ՊՈԵԶԻԱՆ ՉԷ ՈՐ… Պոլ Էլյուարն իր «Ցավի մայրաքաղաք»-ում / Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Այնուամենայնիվ, ես երբեք չեմ գտել այն,
ինչ գրում եմ այն ամենի մեջ, ինչն ինձ դուր է գալիս։
Պոլ Էլյուար

Վերջերս մեր թարգմանական գրականությունը հարստացավ ևս մեկ՝ ֆրանսիացի բանաստեղծ, դադաիստական, այնուհետև սյուրռեալիստական ուղղության հետևորդ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք» բանաստեղծական ժողովածուով։
Նախորդ տարի գրական կայքերից մեկում առիթ ունեցել էի ընթերցել հեղինակի բանաստեղծական շարքերից մի քանիսը (գուցե և շարքեր էլ չէին), սակայն հեղինակի գործերին ավելի մոտիկից ծանոթացա վերջերս։ Ի ուրախություն ֆրանսիական գրականության սիրահարների՝ բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանի ձեռամբ Պոլ Էլյուարը հայ ընթերցողին հասու դարձավ տպագիր ամբողջական գրքով («Ցավի մայրաքաղաք», Արմավ հրատարակչություն, 2023 թ.)։
Անխոս, ֆրանսիական գրականությունը տարբերվում է իր պոետիկական խոհուն մտածողությամբ, որտեղ յուրօրինակ ընդգրկում ունի ներաշխարհի ուրույն ու ընդգծված արտահայտչականությունը։
Պոլ Էլյուարը Էժեն Էմիլ Փոլ Գրինդելի գրչանունն է։ Նա ֆրանսիացի բանաստեղծ, սյուրռեալիզմի հիմնադիր Լուի Արագոնի և Անդրե Բրետոնի հետ, ի թիվս այլոց, համարվում է 20-րդ դարի լավագույն քնարական բանաստեղծներից մեկը։ Նրա ստեղծագործություններից շատերն արտացոլում են դարի հիմնական իրադարձությունները, ինչպիսիք են համաշխարհային պատերազմը, նացիստական շարժման դեմ դիմադրությունը, 20-րդ դարի քաղաքական և սոցիալական իրադարձությունները: Թեպետ իդեալիզմը հակասություն էր ստեղծում կոմունիստական իշխանության ներքո կյանքի որոշ իրողությունների պատկերմամբ, այնուամենայնիվ, նրա հավատը մարդկային ազատությունների նկատմամբ անզիջում էր: Հայրենասեր բանաստեղծի համոզմունքները խորն էին ու աներեր, ինչը նրան դրեց պատերազմի ճիրանների մեջ՝ դուրս բերելով որպես ազգային հերոսի։
«Ցավի մայրաքաղաք» բանաստեղծական ժողովածուն հեղինակն ի սկզբանե կոչել է «Դժբախտ լինելու արվեստը», այնուհետև փոխել և գրքի համար ընտրել է ավելի բանաստեղծական անվանում, որտեղ ընդգրկված են հարուստ երկիմաստություններ. մայրաքաղաք, որտեղ համախմբվում են դժբախտները։ Էլյուարն ընդգծելի է դարձնում իր ցավը, այսինքն՝ հանընդհանուրի միջոցով յուրաքանչյուրը կկարողանա գտնել ու ճանաչել իրեն: Հենց այդ «մայրաքաղաքում» իր հետ իր կողքին ապրում է նաև իր «ցավը»։ Վշտի ճիչը լսելի է բաժիններից յուրաքանչյուրում, որը կառուցվում է ռոմանտիկական երգերի ուղեկցությամբ։ Սակայն Էլյուարը չի մնում դժբախտության ճիրաններում, նա կամք ու տոկունություն է գտնում ցրելու շուրջբոլորը հյուսած մշուշը, որը ճեղքելով՝ ճանապարհ է գտնում առաջ շարժվելու.
«…երկինքը պարուրում է կյանքը. ամենուրեք սիրո նոր աստղ է ծագում-վերջ.»,
«Ո՜վ դու, որ ջնջում ես մոռացությունը, հույսը և տգիտությունը…»,
«Ես հանուն քեզ համբուրում եմ լիարժեք լքված ամբողջությունը արցունքներից հարբած…»,
«Քո նարնջագույն վարսերն աշխարհի ունայնության մեջ
Լռությամբ ծանր պատուհանների նանրության պահին
Եվ այն ստվերում, որտեղ իմ մերկ ձեռքերը փնտրում են քո բոլոր արտացոլանքները»:
Բանաստեղծի պոետիկայի մեջ սերն ունի ուրույն ու անջինջ ներթափանցում, որը կենդանի ապրումներից ծնված պոռթկումների արգասիք է։
Ակամայից սիրային գեղարվեստը ներքաշում է քեզ բանաստեղծի կենսագրության էջեր՝ գտնելու կյանքը սիրո մեջ ապրելու բանաձևումները։ «Նա դա անդադար խորացնում է ամենամարմնային ցանկություննրից մինչև էրոտիզմ, և մինչ այդ սերը՝ դեպի աշխարհի սերը»,- գրում է թարգմանիչ Կ. Խուրշուդյանը։
Երեք անգամ սիրահարվելով և ամուսնանալով՝ նրա ավելի քան հարյուր բանաստեղծական ժողովածուներից շատերում առանձնանում է սիրային հուզիչ բանաստեղծությունների ընտրանին: Նա, ըստ եգիպտացի բանաստեղծ Ժորժ Հենեյնի, «քնքշության կրողն էր», և նրա կյանքի վերջնական նպատակը միշտ նույնն էր՝ օգտագործել «մարդկանց միջև հեռավորությունները նվազեցնելու» բառերը։
Ինչքան դժվար է Էլյուարի ասելիքի խորքեր փնտրելը, նույնքան և դժվար է նրան թարգմանելը։ «Լուրջ որսորդ»՝ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը այսպիսի բնութագրմամբ է գնահատում թարգմանիչ Կ. Խուրշուդյանի կատարած աշխատանքը։ Ընթերցողն արդեն իսկ զգում է՝ ինչքան զգույշ է թարգմանիչը «խաղացել» հեղինակի տողերի հետ։ Նա ձգտել է պահել բնագրի հմայքը, ինչը թարգմանչական գործում կարևոր է ու առաջնային։ Բանաստեղծություններն անհանգ են ու չկետադրված, ինչը, ըստ իս, ավելի է բարդացնում թարգմանչի անելիքը, սակայն սրտացավ ու զգույշ ներթափանցելով բանաստեղծի գեղարվեստ աշխարհ, գտնելով ասելիքի հորդաբուխ զարկերակը՝ թարգմանիչը մայրենիի բառաֆոնդից ընտրել է այնպիսի բառեր, որոնք իրատես բնութագրիչներ դարձնելով՝ կարողացել է վեր հանել ֆրանսիական պոետիկայի հմայքն ու խոր նրբությունները.
Քամին քշում է ծառի հյութերից համբույրի փունջը
*
Գուրգուրանքը համբուրեց օդը
*
Քաջությունը վառում էր մեր մեջ ապրող կանանց
*
Ամենագեղեցիկ անհայտը հավերժական հոգեվարքում է
*
Օդում ծաղիկներ կրողները շոշափում են հողը
*
Գիշերը, լուսինը և նրանց սրտերը հետապնդում են միմյանց
*
Քանի դեռ թեթևաբարո է
Եվ քանի դեռ ուրախ է
Եկեք հագնվենք ու մերկանանք։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։