Հայ գրականության ամենամեծերից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը մեկ անգամ ևս առիթ է խոսելու ոչ միայն նրա ստեղծագործությունների, այլև մարդկային նկարագրի մասին, և մանավանդ կյանքի սկզբնական այն շրջանի իրողությունների, որոնք լեցուն եղան ինչպես անձնական, այնպես էլ ազգային բարդ ու ճակատագրական դեպքերով։
Համոզված ենք, որ ամեն ոք, ով այս կամ այն չափով ընթերցել է Չարենցի ստեղծագործությունները, իր հոգու ներսում, սրտի մի անկյունում ու մտածումներում հարազատության, ես կասեի՝ ազգակցության կապեր է հայտնաբերել մեծ գրողի հետ։
Մասնագիտության բերումով լինելով գրականագետ՝ հոգևոր այդ կապերը, բնականաբար, ծնվել են նաև իմ մեջ, որոնք հատկապես խորացել ու ամրացել են անձնական կյանքիս երեք իրողությունների բերումով, ինչպես կասեր Չարենցը՝ «երեք նետ», որ «դարձել են մի»՝ Մակու, Կարս, Քանաքեռ, որոնք ոչ այնքան անմիջական և ուղիղ, որքան՝ պատահականությունների բերումով, առնչությունների տեղիք են տվել հեռակա կերպով կապվել Չարենցի կյանքի որոշ իրողությունների հետ։
Եվ ուրեմն, պատահեց այնպես, որ կյանքի ուղիները 2011-ին Երևանի պետական համալսարանի մի հեղինակավոր պատվիրակության կազմում՝ ռեկտոր, դեկաններ, պրոֆեսորներ, մեզ տարան Իրան՝ Թավրիզ, Թեհրան, Սբ. Ստեփանոսի և Թադեի վանքեր։ Միջանկյալ ասեմ, որ ամենքիս հիացումը եղան հոգատար ու վերականգնողական այն աշխատանքները, որոնք իրանական իշխանությունները կատարում էին մանավանդ Սբ. Ստեփանոսի վանքի մեծ համալիրում։ Ոչ պակաս զարմանք հարուցեց նաև այն, որ վանքի տարածքը լեփ-լեցուն էր ուխտատեղի եկած պարսիկ ընտանիքներով, ովքեր մոմեր էին վառում, խաչակնքում, պարսկերեն մրմնջում։
Բայց դառնամ իմ բուն ասելիքին։ Ցանկալի ու հաճելի այդ ուղևորությունը ձգվեց ու հասավ մինչև Մակու, չարենցյան խոսքերով ասած՝ «Խանի Մակու», որն ըստ էության ինչպես ստեղծվել էր, այնպես էլ մնացել էր նույնը՝ երկու խորխորատ ժայռերի արանքում ծվարած, հորդ գետի ափին թառած և սարալանջն ի վար ընթացող ընդամենը մի փողոցից բաղկացած բնակավայր՝ աջ ու ձախ կողմերում երերուն կանգնած միհարկանի հողե կամ պատահական քարերով կառուցված կիսախարխուլ տներով։ Միակ երկհարկանի շինությունը հյուրանոցն էր, որը կիսով չափ հենվել էր ժայռաբեկորին, և որտեղ էլ մենք անցկացրինք մեկ գիշեր։ Եթե ձորակի ներքևից վեր նայես, երկնքի հազիվ մի կտոր է երևում. չկա ոչ մի հորիզոն, ճար ու ճանապարհ, լուսավոր որևէ կետ։ Ամեն ինչ խլության ու խավարի մեջ է թաթախված։ Եվ այդ պայմաններում, աշխարհից կտրված այդ ամայության մեջ ինչպե՞ս են ապրել մարդիկ, որոնցից երկուսն էլ Չարենցի ծնողներն են եղել՝ հայրը՝ գորգավաճառ Աբգար աղան (Աբգար Սողոմոնյան), ու մայրը՝ Թելլի Միրզայանը, ովքեր իրենց տխուր կյանքի բազում գիշերներից մեկում էլ չեն քնել և երբ ճամփա են ընկել դեպի Կարս՝ բնակվելու, արդեն ծոցվոր դարձած մայրը իր հետ տարել է նաև դեռևս չծնված ապագա բանաստեղծին։ Չծնվա՞ծ։ Այո՛, բայց արդեն ձևավորվող։ Եվ ա՞յդ չէր միթե պատճառը, որ տարիներ հետո նա իր «Չարենց-նամե» պոեմում պիտի գրեր.
