Անմահությունն սկսվում է
հայրենիքի սիրուց:
Նարեկ Հովսեփյան
Կարդում ես Նարեկ Հովսեփյանի խորախորհուրդ մտքերը և մտածում, թե այդպիսի մի արտասովոր հայ էր նաև Պապ թագավորը, որն ընդամենը 17 տարեկանում քաղաքական այնպիսի խելացի ու ազգափրկիչ ծրագրեր սկսեց իրականացնել, որ սարսափեցրեց բյուզանդական արքունիքին և դավադրաբար նահատակվեց նրա ձեռքով:
Հազար ափսոս, որ Նարեկն այդքան վաղ է հեռացել կյանքից, և նրա աստվածային եզակի իմաստությունը չի ունեցել շարունակություն: Նրա մտքերը պատշաճում են մեծ կենսափորձ ունեցող հզոր գրողի, որն աշխարհ է տեսել, բազմազան շփումներ է ունեցել, կյանքի երկար ուղի է անցել, տիրապետել է տարբեր լեզուների: Դրանք մարգարեություններ են, որոնք միստիկական խորհուրդ ունեն. նրանց մեջ մարդկության դարավոր կենսափորձն է` շատ երիտասարդ, գրեթե մանկական ուղեղից ծնված: Եվ այդ ամենը` ոչ մայրաքաղաքային միջավայրում, ոչ հատուկ հսկողության ներքո: Ես սրտի անասելի ցավ եմ զգում մեր ազգի կորստի համար. ինչ պայծառ երևույթ ենք կորցրել` դեռ ձեռք չբերած, ինչ անփութություն ենք ցուցաբերել մեր այս դժվար օրերին Աստծուց մեզ մատուցված պարգևին:
Նարեկը ծնվել է 1986-ին` Արցախյան շարժումից երկու տարի առաջ, մեզ հետ կրել է ազատագրական պայքարի բոլոր դժվարություններն ու տառապանքները և, ինչպես Անտուան դը Սենտ Էկզյուպերիի Փոքրիկ իշխանի նման հայտնվել էր դժվար պահին` թողնելով իր արտասովոր երևույթի իմաստություն մոլորակը, այնպես էլ ձուլվել է հավերժին:
Եթե փորձենք գիտականորեն դասակարգել Նարեկի գրական ժառանգությունը, որն ավելի քան փիլիսոփայական ուղղվածություն ունի, ապա պետք է փաստենք, որ նա քննել է միկրոկոսմի ու մակրոկոսմի փոխկապերի խնդիրները և այդ կապի մեջ մարդու համար թողել է լուսավոր այն հույսը, որն առկա է նաև Նարեկացու «Մատյանում»: Նարեկ Հովսեփյանը մեզ է ավանդել իր մաքսիմները, որոնք պատգամներ են` ուղղված իր ազգին, թողել է իր եզրահանգումները մանկավարժության, դպրոցի, գիտության, երաժշտության, գրականության, հոգեբանության, հավատի և, ամենակարևորը, հայրենասիրության վերաբերյալ:
Աշխարհի մասին Նարեկի գիտելիքների հիմնական աղբյուրը եղել են բազում-բազում գրքերը, որոնք նրա ամենօրյա սնունդն էին: Որքան ճիշտ է նա բնութագրում գերիրապաշտ Սալվադոր Դալիի արվեստը. «Մի մեղադրեք սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիին: Նրա հանցանքն ընդամենը իրերի խորքը տեսնելու անմեղ ցանկությունն էր»: Որքան կուզեի, որ քեզ նման բացառիկ հրաշամանուկը եղած լիներ Բարսելոնում, տեսներ Սալվադոր Դալիի գործերի հսկա հավաքածուն, տեսներ Անտոնիո Գաուդիի «Սագրադա Ֆամիլիան», որը պիտի խոսեր աստվածային հոգուդ հետ: Սակայն առանց դրանք տեսնելու, դու, թվում է, գիտես դրանց մասին, դու, թվում է, եղել ես Ամստերդամում, հիացել Վան Գոգի նկարների թանգարանով ու ներկայացրել այդ նկարչի արվեստի գնահատման քո հրաշալի բանաձևը. «Ով չի տեսել Վան Գոգի հիասքանչ հռչակավոր «Արևածաղիկները», նա չի հասկացել, որ նկարչի հոգին արևի ծարավ է, լույսի կարոտ…»:
Նարեկը տեսնում է կյանքի երևույթներն առավել բարձրից, քան մարդկային գլուխն է: Անշուշտ, կարդացել է Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը և խորապես հասկացել այդ գլուխգործոցի վերժամանակյա ու համամարդկային խորհուրդը, լսել Նարեկացու` հանուն մարդու մաքրագործման ու աստվածանալու արձակած այն սաստող ճիչը, որի ձայնը լսվում է դարերի խորքից. «Հայ գրականության մեջ Նարեկացու հայտնությունն օրինաչափությո՞ւն էր, թե՞ պատահականություն:
Չմեկնաբանենք:
Կարևորն այն է, որ աշխարհին և մարդկությանն արժանապատվորեն ներկայանալու հնարավորություն ունենք` ի դեմս հրաշագործ «Մատյան ողբերգության»»:
«Աշխարհի կոմպոզիտորներ» հանրագիտարանում, որը կարդացել եմ Տորոնտոյում, կան Կոմիտասի և Արամ Խաչատրյանի անունները` համապատասխան հոդվածներով, որոնք գրել են առաջնակարգ մասնագետներ: Նարեկի` այդ կոմպոզիտորներին տված գնահատականները կպատշաճեին ամենահեղինակավոր հանրագիտարանի սեղմ բնութագրմանը. «Կոմիտաս երգահանի հոգևոր ժառանգությունը հայ ոգու ամենանուրբ ծալքն է` համեմված ժողովրդական ստեղծագործ իմաստությամբ:
Խաչատրյանն այդ նույն ոգու կամքի մեկնաբանն է. իր երաժշտական հրաշակերտ, հզոր կառույցներին շաղախել է կորով և առնականություն…»:
Շատ շուտ է հասկացել Նարեկը դպրոցի և ուսուցչի դերը մարդու և ազգի կյանքում. «Դպրոցն ուժի աղբյուր է»,– ահա նրա բանաձևը, որը միշտ արդիական է լինելու: Մտավոր ու հոգեկան տվյալներով շատ բարձր լինելով իր ուսուցիչներից` բնականաբար խոցվել է վերջիններիս փոքրոգության պատճառով, և ծնվել է հետևյալ դիտարկումը. «Ասացիր` իբր ուսուցիչ ես դու, քեզ հավատարիմ աշակերտ եղա:
Ասացիր` իբր բազում է հոգսդ, ես որդիաբար քեզ նեցուկ եղա` մնալով խոնարհ:
Իսկ երբ իմ մասին քեզ հարցում արին, թե ո՞վ եմ կամ ի՞նչ,
Ձեռքդ չդողաց` ինձ ընդամենը չորս «ընծայեցիր» մեծահոգաբար:
Ուսուցի՛չ, ասա՛, անունդ ի՞նչ էր»:
Պետությունը Նարեկի համար սևեռնամիտ գաղափար է: Նա էլ անտիկ ժամանակներից եկող իմաստունների նման համոզված է. «Պետությունը կարիք ունի պետական մտածողությամբ այրերի»:
Հայրենիքն ու պետությունը նրա մտածումների հիմնական առանցքն են: Նա հիանալի գիտե Հայաստանի անցած պատմական ուղին, իր` թագավորի կատարելատիպը Տիգրան Մեծն է, ինչպես Մովսես Խորենացու համար` Տիգրան Երվանդյանը, և ինքն էլ մեր հանճարեղ Պատմահոր նման ուզում է ներկա Հայաստանի պետական այրերի մեջ արթնացնել Տիգրան Մեծի ոգին. նա գիտակցում է, որ իր Հայրենիքը շատ դարեր առաջ վայելել է աշխարհակալ լինելու փառքի հաճույքը: Նարեկ հրաշամանուկին անհանգստացնում է ներկայիս անկախացած Հայաստանի պետականության ճակատագիրը. վերջինիս հզորացմանը նպաստելու մտահոգությունը նրան ուղեկցում է ամեն պահի. «Պետական այն այրերը, որոնք անձնական շահը գերադասում են պետականից, առնվազն ջուր են լցնում թշնամու ջրաղացին…»:
Մեծն Հովհաննես Թումանյանը պահանջում էր, որ հայ գրողը հառաչի իր ժողովրդի մեծ Հառաչանքը: Նարեկը` այդքան մանկահասակը, փորձում է ելքեր գտնել իր ժողովրդին խոսքով օգնելու, այնպիսի պատգամ տալու, որը նրան կտանի դեպի լույսն ու բարեկեցությունը:
Թվում է, թե նրա եզակի գրական երախայրիքը` «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը, հայ ժողովրդին դարավոր կորուստներից ու օրհասներից վերջապես փրկելու ծրագիր է: Ինչպես աշխարհակործան ջրհեղեղի ավարտն ավետել է նոյյան աղավնին, այնպես էլ Նարեկ Առաջին արքայի ծրագիրը մշտապես ու հավետ անխոցելի է դարձնելու Հայաստանը:
Վիպակում խառնված են ժամանակները, Հայաստանի անցյալն ու ներկան խիստ շաղկապված են, որովհետև 14-ամյա Նարեկ արքան գիտե իր երկրի անցյալը, կարգավորում է ներկան, կանխատեսում ապագան: Վիպակում առկա են Մովսես Խորենացու գլուխգործոցի, Եղիշեի ոսկետառ մատյանի, «Սասնա ծռեր» հերոսական էպոսի ոգին ու պատգամները: Հայերի մշտական առաջնորդներն են Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Սասունցի Դավիթը, Անդրանիկ զորավարը, ցեղակրոն Նժդեհը:
Հայաստանը հզորացնել կկարողանան մարտունակ բանակն ու առաջնակարգ դպրոցը. «Դպրոցաշինությանն ու ուսուցմանը հատկացվելիք գումարը պետք է մոտ լինի ռազմական ծախսերին»:
Հեղինակը շատ է կարևորում ուսուցչի դերը պետության հզորացման գործում, իսկ ուսուցչի առաջ դնում է խիստ անհրաժեշտ պահանջ` խոր գիտելիքներ և նվիրում դպրոցին ու աշակերտին: Այդ պայմաններին չհամապատասխանող ուսուցիչը որակազրկվում է ու հեռացվում դպրոցից: Ազգի հաջողությունների գրավականներից մեկն էլ ազգային միասնությունն է, որի առհավատչյան այն սրբազան ուխտն է, որ արքան կնքում է ժողովրդի ու նախարարների հետ` երդվելով Աստվածաշնչի, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» վրա:
Հետաքրքիր կանոնակարգ է մշակում Նարեկ Առաջինն իր պետության խորհրդարանի` Ազգընտիր գագաթաժողովի համար, որտեղ երեսփոխանների 60 տոկոսը մեծահարուստներ են, որոնք զրկվում են պատգամավորական աշխատավարձից, բայց փոխարենը վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, 30 տոկոսը նշանավոր գիտնականներ են, որոնց դերը վճռական է օրենքներ մշակելիս և ընդունելիս, իսկ 10 տոկոսին, որոնք ժողովրդի հարգանքը վայելող անվանի պետական ու մշակույթի գործիչներ են, նշանակում է կառավարությունը: Ինչ-որ առումով Նարեկ Առաջինի գլխավորած պետությունը հիշեցնում է Տոմազո Կամպանելայի «Արևի երկիրը» ուտոպիան, որի համար վերջինիս ցից հանեցին:
Նարեկ հրաշամանուկն իր ազգակիցներին ապրելու, արարելու խրախույս է հղում հետևյալ պատգամով.
