ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՏԱՆԸ / Լուիս ԱԼՈՆՍՈ

Արակատակա վերադառնալուց մի քանի շաբաթ հետո, հղիության ութերորդ ամսում, 21 տարեկանում, սինյորա Լուիսան ծնեց Գաբրիել Խոսե Գարսիա Մարկես տղային, որ ճակատագրի կամքով դառնալու էր բոլոր ժամանակների ու ժողովուրդների մեծ գրող: Նրա անգլիացի կենսագիր Ջերալդ Մարտին պատմում է, որ երեխան ծնվեց պարանոցի շուրջ փաթաթված պորտալարով: Նորածնին օծեցին ռոմով ու սուրբ ջրով, որպեսզի հեռու պահեն կյանքում բոլոր ձախորդություններից:
Ապրիլի 17-ին, Մեքսիկայում, 87 տարեկանում կյանքից հեռացավ Գաբոն կամ Գաբիտոն, ինչպես նրան քնքշորեն անվանում են հարազատներն ու մտերիմները: Նա, ինչպես բոլոր մահկանացուները, չխուսափեց մահից: Կյանքի վերջին տարիներին նա կորցրել էր հիշողությունը:
Ի՞նչ կարող է իրենից հետո թողնել գրողը, եթե ոչ` հիշողություն:
Գաբոյի նշանավոր «Հարյուր տարվա մենություն» վեպը «կարիբյան խառնապուր» է՝ դուրս լողացող հիշողություններով, որ քննադատներն անվանեցին մոգական ռեալիզմ: Ընթերողն իջեցնում է գդալն այդ խառնապուրի կաթսայի մեջ՝ հույսով գտնելու այն, ինչ չկա մյուս գրքերում: Մեծագույն ստեղծագործության էջերում մեր աչքի առաջ ծավալվում է ֆանտաստիկ աշխարհ, որ ստիպում է քայլել հասարակածային գրականության զարմանալի ճանապարհով: Մեզ ապշեցնում են վեպի հեղինակի հրաշալի լեզուն և նրա հարուստ երևակայության նկարած ֆանտաստիկ տեսարանները: Ընդմիշտ մեր հիշողության մեջ են մնում զարմանալի բնակավայրերի անունները՝ Մակոնդո, Կոմալա, Սանտա Մարիա:
Գաբրիել Գարսիա Մարկեսը, ինչպես հավաստում են նրա ամենահավատարիմ երկրպագուները, կարողանում էր իր մեջ հավաքել մասնիկները բոլոր վայրերի, ուր լինում էր: Ռուլֆոյից գրողը վերցրել էր հարգալից վերաբերմունքը, Օնետիից՝ սիրահարվածությունը, Բոգոտայից` մելանխոլիան: Երբ առաջին անգամ մեկնեց Փարիզ, իրեն չէր գտնում խիտ մառախուղով, ցրտով ու թարթվող լույսերով պատված Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Հանրաճանաչությունը նրան գտավ Բարսելոնայում:
Կոլումբիացի հայտնի լրագրող ու դիվանագետ Պլինիո Ապուլեո Մենդոսան գրել է. «Իսկական Գաբոյին ճանաչելու համար պետք է ճանապարհ ընկնել դեպի անցյալ»: Նրա տաղանդի շատ երկրպագուների մեջ քիչ չեն նրանք, ովքեր հիանում են Մարկես լրագրողով: Մարկեսի լրա­գրային ռեպորտաժները իրավամբ համարվում են գրողի գրական-հրապարակախոսական գործունեու­թյան գլուխգործոցներ:
Երկրպագուներից շատերը չեն կիսում նրա քաղաքական հայացքները և բացասաբար են վերաբերվում Ֆիդել Կաստրոյի հետ բարեկամությանը: Բայց դա չի նվազեցնում նրա մեծությունն ու արժանիքները: Տղամարդիկ, չնայած սխալների իրենց հակվածությանը, կարող են գրել ինչպես Աստված…
«Հարյուր տարվա մենություն», «Հայտարարված սպանության ժամանակագրություն», «Պատրիարքի աշունը», Մարկեսի մյուս վեպերը հագեցած են հիշողություններով ու անհավանական ֆանտազիաներով, որ հասու են միայն տիտանի գրչին: Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց մարդկային հիշողու­թյան մեջ ընդմիշտ կմնա գրականության արբեցուցիչ ուժը մոռացկոտ մարդու, որ մոլորվել էր ճանապարհից, ում ծնունդը ցողված էր ռոմով: Ու մեկ էլ` ես հավատում եմ, որ հանճարեղ գրողի գրքերը մեզ կօգնեն ազատվել ցանկացած դժբախտու­թյունից:
Alcultura

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։