Արծաթ աղբյուրների հեքիաթը / Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Երբ փոքր էի, ձյուն շատ էր գալիս: Չգիտեմ` փոքր էի, թվո՞ւմ էր, թե՞ իրականում էր այդպես: Այո՛, շատ էր գալիս. քանի որ ձմռանը գյուղի չորսբոլորը շրջապատող լեռներն ամբողջությամբ սպիտակ էին հագնում, նույնիսկ ժայռերը հազիվ էին նշմարվում: Այդ համատարած ճերմակության վրա հաճախ երևում էին սոված գայլերից լեռնալանջերին հոշոտված շների բզկտված մարմինների հետքերը:
Ձյուն շատ էր գալիս, ձմեռն էլ` երկարում: Լեռներով շրջափակված ձորի մեջ անհամբեր սպասում էինք գարնան գալստին: Մեզ մոտ, ի տարբերություն այլ բնակավայրերի, գարունը գալիս էր գյուղի դիմացի լեռան կատարից: Արևի ջերմությունից լեռան գագաթին բազմած Սմբատաբերդի պարիսպներին նստած ձյունը հալվում, դառնում էր սառցե լուլաներ: Սպասում էինք այնքան, որ նրանցից մեկն ու մեկը պոկվի-ընկնի այնտեղ, որտեղից ձնահյուսքն ուղղաձիգ ժայռից կթափվի և, լեռնալանջի ամբողջ ձյունը հավաքելով՝ կբերի ու կլցնի գետահովիտ` փակելով Արծաթ աղբյուր գետակի հունը: Այդպես էր լեռան գագաթից գարունն իջնում գյուղ: Երբ հունը փակվում էր, գետով դեպի Արծաթ աղբյուրների հովիտ լողացող կարմիր պուտիկներով ձկները շարունակում էին իրենց ճանապարհը գետի անջուր հունով և դեմ էին առնում ժամանակավոր ձյունե պատվարին ու մխրճվում նրա մեջ, մինչև ջուրն իր ճամփան կբացեր: Ձկները հոսող ջրի հետ ետ չէին դառնում, որովհետև ուզում էին ջրվեժներով ու անհաղթահարելի տեղանքով անցնելով` հասնել գետի ակունք, Մամռոտ լիճ ու… կախարդանքով դառնալ ջրահարս:
Գետը սկիզբ է առնում Արծաթ աղբյուրների հովտում գտնվող Մամռոտ լճից, որտեղ բնակվում էին ջրահարսներն ու փերիները: Արծաթ աղբյուրների հովիտը արարչի կողմից ստեղծված դրախտային գեղեցկությամբ մի վայր է, որը հյուսիսից ամբողջությամբ, իսկ արևմտյան ու արևելյան կողմերից կիսով չափ շրջապատված է ուղղաձիգ ժայռեր ունեցող բարձր լեռով, որի լանջերից ու ստորոտից իրար զուգահեռ, հովտի ծաղկե գորգը կտրատելով, հոսում են բազմաթիվ աղբյուրներ և միանալով նրա կենտրոնից բխող Սուրբ աղբյուրի ջրին՝ դառնում են գետ և հարավային կողմի բլուրների արանքով ելք գտնելով՝ փրփրաբաշ գահավիժում բարձր ջրվեժից:
Հովտի արևելյան մասում է Մամռոտ լիճը, որի ուղղությամբ լեռան լանջի մթին անձավից հորդում է Սրտացավի աղբյուրը: Ավելի արևելք բխում են Քառասուն աղբյուրները:
Մանկությանս տարիներին ես տատիկիս անբաժան ուղեկիցն էի ամառային արոտներում:
Աշնան սկզբին հասնում էինք Արծաթ աղբյուրների հովիտ: Այդ պահին ես շատ էի ուզում տեսնել Մամռոտ լճում ապրող ջրահարսներին ու փերիներին, որոնց մասին ինձ շատ էր պատմել տատիկս: Մինչև մեր տեղ հասնելը ջուրը ծանծաղում էր ու ծածկվում մամուռով, և ես ոչինչ չէի կարողանում տեսնել: Տատիկս պատմում էր, որ նրանց հնարավոր է տեսնել միայն գարնանը, երբ ձնհալից հետո լճում ջուրը պարզ է ու թափանցիկ, նրա մեջ լողում են ջրահարս դարձած, կարմիր պուտիկներով ձկները: Ամռանը ջրի պակասելու և մամռոտելու պատճառով ջրահարսներն ու փերիները տեղափոխվում էին քիչ ներքև` Անտակ լճում գտնվող իրենց ստորջրյա «դղյակները»: Այսպես, ամեն տարի սպասում և երազում էի գնալ ու տեսնել Մամռոտ լճի բնակիչներին: Սակայն տարիներն անցան, մեծացա, ու այդպես էլ անկատար մնաց ջրահարսներին ու փերիներին տեսնելու երազանքս:
Այսօր, երբ այդ ամենը պատմում եմ թոռնիկիս, որի հետ գարնանը կարող եմ գնալ ու տեսնել նրանց, վախենում եմ` հանկարծ այնտեղ չլինեն: Ախր հիմա ձյուն քիչ է տեղում, գարունն էլ շուտ է գալիս, գետակում էլ ձկներ չկան:
Իսկ ո՞ւր գնացին ձկները, ի՞նչ իմանաս… Բայց եթե կան էլ, նրանք երևի գիտեն, որ գետը, որտեղով պետք է լողան ու հասնեն Մամռոտ լիճ, մի հատվածը չորացել է, որովհետև խողովակներով ջուրը տեղափոխվում և լցվում է հսկա սարքերի մեջ ու դառնում էլեկտրական հոսանք, որից կարմրածաղիկ ձկները շա՜տ են վախենում…
Բայց գիտեմ` ջրահարսներն ու փերիներն անմահ են:
Նրանք ապրում են այնտեղ, ու մի օր` ժամանակին, անպայման ես ու թոռնիկս կգնանք նրանց տեսնելու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։