Ես եկել եմ հեռո՜ւ Իրանից։//Հայրենիքս է – Խանի Մակուն։
Ասում են՝ գիտնականներն ապացուցել են, որ ձևավորվող երեխան մոր փորում լսում է արտաքին աշխարհի ձայները և մանավանդ՝ երաժշտությունը։ Ո՞վ կասի՝ ինչպես է սաղմնավորվել չարենցյան հանճարի փայլատակումը, ինչե՞ր է լսել մոր որովայնում բաբախող ապագա բանաստեղծը՝ իրենց տան ներքևից հոսող գետի ահեղամռունչ շառա՞չը, որը հետո պիտի դառնար կյանքի աղաղակ, աջ ու ձախ ձգվող քարակոփերից թափվող զանգվածների աղմո՞ւկը, սիրտ պատռող անելանելության դատապարտվածությո՞ւնը կամ քարահողաշեն իրենց տան մենության լռությունը, գուցե և այդ բոլորի ամբողջությունը, որն արդեն Ղարսում լույս աշխարհ գալուց հետո պիտի խորանար, ձև ու բովանդակություն ստանար, մի ուրիշ «անգո»-ի տեսքով՝ «Անունը… Երկիր Նաիրի»՝ այս անգամ մարմնացած Ղարս գետի «քչքչան ջրերի» խշշոցից, գետեզերքից ոչ հեռու գտնվող իրենց տան կապտավուն որձաքարերի ամրությունից, այդ նույն տան դիմաց գտնվող Ղարսի այգուց ու նաև հայրական այգուց, որտեղ բարձրանում էր թթենին, բայց մանավանդ անհունին ձգտող նրա երազանքներից և մանավանդ անհողդողդ այն համոզմունքից, որ օրը կգա, ու «ուղևորները հոգնաբեկ»՝ հեռավոր բարեկամներն ու քույրերը, որպես «կապուտաչյա սիրուհի», պիտի իջնեն, պիտի դառնան ճամփեքից, ու անպայման լինելու է «քաղցր ժպիտ ու խնդություն», և լույս է վառվելու մառախուղում ու մուժում։
Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ.-//Ճերմակ սիրուհի՜, կապուտաչյա քո՜ւյր…//Արևը հիմա այրում է այնտեղ//Խե՜ղճ հնձվորների կրծքերը մաքուր…
«Կապուտաչյա Հայրենիք» անունը չարենցյան պոեզիայում համընդհանուր բովանդակությամբ է հանդես գալիս՝ լեցուն Իրանի «ոսկի, ոսկի՜ արևով» և «Նաիրյան տխրությամբ անծիր»։ «Կապուտաչյա Հայրենիք» բառակապակցության երկու բառն էլ Չարենցը պոեմի վերնագրում գրում է գլխագրով։ Ասել է թե՝ Գալիք Հայաստան, «Արևների նման պայծառ, լուսավոր// Ճաճանչների նման Վահագն Աստըծո», որը նրա պատկերացումներում հանդես է գալիս որպես հայ ժողովրդի դարավոր երազանք, անկախ ու հզոր «մի երկիր սիրված»՝ լի տուն դարձող հնձվորներով և աստվածային օրհնություններով։ Բայց եղավ այն, որ Երկիրը դարձավ որբ ու ավերակ։ Երազ Երկիրը, այդ թվում՝ Ղարսն ու ղարսեցին։
Հանգամանքների բերումով իմ երկրորդ առնչությունը չարենցյան վայրերում տեղի ունեցավ 2013 թ., երբ ԵրՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ մի շարք մագիստրոսների և բակալավրերի հետ մեկնեցինք Արևմտյան Հայաստան՝ Աղթամար վանքում և Անիի Մայր տաճարում հանձնելու նրանց ավարտական դիպլոմները։ Ճանապարհորդության ընթացքում եղանք նաև Ղարսում, այցելեցինք բերդ և, իհարկե, Չարենցի բնակած ենթադրյալ տուն, որը շատ չէր տարբերվում «Տաղ անձնական» քերթվածում գրողի նկարագրած ինչպես գտնվելու վայրից, այնպես էլ արտաքին տեսքից. «Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով»։
Չարենցագետ Դավիթ Գասպարյանը, ելնելով Չարենցի մի արտահայտությունից, թե «իջնում էինք գետափ», այն կարծիքն է հայտնում, որ այդ տունը գտնվել է Ղարսի բերդի սարալանջին, որն այնքան էլ համոզիչ չէ։
Հարթ տեղանքից երբ մոտենում ես անմիջապես ջրին, հաճախ են օգտագործվում «իջնենք ջրի մոտ», «իջնենք ջուրը», «իջնենք ջրի ափ», «իջնենք գետափ» արտահայտությունները, որոնք բոլորովին էլ չեն նշանակում, թե ինչ-որ մի բարձունքից (տվյալ դեպքում՝ բերդի սարալանջից) է էջքը։ Կարծում ենք՝ չարենցյան «իջնել»-ն ավելի շատ մոտենալ է նշանակում, քան վերևից իջնել։
Ասում են, որ «չարենցյան» գետափնյա տունն այսօր արդեն չկա։ Բայց մեր գնացած ժամանակ այն դեռ կանգուն էր, թեև կիսափուլ վիճակում, որն ինքնին ամեն ինչ կորսվածի, տանուլ տվածի խորհուրդն ուներ և որը ամբողջովին «անգույն Կարսի» «հնամյա թախիծով» էր պատված։ Այն անանց թախիծով, որի վերաբերյալ գրողն իր «Չարենց-նամեում» գրել է.
