ՌՈԲՈՏԱՑՈՒՄ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Աշխարհն այսօր եթե շուռ էլ չի եկել, ապա շուռ գալու վրա է: Շրջված աշխարհի կերպարը գործում է մարդկության դեմ: Վերջին ժամանակներս հեռուստաէկրանին տեսնում ենք երիտասարդ մի մարդու, այսօրական սանրվածքով, թվում է` հենց նոր է դուրս եկել «Տոմա» գեղեցկության սրահից, մանրամասնորեն շպարված, գլուխն անվերջ շարժում է աջ ու ձախ, սառն աչքերով նայում քեզ և կարծես ասում է` ես քեզնից լավն եմ ու խելացի, դու անցյալ ես, ես` ներկա: Այս մադամը թե մադմուազելը ռոբոտ է, նրան ինձ նման մարդիկ են ստեղծել: Ես տխրում եմ ու մտահոգվում այս աստիճանի գիտատեխնիկական զարգացումից, որը նաև բնության դեմ է, բանական լինելով հանդերձ` ի վերջո դառնում է հակաբանական երևույթ: Միշտ կարծել եմ` բանականությունն ուղղված է զգացմունքների պահպանությանն ու խորացմանը, սակայն դիտելով ռոբոտի գործողությունները, միտքս թեքվում է հակառակ կողմ` բանականությունն ընդդեմ զգացմունքների և ամենանվիրական զգացմունքի` լուսավոր ու աստվածային սիրո: Ինչպիսի կատարյալ մարդ-ռոբոտ էլ ստեղծենք, գիտատեխնիկական հրաշքներն անգամ ի վիճակի չեն նրան սեր և հոգեղենություն ներարկելու, նա մշտապես պիտի լինի անսեր ու հոգեզուրկ, հետևաբար, ինչպես Թումանյանն է ասել մեկ այլ առիթով. «Եվ հեռու է մինչև մարդը իր ճամփան», մի հեռավորություն, որ հնարավոր չէ հաղթահարել տիեզերական ժամանակի ու տարածության մեջ:
Բայց, ինչ ասել կուզե, մենք` ժամանակակիցներս, գտնվելով տիեզերքում, տիեզերական արժեքներով ու չափանիշներով չենք ղեկավարվում, այլ` մեր անցողիկ կյանքի նյութական օգտապաշտությամբ:
Անցյալ դարի սկզբին Է. Ռեզերֆորդը և Ն. Բորը մտահղացան մինչ այդ անտրոհելի համարվող ատոմի մոլորակային մոդելը: Դա աննախադեպ մեծ ու հեղափոխական գյուտարարություն էր, որը զարկ տվեց միջուկային ֆիզիկայի զարգացմանն ու նոր բացահայտումների: Շուտով ուրանի միջուկային ճեղքման միջոցով ստեղծվեցին ատոմաջրածնային ռումբերը: 1945-ին Ամերիկան միջուկային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, մեռան ու մահացու ճառագայթվեցին հարյուրհազարավոր մարդիկ, ողբերգական հետևանքներն զգալի են մինչև օրս: Ի վերջո, այդ ռումբի հայրերը հասկացան, թե միլիոնավոր տարիներ քնած ատոմի բարի նպատակով արթնացումն իրենց մտքի անօրինակ գործողությամբ` ինչպիսի չարիք է նախապատրաստում մարդկության ու աշխարհի համար: Նրանցից գրեթե բոլորն ապաշխարեցին Աստծու առջև ու անցան անվտանգ գիտափորձերի, նմանապես` ակադեմիկոս Սախարովը, որը դարձավ տոտալիտար կայսրության մեջ այլախոհ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանության դրոշակակիր, այդ թվում նաև հայ ժողովրդի, և արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:
Սակայն ռումբն արդեն կար և կատարելագործվում էր, ձեռք բերում ավելի հզոր կործանարար ուժ, որոշ երկրներ խաղաղություն գոչելով պատրաստվում էին նոր առճակատման: Երկու գերհզոր տերությունները` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, աշխարհն իրենց օգտին նորովի քարտեզագրելու, այլոց իրենց ազդեցությանը ենթարկելու նպատակով զինվում հա զինվում են, երբ մեկը նոր զենք է հնարում, մյուսն իսկույն ստեղծում է դրան հակազդող զինատեսակ, ով` ավելի հզոր ու մահաբեր, վերջ չկա: Այսօր աշխարհում այնքան զենք է կուտակվել, որ կարելի է մի քանի անգամ կործանել Երկիր մոլորակը: Այդ ֆինանսական միջոցները, որ հնարավոր չէ չափակշռել, եթե ուղղվեին ժողովուրդների բարեկեցությանը, մեր մոլորակը տիեզերքում դրախտավայր կդառնար, այնինչ մենք այն դժոխացնում ենք: Կարծում եմ, ամեն գիտություն նախ և առաջ պետք է լուծի բարոյական խնդիր, իր գլխավոր դրսևորումներով լինի մարդամոտ ու մարդասեր, հոգ տանի մարդկանց մասին:
Ես մարդ-ռոբոտին դիտում եմ իբրև հակամարդու: Եթե մի օր, բացառված չէ, ռոբոտաշինարարներին հաջողվի անսեր կին ռոբոտին օժտել նաև հղիանալու և ծննդաբերելու հատկություններով, որի արդյունքում աշխարհ կգան երեխա ռոբոտիկներ, կշատանան ու կհալածեն բնական մարդկանց, հավատացեք` դա կլինի ատոմային ռումբից ավելի ահեղ ու կործանարար պայթյուն: Արդեն մտահղացում կա` ստեղծելու անհայրենիք ռոբոտ-բանակներ, որոնք կղեկավարվեն հզոր կենտրոններից` ի շահ իրենց աշխարհակալության: Տեսնո՞ւմ եք, ինչպես բանաստեղծն է նկատել` ոչ թե աշխարհը շալակած տանել, այլ ելնել շալակն աշխարհի, ասել է` մարդկության շալակը, իր ծանրությամբ ճզմել սիրո ու բարության ամեն դրսևորում, մարդկանց ևս ռոբոտացնել, որ հեշտ լինի նրանց ենթարկել իրենց սատանայական կամքին:
Խնդրում եմ, հանկարծ չմտածեք, թե ես հակառակ եմ գիտատեխնիկական զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտներին, ո՛չ, քանի դեռ դրանք նպաստում են մարդկանց կյանքի բարեշրջությանը` ո՞վ կարող է դեմ լինել, շեշտեմ` քանի դեռ: Հին չինացին իմաստուն էր` մարդը պիտի համահունչ լինի բնության հետ, բայց հենց խախտվում է հավասարակշռությունն ընդդեմ մարդու և հօգուտ ինքնաբավ տեխնիկայի ու արհեստական բանականության, ընդդեմ մարդկային բնության, այժմ էլ ուշ չէ լրջորեն մտահոգվելու` այս ի՞նչ ենք գովազդում, այսպես ո՞ւր կհասնենք: Պատասխանեմ. կհանգենք համատարած ռոբոտացման: Ինքնազսպման, ցանկությունների սահմանափակման, կանգ առնելու ժամանակը չէ՞: Թե՞ մենք արդեն կորցրել ենք մեր բարոյական արժեքներն ու հիշողությունը և դարձել մանկուրտ: Ես հին մարդ եմ, սակայն, հավատացեք, հնամոլ ու հնաոճ չեմ, լավ գիտակցում եմ զարգացման, փոփոխությունների անհրաժեշտությունը, չի կարելի տեղում հա դոփել, թե չէ կճահճանաս ու կխոսես գորտային լեզվով, թե՛ գրականության և թե՛ գիտությունների տիրույթում, բայց ինձ հոգեհարազատ է Հակոբ Պարոնյանի գիտակցումը` «Ետևդ նայե, որ առջևդ տեսնիս», այո՛, հնարավոր չէ առաջ ընթանալ առանց ետ նայելու, ոտքդ քարին կառնի և բերանքսիվայր կտապալվես ու չես բարձրանա, սովորիր մարդասեր քաղաքակրթությունից:
Այսօր ամբողջ աշխարհում ոչ թե կարևոր, այլ գլխավոր դերակատարություն ունեն բջջային հեռախոսը, համացանցն ու հեռուստացույցը: Ինչո՞ւ դասախոսություն սղագրեմ ու կատարելագործեմ գրավոր լեզուս, հեշտ ու հանգիստ կձայնագրեմ հեռախոսիս մեջ: Ինչո՞ւ գրականություն ուսումնասիրեմ, չէ՞ որ համացանցում ամեն բան էլ կարճ ու կտրուկ գոյություն ունի: Շաբաթներով ինչո՞ւ նստեմ կարդամ, օրինակ, «Պատերազմ և խաղաղությունը», աչք քոռացնեմ, ավելի լավ է դիտեմ հեռուստաֆիլմը, հա՛մ հաճույք է, հա՛մ էլ ժամանակի խնայողություն: Այս տեխնիկական միջոցները, այո՛, զգալիորեն հեշտացրել են մարդու կյանքն ու կենցաղը, և, սակայն, նրան ծուլացրել ու օտարել ստեղծագործ աշխատանքից` բազմաթիվ տխուր հետևանքներով: Դիպլոմ ենք ստանում` առանց գիտելիքների: Գիտական թեզեր ենք պաշտպանում` չլինելով գիտնական: Ի վերջո, կյանքը թևակոխում է մտավոր աղքատության ու հոգեզրկության շրջափուլ: Գուցե սա էլ է աշխարհի հզորների կողմից ծրագրված գլոբալ քաղաքականության մի ճյուղը, որին կամա-ակամա նպաստում են տաղանդավոր շատ տեխնոկրատներ:
Գիտական միտքն ունի երկու մեծ ու համապարփակ ուղղություն` բնական գիտություններ (ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և այլն) և հումանիտար (գրականագիտություն, լեզվաբանություն, արվեստաբանություն…): Մեր տեխնոլոգիական դարում ավելի սևեռուն վերաբերմունք ունենք բնականների, քան հումանիտարների հանդեպ, կարծես վերջինս առաջինի աղախինը լինի, կցորդն ու արհամարհված ծառան: Եվ պահանջարկն էլ բնական գիտությունների օգտին է, որովհետև, գիտեք ինչ, նա է ռումբեր ու ռոբոտ ստեղծում, արդիական զինատեսակներ, հումանիտար գիտությունները, կարծում են, ի վիճակի չեն փոխելու մարդու կյանքը: Իսկ ես մտածում եմ` հենց հումանիտարներն են կյանքը բարեշրջում, մեզ դարձնում հարուստ ներաշխարհով բանական մարդ և ձևակերպում մեր գոյության փիլիսոփայության հիմունքները: Ի՞նչ հակակշիռ կարող եք ցույց տալ Հոմերոսի, Նարեկացու, Շեքսպիրի գրականությանը, որոնք այսօր էլ մարդուն մարդ են պահում, ազգաշինության գործում բնական ի՞նչ գիտություն հնարավոր է հակադրել Րաֆֆուն և Թումանյանին, միջուկային ֆիզիկա՞ն, չէ՛, բարեկամներ, Թումանյանի ոսկին կարելի է կշռել միայն Թումանյանով:
Հումանիտար գիտությունների և հատկապես գրականության ու արվեստների նկատմամբ ուշադրության նվազումը, վերջինները ևս գիտություն են` խարսխված հոգեղենության վրա, մեզ հեռացնում են ամենաանհատակ զգացմունքից, որ լուսավոր սերն է, մութ ատելության հակակշիռը, սեր կյանքի, բնության, աշխարհի, կին թե տղամարդ էակի հանդեպ: Անսեր հոգուց վախեցիր, նա կարող է լինել անտարբեր, ընչաքաղց, գող, մարդասպան, Աստծուն թշնամի և սատանային կողակից: Սա ես չեմ ասում, այլ` մարդկության փորձն ու հիշողությունը: Միայն սերն է դրական արժեք ստեղծում: Մի վեպ, իհարկե մեծատառ վեպ, նույնիսկ մեկ ընտիր բանաստեղծությունը, նկար ու երգ, պար ու ճարտարապետություն մարդուն ավելի են մարդկայնացնում, քան ատոմի ճեղքումը, բոլոր ռումբերն ու զենքերը միասին վերցրած: Դարի հետ լինելով` ես դարի այս աստիճանի գիտատեխնիկական զարգացածությանը, կներեք, դեմ եմ, ինչպես, կարծում եմ, շատերը, արդեն իրականություն դարձած ռոբոտ մարդը վախեցնում է ինձ և, հավատացեք, շատերին: Ժամանակը չէ՞, վաղուց ժամանակն է երևույթները կոչել իրենց իսկական անուններով և ելնելով «սովորական» մարդու բնական շահերից` գնահատական ու տագնապ հնչեցնել` դեպի ո՞ւր ենք գնում, դեպի ո՞ւր ենք հրում Երկիր մոլորակը, որը, կարծում եմ, տիեզերքում մարդկության միակ տունն է:
Ինչպե՞ս, ե՞րբ, ինչի՞ց մարդն աշխարհ եկավ: Գիտությունը մի քանի պատասխան ունի, որոնցից և ոչ մեկը համոզիչ չէ: Ծիծաղելի է, թե մարդն առաջացել է կապկից կամ խոզից, իբր սրանք են հիմնաքարը, սակայն բյուրավոր դարերի ընթացքում ոչ մի կապիկ ու խոզ մարդ չդարձավ, թեև մարդկանց մեջ քիչ չեն կապկախոզային բնավորությունները, սրան-նրան իզուր չեն ասում` կապկի մեկը, կապիկ, կամ` դու խոզ ես: Մնում է կենդանի օրգանիզմի էվոլյուցիոն զարգացումը միլիոնավոր տարիների ընթացքում, տարրական բջջից մինչև մարդ: Եթե հավատամ այս թեզին, որը, թերևս, միակ ճշմարիտ գիտական բացատրությունն է մեր գոյաստեղծման վերաբերյալ, կարող եմ ասել` մարդն առաջացել է ծաղկից, իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մարդը բնության ամենահրաշալի ծաղիկն է ի սկզբանե և ընդմիշտ: Գուրգուրենք նրան:
Կա նաև խնդրի մի հումանիտար, գուցե ամենաճշմարիտ բացատրությունը, որ անում է մարդաբանությունը: Չորս վերջույթներով տեղաշարժվող մարդը, որ պատմականորեն սկիզբ է, ելման կետ, վերածվեց ժամանակակից ըմբռնումով մարդու աշխատանքի շնորհիվ, երբ, արդեն հին քարե դարում (պալեոլիթ) ուղղահայաց և երկու ձեռքերով սկսեց տակավին պարզամիտ գործ անել: Աշխատանքը դարձավ նրա մարդկայնացման կատալիզատոր: Այսօր էլ աշխատանքը մեզ մարդ պահելու գլխավոր միջոցն է, ոչ միայն ֆիզիկական շարժումներով իրականացվող աշխատանքը, այլև` մտավոր ու հոգեղեն: Աշխատել` նշանակում է մի բան ստեղծել, որ քիչ առաջ բացակա էր, իսկ այժմ ներկայություն է և հարստացնում է մեզ: Եթե ռոբոտները, Աստված մի արասցե, մի օր լրիվ կամ մասնակիորեն փոխարինեն մարդկանց` նրանց վտարելով ստեղծարար աշխատանքից, կյանքը կռոբոտանա: Քայլելիս մենք պետք է նայենք ոչ միայն հոսող ժամանակի ոտքերի տակ` լինել մոդայիկ, այլև ավելի մեր նայվածքն ու հայացքն ուղղենք հորիզոններին` այնտեղ ինչ կարող է պատահել մեզ հետ: Իսկ ենթադրել, մինչև իսկ գիտական մակարդակով, դժվար չէ. աշխատազուրկ մարդը կայլասերվի: Կարող եք ասել` ռոբոտն էլ է օգտակար արդյունք ստեղծում, մանավանդ` արագ, էժան ու որակով, բայց եթե լինենք գոնե մի քիչ իմաստասեր, պիտի ասենք` դա մեքենայի ստեղծած արտադրանք է, զուրկ մարդկային հոգու միջամտությունից, հետևաբար, մեղմ ասած, ոչ այնքան օգտակար: Մեծանուն Ֆիշերը շախմատ խաղաց մեքենայի հետ, և, որքան հիշում եմ, խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն եթե նա նույնիսկ պարտվեր, նա էր հաղթողը, որ մեքենային թույլ չտվեց իրեն հաղթել: Օգտապաշտությունը ոչ միշտ է օգտակար, այն անգամ որոշ դեպքերում վնասակար է` վկան ներկայիս մեր անձնական ու հասարակական կյանքը: Թույլ տվեք նայել առաջ և երևակայությանս ստիպել տեսնելու այն աղետալից ժամանակը, երբ ռոբոտ մեքենան վեպ կգրի, նկարչություն կանի, թատրոն կխաղա, սիմֆոնիա կստեղծի, որը կկատարի ռոբոտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախումբը` ռոբոտ դիրիժորի ղեկավարությամբ: Հիվանդ երևակայություն չէ, ժամանակն իր շավղից վաղուց դուրս է սայթաքել, մի երեք հարյուր տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ տիեզերքում երկրային արբանյակներ են պտտվելու: Դարերն անցնում են վայրկյանի պես: Ամեն վայրկյան պետք է չափազանց զգույշ լինել` չխաթարելու մարդկային բնությունը:
Այս մտազննումներն ուրախ չեն, իսկ եզրակացությունն` ավելի տխուր` աշխարհի և Հայաստան երկրիս համար: Երբ մեր ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովներում, արդեն վաղուց, գրեթե ոչ մի էական խոսք չի հնչում հումանիտար գիտությունների ու գեղարվեստական մշակույթի, ազգապահպանման տիրույթում դրանց պատմական դերի ու նշանակության մասին, այլ թեթևակի գծագրվում են գլխավորապես տեխնոլոգիական ծրագրեր, երբ այսօր տնտեսական հեղաշրջումների ջատագովներն ամբողջ աշխարհում սահմանափակվում են միայն ու միայն արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների քննարկմամբ և նորանոր բիզնես ֆանտազիաներ անում, մոռանալով մարդկության հոգեղեն հարցերը, ես նայում եմ հայելուն ու ինձ չեմ ճանաչում: Պատմությունը վկայում է` շատ վերակառուցումներ նախապատրաստել են արվեստի ու փիլիսոփայության մարդիկ, օրինակ, եթե չլինեին գրողներն ու նկարիչները, հազիվ թե տեղի ունենար ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որն աշխարհ շրջեց: Ծանրակշիռ եղավ ռուս բանաստեղծների, մտքի մարդկանց, կերպարվեստագետների նշանակությունն անցյալ դարասկզբի ալեկոծումներում, նրանք հեղինակեցին կայսրության նոր գաղափարախոսությունը, որը, ցավոք սրտի, շուտով աղավաղվեց հասկանալի պատճառով: Իսկ մեր պատմական Թավշյա հեղափոխության արմատը, իմանանք, 1960-ական թվականների ազգային զարթոնքն է` Պարույր Սևակով և ստեղծագործ մտավորականության ու երիտասարդության նվիրումով համակ կյանքի վերակառուցմանը: Տեսնենք և սիրենք նրանց: Եվ գիտակցենք նրանց բարձր նշանակությունը: Առանց այդ դասակարգի` լուսավոր ապագա հազիվ թե լինի:

One thought on “ՌՈԲՈՏԱՑՈՒՄ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.