ԼՈԽ ԼԱՎ Ա… / ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆԶինվորական ավտոբուսը դխկդխկում էր ամռան փոշոտ ու անկոկ ճանապարհի վրա: Թեև դուրս էին եկել առավոտ ծեգին, որ կեսօրվա դեմ օդանավակայանում լինեին, բայց արդեն ժամը մեկն էր ու դեռ ահագին ճանապարհ ունեին անցնելու:
Սկզբում շարժիչը փչացավ, հետո ընկան անսպասելի գնդակոծության տակ, բայց թեթև պրծան: Միայն անիվներից մեկը վնասվեց: Սակայն մեքենան որքան էլ որ ինքնագնաց լինի ու վարորդը` հմուտ, մեկ է, երբ անիվը ծակվում է, ձեռքերն զգում են ղեկի ծանրանալը: Դրանից մատներն ավելի շատ են քրտնում ու մրմռում են ափերը: Քսան տարվա վարորդ է, բայց մատները դեռ չեն սովորել ղեկին: Մի քիչ երկար է նստում ղեկի մոտ՝ ափերը քրտնում, կարմրում ու մրմռում են: Երբ նոր էր վարորդ ընդունվել շինարարությունում, տղերքը ձեռ էին առնում, կատակով ու լուրջ բուժվելու միջոցներ առաջարկում: Երեք բժշկի դիմեց, տասը հիվանդության անուն տվեցին, ու ինքը որոշեց այլևս ո՛չ ցավի մասին խոսել, ո՛չ էլ` բուժման: Հիմա փափուկ փալաս է պահում դիմապակու մոտ և շուտ-շուտ սրբում է ձեռքերը: Բայց ձեռքերի քրտնելուց չէ, որ նեղվում էր այսօր, այլ՝ ոտքի ցավից: Չգիտես ինչու, այսօր սպին մրմռում էր թարմ վերքի պես: Սկզբում կարծեց, թե վերքը բացվել է: Վերև քաշեց տաբատի փողքը, մատները շոշափեցին ողորկ սպին, ու սիրտը մի քիչ հանգստացավ: Բայց մրմուռը չէր անցնում, ու նա դիմանում էր ցավին, ինչպես երեք ամիս առաջ վիրավորվելիս: Բեկորը դուրս քաշելուց հետո, չնայած բժշկի արգելքին, ընդամենը երեք օր պառկած մնաց: Մի շաբաթ կաղալով ման էր գալիս հոսպիտալի միջանցքներում, հետո փախավ տղերքի մոտ: Թե՛ նրանց էր շատ կարոտել, թե՛ իր մեքենայի խցիկը:
Բայց ուրիշ է, երբ ընկերներիդ հետ ես և ուրիշ` երբ քսանհինգ երեխայի անփոր­ձանք տեղ հասցնելու պատասխանատ­վությունն է ուսերիդ: Երեխաներին Ստեփանակերտ պիտի տաներ, որ ինքնաթիռով Երևան հասնեին, գոնե մի քիչ հանգստանային արկերի պայթյունից ու ինքնաձիգների կտկտոցից, երեսներին ժպիտ գար, իսկ ծնողները գոնե որոշ ժամանակ ազատվեին նրանց մասին մտածելուց:
Երեխաներն առավոտյան երգում էին, լուսամուտներից գլուխները դուրս հանում, ու ինքը դիտողություն չէր անում. թող սրտները բացվի, թող որոշ ժամանակ մոռանան պատերազմի մասին: Հաճախ նայում էր հայելու մեջ, ուշադիր զննում յուրաքանչյուրին: Ամենամեծը հազիվ տասներկու տարեկան լիներ` թխահեր, թախծոտ ու խոշոր աչքերով մի աղջնակ, որ մոր սրտացավությամբ ստեպ-ստեպ ծածկում էր իրենից մի քիչ ավելի փոքր տղայի ուսերը, շոյում մազերը, փսփսում ականջին: Առաջին պահ հայելու մեջ լավ չտեսավ տղային: Հետո, երբ մի անգամ էլ հայացք նետեց, նկատեց, որ նրա վերնաշապիկի աջ թևը դատարկ է և դալուկ դեմքի վրա ծվարել-մնացել է պատերազմի թախիծը: Սիրտ չարեց երեխային հարցնել, թե ինչպես է պատահել… Պատերազմի զարկն է դիպել դեռևս պատանեկության շեմը չթևակոխած տղային, ու չցանկացավ մի անգամ ևս ցավեցնել նրա հոգին:
