Սեղանի մոտ նստածը ուսուցիչ էր: Ես կանգնած էի նրա թիկունքում և սպասում էի: Պատուհաններից կաթնագույն լույս էր թափանցում սենյակ, որտեղ մենք երկուսով էինք: Այդպես էլ իմ կողմը չնայելով՝ ինձ մեկնեց իմ առաջադրանքն ու հեռացավ:
Ես նրա դեմքը չտեսա, ու թվաց` երբևէ չեմ տեսել:
Առաջադրանքը, թղթի կտորի վրա գրված, ինչ-որ դիֆերենցիալ հավասարում էր՝ երկար, բազմաթիվ անհայտներով և, ինչպես ես որակեցի, երկհարկանի, քանի որ կոտորակի գիծն այն բաժանել էր վերին և ստորին անընդհատ հարկերի:
Հասկացա, որ այդ հավասարումը լուծել չեմ կարող. այն չափազանց բարդ էր, և ինձ օգնություն էր պետք:
Քայլեցի ծանոթ թաղամասի ուղղությամբ՝ չնայած գիտեի (Աստված գիտի՝ որտեղից), որ թաղամասի ծայրամասում հրդեհ է բռնկվել, և կրակը կանգ առնելու մտադրություն չունի: Փողոց էր, և այնտեղ էր տունը՝ հին եկեղեցու մոտ, որտեղ ես մի ժամանակ ապրել էի. պապական տունս էր: Մտնելու համար պիտի սանդուղքներով ցած իջնեի, որոնք, ի տարբերություն փոշոտ փողոցի, զարմանալիորեն մաքուր էին, լվացված: Գիտեի՝ դրանք պարզապես ոչ ոք չէր կարող մաքրել. ինձնից բացի, բոլոր բնակիչները վաղուց այս աշխարհում չէին: Տունն ու թաղամասը և անգամ փողոցի կեռմանի ետևում թաքնված եկեղեցին ինչ-որ ժամանակ ինչ-որ ճարտարապետի սարքած մանրակերտ էին հիշեցնում, և ես ինչ-որ հրաշքով հայտնվել էի ճագարաբնի մյուս կողմում:
Տանը ոչ ոք չկար, շատ վաղուց չկար, և ես չզարմացա, որովհետև ոչ ոք չկար նաև փողոցում: Կողքի տնանման կառույցներից ձայներ լսվեցին: Հիշեցի, որ դեռ վաղուց, շատ վաղուց պապս անվերջ ու անդադար կացարաններ էր կառուցում՝ դրանք վարձով տալու համար:
Գնացի ձայների ուղղությամբ:
Ներսում երեք հոգի էին, սակայն երկուսը գրեթե անմիջապես անհետացան: Երրորդը երկար սպիտակ զգեստով մի երիտասարդ էր: Նա նստած էր դատարկ սենյակի կենտրոնում՝ հատակին, ինչ-որ հնդկական նվագարանի մոտ:
Ես անխոս մոտեցա, նրան մեկնեցի իմ առաջադրանքով արդեն ճմռթված թղթի կտորն ու նայեցի դաշնամուրի նման սևուսպիտակ ստեղնաշար ունեցող երաժշտական արկղին:
Երիտասարդը ոչինչ չասաց. նա ևս գիտեր, որ թաղամասի ծայրամասում բռնկված հրդեհը մոտենում է և ուր որ է այստեղ է լինելու: Հատակին նստածը, նայելով մերթ դիֆերենցիալ հավասարմանը, մերթ հնդկական գործիքին, սկսեց նվագել: Հանկարծ նվագարանի խորքում թաքնված լարերը սրտիս պես թրթռացին (թվաց՝ տեսա այդ խորքը), և սենյակը լցվեց կախարդական հնչյուններով: Ես ակամա այն «աստվածային» որակեցի:
Երբ երաժշտությունը լռեց, երիտասարդն ինձ վերադարձրեց թղթի կտորը, և ես դուրս եկա դատարկ սենյակից. ում պիտի հրաժեշտ տայի, նա արդեն չկար:
Դրսում ամեն բան նախկինի պես նույնն էր: Սակայն ես գիտեի, որ թաղամասի ծայրամասում բռնկված հրդեհը մոտենում է և ուր որ է այստեղ է լինելու:
Վերադարձա:
Ուսուցիչն ինձնից վերցրեց դիֆերենցիալ հավասարումով մաշված թերթիկն, ու… այնտեղից հանկարծ հնչյուններ դուրս թռան անտեսանելի թիթեռների նման կամ մի ուրիշ բանի, որ անպայման մարմին ուներ: Նույն աստվածային մեղեդին էր: Այն լույսի կաթնագույնի հետ լցրեց սենյակի ողջ պարունակությունը, և սիրտս թիթեռի նման անկշիռ դարձավ:
Ուսուցիչը ժպտաց:
Ես կատարել էի նրա առաջադրանքը:
Ինձ հասկացրեցին, որ ոչ բոլոր հավասարումները պետք է լուծվեն, և ամեն բան չէ, որ պատասխան ունի այս աշխարհում:
– Լուծել խնդիրը, չի նշանակում գտնել նրա պատասխանը,- անխոս ասաց ուսուցիչը:
Ես ուզում էի տեսնել ուսուցչի դեմքը, սակայն նա ևս արդեն չկար:
Ես գիտեի, որ կրակն արդեն կործանել է իմ երբեմնի տունն ու երբեմնի թաղամասը:
Միայն երաժշտությունը չէր այրվել:
Արթնացա: