Տասնամյակներ առաջ, երբ մենք՝ «Գրական թերթի» աշխատակիցներս, Գրիգոր Ջանիկյանենց Նոր Արաբկիրի տանը նշում էինք նրա 40-ամյակը, նա հանդիսության ավարտին հանկարծ արտահայտեց մի միտք, որ մեզ համար, մեղմ ասած, անսպասելի հնչեց. «Ես այլևս իմ հոբելյանները չեմ նշելու, հաջորդ տասնամյակները թող մեր հարազատ պետությունը նշի»: Հումորով էր ասված, իհարկե, ինչը, գիտեինք, շատ բնորոշ էր Գրիգորին: Բայց այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ նա իր հետագա կյանքով ու ստեղծագործությամբ ավելիով հաստատեց այդ խոսքերի ճշմարտացիությունը՝ որպես երկու տասնյակ ինքնուրույն և երեք տասնյակ թարգմանական (ֆրանսերեն բնագրերից) գրքերի, բազմաթիվ ակնարկների ու հրապարակախոսական հոդվածների իրոք որ վաստակաշատ հեղինակ:
Իսկ ինչպե՞ս է նա կայացել որպես գրող-թարգմանիչ: Պատասխանի արմատները շատ խորքերն են տանում: Իր մի շարք երկերում՝ ընդհուպ 2019-ին հրատարակած «Անդենական» հատորի «Մեռնելուս օրը» վիպակում, գրողը յուրատեսակ ուղևորություն է կատարում դեպի իր և իր նախնիների տոհմական ակունքները՝ փորձելով պարզել՝ «Ո՞վ եմ ես իրականում, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում…»: Ասենք, որ բախտորոշ այդ հարցադրումը նրա մեջ ծնվել է ո՛չ միանգամից. անցյալ դարի 60-ականներին գրած առաջին թեթևաշունչ պատմվածքների հերոսները դպրոցահասակ պատանիներ էին՝ այդ ժամանակներին բնորոշ զգացմունքների մաքսիմալիզմով: «Իրականանո՞ւմ են, արդյոք, երազանքները» պատմվածքի հերոսը համոզված էր՝ «Հարկավոր էր միայն ավարտել դպրոցը, որպեսզի այդ երազանքները դուրս պոռթկային բիբերից ու լցնեին աշխարհը, այդ երազանքները երջանկություն պիտի սփռեին»: Այդ հերոսներն, անկասկած, շատ նման ու հարազատ էին հենց իրեն՝ պատանի Գրիգորին, որ նույնպես աչքի էր ընկնում իր կենսուրախ, ռոմանտիկ խառնվածքով: Ժամանակին քաղաքային պիոներների պալատի Սուսաննա Բաբայանի ղեկավարած և մեծ համբավ ունեցող գրական խմբակի սաներից Սամվել Կարապետյանը 2009 թ. հրատարակած «Իմ մանկության գրական դիմապատկերը» հուշապատումում վկայում է. «Մեր հանդիպումների ժամանակ Գրիգորն այնքան կենսուրախ էր, այնքան առողջ ու անկեղծ էր կատակում, այնքան լավատես էր ու լուսավոր մտքեր ուներ, որ թվում էր, թե ամեն ինչ հրաշալի է, ինքը որևէ խնդիր չունի»: Բայց, իհարկե, «հրաշքը» տեղի չունեցավ, պատանիները շատ շուտով բախվեցին «կոպիտ իրականության» պատին՝ աստիճանաբար գիտակցելով, որ իդեալական կյանքը կարող է գոյություն ունենալ միայն «հեռուստացույցի էկրանի վրա»: Ինքնաճանաչման մղումը Գրիգորի մեջ սրվում է հատկապես մինչև հայրենիք վերադառնալը իր ծնողների վերջին հանգրվան և իր ծննդավայր՝ Բուլղարիա (Ռոդոստո, Խասկովո) ուղևորության ժամանակ: Եվ հենց այստեղ է, որ նա առաջին անգամ «հանդիպում է» իր անցյալին՝ մի ժամանակ իր ծնողների ապրած սենյակում, գիշերային լռության