Նա մեր տանն էր վաղուց մեծացել,//Դեռ եղել էր պապիս ժամանակ։//Մնացել էր՝ հոգնած ու ծեր,//Սպասում էր, որ երկինք գնա…
Տան դիմաց՝ Ղարսի այգու ձախ կողմի վրա բարձրացող միջնաբերդի գագաթին ծածանվող կարմրալուսնային թուրքական դրոշը և «չարենցյան տան» ուղղությամբ, գետի այն կողմից քիչ հեռու կանգուն, դեռևս շեն, սև քարով կառուցված ու սևավորված կիսաբաց-կիսափակ Առաքելոց եկեղեցու առկայությունը այլ բան չէին հաստատում, եթե՝ «գորշ քաղաքի» այն անկումը, որ նա ունեցավ 1920-ին, և որի մասին այնքան խոր ու ողբերգական գրել է Չարենցն իր «Երկիր Նաիրի» «պոեմանման վեպում»՝ ասելով, որ այն «ուտում» է իր սիրտը, օրերի մշուշից հարցնում. «…չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես…», թաղվում մշուշում՝ «Հազա՜ր- հազա՜ր տեսքով ու կերպարանքով» նորից ու նորից պատկերանալու համար՝ մե՛րթ որպես ցնորք ու կանչ, հուշ ու ֆիկցիա, մե՛րթ էլ որպես «ուղեղային մորմոք»։ Այդ Նաիրիի բնակիչներից էին նաև Չարենցի ծնողները, հայրը՝ «հոգին կապա», դեմքը՝ «արծաթե ափսե», մայրը՝ «գլխին՝ թեհրանի լաչակ», մազերին՝ «ոսկեմուգ հինա»: Ասել է՝ մանկություն, «ոսկեթև մի թռչուն», որը նման եղավ.
…լճակն ընկած//Արծաթե լուսինի դիսկին:-//Դու կայիր-ու չկաս հիմա դու,//Արևի դեմ դու, թույլ, հանգար-//Բայց արդյոք կայի՞ր դու իսկի…
Չարենցյան երրորդ առնչությունը շատ ավելի երկար է առկա իմ կյանքում, գրեթե ամենօրյա: Բնակվելով Քանաքեռում՝ մեր տանից երևացող նրա երկու եկեղեցիներից ոչ հեռու, ես հաճախ եմ այցելում կամ անցնում նրանցից մեկի՝ 1695-ին կառուցված Սբ. Հակոբ, Մծբնա Հայրապետի եկեղեցու հարակից ճանապարհով, մյուս եկեղեցու՝ Սբ. Աստվածածնի շինարարությունը նույնպես այդ թվականին է ավարտվել, և որի կենտրոնական մուտքի մոտ Ապովենց (Աբովյանների) գերեզմանատեղին է։ Եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ ժամանակին Էջմիածին-Թիֆլիս-Էջմիածին երթևեկող ուղևորների հայտնի ու ամենամեծ իջևանատեղին է եղել: Պատմական իրադարձությունների առումով շատ ավելի ուշագրավ է Սբ. Հակոբ եկեղեցին, որն անցյալում ունեցել է նաև եկեղեցական սեմինարիա: Եկեղեցին եղել է պարսպապատ, որից հիմա մնացել է միայն կամարակապ մուտքը, որն ունի ձիավոր մարդու բարձրություն և երկու մարդու համար քարե նստելատեղ՝ նախատեսված հսկիչ-պահակների համար:
Վաղուց նաև չկա եկեղեցու հարավային դռան մոտ գտնվող հսկա չինարի ծառը, որը տարիների ու բարդ դեպքերի ծանր բեռ ուներ, «ականատեսն» էր եղել որմնանկարների ջնջման ու եկեղեցին կոլտնտեսության պահեստի վերածելուն, և գուցե հենց դրանից էլ թեքվել էր, կիսախոնարհվել, նմանվել ծնկաչոք աղոթող մարդու, և որը թեև չէր չորացել, բայց կտրվեց տարիներ առաջ: Այն չինարին, որի հովանու ներքո քանաքեռցիները սեղան էին բացել 1836-ին իրենց հայտնի համագյուղացի Խաչատուր Աբովյանի՝ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո հայրենիք վերադառնալու առիթով:
Ի դեպ, մեր գերդաստանը Խ. Աբովյանի՝ Համո Սահյանի խոսքերով ասած՝ հայ գրականության «մեծերից ամենամեծի», Ե. Չարենցի բնութագրմամբ՝ մեր ժողովրդի «գոյության խորհուրդ» դարձած մեծ Լուսավորչի հետ մայրական կողմից ազգաճյուղային կապ ունի, լինելով Աբովյանի քեռու (մոր եղբոր)՝ Կրչենց Վիրապի շառավիղներից, ում մասին բավականին գրում է Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում։ Չարենցի հետ, ինչպես արդեն գրել ենք վերևում, միայն պատահականություններն են առնչություններ ստեղծել, որոնցից են նաև այն, որ ես էլ եմ ծնվել մարտի 13-ին, և իմ հոր անունն էլ է Աբգար, ով 1915-ին՝ 19 տարեկանում, եղել է Քանաքեռի, նույն Սբ. Հակոբ եկեղեցու տարածքում կազմավորվող կամավորական գումարտակների (դրուժինաների) զինվոր և կռվելով հասել մինչև Սարիղամիշ:
Չենք կարող չանդրադառնալ նաև մեկ այլ իրողության: Կամավորական ջոկատներն իրենց ռազմական պատրաստվածությունը անցկացրել են եկեղեցուց մոտ երկու կմ հեռավորության վրա գտնվող Պլանտաժներ (ըստ երևույթին՝ ռուսերեն блиндажи (խրամատներ) բառից) վայրում, քանի որ հենց այդ տեղանքին անմիջապես կից գտնվել է ցարական բանակի զորագունդը, որի համար և այն ծառայել է որպես ուսումնական կրակատեղի: Այդ զորագունդն այնքան մեծ է եղել, որ զինվորների, սպաների ու նրանց ընտանիքի անդամների համար 1912-ին առանձին եկեղեցի է կառուցվել Քանաքեռում, որն այժմ գործող եկեղեցի է։ Վերոհիշյալ ամայի այդ տեղանքում (այժմյան բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող Ծարավ աղբյուր փողոցի հարակից հատվածը) 1915-ին հայկական կամավորական գնդերի կողմից անցկացվող ռազմափորձերը ստուգումների եկած զորավար Անդրանիկի, Դրոյի, Աշո (Արշավիր) Շահխաթունու, ով Կ. Պոլսի հայտնի դերասաններից էր, իսկ այդ օրերին՝ Քանաքեռում բացված սպայական դպրոցի ղեկավարներից մեկը, որ հետո՝ Առաջին Հանրապետության շրջանում, Երևան քաղաքի ռազմական պարետը դարձավ՝ իր հերոսական, ողբերգական հետագա կյանքի տխուր ընթացքով (նրա գրական կերպավորումը անհուն գորովով է կերտել Կոստան Զարյանն իր «Նավը լեռան վրա» վեպում), Վարդգես Ահարոնյանի և էլի մի շարք բարձրաստիճան զինվորականների պատվին կազմակերպվել է հյուրասիրություն պապիս՝ մայրական հորս՝ Կոստանդենց Արտուշի տանը, ով գյուղի երեք-չորս ունևորներից մեկն էր, և որին 1937-ին, որպես կուլակի, իր որդու՝ Իսահակի (ով երկու նորածին երեխաների հայր էր) հետ աքսորեցին և անհայտության մեջ գնդակահարեցին: Մեղադրանքներից մեկն էլ Անդրանիկին իր տուն ընդունելն է եղել:
Քանաքեռում բանակատեղած 5-րդ և 6-րդ վերոհիշյալ գումարտակների հրամանատարը Իշխան Հովսեփ Արղությանն էր, որի զինվորներից մեկն էլ Եղիշե Սողոմոնյանն է եղել: Գրականագետ Գառնիկ Անանյանը Չարենցին նվիրված իր «Չարենցը պատերազմի վայրերում» հոդվածում նշում է նաև Չարենցի սանիտարական վաշտի համարը՝ Բ., Նասիլքա № III: Չարենցը եկել էր գտնելու իրեն ծվատող «Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր//Կախվել մեր գլխին այսպես կուրորեն» հարցի պատասխանը: Չարենցը, որ սկզբում հաշվառվել էր սանիտարական ջոկատում, իր դիմումի համաձայն տեղափոխվել է մարտական ջոկատ և զենքը ձեռքին հասել միչև Վան՝ «Մեռած քաղաք», վիրավորվել ձեռքից։ Պատերազմական այդ օրերը Չարենցի համար լեցուն են եղել նաև ստեղծագործական տքնության ժամերով: Այդ է վկայում «Դանթեական առասպել» պոեմը և նրա վերջում կատարված գրությունը «1915-16, Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ», որը նշանակում է, որ շատ պատկերներ ուղղակի տեսածի և ապրածի արդյունք են՝ թուրք ջարդարարների գործունեության հետևանք-իրողություններ, սահմռկեցուցիչ իրականություն՝ անթաղ ու սառած դիակներ, մորթոտված ծերեր ու երեխաներ։
Չարենցը ռազմի դաշտ գնացող իր նմանների պես ուխտել էր «Լինել գթասիրտ, ու հպարտ, ու մեծ»: Գթասրտություն, որի մի ակունքն էլ բխում էր ռազմիկներին ուղղված զինվորական հրամանատարության հրահանգներից՝ քնքուշ լինել դեպի թշնամու երեխան, և ասպետ՝ դեպի նրա կինը. «…Զինվո՛ր, դու քո զենքը, պատիվը բարձր պիտի պահես»,- ասվում էր այդ փաստաթղթում:
Չարենցը լցված էր նաև «առավոտ ծեգի» կապույտ տեսիլներով ու լավատեսությամբ՝ կարծելով, թե կռվի դաշտերում գտնելու է իր երկրի «դեմքը լուսե», բայց գտավ միայն «դիակներ փայտե».
Հրացան: Թնդանոթ: Ռումբեր:………//Մա՛հ://Մա՛հ:/Մա՛հ:// Ընդհանուր, հանուր://Զինվորի, աղջկա, հարսի:-//Ես կարծում էի-այնտեղ,//Ռումբերի ահեղ որոտում//Կգտնեմ քո դեմքը լուսե://Բայց գտա… դիակներ փայտե:
Այս ամենը նաև նկատի ուներ գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, երբ իրավացիորեն գրում էր. «Բանաստեղծը տեսավ մարդկային տառապանքի անհուն ծովը, ժողովրդի անծայր աղետը և դրա կոնկրետ, ամենակոնկրետ արտահայտություններով ողողեց իր առասպելապատումը»:
Նույն աղետից էր, որ Չարենցին «…գորշ էր թվում աշխարհը ամբողջ», «Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում», բայց մյուս կողմից՝ նա համոզված մնաց, որ պետք էր «…քայլե՜լ ու քայլե՜լ համառ»՝ «Ապրելու հսկա տենչը բեռ առած», որ ժպտար, ժպտար «…երկիրը տրտում», «Երկիրը ցավի, սուգի, արյունի»: Այսպես մինչև իր կյանքի վերջը՝ միշտ, կամ գրեթե միշտ «անկումների սարսափներով» և «գանգրահեր գալիքի» սպասումներով լեցուն:
Չարենցի կյանքին առնչվող վերոհիշյալ երեք դրվագները ցույց են տալիս, որ մեծ բանաստեղծն արյան կանչով, մտքի նվիրումներով ու ստեղծագործական առաջադրույթներով գրական առաջին քայլերից սկսած անքակտելիորեն կապված է եղել իր ժողովրդի ճակատագրին և որպիսին էլ մնալու էր հետագայում՝ միշտ կրելով իր մեջ հայոց ճակատագրի ողջ կատակերգությունն ու ողբերգությունը՝ «գոս օրերի» շղթան, մե՛րթ լեցուն նաիրյան «պայծառ գալիքի» սպասումներով, մե՛րթ էլ՝ կործանարար հիասթափություններով, մանավանդ կյանքի վերջին շրջանում, ճիշտ և ճիշտ իր մեծ նախորդի՝ Խաչատուր Աբովյանի նման, որի կերպարն այնքան խորքային ու աներկբայորեն նույնացած էր իրենին.
…Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին
դեպի հեռուն այն լուրթ.
Դեպի լյառն անհաս ու վեհանիստ.-
Դեպի գագաթը բարձր,
որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր
գոյության խորհուրդը,-
Որ ճաշակե այնտեղ
հավերժական հանգիստ…