Անհատականություններ կան, որ որոշ տարածաշրջանի բնակիչների համար դառնում են սիրված, հարգված ու անմոռանալի: Վայոցձորցիների համար այդպիսի անհատականություն է Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը): Քաջբերունին 1875-1879 թթ. նշանակվել է Վայոց ձորի (Դարալագյազի) տարածաշրջանում՝ որպես գավառական բժիշկ:
Ծնվել է 1837 թ. Ուզունթալա (այժմ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Այգեհովիտ) գյուղում, քահանայի ընտանիքում: Քաջբերունին, իր մասնագիտական գործունեությունից զատ, զբաղվել է նաև գրական գործունեությամբ: Նրա գրչին են պատկանում «Տեր Սարգիս» վեպը և «Սուրբ Գևորգի ղուլը» գործը: «Տեր Սարգիս» վեպը արժանացել է Միքայել Նալբանդյանի գովասանքին, որը մեծ գրողը համեմատել է Ն. Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի հետ: Քաջբերունին հրատարակել է պիեսներ, որոնք տպագրվել են «Արարատում», ինչպես վկայում է Մեսրոպ Վարդապետը: Նրա գործերից է «Ջուխտ անիծյալ գերեզման» գործը՝ գրված 1863 թ., որի ձեռագիրը կորած է: Աշխատություններից է «Ալեքսանդրապոլից դեպի Կարին» գործը, որը տպագրվել է «Փորձ»-ում 1879 թ.:
Քաջբերունին Վայոց ձորում բժշկի պարտականությունները կատարելուն զուգահեռ զբաղվել է նաև բանահավաքությամբ ու տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ:
Նրա «Ճանապարհորդական նկատողություններ» շարքը ժամանակին տպագրվել է հայկական մամուլում: Վայոց ձորում իր աշխատած տարիներին բնակչության հիմնական մասը գաղթել է 1828 թ. Պարսկահայք նահանգից:
Նա, ուսումնասիրելով բնակչության կենցաղը, բարքերը և սովորությունները, դրանք հասցրել է մեզ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում բնակչության կողմից արդեն մոռացության էին մատնվել: Ներկա սերունդը այդ սովորույթներին, որոնք արդեն մոռացվել են, կարող են ծանոթանալ միայն Քաջբերունու գործերում:
Արժանահիշատակ են նրա կողմից հիշատակված աշուղների և բանաստեղծների գործերի գրառումները, որոնք ոչ մի տեղ չեն պահպանվել:
Քաջբերունու մանրազնին ուսումնասիրությունները յուրաքանչյուր բնակավայրում ոչ միայն վերաբերում են նրանց կենցաղին ու սովորություններին, այլև մշակութային և ճարտարապետական հուշարձաններին, որոնք տարածաշրջանում բազմաթիվ են: Աշխարհի շատ մասնագետներ, որոնք ծանոթ են Հայաստանին, նշում են, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Չնայած Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հուշարձանների և Ջուղայի մեծ արժեք ներկայացնող գերեզմանաքարերի ու Ադրբեջան կոչված ապօրինի պետության ամբողջ հայկական տարածքների պատմական հուշարձանների բարբարոսաբար ոչնչացմանը՝ մնացած տարածքներում էլ պահպանվածները վկայում են, որ Հայաստանը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ: Այդ արտահայտությունը հատկապես կարելի է վերագրել Վայոց ձորին, քանի որ յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում ենք իրենցից բարձր արժեք ներկայացնող մշակութային և ճարտարապետական հուշարձանների:
Քաջբերունու աշխատությունը իր մեջ ներառում է Վայոց ձորի ամբողջ տարածքի հուշարձանների մանրազնին ուսումնասիրությունը, որը մեզ է հասել բացառիկ ճշգրտությամբ: Քաջբերունին, Վայոց ձորում իր աշխատանքային գործունեության ընթացքում այցելելով յուրաքանչյուր բնակավայր, ուսումնասիրել է եղած հուշարձանները և այն հասցրել մեզ, որի համար երախտապարտ ենք մեծ մարդուն:
Կատարվող ուսումնասիրությունները Քաջբերունու համար դյուրին չեն եղել, քանի որ պահանջել են ֆիզիկական մեծ ջանքեր: Ներկայացնենք մի քանի օրինակ, որոնք նշված են իր գրքում:
Եղեգիս գետի վրա կառուցված Ծատուրի կամրջի պատմությունը ուսումնասիրելիս նա նկարագրել է, թե ինչպես է արել, որ կարողացել է կարդալ կամրջի արևելյան ճակատի վրա մի ամբողջ երկար սալաքարի երեսին գրված արձանագրությունը.
