ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

… Գրեթե երեք տասնամյակ ապրեցիր Իսպանիայում… Բայց կարոտը խեղդում էր…
Վերջին տարիներին միշտ ասում էիր, թե երկու դեպքում է սիրտդ թրթռում. մեկ՝ երբ նստում ես սպիտակ թղթի առջև, մեկ էլ՝ երբ դեպի Հայաստան ինքնաթիռի տոմս ես գնում:
Ափսոս, որ էլ ոչ մի բանից այլևս չի թրթռա սիրտդ…
Խաղաղություն քո թափառ հոգուն…

Վան ԱՐՅԱՆ

«ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԾՆԾՂԱՆՆԵՐ» շարքից

* * *
Արշալույսի ծնծղաներից,
Օրը գժվեց-ուշաթափվեց:
Ինչ-որ անհայտ կախարդ վրձին,
Երազներս գունավորեց:

Ու ցանկացա ինձնից պոկվել
Գնալ հեռու մի մենաստան-
Ժպտալ, թախծել, ապաշխարել,
Տեր-երկինքը ինձ ապաստան:

Այնտեղ գտնեմ հորս հոգին,
Մորս գուցե գտնեմ հանկարծ,
Ձուլվեմ նրանց խաչ ու թագին-
Լուսավորեմ հոգիս անկայծ:

Հեքիաթս տամ տիեզերքին,
Ամպերի հետ կատակ անեմ,
Փարվեմ լույսի արմատներին
Ու մեղքերս խոստովանեմ:

Սակայն ցնդեց ամենը այս,
Երբ որ տեսա զավակներիս:
Լուռ երգեցի ինչ-որ հին վալս
Ձեռքս տարա վարագույրիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։