Սեպտեմբերի 24-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հերթական՝ «Բազմաշավիղ» ֆիլմը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վահագն Մուղնեցյանին:
Երեկոն վարող համերգավար Թագուհի Ղազարյանը ներկայացրեց գրողի կենսագրությունը, գրական, զինվորական գործունեությունը:
Կատարումով հանդես եկավ քանոնահար, հանրապետական մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը: Թ. Ղազարյանն ընթերցեց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի խոսքը, որում արժևորվում էր և՛ ֆիլմաշարը, և՛ Վ. Մուղնեցյանի գրական վաստակը:
Ապա ցուցադրվեց ֆիլմը, որում Վ. Մուղնեցյան գրողի և մարդու մասին ջերմ խոսքեր են ասում նրա վաղեմի ընկերներ Խաչիկ Բալայանը, Արարատ Մահտեսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը և ուրիշներ: Ն. Աթաբեկյանը և Վ. Փիլոյանը համառոտ անդրադարձան Վ. Մուղնեցյանի պոեզիայի և արձակի առանձնահատկություններին:
Ֆիլմում Վ. Մուղնեցյանը խոսում է նախասիրությունների, իր սրտակից ընկեր, երջանկահիշատակ Ռոբերտ Բաղայանի գրական հավատամքի մասին, ասմունքում իր բանաստեղծություններից: Հնչում է հայրենասիրական երգ, որի խոսքերի և երաժշտության հեղինակը Վ. Մուղնեցյանն է:
Ֆիլմին առանձնակի շուք է հաղորդում դերասան Ջիվան Սարգսյանի և Իվան Անտոնյանի ասմունքը Վ. Մուղնեցյանի գործերից:
Ֆիլմի ցուցադրությունից հետո Վ. Մուղնեցյանի մասին գնահատանքի խոսքեր ասաց ՀՀ վաստակավոր լրագրող, Սպիտակի «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը՝ գրողին նվիրելով իր «Երանելի երկիր… Սպիտակ» գիրքը:
Ի. Անտոնյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը, շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին, ֆիլմի ստեղծագործական կազմին՝ օպերատոր Ժորա Վարդանյանին, սցենարի հեղինակ Ռոբերտ Բալայանին, մյուսներին, նաև բոլոր ներկաներին:
Ֆիլմում օգտագործվել է Արամ Խաչատրյանի, Վաչե Հովսեփյանի և այլոց երաժշտությունը:
Մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Վանաձորի պատվավոր քաղաքացի» Վանդոս Ղարագյոզյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նույնպես ջերմ խոսքեր ասացին Վ. Մուղնեցյանի մասին: «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանն անդրադարձավ Վ. Մուղնեցյանի ստեղծագործությունների նորաբանություններին:
Համակուրսեցի Վ. Մուղնեցյանի մասին գնահատանքի խոսքեր ասաց, հուշեր պատմեց արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը Վ. Մուղնեցյանին բնութագրեց որպես ինքնատիպ՝ մուղնեցյանական պոեզիան և արձակն ստեղծող գրողի:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ, բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը նույնպես բարձր գնահատեց Վ. Մուղնեցյանի ստեղծագործությունները՝ նշելով մի շարք կարևոր առանձնահատկություններ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, Արցախի Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), գրողներ, երաժիշտներ, բազմաթիվ մտավորականներ և հյուրեր:
Սեփ. լրտ.
One thought on “Երևանի «Նարեկացի» արվեստի միության դահլիճում ցուցադրվեց «Բազմաշավիղ» ֆիլմը”