ՇԱՏ-ՇԱՏԵՐԻ ՊԱՇՏԵԼԻ ՊՈԵՏԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

Հայ գրականության ձեռքբերումներին հետևող անվանի լրագրող Հովհաննես Պապիկյանը Համո Սահյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի առթիվ հրատարակել է «Իմ պոետը» խիստ ուշագրավ ժողովածուն: Դրանում զետեղված են Համո Սահյանին ուղղված և նրա կողմից գրված հրաշալի փունջ-նամակներ, որոնք առավել տեղեկություններ են հաղորդում հայ դասական բանաստեղծի կյանքի ընթացքի մասին: Համո Սահյանի պոեզիային տրված գնահատականների հեղինակներն առաջին հերթին նրա գրչակից ընկերներն են, հայ մշակույթի նշանավոր դեմքերը, նաև Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հովհաննես Պապիկյանն անձնական շփումներ է ունեցել գրողի հետ, դրանք դարձրել է նաև վավերագրական կինոնկար:
Գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ: Բանաստեղծի կյանքի ընթացքը սկսվում է նրա բացառիկ խորիմաստ «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության հրապարակման ժամանակներից և հասնում մինչև կյանքից հեռանալու տխուր փաստի օրերը:
Գրքում կան խորհրդային շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսան Կիրակոսյանի ու Վլադիմիր Մովսիսյանի ուշագրավ խոհերը բանաստեղծի ստեղծագործության մասին: Ի դեպ, գրքի տպագրությունը երաշխավորել է Հայաստանի անկախության շրջանի նույնպես բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Դարբինյանը, որն իր մեկենասական խոսքում խոստովանում է. «Հենց օտարության մեջ այդ Աստվածային հատորների ուժով ներարկվում էր իմ մեջ Հայ Մարդու և Հայ Բնության առավելապես ոգեղենությունը, հենց այստեղ ես զգացի Հայոց չքնաղ Քարերի Շունչը»:
«Իրիկնահաց… Սահյանի բացակա «ներկայությամբ» գրքի մի հատվածի խորագիրն արդեն շատ խոսուն է: Համո Սահյանը հայ գերդաստանի համերաշխության, աշխատասիրության, անշահախնդիր նվիրվածության օրինակը դրել է հայ ազգի` հավերժորեն իր տեսակի մեջ մնալու հիմքում: Սահյանն առաջադեմ է, զգում է ժամանակը, տեսնում մարդկությանը, մասնավորապես` իր ժողովրդին սպասվող վտանգները: Ռուս բանաստեղծուհի Ալլա Մարչենկոն դիպուկ է բնութագրել բանաստեղծի՝ դեպի հայրենի եզերքն ունեցած պաշտամունքը. «Այստեղ ամեն ինչ մարդ է, ժայռերը մարդ են, մասրենին մարդ է, Որոտանը մարդ է…»: Իսկ մեր օրերի մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եզրահանգում է. «Համո Սահյանն իր ամբողջ գոյությամբ այն ափից, այն եզերքներից բերեց, այսօրվան հասցրեց իր բարոյականության, ազգային արժեքների չափանիշները»:
Համո Սահյանի ստեղծագործական արարման տարիներին, նրա կողքին հայ քնարերգությունը հարստացնում էին Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ռազմիկ Դավոյանը և այլք: Իր ստեղծագործական ասելիքով Սահյանին խիստ հոգեհարազատ էր Հրանտ Մաթևոսյանը, որի հետ ջերմ կապերի մեջ էր բանաստեղծը:
Իրոք, ինչպես ասել է Հրանտ Մաթևոսյանը. «Համո Սահյանն իր նախնիների նման ծաղկած Հայաստանն էր ասում ու այդ Հայաստանը բերում»:
Համո Սահյանի բանաստեղծությունները թարգմանելիս Լև Օզերովը խոստովանել է, թե ռուսերենով չի կարողանում համապատասխան պատկերները գտնել: Խոսքը հետևյալ տողերի մասին է.