– Ոհ, որքան, որքան չարչարանք եմ կրել, ընթերցո՛ղ, այդ արձանագրությունը կարդալու համար: Երևակայեք, որ արձանագրությունը ունի ահագին բարձրություն, տառերը խճճվել են և մամուռով ծածկվել, ներքևից նաև դիտակով (բինոկլ) անկարելի է ջոկջոկել դրանք: Բայց կամրջի պատմական ծագման հայտնագործությունը հարկադրել է ինձ գործ դնել ամեն մի միջոց արձանագրությունը կարդալու: Երեք-չորս անգամ կախվել է տողերիս գրողը, երեք-չորս անգամ կախվել են նրա ուղեկիցները տառերը մաքրելու և ածխով նշելու: Այս անելով այնուամենայնիվ դժվարին էր կարդալ: Վերջապես երկար բարդի ծառեր միմյանց ծայրից կապել եմ և թոկերով սանդուղք շինել, որով և բարձրացել մինչև արձանագրությունը: Այս միջանկյալ հանգամանքը թեև ավելորդ էր հիշել անգամ, բայց նպատակս այն է, որ ցույց տայի, թե որքան դժվար է առանց անհրաժեշտ գործիքների, առանց նպաստի և օգնության ճանապարհորդել այս կողմերում և մամուռի, հողի, քարերի ավերակների տակից լույս աշխարհ դուրս բերել շատ պատմական տեղեկություններ, որ գուցե առանց այս չարչարանքի կորչեին հավիտյան: Ուրեմն թող ընթերցողը չկարծի, թե ինչպես դյուրին է կարդալ «Փորձ»-ի մեջ ձևակերպված այս տեղեկությունները, նույնպես և դյուրին է և դրանք ձեռք բերելը և ձևակերպելը: Թող իմանա ընթերցողը, որ շատ անգամ մեր կյանքը վտանգի է ենթարկվում: Այժմ կրկին դիմենք արձանագրությանը.
«Ի թուին Հայոց Ռ ամին
Ճ և ԺԵ աւելի,
Շնորհօք ամենազօրին:
Կամաւն Աստծոյ ես Սարգիս վարդապետ առաջնորդ Շատինու անապատին միաբանեցաք ձեռնտվությամբ Ղ (90) միաբանիս և բազում ողորմությամբ շինեցանք զկամուրջս հայոց հայրապետության Տեառն Յակոբեայ, թագաւորության Պարսից Շահ Սուլեյմանի»:
Եվ վերոգրյալ արձանագրությունը ավանդում է մեզ, որ կամուրջը շինել է Շատինի վանքի Սարգիս վանահայրը իր միաբանության հետ 1115 հայկական կամ 1666 փրկչական թվականին, Հակոբ հայրապետի և Պարսից Շահ Սուլեյմանի օրոք: (Քաջբերունի «Ճանապարհորդական նկատողություններ», Երևան, 2003 թ., էջ 154-155):
Այժմ վերադառնանք կամրջի ներկա վիճակին: Քաջբերունու ուսումնասիրությունից հետո, բայց թե որ թվականին՝ ինձ հայտնի չէ, գետի ձախակողմյան ափը միացնող կամրջի կեսը փլուզվել է՝ իր հետ տանելով իր վրա կրող արձանագրություններով երկար սալաքարը: Եթե հեղինակը այդքան մեծ դժվարությամբ չպարզեր արձանագրության բովանդակությունը, մեզ համար անհայտ կմնար կամրջի կառուցողն ու կառուցման ժամանակը:
Բերեմ ևս մեկ օրինակ՝ Ցախացքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում Քաջբերունու կատարած ուսումնասիրությունը.
– Ահա երկու կողմերից ևս երեք-երեք կամարափակ սյուների վրա կամարակապ առաստաղով շինություն, որ ունի մի սեղան խորհրդի իր վեմ քարով: Սրա հատակը ծածկված է ձիերի և ոչխարի արտահոսությունով, ըստ որում Ալագյազ գյուղի թուրքերը այդտեղ պահում են իրենց հոտը: Դիզված աղբը քրքրելով, ահա բացվեցին շատ անարձանագիր տապանաքարեր, որոնց մեջ ամբողջովին մնացել է Ուքանի տապանաքարը և վրան հետևյալ արձանագրությունը.
