ԻՆՔՆ ԻՐԵՆ ԳՐՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Շանդոր Վյորեշի մոտիվներով
թեև հեռվում բայց այստեղ եմ
այսուհանդերձ ես չեմ կարող վերադառնալ ինքնությանը աքսորյալիս
Աթթիլա Ֆ, Բալաժ

2023 թվականին Գագիկ Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել ժամանակակից հունգար բանաստեղծ Աթթիլա Ֆ. Բալաժի «Վերաներկված վանդակաճաղեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գիրքը Արմեն Ավանեսյանի խմբագրությամբ հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը: Հունգար բանաստեղծը հայերեն թարգմանվում է առաջին անգամ, և վստահելով թարգմանական արվեստում բազմափորձ Գագիկ Դավթյանի հմտությանը՝ համոզված ենք, որ գիրքը համահունչ և հարազատ է բնագրի էությանը, հետևաբար՝ Աթթիլա Ֆ. Բալաժի բանաստեղծական ոգուն: Այս տարի յոթանասուն ամյակը նշած, եվրոպական պոետիկ մտածողությամբ հունգար Բալաժի հայերեն բանաստեղծությունների ժողովածուն բաղկացած է երկու բաժնից՝ «Մատնահետքեր» և «Ճանապարհին», որոնց ընդհանրական վերնագրերը գրքի «Վերաներկված վանդակաճաղեր» անվանման ներքո որոշակի գայթակղող հարցեր են ծնում, թե ո՞ւմ մատնահետքերն են կամ ի՞նչ ճանապարհ է, ո՞վ է ճամփորդը: Գրքում զետեղված առաջին իսկ բանաստեղծությունը ակնարկում է, որ բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ ճակատագիր. «ճանապարհը փլուզվում է ոտքերիդ տակ//և գիտակցել չես հասցնում//որ տարածես պիտի գոնե թևերը քո» («Ճակատագիր»): Թերևս ճակատագրի տիրույթում էլ բառի ու մտքի բազմիմաստության ազատությունը և բազմավեկտորությունը լիակատար դրսևորելու համար բանաստեղծական տեքստը հեղինակը զերծ է պահել կետադրությամբ խմբագրումներից, ինչն էլ դարձել է կյանքի անսկիզբությունն ու անվերջությունը, ասել է թե՝ ժամանակի և տարածության անպարփակությունը խորհրդանշող բանաստեղծական ձևաչափ:
Բանաստեղծություններից մեկի մեջ («Ինքն իրեն գրող բանաստեղծություն») ժամանակակից կենսակերպից ու կենցաղավարությունից ածանցված աշխարհայացքի բանալին (տիեզերքին բացված պատուհան), ըստ Բալաժի խոստովանության, «փոշոտ էկրանի տեսք ունի նեղլիկ//իմ պատուհանը//որից փողոցի լույսերում աղոտ//անշարժ գորշավուն աշտարակներ եմ տեսնում//տաճարի», և պոեզիան է, որ մնացել է նրա հոգևոր համակարգի իմունային ամրացումը: Բալաժը իրադարձային դեպքերն ու դետալները յուրովի է կարևորում, որում երկրորդական կամ մանր բաներ չկան, և ինչպես ինքն է ասում, փաթեթավորում է նոր իմաստով, բայց և «պահպանողական» է այնքանով, որքանով նրա երազների կարոտ պահապան հրեշտակը մնում է պապիկը. «ասես պապիկս պարտավորվել է//դառնալ պահապանն իմ երազանքի» («ինքն իրեն գրող բանաստեղծություն»): Փորձենք բացել «Վերաներկված վանդակաճաղեր» գրքի երկու բանաստեղծական փաթեթները:
Մատնահետքեր: Այս բաժնին բնաբան է ընտրված «Խաղ» բանաստեղծության վերջին հատվածը. «մարզիր անկումդ//երերուն//թամբից//ցավը հետո ես զգալու միայն»: Բանաստեղծի համար կյանքը պարզապես ճակատագրի խաղ է, որի էությունն ի վերջո ցավն է: Ճիշտ է, ինչքանով, որ նախանշված է, այնուհանդերձ հարկավոր է սեփական քայլն անելով՝ նրան ընդառաջ գնալ, որն էլ Աթթիլա Ֆ. Բալաժի ապրելու բանաձևն է, որտեղ Բառն ու Մարդը խորհրդանշորեն նույնանում են, ինչպես մարմինն ու հոգին են ամբողջանում, թեկուզ. «անկատար են բառերը մեր//և քչերի սրտի հետ են խոսում նրանք», ահա թե ինչու աշխարհը կատարյալ դարձնելու համար ծնվում են հոգեբույժ բանաստեղծները, որոնք լավ գիտեն. «ավելի հեշտ է պատկերացնել//քան այս ամենը զոռով խցկել ու//պահ տալ բառերին», և զարմանալիորեն ամեն մեկը յուրովի «հետապնդում է աղավնուն (և սուտ խոստումներ//որ էկրանները սատանայական//և գայթակղիչ ազդագրերն են սփռում օրնիբուն // կեղծված արծաթե դրամի հեղեղ ամբոխի գլխին /թող գործի դնի արմունկները նա//թող մերձավորին ոտքի տակ նետի//թող մերկացնի ատամնաշարը և գռմռալով//կռվի մեջ մտնի, /զուգահեռումը՝ Հ.Հ.-ի )», այնժամ «…իսկ դու շարունակ ժեստերդ վարժիր//կարգախոսներդ վանկարկիր անդուլ// միմիայն այդպես հայացքը նրանց//ուղտափշի պես կկպչի փեշիդ//նրանք կուրորեն կհետևեն քեզ//որպես փրկչի//և ազատ կզգան//ներկված ճաղերի հետևում միայն»: Բանաստեղծի համար ազատությունը իրականում, որպես այդպիսին՝ չկա, պարզապես նա գոյում է պատված վանդակաճաղերով, որոնք վերաներկվում են և ինչ-որ ժամանակով թարմացնում ինքնախաբկանքի խաղը. «թվում է անվերջ նույնն է կրկնվում//երբ սպասում ես ավարտին խաղի//բայց խաղը երբեք չի էլ ավարտվում//և իրականում հնարավոր չէ կրկնել ոչինչ//խաղաքարտերը կվերաբաշխի//դատաստանին ահեղ»: Թերևս լռությունն է հունգար բանաստեղծի համար զգայական գեղեցկությունը ազատության, որը պատկերի լեզվով ներկայացվում է հենց «Լռություն» վերնագրված բանաստեղծությունում. «լռությունը կուտակվում է//սահմաններում տարածության//ինչպես օդը փուչիկի մեջ//ներսը լեցուն ամբողջովին//դրսից փխրուն խաղաղություն»: Այդ պատրանքային խաղաղության մեջ մարդը մնում է ինքն իր մեջ իրենով հիացած ու ամենակարող, բայց իրականում սարսափելի խոցելի, քանի որ նա փորձում է խմբագրել գեղեցկությունների կատարելագույնին՝ Աստծո լույսին՝ դրանով իսկ դառնալով իր չափազանցության բանտված զոհը. «մարդը//ցանցկեն դուռն է կողպում բանալիով//լույսն աստծո կտրատելով շերտիկների//գեղեցիկը ներս է սահում//ձողիկների արանքներից//և պատկերը հայտածվում է ցանցի վրա»: Այս մեջբերման մեջ միանգամից աչք է զարնում՝ «լույսն աստծո»-ն փոքրատառերով է գրված, այնինչ նրան նախորդող «Սև հրեշտակ» բանաստեղծությունում «Մահվան Պարը»՝ մեծատառերով, (ի դեպ, միակ դեպքն է «Մատնահետքեր» բաժնում մեծատառի). «արմատն անգամ //կիրճերն ի վեր մագլցելիս//չի նկատում Մահվան Պարը//և վերստին դաշնակցում են//լույսն ու մութը//մեկնարկում է//ճանապարհը//ավարտելիս ճյուղավորվող»: Կյանքին հազար ու մի թելով կապված պոետի համար «լույսն աստծո»-ն միջոց է ինքնահաստատման, ապա «Մահվան Պար»-ը (մարմնից անջատումը հոգու) ստույգ ինքնաժխտումի հասնող անորոշ իրականությունն է, ինչպես «Սպիտակ-սև» բանաստեղծության մեջ վկայում է նա. «ամբոխի մեջ չքանալիս//իմ մի դեմքը լույսի մեջ//մյուսը ստվերում է», ու պոետի համար միայն ենթադրելի է, թե ում սառը աչքերով է իրեն նայում մահը՝ պատրաստ ավիրելու կամ էլ ավիրելով ամբողջ մի աշխարհ, ուր խմորվում է բանաստեղծությունը՝ որպես սիրո երկվորյակ. «սերը նման է//դեռ չգրված բանաստեղծության//որ բռնկվում է հեղինակի մեջ//փլուզված պատի բեկորի տակից»:
Աթթիլա Ֆ. Բալաժին հաջողվում է իրերի մեջ արթնացնել ոգու բաբախը մետաֆորային հնարանքներով, ուստի երիցս ճիշտ է նա, երբ գրում է. «կարող եմ ես իմ երգերով//ճեղքեր բացել գորշ պատի մեջ», թերևս մի փոքր եթե իմ ընկալումներով այն խմբագրեմ, պետք է ասեմ, որ գորշ պատը Բալաժի երգի ոգու բաբախից ինքնիրեն ճաքում է:

Ճանապարհին: Այս բաժնում բնաբան է վերցված. «քաղաքի աղմուկ-աղաղակի մեջ//խեղդվում էր ձայնը//և ես չիմացա//թե այնտեղ ինչ էր//ծիծաղ թե ճիչ էր», որը «Քամին շրջում է էջը» բանաստեղծության վերջին տողերն են, ինչպես նաև ժողովածուն եզրափակող խոսքերը, որն ասես պոետի քաղաքային կյանքի անցած ճանապարհի ամփոփումը լինի, որտեղ «…շենքերը խոյանում են դեպի երկինք//փայլերի մեջ անբնական», և կենսընթացն էլ առօրեական ու գործնական են, ցոփ ու թափթփված ոտնակոխ հանրային զբոսայգու պես. «ավազաշեն փլված ամրոց//երեխեքի ոտնահետքեր//ու մանկական զբոսայգու նստարանին//ինչ-որ տղա տարօրինակ//մի ձեռքում շիշ գարեջրի//իսկ մյուսում ծխախոտ է դեռ մխացող//ամենուր թարմ աղբակույտեր//չիփսի տոպրակ ջարդված շշեր//մնացորդներ ծխախոտի»: Դե իհարկե, եվրոպական պոեզիայի տենդենցները որդեգրած պոետի բանաստեղծությունը անկատար կլինի, եթե նրա նկարագրած կենսահամայնապատկերում պակասեն հանկարծահաս էրոտիկ դրվագները. «ծածկում են նրանց ծառերը հանցակից//թավ ճյուղերով//և ջղաձիգ մաքառումի//ու հեշտանքի ճիչն է ելնում//լուռ թփերից», և էքսցենտրիկ կենցաղավարությունը՝ իբրև պոետիզմի արտառոց ընկալում ու արտահայտում, ինչպես օրինակ՝ «Համալսարան» բանաստեղծությունում է. «մեկը//միջատներ է որսում