Վերհուշներս կրկին, ա՜խ, ինձ այնտեղ տարան,//Լեռնաշխարհը տարան այն երկնամերձ,// Կծիկ-կծիկ սարեր, կիրճեր պարան-պարան,//Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ:
Երբ Լևոն Մկրտչյանն այդ մասին տեղեկացնում է Սահյանին, նա ասում է, թե Օզերովը պետք է գա Հայաստան: Օզերովը գալիս, տեսնում է Սահյանի պաշտելի Հայաստանն ու առավել հասկանում նրա բանաստեղծությունների խորիմաստությունն ու եզակի դիպուկությունը:
Տպավորիչ է Սահյանի նամակը՝ ուղղված Գուրգեն Մահարուն: Չափազանց անկեղծ նամակ՝ մի շարք կարևոր փաստերով: Ահա դրանցից մեկը. «Մայիսի 25-ին բացվեց Սարդարապատի ճակատամարտի զոհերի զբոսայգի հուշարձանը… լսեցիր զանգերի ծլնգոցը: Հրաշալի էր, երբեք այդքան շատ և կարգապահ հայության հավաք չէի տեսել: Մենակ մի տխուր մարդ կար, Շիրազն էր, ձայն ուզեց, չստացավ, լաց եղավ, գնաց»: Մեծն Շիրազին որքա՜ն պատշաճող բնութագիր:
Գրքում առանձին բաժին է կնոջը՝ Մայային կամ Մանուշակին ուղղված տողերն ու նամակները: 1967-ին են գրվել «Լուսաբաց» բանաստեղծության այս պարզ, սակայն խորիմաստ տողերը.
Եվ ինձ մի պահ թվաց՝//Քարերի տակ քնած//Դարերը վեր թռան:
Վախթանգ Անանյանը 1975-ին՝ մեր սիրելի Հայաստանի երջանիկ օրերին, Սահյանին գրած նամակում խոստովանել է. «Այն, ինչ ես զգացի մայրենի բնության մեջ, բայց անզոր եղա տալու, դու տվիր մեծ ուժով և խորը զգացումներով»:
Ահա թե որքան ողբերգական է տարել Սահյանը Պարույր Սևակի վաղաժամ մահը.
Ես ինչ անեմ առանց քեզ,//Սիրելի Պարույր,//Դու հաց էիր ինձ համար,//Օդ էիր ու ջուր…
Գրքում տեղ են գտել Ստեփան Զորյանի խրախուսական նամակները՝ ուղղված Համո Սահյանին: Ցավում եմ, որ Պապիկյանը գրքում չի զետեղել Մորուս Հասրաթյանին ուղղված Սահյանի նամակները: Անզուգական սայաթնովագետը մեծ դեր է ունեցել Սահյանի բանաստեղծական ճաշակը ձևավորելու գործում, հատկապես, երբ Սահյանը, ինչպես ինքն էր գրում իր նամակներում, ապրում էր «Մուհամեդի երկրում», այսինքն՝ Բաքվում:
Սահյանի «Ուշ գիշերվա այս ժամին» բանաստեղծության մասին գրքում կա հետևյալ կարծիքը. «Այս բանաստեղծության տակ կարող էին ստորագրել Գյոթեն ու Լերմոնտովը, Թումանյանն ու Չարենցը»:
Խոսքս ուզում եմ ավարտել Սոս Սարգսյանի բնութագրական բանաձևումներով. «Զարմանալի պոետ էր, զարմանալի մարդ էր, եթե մեկ խոսքով ուզենամ բնութագրել Համոյի պոեզիան, պիտի ասեմ՝ ամեն ինչ ընդերքային է, ընդերքային: Ոչ մի բան երեսին չկա: Ինձ թվում է, թե երբ Համոն գրում է քարի մասին՝ դա ինձ համար մարդ է: Երբ խոսում է վանքի մասին՝ դա հայոց պատմությունն է, երբ ասում է մասուր, ուրց, երբ ասում է սար՝ էդ բոլորը շնչավոր են նրա պոեզիայում»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։