«Զազնիւն յնտրեալսն ու զքաջն ի զօրականսն զպարոն Ուքանն յիշեցեք թուին ԶՀԵ: (775)»: Տեսնելով, որ գեղեցկաքանդակ այս արձանագրությունը անխախտ մնացել է լոկ արտահոսությունների շնորհիվ, ես մեծ հոգացողությամբ նորից ծածկեցի տապանաքարը թրիքով: Այսպես է մեր հնությունների անտեր անտիրական վիճակը, որ պետք է, արտահոսությունների տակ թաքցնելով, պաշտպանենք դրանց: (Քաջբերունի «Ճանապարհորդական նկատողություններ», Երևան, 2003 թ., էջ 213): Այսպիսի պայմաններում է Քաջբերունին շրջել ամբողջ Վայոց ձորի (Դարալագյազի) տարածքով, հնարավորության սահմաններում մեկիկ-մեկիկ ուսումնասիրելով բոլոր պատմական հուշարձանները՝ բարեխղճորեն փոխանցել մեզ:
2003 թ. արմատներով Վայոց ձորի Արտաբույնք գյուղից պ. գ. թ. Հուսիկ Անդրեասի Մելքոնյանի և Ա. Ղազիյանի նախաբանով Գալուստ Կիիլպենկեյան հիմնարկության օժանդակությամբ տպագրվել և ընթերցող լայն շրջանին հասանելի է դարձել Քաջբերունու «Ճանապարհորդական նկատողություններ» աշխատությունը: Քաջբերունին Վայոց ձորի վերաբերյալ ունի նաև ուրիշ աշխատություններ, որոնք ժամանակին տպագրվել են «Արձագանք» շաբաթաթերթում, որը հրատարակվել է Թիֆլիսում: Դրանցից է «Դպրոցական գործը Շարուր-Դարալագյազի գավառում», որտեղ նա մանրազննին ուսումնասիրել է կրթությանը վերաբերվող հարցերը, որոնք հասցրել է մեզ: 1873 թ. իշխանության թույլտվությամբ Մալիշկայում բացվում է դպրոց, որը Վայոց ձորում առաջինն էր: Այն գործել է ընդամենը երեք ամիս, որտեղ ուսուցչություն է արել Գրիգոր Տեր Ավագյանը: 1874 թ. դպրոց է բացվել նաև Արգյազի վանքին կից, որը ևս կարճ կյանք ունեցավ, 1875 թ. մարտ ամսին Գրիգորը տեղափոխվեց Էրդափին (Արտաբույնք)՝ իր հետ տանելով դպրոցը, որով ավարտվեց դպրոցական գործը Մալիշկայում:
Կարճ ժամանակով դպրոց է գործել Փոռ և Ազատեկ գյուղերում: Դպրոց է գործել նաև Խաչիկ գյուղում՝ երկար ժամանակ:
1875 թ. Արտաբույնքի քահանա Տեր-Ավագի մահվանից հետո Գրիգորը ձեռնադրվեց քահանա և շարունակեց հոր՝ Տեր-Ավագի գործը, որի հետ զուգահեռ կազմակերպեց դպրոցական գործը Արտաբույնքում:
2020 թ. Քաջբերունու «Ճանապարհորդական նկատողությունները» վայոցձորցիների պահանջով վերահրատարակվեց՝ լրացվելով ևս մի քանի հոդվածներով, որոնք վերաբերում են Վայոց ձորում դպրոցական գործին:
Գիրքը հրատարակվեց Քաջբերունի «Վայոց ձոր» վերտառությամբ Սյունիք-Վայոց ձորի մատենաշարով: Գիրք 7:
2020 թ. մարտի 9-ին տողերիս հեղինակի և վայոցձորցի մի քանի հայրենասերների նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվեց Քաջբերունու մահվան 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որի մասին տպագրվեց «Գրական թերթ»-ում:
Վայոցձորցիներիս համար մեծ մարդ Քաջբերունին հավերժ կմնա սերունդների հիշողության մեջ:
Երախտապարտ ենք…