– Մի՞թե մեզ հետ չեն մեծն Տիգրանի, քաջն Վարդանի, անկասելի Անդրանիկի և բազում այլ քաջերի լուսեղեն ոգիները: Դադարել ենք հայ լինելո՞ւց, թե՞ մոռացել ենք արիական մեր ծագումն ու փառապանծ Մասիսների խորհուրդը: Ըմպենք Կաթնաղբյուրի կենսատու ուժի ակունքներից` գորովագութ ու կորովի Դավթի նման:
Հետաքրքիր է, որ Նարեկը վիպակում մեծ դեր է հատկացնում հայ կնոջը` պահանջելով, որ նա անդամակցի իշխանությանն ու մասնակցի երկրի կառավարմանը: Ուշագրավ է, որ երկրի թագավորն ու թագուհին պետք է լինեն իրենց արժանապատվությունն ընդգծող հագուստներով, սակայն հեռու մնան ավելորդ պերճանքից:
Նարեկ Առաջինը, իր պետության բարօրության խնդրում մեծ տեղ տալով դպրոցին ու գիտությանը, չի մոռանում արվեստը: Այդ առումով մեծ դեր է հատկացնում հեռուստատեսությանը. այն պետք է ծառայի ազգի շահերին և ոչ թե գլոբալացմանը, չպետք է տարվել օտար ու վնասակար մշակույթներով: Հեռուստատեսությունը պետք է զարգացնի ճիշտ լեզվամտածողություն: Նարեկ Առաջինը հայոց բանակի համար մայրենի լեզուն կարևորում է այնպես, ինչպես գերազանց զինվածությունն ու խիզախությունը. «Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է»:
Եվ ամենակարևորը, որ պատգամում է Նարեկ Առաջին արքան, այն է, որ հայ ժողովուրդն իր ներկայի ու ապագայի ցանկալի վիճակի համար հույսը պետք է դնի միայն ու միայն իր վրա ու երբեք մուրացիկի նման ձեռքը չմեկնի օտարից օգնություն հայցելու համար:
Նարեկ Առաջինը սրբորեն հիշում է «Սասնա Ծռեր» հերոսական էպոսի խաղաղասիրական ոգին և մերժում է պատերազմը ոչ միայն իր ազգի, այլև ողջ աշխարհի համար. «Ովքեր խոնարհվում են պատերազմի Չարին, նրանք դեմ են բանականությանը»,– ասում է նա:
Նարեկի համար «Մարդկային բանականությամբ ստեղծված ամենահանճարեղ գյուտերից մեկը գիրքն է…»:
Սիրելի Նարե՛կ, չգիտեմ` դու եղե՞լ ես արդյոք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, սակայն քո մտքի թռիչքը հասել է նաև այնտեղ, վայելել մեր մագաղաթյա մատյանների առինքնող հրաշագեղությունը և քո գրչի տակ դարձել համակող ձոն. «Հայոց ոսկեղենիկ գրաբարը մարմնացյալ երաժշտություն է, որը հնչել է առ Աստված մեր անձեռակերտ տաճարների լուսեղեն կամարների ներքո` որպես լինելության աղոթք և աներկբա հույս:
Այսօրվա մեր գոյությամբ պարտական ենք խնկաբույր գրաբարին…»:
Նարեկը եղել է նաև մաթեմատիկոս և տիեզերքի գաղտնագրումը տեսնում է հենց թվերի մեջ: Նա սիրում էր կյանքը, սակայն նրա երկրային կյանքը եղավ ակնթարթ:
Նարեկի «Առաքելություն իմաստության տաճար» գիրքը լույս է տեսել 2005-ին, շատ կուզեի, որ այն հմտորեն թարգմանվեր ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով` աշխարհին ներկայացնելու համար հայ հրաշամանուկի եզակիությունը: