ՏԱՐԱՆՏՈՒԼ / Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նա իր բույնն ու որսատեղը տարիներով չէր փոխել: Տեղն, ուր Տարանտուլ մեծ սարդը ոստայն էր հյուսել ու որս էր անում, մի բազմահարկ շենքի վերնահարկում էր, որտեղ հսկայական պահոցներում և դարակներում պահպանվում էին դարերով մարդկանց կողմից ստեղծված մագաղաթե հնագույն ձեռագրեր, մատյաններ ու հնագույն գրքեր: Սարդը ճիշտ այնտեղ էր, ուր երկար ու ձիգ տարիներ իր նախնիներն էին ապրել ու հյուսել իրենց ոստայնը: Սրահի բարձր առաստաղն ու բարձրադիր պահարանները սարդերի համար նպաստավոր պայմաններ էին ստեղծել թաքստոցներ հյուսելու և թակարդներ լարելու համար: Իրենից առաջ ապրած հոդվածոտանիները` գործածելով իրենց արծաթափայլ լորձաթելերն ու հյուսկեն կապանքները, սարդային բնազդով ու հմտությամբ կարողացել էին ամուր ու մնայուն ոստայններ հյուսել: Դրանք հիմնականում ցանցկեն գործվածքներ ու սանդղացանցեր էին, որոնցում խնամքով դրոշմված էին սարդային հմտություններին վերաբերող խազեր ու երկրաչափական սանդղակներ: Չնայած ի բնե իր մեջ ամբարած թույնի որոշակի քանակին, այս Տարանտուլն առանձնապես աչքի չէր ընկնում ոխակալությամբ ու վրեժխնդրությամբ: Նա ապրում էր մեկուսի` չար աչքից հեռու, սակայն դրսից եկող ամեն մի շարժման ու աղմուկի հանդեպ նա անչափ զգայուն էր, զգոն: Իր գործողությունների, ինչպես նաև հյուսած ոստայնների մեջ առաջնային բաղադրիչը ճշգրիտ հաշվարկն էր: Այն փոխանցվել էր` որպես սարդերին հատուկ բնատուր հատկություն, որպես մեծագույն շնորհ: Անշուշտ, եթե չլիներ այդ հաշվարկը, նա ո՛չ ոստայն կարող էր հյուսել, ո՛չ էլ` որս անել: Տարանտուլի ապրած յուրաքանչյուր օրը պարզ հաշվարկ էր, թե ինչպես որս ձեռք բերել ու սնվել: Իր մութ խորշում նա սնվում էր թակարդն ընկած մի քանի ճանճով ու մանր միջատներով: Ինչպես հատուկ է հոդվածոտանիներին` Տարանտուլը ութ ոտքով կառչում էր հյուսածո ոստայնին և դարանակալ շարունակ սպասում հերթական զոհին: Նա ծվարում էր ոստայնի հենց կենտրոնում: Երբ բաց պատուհանից փչող ուժգին քամին կամ որևէ անզգույշ ու չարակամ կենդանի արարած պատառոտում էր ոստայնը, սարդն իսկույն իր փորատակի ճեղքերից արտամղում էր արծաթավուն լորձաթելերն ու անտրտունջ հյուսում նոր ոստայն: Ոստայն-դիտակետը գտնվում էր առաստաղի և գրապահոցի ամենավերևում դրված մի մեծ գրքի միջև` գոյացած մութ խոռոչի խորքում: Դրանից էին սկիզբ առնում դեպի սրահի լուսավոր անկյունները ձգվող թելերը, հյուսվածքներն ու ամրակապերը: Այդ հյուսվածքների միջոցով սարդն ընկալում, տեղեկանում էր ոստայնի թակարդն ընկած հերթական զոհի կամ մոտեցած անխուսափելի վտանգի մասին: Թելերն ու հյուսվածքներն ապահովում էին նաև կապը մայրասարդի, ցեղակից սարդերի և իրեն ենթակա մանր ու մեծ սարդիկների միջև: Ի տարբերություն սովորական խաչասարդերի, Տարանտուլը չէր վախենում մայրասարդի հանկարծահաս հարձակումներից: Մայրասարդերը չէին խնայում անգամ իրենց բեղմնավորած որձերին: Եթե դրանք հայտնվում էին էգ սարդերի ճանապարհին կամ նրանց ճանկն էին ընկնում, մայր սարդերն իսկույն հոշոտում էին դրանց: Տարանտուլն իր մութ խորշը լքում էր միայն այն ժամանակ, երբ սպասված որսն ընկնում էր իր հյուսած ոստայնի մեջ: Սարդն իր խորշից վարում կատարվող ամեն ինչ տեսնում ու լսում էր, սակայն իրեն գրեթե ոչ ոք երբեք չէր նկատում: Տարանտուլը յուրաքանչյուր իրադարձության արձագանքում էր յուրովի: Մի դեպքում նա իսկույն անհետանում էր, մյուս դեպքում` ճոպանով սահում ցած և հայտնվում ճիշտ դեպքի վայրում: Թելերը, դրանց ցնցումների ուժգնությունն ու թուլությունը կատարվող իրադրության վերաբերյալ նրան ստույգ տեղեկություններ էին հաղորդում: Դեպքի վայր սովորաբար նրա փոխարեն սկզբից որևէ սարդիկ էր գործուղվում: Իսկ երբ արդեն լսելի էր դառնում թակարդն ընկած որսի տզտզոցը, նա մի ակնթարթում հասնում էր, խայթում թակարդն ընկածին, քաշում դրա կենսահյութն ու իր լորձաթելերով բարուրում: Պաշտպանաբնազդային շիկացումների ժամանակ մեծ սարդն ի վիճակի էր զոհի հանդեպ լինել անչափ դաժան ու անողոք: Այնուամենայնիվ, սարդի մեծագույն թշնամին ոչ թե ճանճերն ու միջատներն էին, այլ` մարդը, որից Տարանտուլն իրոք շատ էր վախենում: Վախենում էր նրա զորությունից, իր միջատային բնազդով նաև նախանձում էր մարդուն: Այդ մարդն էր, որ հաճախակի քանդում, ավերում էր իր քրտինքով ստեղծված փառահեղ ոստայնները: Տարանտուլին հազվադեպ էր հաջողվում վրեժխնդիր լինել: Նրա մեծագույն երազանքն էր` ինչ-որ կերպ ձեռք բերել, ունենալ այն նույն զորությունը, ինչով օժտված էր այդ երկոտանի հրեշը` մարդը…
Կենսական առաջին փոփոխությունները Տարանտուլ մեծ սարդն իր մեջ զգաց այն պահին, երբ օրերից մի օր պահոցների սրահում իր թաքստոցին շատ մոտ ու նաև դրսի մեծ պատուհանից լսելի եղան մարդկային ուժգին ձայներ, որոնք հետագայում ահագնանալով` վերածվեցին աղմուկ-աղաղակի: Ա՜խ, այդ հրեշները: Նրանք, բռունցքները վեր պարզած, ինչ-որ գոռում-գոչում էին, պահանջում: Տարանտուլին թվաց, թե մարդկային ամբոխն իրեն ու իր ցեղակիցներին է փնտրում, քանզի այդ պահին շուրջը ո՛չ սարդ էր մնացել, ո՛չ սարդիկ: Բոլորն ասես չքվել, անհետացել էին: Տարանտուլը լարված ու վախով լսում էր մարդկանց գոռում-գոչյունը, բայց և զարմանում, թե ինքն ինչպես կարող էր այդքան պարզ ըմբռնել նրանց կողմից հնչող հնչյուններն ու բառերը: Ամբոխը շարունակ վանկարկում էր, կրկնում. «Կարմ-րա-քար, Կարմ-րա-քար, Կարմ-րա-քարը մերն է…» (Հետո, հետո, պիտի անցներ ժամանակ, որ այդ նույն մարդկային ամբոխն սկսեր իր անունը ևս վանկարկել): Մինչ այդ, դառնալով լսողական այդ անսովոր հատկության կրողը` սարդն իր ողջ սարդային էությամբ մի պահ սարսռաց: Չգիտես ինչու` իրադարձությունները տարօրինակ ձևով արագ էին զարգանում: Քիչ անց սարդը սկսեց ըմբռնել նույնիսկ մոտիկից հնչող մարդկային խոսակցությունների իմաստն ու նշանակությունը: Տարանտուլը ցնցվեց, կրկին սարսռաց, չորս զույգ ոտքերն սկսեցին սաստիկ դողալ: Կուտակված արծաթավուն լորձաթելն ակամա սկսեց դուրս ցայտել: Ոտքերն սկսեցին ծանրանալ: Նա ավելի վախեցավ ու կծկվեց ոստայնի կենտրոնում: Հանկարծ կրծքի տակ ինչ-որ բան սկսեց ուժգին բաբախել, մարմինն սկսեց ձևափոխվել ու ծանրանալ: Ոստայնի թելերը, չդիմանալով սարդի ծանրությանը, ձգվեցին, ու Տարանտուլը ցած սահեց: Երբ նա սրահի հատակին հասավ, նկատեց, որ ետևի վեց ոտքերը մարմնի աջ ու ձախ կողմերում երկու զույգ են դառնում ու վերածվում հրեշային, այսինքն` մարդկային ոտքերի: Քիչ անց մեծ սարդի ամբողջ մարմինը ոսկորների ճարճատյունով սկսեց արագ ձևախեղվել: Գլուխն ակամա մեծացավ ու լերկ ճակատին մազափունջ հայտնվեց: Ծնոտը կախ էր ընկել ու կափկափում էր դողէրոցքի մեջ: Շուտով լորձի արտահոսքը իսպառ դադարեց, և Տարանտուլի կողերի ճեղքերն անհետացան: Ի վերջո սարդը մարդկային կերպարանք ստացավ: Այդուհետ նա միայն էությամբ էր Տարանտուլ մնացել…
Մեծ սրահում ոչ ոք չկար: Բոլոր աշխատակիցները դուրս էին թափվել բակ` տեսնելու կատարվող անսովոր իրադարձությունները: Գրասեղանի մոտ, աթոռներից մեկի վրա մի սպիտակ խալաթ կար ընկած: Տարանտուլն, իր մերկությունը ծածկելու համար, արագ վերցրեց այն ու կոճակները կոճկեց բրդոտ կրծքի վրա…
Քիչ անց մի տղամարդ մտավ սրահ և տեսնելով Տարանտուլին պատուհանի դիմաց լուռ կանգնած` ձեռքերը տարածեց ու բացականչեց. «Վերջապե՜ս, վերջապե՜ս: Բարով եք եկել, հարգարժա՛ն Սարգիս Տարանյան: Այդ անօրինական բանտարկությունից հետո Ձեզ լա՞վ եք զգում,- հետո առանց պատասխան լսելու շարունակեց,- դրսում բոլորը Ձեզ են սպասում, Ձեր անունն են վանկարկում: Գնանք, հարգելի՛ս, գնանք, Կարմրաքարը մերն է, մերն էլ կմնա»:
Դրսում ամբոխն իրոք վանկարկում էր. «Սար-գիս, Սար-գիս»…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։