բանկաների մեջ//մյուսը//թուղթ ուտում//ևս մեկը//նրբորեն սանրում է//ցայլքի մազերը//նա//որոնում է հատակին//չբացված հիշողությունները//փոշու շերտերը//նոթատետրի նման//թաքցնում են գաղտնիքները»: Գրքում բանաստեղծը ճամփորդ է, և նրա ճանապարհն անցնում է աշխարհով: Ամեն մի վայրով անցնելիս («Մայամի», «Բուխարեստ», «Մակարսկա», «Տրիեստ», «Վանկուվերում», «Ցյուրիխի լիճը», «Մանագուա», «Բուդապեշտ», «Մարսել», «Վիեննա») ազատության պատրանքով բանաստեղծ-ճանապարհորդի երևակայությանը իմաստության ու գեղագիտության մի երազերանգ է ավելանում՝ հագեցած մշակութային էներգիայով, ինչը նրան հնարավորություն է տալիս երազելու և ապրելու, որքան էլ «սուրճի գոլորշին գավաթի վրա//ճմլկոտում է քնկոտ կատվի պես», միևնույնն է, միշտ էլ կարելի է գտնել մի վայր, ուր առօրյա երազը. «փայլփլում է լուսնի նման//կտուրներին», և ինչո՞ւ չհավատալ այն պարզ ու հասարակ ճշմարտությանը, որն ինքնին սովորական տրամաբանություն է. «եթե պատրանք է կյանքը հիրավի//մահն էլ պատրանք է», ուստի ճանապարհաքարտեզը, որով ճակատագրորեն անցնում է պոետը, ապրելու կարոտն է նրա մեջ արթնացնում, երբ զգում է երակներում եռքը արյան, որ հենց շարժն է իր արմատի:
Բանաստեղծ Աթթիլա Ֆ. Բալաժը կողմնակից է ճշմարտապատում տեսարանների զուգորդումներով ներըմբռնմանը, քանի որ իրապատումները ապահովագրված չեն խաբկանքներից. «քո այդ ժպիտը//փայլը քո ճերմակ ատամնաշարի//խաբկանքը քո այդ պայծառ աչքերի//պերճախոսում են լեզվիդ փոխարեն»:
«Ճանապարհին» բաժնում էլ բանաստեղծը մեկ անգամ մեծատառով գրում է Աստված բառը. «Աստված ծածկում է կոպերն ամոթից//պատկերացնելով իրեն դրախտում//խոսում քթի տակ ժպտում քնի մեջ»: Այո, Աստված պետք է գրել մեծատառով, թեկուզ և նրա համար, որ իր ստեղծած աշխարհին նայել չի կարողանում, քանի որ դատարկախոսությունը, լոզունգն ու պաստառներն են այսօր ուղղորդողը մարդկությանը, ոչ իր բարի հայացքը, ինչն էլ վավերացվելով որպես մետաֆորներ՝ քաղաքացիական շնչառություն են հաղորդում Աթթիլա Ֆ. Բալաժի պոեզիային՝ փորձելով փրկել հոգին «սառած նորաձև կեղծ կեցվածքների» հորդացող հեղեղից, որտեղ բառերը իրենց քաշն են կորցրել, իսկ բանաստեղծությունը՝ իր ուղերձը:

Վերջնախոսք: Ասելիքս եզրափակեմ Աթթիլա Ֆ. Բալաժի՝ ինքն իր ամբողջության մեջ ինքնության աքսորյալ համայնին ուղղված բանաստեղծական տողերով. «դու ապրում ես իմ սրտի մեջ պոեզիայով//ես քեզ համար բանաստեղծ եմ ընդամենը//ինչու ենք մենք երկրի վրա//միմյանց համար օտար այսքան» («ես քեզ համար բանաստեղծ եմ ընդամենը»), թերևս մնում է դարձի հույսը՝ այն, որ նա պոետ է ու ոչ՝ օտարական անցորդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։