Հիմա, երբ անցել էին անտառի սահմանը և դուրս եկել բաց տարածք, երեխաները չգիտեին՝ ինչ անել: Լուսամուտները բացում էին՝ ճանապարհի դեղին փոշին լցվում էր ներս ու նստում քրտնած դեմքներին, փակում էին՝ խեղդում էր տոթը: Քանի դեռ գնում էին անտառի փեշով, դանդաղ էր քշում. ճանապարհն ապահով էր, նաև ուզում էր, որ երեխաները հիանան բնությամբ: Բայց հիմա, երբ շարժվում էին բաց տեղանքով, քիչ էր ուշադրություն դարձնում ճանապարհի խոչ ու խութերին: Զգուշանում էր՝ որոշակի չէր ռազմաճակատի գիծը: Ո՞վ իմանա` թշնամին չի՞ թառել մի գագաթի վրա կամ նշանառու չի՞ թաքցրել մի անանուն քարի ետևում: Մենակ ինքը լիներ՝ խաչ կքաշեր երեսին ու ատամները սեղմած կքշեր, բայց մեքենայի մեջ քսանհինգ երեխա կար ու նրանց մեջ` դալուկ դեմքով, աշխարհի դեմ զայրացած, աշխարհից հիասթափված տղան:
Երբ դուրս եկան սարերի փեշով ոլորվող բաց ճանապարհ, աննկատելի արագացրեց ընթացքը՝ չուզեց ընդհատել երեխաների ուրախ շաղակրատանքն ու աղմուկը, բայց հանկարծ ականջի մեջ բամբակի պես խրվեց լռությունը: Հայելու մեջ տեսավ, որ ձգվել են դեմքերը և սպասման ստվերն է թառել մանուկ ճակատներին:
– Էրեխեք, ինչի՞ չեք երգում,- ձայնին արհեստական անհոգություն տալով՝ աչքով արեց հայելու մեջ:
Պատասխանը լռությունն էր: Կարծես իր տարակուսանքը փարատելու համար մոտեցավ գանգուր մազերով, դեմքին` տարիքից ավելի լրջություն ունեցող տաս-տասնմեկ տարեկան մի տղա ու շշնջաց.
– Կարող է կրակեն:
– Որ չերգեք, չե՞ն կրակի,- կատակի տվեց:
– Երգել չի լինում:
– Վախենո՞ւմ եք:
– Չէ,- քաջ ձևացավ երեխան,- խոխեք են, էլի,- մեծավարի ժպտաց նա: Ժպիտից մեծ բերանը ծռվեց, գնաց կողքի, իսկ աչքերը նեղացան ու ձգվեցին մոնղոլի նման:
– Պատերազմում եթե մտածես մեռնելու մասին, օրը հազար անգամ կմեռնես վախից,- կարծես իրեն հավասարի հետ խոսեց ինքը,- կարող է սարերի վրայից կրակեն, կարող է… ո՞վ գիտի: Մի՛ մտածիր ու չվախենաս, անփորձանք տեղ կհասնենք: Այ, որ Սևանի ափի տաք ավազներին պառկես՝ կհիշես Պետիկ քեռու ասածը:
– Չեմ վախենում,- վիրավորվեց տղան,- ես կրակել էլ գիտեմ:
– Յա՛, ի՞նչ ես ասում,- զարմանքը չափազանցրեց վարորդը:
– Հա՛, որ պապաս դեռ չէր զոհվել, հաց էի տանում Քյաչալ սար` դիրքերը: Ինքը սովորեցրեց:
– Պապան…- խոսքը չշարունակեց վարորդը:
– Հա,- արցունքների դեմ պայքարեց տղան,- երեք ամիս առաջ: «Գրադն» էր խփել: Էդ օրը մերոնք տվեցին Քյաչալ սարը: Հիմա նորից վերցրել են:
Վարորդն արագ շրջանցեց մի մեծ փոս ու աշխատեց ղեկն այնպես ուղղել, որ կողքին կանգնած երեխան թափից պատին չզարկվի: Առջևում ճանապարհի դեղին ու ոլորապտույտ ժապավենն էր: Ոլորաններն անակնկալ դուրս էին թռչում սարերի հետևից և արագ ընթացող մեքենայի վարորդն ուշադիր պիտի լիներ, ձորը չգլորվելու համար:
– Անունդ ի՞նչ է,- զրույցի կտրված թելը կպցրեց վարորդը:
– Անու՞նս… Դավիթ:
– Լա՛վ անուն է,- երկար լռելուց հետո մի բան ասած լինելու համար ծոր տվեց վարորդը,- իսկ այն տղայի թևն ինչպե՞ս է կտրվել:
– Նա մեր գյուղից չէ, բայց… կարծեմ դասի ժամանակ ռմբակոծել են դպրոցն ու բեկորը կպել է թևին: Հիվանդանոցում են կտրել: Իսկ մեր դասարանի Սամվելի համ ձախ ոտքը կտրեցին, համ` աջ ձեռքը…
Տղայի մեծական լրջությունից վարորդի լացը գալիս էր: Ուզում էր գոռալ նրա վրա, թե` գնա, նստիր տեղդ: Ի՞նչ ես ուզում, երեխա ես` քո երեխայությանը կաց, բայց հասկանում էր, որ այդ մեծաբերան, ցցված ատամներով տղայի մանկությունն անդարձ առել տարել է պատերազմը, թաղել զոհված հոր հետ, ու լռում էր:
Նրան շատ էր անհանգստացնում, որ ճանապարհին հանդիպակաց մեքենա չկա և ինքն առաջ է գնում կույրի նման, ասես` խարխափելով: Լիներ` ճանապարհի մասին լուր կառներ, մի երկու խոսք կփոխանակեր և գոնե մի քիչ կթեթևանար անորոշության բեռը: Արևն անխնա տաքացնում էր մեքենայի թափքի թիթեղը, իսկ ճանապարհի փոշին փակում էր քիթ ու բերան:
Չգիտես ինչու առավոտից աչքերի առջևից չէր հեռանում հոր պատկերը: Հորը հիշում էր նրա երկար ու դժվար կյանքի մեն-մի անգամ հարբած օրը: Գնացել էր հարևան գյուղից խոճկոր առնելու: Գոճին գցել էր պարկի մեջ ու քայլերն ուղղել դեպի տուն, բայց գյուղամիջում հանդիպել էր հին ընկերոջը: Մտել էին Ջիվոյի խանութ, մի շիշ օղի իջացրել թարեքից, խմել էին վռազ-վռազ, ամեն բաժակից հետո մի-մի կարամել ուտելով: Հետո շալակել էր պարկն ու գոճին թպրտացել էր մեջքի վրա, իսկ ինքը գլորվելով, մեն-մի հատիկ ձեռքով պարկի վիզն ամուր բռնած, տառապել էր օղու` շնչափողն ի վեր բարձրացող, այրուցք պատճառող գաղջության և ամռան արևից հալվող կպրուղու` երեսին զարկող գոլի արանքում:
Սկզբում գլխի չէր, թե մի ձեռնանի մնացած տղան ինչո՞ւ է այդքան ազդել խղճին, հետո հիշեց կռնատ հորն ու հասկացավ, որ սիրտը կեղեքում է տղայի տղամարդ դառնալու ցավը, նրա` սիրածին մի թևով գրկելու, կարգին կրծքին սեղմել չկարողանալու ցավը, տղամարդավարի պարկ շալակել չկարողանալու ցավը…
Մտքերն առաջկտրուկի էին խաղում հետը, և առաջին պահ չհասկացավ, որ գնդակը ծակեց դիմապակին: Տեսավ, թե ինչպես իր ետևի նստարանին նստած փոքրիկ, շեկ աղջնակը գլուխն անձայն թեքեց կողքին նստած տղայի ուսին:
– Նշանառու էր,- ականջին հասավ մեծաբերան տղայի ձայնը, նախքան ուղեղը կընկալեր կատարվածը:
Ամբողջ ուժով սեղմեց արագության ոտնակը և սլացող ավտոբուսն արգելակեց միայն ճանապարհամերձ սաղարթախիտ ընկուզենիների տակ:
…Շեկ մազերով, պեպենոտ քթիկով աղջիկը քնածի տպավորություն էր թողնում, և վարորդը չէր կարողանում հավատալ, թե նա այլևս չի բացելու աչքերը: Նրան անարդար էր թվում, որ իրեն ուղղված գնդակը բաժին է հասել անմեղ երեխային:
– Քո նշանառու ասողի…- հայհոյեց ու դողացող մատներով վերև քաշեց աղջկա` վրան թռչկոտող, ուրախ կապիկներ նկարած կարճաթև բլուզը: Կրծքի վրա կարմիր պուտ էր, ասես կակաչ էին նկարել: Գնդակն անցել էր սրտի միջով:
Թե իմանար՝ այսպես պիտի լիներ, հանձն չէր առնի այս գործը: Գլուխը քարը, թող վախկոտ համարեին: Կգնար առաջին գիծ, կկռվեր և ականատեսը չէր լինի այս մի մատ երեխայի զոհվելու: Իրեն ներել չի կարողանում, որ ուղեկցողներ չպահանջեց: Հարցրին` գլուխ կհանե՞ս: Ասաց` հա: Կարծես էրեխեքին պապոնց տուն պիտի տաներ: Ասաց` հա, վերցրեց ինքնաձիգը, դրեց խցիկն ու քշեց առանց դես-դեն նայելու: Հիմա է հասկանում, որ խցիկում դրած ինքնաձիգն իր համար` հեչ: Կարծես նոր է գլխի ընկնում, որ պատերազմի մեջ ընկած վարորդի համար երկու ձեռքը քիչ է:
Աղջկա զոհվելուց հետո ավտոբուսն ավելի զգույշ էր վարում: Ետևի նստարանն ազատել էին, վրան պառկեցրել զոհված աղջնակի դիակը, և վարորդն զգուշանում էր փոսերից, ասես վախենում էր քնած երեխային զարթնեցնելուց:
…Հերթական ոլորանի ետևից զինվորը դուրս եկավ մեկեն: Իրիկնադեմի արևի տակ արձան լիներ կարծես, որ կպել էր հողին, և այնքան ծանր էր, որ թվում էր, թե անհնար է տեղից շարժելը: «Դարան է»,- անցավ մտքով և որոշեց չկանգնել: Կքշի ամբողջ թափով, ինչ էլ լինի, երեխեքից գոնե մի քանիսը ողջ կմնան: Չէ, ինքը աչքը բաց մի ամբողջ ավտոբուս երեխա չի տա թուրքին: Չի տա, հայի սերմը կրակի մեջ չի գցի: Աչքերի առաջը սևացել էր: Ատամները սեղմած, անձայն հայհոյում էր ինքն իրեն ու աշխարհին:
Համարյա հավասարվել էր զինվորին, երբ նա ձեռքը բարձրացրեց` կանգնիր:
Վարորդը չդադարեցրեց ընթացքը, և զինվորն զգալով այդ, իրեն նետեց ճանապարհի մեջտեղ, ասես խրտնած ձիերին զսպող կառապան լիներ: Վարորդը, խաղաղ օրերի սովորությամբ, ոտքը դրեց արգելակին ու մեքենան դունչը զինվորի փորին քսելով կանգ առավ: Գլխի ընկավ, որ սխալ վարվեց արգելակը սեղմելով, բայց արդեն ուշ էր: Ճանկեց ինքնաձիգը, շուռ եկավ ու իրեն զսպելով ժպտաց երեխաներին.
– Չվախենաք,- աչքով արեց, բայց ինքն էլ զգաց, թե որքան խեղճ ստացվեց իր ժպիտը:
Իսկ զինվորն արդեն բացում էր խցիկի դուռը:
– Ինչի՞ չէիր կանգնում,- ձայնի մեջ դեռևս զայրույթի դողն էր:
– Յա՞,- զարմացավ վարորդը,- հա՞յ ես:
– Բա ի՞նչ զահրումար եմ,- խցիկ բարձրացավ ու վարորդի մոտ նստեց նա,- արդեն երեք ժամ է` ձեզ եմ սպասում, ինչի՞ ուշացաք:
– Էրեխեն զոհվեց… Նշանառուն խփեց… ինձ չկպավ… էրեխեն… ուղիղ սրտին էր կպել…- աչքերով վերջին նստարանը ցույց տալով կցկտուր պատմեց,- կարծում էի՝ դարան է, չէի ուզում կանգնել:
– Դիմացի սարին թշնամին է,- վարորդին ընդհատեց զինվորը,- երեկ մի մարդատար են խփել, էսօր առավոտյան` մի զրահամեքենա:
– Որքա՞ն կլինի ոլորանի երկարությունը:
– Մի երեք հարյուր մետր: Կամուրջն է, հետո ճանապարհի նշանառության տակ եղած հատվածը: Քիչ է, բայց հերիք է ավտոբուս խփելու համար: Էս էրկու օրն են թառել սարի վրա:
«Բա ո՞նց կլինի»,- աչքերով հարցրեց վարորդը:
– Կապվել ենք Ստեփանակերտի հետ: Գիտեն, որ էրեխեքը պիտի անցնեն: Խոստացել են ժամը վեցին «Գրադով» խփել սարի լանջին: Կխփեն երեք անգամ: Ժամանակը կբավականացնի, որ անցնենք:
Լռեցին: Չէին խոսում նաև երեխաները: Վարորդին երբեմն թվում էր, թե դատարկ ավտոբուս է քշում, և նրա համար այնքան տարօրինակ էր այս լարված լռությունը, որ այլևս ո՛չ ձեռքերի քրտնած մրմռոցն էր զգում, ո՛չ ոտքի ցավը:
– Կանգնի՛ր,- հրամայեց զինվորը:
Դեռ քսան րոպե կար մինչև ժամը վեցը: Լռության մեջ վայրկյաններն ասես արկի շիկացած բեկորներ լինեին, որ խրվում էին ուղեղի մեջ ու թշշում: Իրիկնադեմի արևի մեջ թևերը լվանալով երգում էր մատնաչափ մի թռչնակ: Գլուխը կարմիր էր, կտուցի շուրջը, կուրծքն ու պոչը` դեղին: Լարված լռության մեջ անհեթեթ ու անիմաստ էր թվում թռչնակի երգը: Վարորդին թվում էր, թե նա բանական էակ է և ուզում էր նրան կշտամբել ու հայհոյել անհասկացողության համար: Ո՞վ է մեռած երեխայի մոտ երգում և ուրախանում:
– Բա չե՞նք գնում, քեռի,- լռության մեջ զրնգաց Դավթի ձայնը:
Վարորդն սթափվեց: Իջավ խցիկից, բացեց սրահի դուռը, մտավ ներս ու հայացքը վերջին նստարանից փախցնելով, ձայնին կայտառություն տվեց.
– Հենց որ «Գրադը» խփի սարին, շարժվելու ենք: Քշելու եմ ամբողջ արագությամբ: Թաքնվեք նստարանների տակ, ձեզ պինդ պահեք… Չվախենաք, ձեզ մատաղ: Ամեն ինչ լավ ա լինելու: Էգուց էս ժամին Սևանի ափին եք լինելու:
Ոչ ոք չփոխադարձեց նրա ժպիտը: Նրան էին նայում ամեն ինչ տեսած, ամեն բան հասկացող մանկական լուրջ ու քննող աչքերը: Ճնշող ու ծանր էր այդ աչքերին նայելը: Նա արագ վերադարձավ իր տեղը և ղեկը գրկելով՝ աչքերը հառեց անտառապատ լանջին: Նախ տեսավ ծառերի իրար խառնվելն ու ցնցումը, հետո ականջին հասավ նրանց ճռինչն ու հեծեծյունը և ապա` պայթյունի ձայնը:
– Քշի, ի՞նչ ես քարացել,- ականջի մեջ գոռաց կողքին նստած զինվորն ու վարորդը սթափվելով, ոտքը դրեց արագության ոտնակին:
Քշում էր` ասես օդի մեջ, հաշվի չառնելով ոչինչ` ո՛չ փոսերը, ո՛չ քարերը, ո՛չ արկերի թշշոցն ու ականջ խլացնող պայթյունը: Քշում էր ու իրենից անկախ մտքի մեջ իրիկնադեմի արևը փառաբանող թռչնակն էր: Տեսնես նա ինչպե՞ս է դիմանում պատերազմի ձայներին ու ավերին, տեսնես այս ձայները նրան վախեցնո՞ւմ են, թե՞ ինքնապաշտպանության բնազդն անում է իրենը…
Այդպես քշեց շուրջ տասնհինգ րոպե:
– Կանգնիր,- հանդարտ ու անշտապ ձեռքը ղեկին դրեց զինվորը,- կանգնիր, ես իջնեմ: Մինչև Ստեփանակերտ ճանապարհն ազատ է: Դիակն օդակայանում կվերցնեն: Ձեզ հաջողություն:
Կանգնեցրեց մեքենան, իջավ, օրորվող քայլերով գնաց, նստեց ճանապարհի եզրին: Նստեց կծկված, ինքնամոռաց, ուժ չունենալով ծխախոտ կպցնելու:
– Քեռի, հո չե՞ս վիրավորվել,- ծնկով վարորդի կողը մշտեց կռնատ, գռուզ մազերով տղան:
Վարորդը բարձրացրեց գլուխը, հավաքեց իրեն:
– Լոխ լավ ա,- ճիգով ժպտաց և աչքերից արցունքի երկու կաթիլ ընկավ գետնին: Պատերազմի տագնապներն ու օրվա տապը կուլ տված ճանապարհի փոշին ագահորեն խմեց տղամարդու ծանր արցունքներն ու… չհագեցավ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։