն է քրտնել, և այդ բարիքը հիմա հողին ենք հավասարեցնում:
Գալով նախկին մտքին՝ փաստենք, որ թշնամին օգտվեց մեր չարածից ու հիմա մեր շատ գաղափարներ հաջողությամբ օգտագործեւոմ է մեր դեմ: Արդյո՞ւնքը, արդյունքը մեր պարտությունն էր, ջախջախիչ պարտությունը: Հիմա կառավարությունն ասում է՝ Արցախի անուն չտաք, ասում է՝ ցեղասպանության մասին շատ մի խոսեք, ասում է… ասում է… ասում է, իսկ ընդդիմությունը դրան հակառակ խոսում ու խոսում է: Եվ հատկապես այդ թեմաներից: Չկա պետական մտածողություն, չկա ազգային ու պետական շահի գիտակցություն: Այսինքն, բոլոր քաղաքական ուժերն էլ գիտակցում են այս ու այն հարցի վտանգավորությունը, դիվանագիտորեն ոչ ճիշտ լինելը, բայց քանի որ այդ հարցը կառավարողներն են բարձրացնում, իրենք հակառակվում են: «Մեր հայրենիքը… Պատմական Հայաստանը… Մասիսը… Կարսը…, Վանը… Մուշը… Շուշին… մերն են»: Հա, բոլորս էլ գիտենք, որ մերն են եղել, բայց, ցավոք, արդեն մերը չեն: Եվ հիմա, այս իրադրության մեջ դրանք ետ բերելու փորձերը նման են մերկ ձեռքերով սրի դեմ կռվելուն կամ առանց զենքի արջի որջ մտնելուն…. Կառավարությունը պնդում է, թե խաղաղություն է հաստատված, իսկ ընդդիմությունն ասում է՝ արժանապատիվ խաղաղություն չկա: Ես էլի չեմ հասկանում՝ արժանապատիվ ասելով ի՞նչ ենք հասկանում, հատկապես ի՞նչ: Բայց գիտեմ, որ այս փոթորկվող աշխարհում խաղաղ ապրած մեկ օրը մի տարի և ավելին արժե: Հա, իհարկե, լավ կլիներ, որ մեր արդ խաղաղությունը երաշխավորեին ասենք ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՄԱԿ-ը, վերջապես՝ մարսեցիները… բայց ո՞վ չգիտե, որ այդ պետություններից ամեն մեկն իր շահն ունի, որ հակառակ է մյուսների շահին և այդ շահը չի զոհելու Հայաստանի համար: Գալու է իր համար, իր շահերի ետևից, ու հարց է՝ Հայաստանն այդ դեպքում արդյոք չի՞ դառնա նրանց շահերի բախման կետ… Բացի այդ, Հայաստանն ի՞նչ ազդեցության լծակներ ունի այդ պետությունների վրա:
Ընդդիմությունը պնդում է՝ դուք Ադրբեջանին ու Թուրքիային զիջել եք ու էլի եք զիջելու: Իշխանությունը երդում-պատառվում է, թե՝ չէ, ոչինչ էլ չենք զիջել, մենք նրանցը նրանց ենք տվել ու մերը մեզ պահել… Ընդդիմությունը նորից է պնդում և վշտանում է կարծես, որ չեն տվել, կարծես ուզում է, որ անպայման մի բան տված լինեն: Անհանդուրժողականություն՝ այսքա՞ն անհանդուրժողականություն, ատելություն, այսքա՞ն ատելություն, ու ցավն այն է, որ չկա կառուցողական որևէ գաղափար, չկա սրտացավություն… Դե արի ու մի ասա՝ ձեր տունը շինվի, հայն է՞լ հայի հետ էդքան կռվի, ձեր էներգիան ափսոս չէ՞, ո՞ւր եք ուղղում ձեր եռանդն ու ուժը: Ախր ձեր թշնամուն դուք շատ լավ եք ճանաչում:
Չգիտեմ, չգիտեմ… Բայց մի բան հաստատ գիտեմ՝ ես հավատում եմ իմ երկրին, ես հավատում եմ նրա ապագային, ես հավատում եմ իմ ժողովրդին, նրա պատմությանն եմ հավատում, բայց չեմ կարողանում հասկանալ մեր առաջնորդներին: Չեմ կարողանում հասկանալ նրանց հայրենասիրությունը, չնայած հավատում եմ, որ նրանք բոլորն էլ հայրենասեր են: Բայց վշտացնելուց առաջ մի բան զարմացնում ու զայրացնում է ինձ: Մի՞թե անձնական ամբիցիան, «եսը», էգոն, արդքան մեծ է, որ չեն կարողանում մի քիչ զիջել, մի քայլ ետ դնել հանուն Հայաստանի Հանրապետության:
Ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդն ասում է, թե ինքը որ վարչապետ դառնա, անվճար կաշխատի: Հարց՝ արդյոք նախարարներն ու մյուս պաշտոնյաներն է՞լ են ձրի աշխատելու: Ինչո՞ւ: Ես՝ որպես ամենասովորական շարքային հայ, համաձայն չեմ, որ այդպես լինի: Ես նման ձրի աշխատանքի արդյունավետությանը չեմ հավատում: Ո՞վ չգիտի, որ ձրի մսի «շորվան» ուտել չի լինում: Այդպիսի աշխատանքի որակին էլ չեմ հավատում: Մենք մարդ ենք, միս ու արյունից կազմված մարդ և գիտենք, որ նման աշխատանքը արդյունավետ չի լինում: Ձրի վարչապետ, ձրի նախարար, ձրի պաշտոնյա… անհոնորար գրող… Եվ վերջապես, մենք դրախտո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանի Հանրապետությունում:
Առջևում ընտրություններ են, պաշտոնի ձգտող ուժերը հազար իրագործելի ու անիրագործելի խոստումներ են շռայլում: Այդ խոստումների տակ ես ավելի շատ պաշտոնի ու աթոռի ստվերն եմ տեսնում և ոչ թե երկրի ու նրա մարդկանց մասին մտածելու իրական ձգտումը: Եվ ցավն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը բացահայտ ու թաքնված իրեն օգնության է կանչում դրսի ուժերին՝ չնայած բոլորից լավ գիտի, թե նրանց օգնությամբ ստացած իշխանությունն ինչ արդյունավետություն ու ինչ լեգիտիմություն պիտի ունենա:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
-Ի՞նչ գործ ունես, ինչի՞դ է հարկավոր, ինչի՞ հանգիստ չես նստում տեղդ ու արժանապաատիվ լռություն չես պահպանում,- ամեն տողի հետ ինձ զգուշացնում ու քրքրում է ներքին սառը դատող ինքնասերը,- չգիտե՞ս, որ էսօր քո ամեն մտքին հակադրվող հարյուր միտք կբերեն, ամեն կարծիքդ հերքող հազար կարծիք: Իզուր տեղը պիտի հարձակվեն վրադ, իզուր տեղը պիտի ջղերդ սղոցեն:
Գիտեմ, որ ճիշտ է ասում: Հայացքս ուղղում եմ ծաղկամանին, որի մեջ բարակ շիվ է, արմավենու շիվ: Մի քանի ամիս առաջ արմավի կորիզը տնկեցի ծաղկամանի մեջ ու հիմա այն շիվ է տվել:
– Բեր քաշեմ, պոկեմ,- ասում եմ նրան հակադրվելով:
– Ափսո՜ս է,- ձեռքս բռնում է «հակառակորդս»,- ափսոս է, մե՜ղք է:
– Արմավենու շիվը մեղք է,- ասում եմ,- դրա աճի համար բան չես արել գրեթե: Միայն տնկել ես, մի երկու անգամ ջրել ու ափսոսում ես: Բա ես չափսոսա՞մ հազարամյա իմ երկիրը, իմ տառապած ժողովրդի մասին չմտածե՞մ (Համեմ. Հովնան, 4:5-6), ախր ես այդ երկրի ոչ բարով մտավորականն եմ, նրա գրողը վերջապես, իսկ մեր երկրում գրողը միշտ շատ ավելին է եղել, քան գրողը:
18-ը մարտի 2026 թ.