մեջ նրան այցի են գալիս հայրը, մայրը, Ակնից գաղթած պապերն ու ապուպապերը… Այստեղ է, որ շոշափելիորեն զգում է իր և հոր նմանությունը՝ «նույն հայացքը, նույն մազերը…»: Զգում և համոզվում է, որ «ոչ ոք չի կարող իրենից փախչել»: Դրան էին մղում նաև տոհմի ծերունիների հետ հաճախակի զրույցները: Տարիների հետ անձնական-տոհմային պատմությունն ընդարձակում է սահմանները, լայնանում է գրողի սրտի ու մտքի հորիզոնը՝ ընդգրկելով համազգային ցավի ու ճակատագրի դաշտը: Ասվածի վկայությունն են հետագա տասնամյակներին Մեծ Եղեռնի սարսափների և ազգային ինքնապաշտպանության՝ «արդարամարտերի», ապա նաև Արցախյան ազատամարտի հերոսական դրվագների բացահայտմանն ու նկարագրությանը, ազգային վրիժառուների ու նվիրյալ «արդարամարտիկների», քաջազունների իրական կերպարների ստեղծմանը նվիրված «Մահապարտները», «Եռաբլուր», «Հաղթազենները», «Ապրիլ 11 (24)», «Սպարտակ», «Քսանն ու քսան հազարները», «Գողգոթա», «Անավարտ համանվագ» ինքնուրույն և Առնո Համելեն, Ժան-Միշել Բրոն՝ «Վերականգնված հիշողություն», Ալբեր Կամյու՝ «Առաջին մարդը», Ժան Ժորես՝ «Պետք է փրկել հայերին», Բեռնար Վերբեր՝ «Մրջյունները», Աննի Ռոման՝ «Հայաստանցի մեծ մայրիկս» թարգմանական և մի շարք այլ երկերը: Դրանցում նրա տեսադաշտից չեն վրիպում նաև աշխարհի չորս ծայրերում ծվարած հայի բեկորները, որոնց հետքերը նրան տանում են պատմական հայրենիք ու բազմաթիվ երկրներ՝ Բելգիա ու Ֆրանսիա, Գերմանիա ու Սերբիա, Պոլիս ու Ռուսաստան (Ղրիմ), նույնիսկ «մի հինավուրց, աշխարհից կտրված կղզի», ուր ընդամենը մի հայ ձկնորս ծերունի էր ապրում՝ օտարի համար տարօրինակ փիլիսոփայությամբ՝ «…կը վայլէ՞ որ աշխարհը քաղաք մը ըլլայ, ուր հայ չապրի»: «Մեռնելուս օրը» վիպակում խոստովանում է, որ նույնիսկ «երկրորդ թե երրորդ դասարանում չդիմացա, նամակ գրեցի Թուրքիայի թագավորին, խնդրեցի, որ վերադարձնի մեր թաղի ծերունիների բնօրրանները, նրանք այդքան չտանջվեն, կարոտ չմեռնեն»: Դեռևս ստալինյան խստաշունչ տարիներն էին, և իր այդ քայլի պատճառով լուրջ պատմության մեջ է ընկնում նաև հայրը՝ մասնավորապես գիշերները «Ամերիկայի ձայնը» լսելու համար: Հետո պիոներների պալատի գրական խմբակում գրի է առել իր այդ հուշերը, իսկ օտար լեզուների ինստիտուտում ուսանելու ժամանակ թարգմանել ֆրանսերեն՝ «Որպեսզի աշխարհն իմանա: Կարծում էի՝ եթե ճշմարտությունն իմացվի, արդարությունը կվերականգնվի: Այդպես գրող-թարգմանիչ դարձա»,- խոստովանում է նա:
Գրիգոր Ջանիկյանի «Մեռնելուս օրը» վիպակը, ըստ էության, նրա ստեղծագործական ճանապարհի, դավանած սկզբունքների յուրատեսակ ամփոփումն է: Նրանում ակնհայտ է ինքնակենսագրական միջուկի գոյությունը: Բայց նաև չենք կարող չհավատալ գրողի նախազգուշացմանը, թե «Պատումի բոլոր՝ բացառապես բոլոր տիպարները, վիպական են: Ցանկացած զուգադիպություն իրական անձանց հետ սոսկ պատահականություն է»: Հարցի պարզաբանմանը, թերևս, կարող է օգնել նաև հենց իր՝ Ա. Կամյուի «Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպի թարգմանչի Առաջաբանը, ըստ որի՝ «Չնայած գրական երկ, թերևս իր լավագույն երկը ստեղծելու բուռն ցանկությանը՝ Կամյուն իրականությանն այնքան հավատարիմ է մնում կամ այդ թանկ, անփոխարինելի իրականությունը, այսինքն՝ վաղ մանկությունը, պատանեկությունը նրան այնպես են կաշառում, որ հաճախ նախատիպերին՝ իրեն, հորը, մորը, մտերիմներին դիմում, նրանց մասին պատմում է իսկական անուններով»: Եվ ապա՝ Կամյուի այդ վեպը «ոչ միայն լրացնում, ամբողջացնում է» նրա գրական «բազմաժանր, հարուստ ժառանգությունը, այլև յուրովի է հավաստում այն ճշմարտությունը, որ մարդ մանկության աշխարհից է գալիս, վաղ թե ուշ անպայման վերադառնում է այդ աշխարհը»:
Ուրեմն, կարող ենք Գրիգոր Ջանիկյանի հիշյալ երկի ժանրը բնորոշել որպես գեղարվեստավավերագրական արձակ: Սյուժեն կառուցված է գրականության մեջ քիչ հանդիպող հնարքով՝ հերոսի զգացողությունների, մտքերի, հոգեվիճակների արտացոլումը նրա hետմահու վայրկյանների ընթացքում: Այդ առումով հիշենք, օրինակ, Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» վեպի հերոսի ապրումները ծովամույն լինելուն հաջորդող պահերին: Կամ արդեն իր՝ Գր. Ջանիկյանի «Անավարտ համանվագ» վեպի հերոս Միսաք Մանուշյանի մտքերը գերմանացի ֆաշիստների կողմից գնդակահարվելուց հետո՝ «Սորբոնի համալսարանում, իմ ուսանած տարիներին, կենսաբանության դասախոսները բացատրում էին, որ ամեն ոք մեռնելուց հետո յոթ երկվայրկյան դեռ ապրում է ու իր հրաժեշտի խոսքն է ասում, որ մենք չենք լսում: Գնդակահարվելուց հետո, ես իրոք, յոթ երկվայրկյան դեռ ողջ էի, այդ յոթ երկվայրկյանում հասցրի ասել. «Մարդի՛կ, ես դեռ գալու եմ: Ինձ սպասեք»:
Վիպակում շատ են իրական, բայց նաև խորհրդանշական կերպարները: Այդպիսին է, օրինակ, Երևանի Զեյթունի գերեզմանոցում տապանաքարերին մեռյալների տվյալները փորագրող բնիկ ակնցի Փառնակը, որի համար անհրաժեշտ պայման էր ննջեցյալների անուն-ազգանունների և ծննդավայրերի հիշատակումը: Երբ առարկում էին, նա «հունից դուրս էր գալիս», ցնցվում ամբողջ մարմնով, և պատասխանը խիստ էր ու կտրուկ. «Դու չգիտես, որ բոլոր այս մեռելները ժամանակավոր են թաղված: Օրը կգա, նրանց ոսկորները կհանեն ու ծննդավայրի անունները կարդալով՝ կտանեն, այնտեղ հողին կհանձնեն: Եթե աշխարհի մեջ կա մի հայ, որ այդ օրվան չի հավատում, ինչո՞ւ է ապրում: Օդը կեղտոտելու համա՞ր…»:
Ահա թե ինչու, Գրիգոր Ջանիկյանի համար շատ վաղ տարիներից գլխավոր խնդիրներից է եղել իր նախնիների տոհմական ակունքների բացահայտումը: «Ես որտեղացի՞ էի, քարգործ վարպետը քառաթև խաչի, հավերժության խորհրդանիշի տակ ի՞նչ (իմա՝ ծննդավայրի տեղանուն – Պ. Դ.) պիտի փորագրեր,- մտահոգվում է նա:- Ինքս էլ չգիտեի, նրանք ոնց պիտի իմանային: Ամեն ոք էլ որոշակի տարիքից հետո, մանավանդ երբ զգում է՝ ավարտվում է կյանքը, ճամփա է ընկնում, որ ինքն իրեն գտնի»: Ընդ որում՝ կարևոր է նաև խոստովանությունը, թե՝ «Ես ինձ սկսել էի փնտրել ծնվելուցս շատ առաջ, ճշգրիտ՝ 1915-ի ապրիլի 24-ից…»: Մի շարք ծերերի վկայություններով համոզվում է, որ իրենք «բնիկ ակնցի են»: Այդ էին վկայում նաև ասես ծննդյան օրից էլ առաջ իր մեջ բնավորված բուռն ու նվիրական զգացմունքները Սիամանթոյի, Մեծարենցի պոեզիայի նկատմամբ: Ավելի ուշ, սակայն, «Վասպուրականի նահապետը՝ Վարազդատ Հարությունյանը», բաց է անում նրա աչքերը՝ վստահեցնելով՝ «Ակնի անունը քիչ տուր, դու վանեցի ես»՝ բացատրելով, որ «Բոլոր Ջանիկյաններն էլ Վանա լճի ափի Ջանիկ գյուղից են: Բռնահանման օրերին իրենց ազգանունները փոխել, Ջանիկյան են դարձել, որ ինքնությունները չկորցնեն»: Մի բան, որում շուտով, կատարած հավելյալ պատմական աղբյուրների ուսումնասիրությունների հիման վրա, համոզվում է նաև ինքը՝ «Ուրեմն իմ պորտալարը ոչ թե Ակնից, դեռևս Վասպուրականից է ձգվել (…) Ու չի կտրվել»:
Այնուամենայնիվ կարևոր է մնում հարցը՝ ի վերջո, ի՞նչ է մահը՝ ավա՞րտ, թե՞… Գրիգոր Ջանիկյանի պատասխանը դարձյալ գտնում ենք Ա. Կամյուի վեպի նրա Առաջաբանի վերնագրում՝ «Մահը վախճան չէ՝ վերադարձ է դեպի ակունքները»: Ավելին՝ «Վերադարձը դեպի ակունքները բոլոր մարդկանց ճակատագիրն է: Թերևս նաև երջանկությունը»:
Ահա թե ինչու, Գրիգոր Ջանիկյանի վիպակի ավարտը ևս մահաշունչ չէ: Ու թեև հերոսին թվում է, որ քիչ ժամանակ անց, ի վերջո, քանդում են նաև հին գերեզմանոցը՝ «այդպես դարերի կարոտը քարեփոշու վերածում», «հիշողություններից անգամ ջնջում»՝ թեկուզև հերոսների նոր պանթեոնի կառուցման համար, բայց հետագա դեպքերից ենթադրում է, որ նոր պատերազմ է սկսվել, ու հաղթանակը մերն է: Զինվորական հուղարկավորություններից հետո «մեկուսի պուրակը առաջինը սիրահարները գտան»՝ գրում է նա: Լսվում է սիրահարների հավերժական հարց-պատասխանը՝ սիրում ես-չես սիրում սցենարով: Եվ… լռություն է տիրում: Վերջապես՝ «Ես երկար լսեցի լռության ձայնն ու այդպես էլ չհասկացա՝ մեռա՞ վերջնականապես, թե՞ հարություն առա»:
«Մինչև այս պահը ես համոզված էի, որ սա իմ վերջին՝ անդենական գիրքն է,- տարիներ առաջ խոստովանել է Գր. Ջանիկյանը:- Բայց տպագրատնից դեռ չհեռացած՝ նոր հղացումներ են ինձ համակում: Ո՛վ կարող է ասել՝ 75 տարին ավա՞րտ է, թե՞ շարունակություն»: Հարցը հրատապությունը չի կորցրել նաև այսօր՝ նույն հասցեագրմամբ՝ «Ո՛վ կարող է ասել՝ 80 տարին ավա՞րտ է, թե՞ շարունակություն»: Կարծում եմ, ընթերցողն իրավունք ունի մեկ անգամ «հարություն առած» գրողից սպասելու ազգանվեր ու բարձրարվեստ նորանոր երկեր ու գործեր:
*Ընթերցվել է 2024 թ. դեկտեմբերի 2-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում Գր. Ջանիկյանի 80-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
