ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

Տաք եղանակներին Գևորգյան ճեմարանի գիշերօթիկ դպրոցի աշակերտները երեկոները` քնելուց առաջ, զբոսնում էին վանքի հյուսիսային բակում: Երգչախմբի տղաները սովորաբար այդ ժամերին հավաքվում էին ու երգում: Նրանց հետ էր լինում դպրոցի սան Կոմիտասը: Նա և ճեմարանի նախկին սան Մինաս Ազնավուրյանը, որը, ավարտելով դպրոցը, ծառայում էր որպես վերակացու, խմբի ոգին էին:
Մինաս Ազնավուրյանը հրաշալի ձայն ուներ, վարպետ կատարող էր և ղեկավարում էր երգչախումբը: Նա սիրում էր Կոմիտասին, գնահատում նրա ունակությունները, հաճախ նրան հանձնարարում էր համերգներ կազմակերպել:
Բարձր դասարանի աշակերտներից մեկը` Հմայակ Խուշպուլյանը, վերադառնալով ամառվա արձակուրդից, իր ծննդավայր Տրապիզոնից բերել էր մի ձայնագրություն, որը գրավել էր երգչախմբի տղաներին: Կազմակերպվող երգահանդեսները նրանք միշտ ավարտում էին այդ երգով: Հատկորոշիչն այն էր, որ երգը բառեր չուներ. սկսվում և ավարտվում էր «լո-լո-լո» ձայնախաղով: (Ի դեպ, քրդերը այն նվագում էին սրինգով):
1886-ի ամառային մի երեկո համերգին ներկա Մանուկ Աբեղյանի վրա մեծ տպավորություն է թողնում աշակերտների կատարումը, և նա որոշում է երգի համար տեքստ գրել: Հենց նույն գիշերը ազատ ոտանավորի ձևով գրված տեքստը պատրաստ էր: Նյութ էր դարձրել IX դարի կեսերին սասունցիների` արաբների վրա հարձակման պատմությունը, որը Ծերենցի ներշնչանքի աղբյուրն էր եղել «Երկունք» վեպը գրելիս:
Հետևյալ օրը Աբեղյանը բանաստեղծությունն արտագրում է ձայնանիշերի տակ և հանձնում Ազնավուրյանին: Ոգևորված վերակացուն այն հանձնում է Կոմիտասին` վանքում որպես «ձայնեղ երգիչ» հայտնի Սողոմոն սարկավագին, և պատվիրում սովորել ու սովորեցնել մնացածներին: Երեկոյան խումբը «Լո-լո»-ն արդեն երգում էր բառերով:
Այնուհետև մի քանի բառային փոփոխություններ կատարելով` Կոմիտասը ընկերների միջոցով երգը տարածում է արևմտահայ դպրոցներում: Վարդապետը երգն անվանում է «Սիփանա քաջեր» (Վարշամ Փարսադանյանի վկայությամբ` վերնագրի սկզբնական տարբերակը եղել է «Սեգ Սիփանա սարի վրա»): Ոմանք երգը վերագրել են Գարեգին Սրվանձտյանի գրչին, ոմանք էլ անվանել են քրդական մարշ, հավանաբար այն պատճառով, որ փոփոխակներից մեկի մեջ կային «ցեղ», «ցեղապետ» բառերը:
«Կոմիտասը դաշնակեց այդ երգը,- գրում է Աբեղյանը,- մինչև վերջ էլ մշակում էր դրա դաշնակը` աշխատելով որքան կարելի է կատարյալ դարձնել, որովհետև երևի պատանեկան ժամանակի ազդեցությամբ կազմակերպած խմբական երգեցողությունները միշտ փակում էր իր դաշնակած այդ երգով»:
Զարմանալի դինամիզմ կա «Սիփանա քաջեր» երգում. իր հուշերում գրում է Կոմիտասի ճեմարանական աշակերտ Մեսրովբ Մարանջյանը: Մեծատաղանդ վարդապետը կարողացել է երգով կերպավորել պատերազմը: Քանիցս «…մեզի կը բացատրէր` սկիզբը` զինուորներու մօտենալը, կամացուկ, անաղմուկ` «Լօ՜, լօ՜, լօ՜», համարեա անլսելի»: Հետո` արագացված… Երբ թշնամին արդեն նկատում էր հայ քաջերի գրոհը` ձայները աստիճանաբար ուժեղանում էին, ռիթմերը` արագանում. երգիչները երգում էին լիաթոք շնչելով, որոշ տեղեր` աղաղակելով: Հաջորդում էր սուսերամարտի պատկերը` «հրմշտուքը, զարկերու, հարուածներու շաչիւունը, կոտորածը: Վերջը յոգնած… «Սուրը յագեցած», «Յետ դրին պատեան», և կը վերջանայ հանդէսին ներկայ գտնուողներու խելակորոյս ծափերով…»: Իսկ դահլիճը համերգի ժամանակ. «Ի՜նչ երեսներ. կատարյալ հրեշտակներու դէմքեր, աչքերու այնպիսի՜ արտայայտութիւն երանութեան… Գերման մեր քափելմայստրը, հարբեցող և սխտոր հոտող, անճանաչելի էր. դէմքը բոլորովին փոխուած, նուրբ արտայատութեամբ, համակ լսողութիւն դարձած…»:
Կոմիտասը անընդհատ մշակում ու վերամշակում էր երգը, թվում է` արդեն հասցրել էր կատարելության, սակայն երգչախմբի յուրաքանչյուր փորձից հետո աններդաշնակություն էր նկատում և սկսում դարձյալ վերափոխել: «Եղանակը, ելևէջները և բովանդակությունը պետք է միաձուլված լինեն,- ասում էր նա,- պետք է խիստ կերպով գրավի լսողին, հիացմունք պատճառի, այլապես երգը արժեք չի ունենա»:
Այսպիսի ինքնակերպ, խորիմաստ դիտարկումով էր «ձայնեղ երգիչ» Սողոմոն վարդապետը գնահատում երգի, նրա մեղեդայնության` մարդու վրա ունենալիք ազդեցության ուժը…

ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵՐԶԳԱՅՈՒՆ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գերերևութական լսողություն ունեցող Կոմիտասը փորձերի ժամանակ ետ-ետ էր գնում, հեռվից լսում խմբի երգեցողությունը, ապա հանդարտ, անշտապ քայլերով մոտենում: Նորից էր հեռանում` կատարումը տարածության մեջ լսելու: «Երգում էինք «Ձիգ տու քաշի» երգը,- հիշում է Կոմիտասի աշակերտներից մեկը` Վարշամ Փարսադանյանը,- ես փոխանակ սի բեմոլ երգելու, երգեցի առանց բեմոլի, ձայնի ընդամենը կես տոնի իջեցումով: Չնայած ինքը բավականին հեռու էր կանգնած, իմ այդ ձայնի փոքրիկ տարբերությունը 86 հոգու մեջ զգաց, մոտեցավ ինձ, կամերտոնով դիպավ ուսիս: Ես անմիջապես զգացի իմ սխալը և ուղղեցի…»:
Կոմիտասը մի աներևակայելի հատկություն ևս ուներ. առանց ձայները փորձելու, կատարողների հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո անգամ կռահում էր յուրաքանչյուրի ձայնի տեսակը:
Աղավնի Մեսրոպյանն է պատմում. «…Համազգյաց օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Օր մը Կոմիտաս մեր դպրոց եկավ իր «Գուսան» երգչախումբի համալրման համար աղջկանց ձայները փորձելու: Զարմանքնիս մեծ եղավ, երբ տեսանք, որ հազիվ թե անոնց հետ քանի մը խոսք փոխանակեր էր` արդեն որոշեց անոնց ձայնի տեսակները` առանց երբեք երգել տալու: …Դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներեն մեկը Կոմիտասին ներկայացուց իր դասարանի ձայնեղ աշակերտուհին: Կոմիտաս աշակերտուհիին հետ քանի մը բառ փոխանակելե վերջ` սրամտությամբ մը ըսավ ուսուցչուհիին. «Ուսուցչուհի և աշակերտուհի նույն տեսակի ձայն ունենալնուդ` երկուքդ ալ կարձանագրեմ սոպրանոներու խմբի մեջ»:
Կենտրոնական վարժարանի ուսանողներով շրջապատված Կոմիտասը յուրաքանչյուրին տված մեկական նոտայի կրկնության ժամանակ կռահում էր` նրանցից ո՛րը Տաճկահայաստանի ո՛ր գավառից է, և նրանց հետ անթերի խոսում էր իրենց հատուկ գավառաբարբառով` պահպանելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը: Այդ պահին նա մե՛կ մշեցի էր, մե՛կ բիթլիսցի, մե՛կ վանեցի, սասունցի կամ այլ գավառացի: Մի քանի ժամում վարժարանի ուսանողներից իր երգչախմբի համար ընտրել էր քառասուն երգչի, որոնց ձայնի տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չեն կրել:
Այդպիսի բծախնդրությամբ ու հետևողականությամբ Վարդապետը վարժարանից վարժարան, դպրոցից դպրոց մտնելով, հավաքագրեց շնորհալի պարմանների ու պարմանուհիների և ստեղծեց 300 հոգիանոց «Գուսան» քառաձայն երգչախումբը, որը կարճ ժամանակաշրջանում հայտնի դարձավ գրեթե ողջ Եվրոպայում: Երգչախմբի գործունեությունը դադարեց 1915-ի ողբերգական դեպքերի պատճառով:

ԱԲՈՎՅԱՆԸ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՈՒՌՔՆ ԷՐ
Կոմիտասը ընթերցասեր էր: Մայրենիին չտիրապետող մանուկը հետագայում զարմացնում էր իր գերազանց լեզվաիմացությամբ ու լեզվամտածողությամբ: Նա շատ լավ գիտեր նաև հայոց պատմությունը: Կարդում էր Խորենացի, Եղիշե, Բուզանդ, Նարեկացի, Աբովյան: Տակավին պատանի Կոմիտասին գերել է Խաչատուր Աբովյանի կերպարը: Ուր էլ գնար, որտեղ էլ ճամփորդեր` Աբովյանի նկարը իր հետ էր: «Սա թանկագին նվեր-հիշատակը ինձ տվավ Խրիմյան Հայրիկը` իր կաթողիկոսյան առաջին օրերուն»,- ասում էր նա: Հետաքրքրվողներին էլ հիշեցնում էր.«Խաչատուր Աբովյանի սա լուսանկարը իմ ամենասիրած իրս է, իմ էության հետ մաս կազմող… Ան իմ ներշնչման աղբյուրն է»:
Աբովյանը դարձել է նրա կուռքը: Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսումնառության շրջանում, երբ կարդացել է «Վերք Հայաստանին», հոգու մեջ այնպիսի ալեկոծություններ են առաջացել, որոնք չեն մոռացվել: «Այդ օրերուն ընկերոջ մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով և սար ու ձոր կտրելով հասանք Քանաքեռ գյուղը` Աբովյանի ծնած ու մեծցած տնակին առջև,- գրում է Կոմիտասը:- …Համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզի… Ոչ ոք տեսանք այնտեղ, բացի քանի մը կտկտացող հավերեն… Այդ օրը, մեր վերադարձին, հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ մենք քրքրեցինք «Վերք»-են մեր հոգվույն մեջ պահված պատկերներու շարանները… և ուխտեցինք` հավետ մնալ հայ ժողովրդի ճշմարիտ զավակ…»:
Պոլսի` Բանկալտիում գտնվող իր տան ընդարձակ հյուրասենյակում Կոմիտասն ուներ ապակեծածկ պահարան, որն անվանել էր «նվիրական անկյուն»: Այնտեղ պահում, գուրգուրանքով պահպանում էր զանազան առիթներով նվեր-հիշատակները` հազվագյուտ գրքեր, կաշվե նուրբ գրքակալներ ու ձեռագրեր, ճաշակավոր մի թանաքաման, ոսկյա ու արծաթյա գրիչներ, սուրճի նկարազարդ բաժակներ, վենետիկյան հախճապակյա ծաղկամաններ, ասեղնագործ ծածկոց, սփռոց ու թաշկինակներ, Երուսաղեմի սադափյա մի համրիչ, ալբոմներ, որոնց մեջ` հայ և օտարազգի գրողների, երաժիշտների, գեղանկարիչների, դերասանների, ուսուցիչների ու բարեկամների լուսանկարներ` հիմնականում մակագրված նվիրատուների կողմից: Իրեն նվիրած կանաչ, թավշապատ, շքեղ ալբոմի մեջ առանձնակի սիրով պահում էր Խրիմյան Հայրիկի, Խաչատուր Աբովյանի, Վարդան Մամիկոնյանի, Գևորգյան ճեմարանի, Կ. Պոլսի, այլ երկրներում ու քաղաքներում իր երգչախմբերի, նաև առանձին սաների հետ լուսանկարները: Պահարանում, ծաղկազարդ պնակի մեջ կային նաև այցետոմսեր, բացիկներ, այլ իրեր: Վարդապետը առանձին մի անկյուն էր հատկացրել Լոնդոնից նվեր ստացած Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի շքեղ վերատպությունը, որը դրել էր վենետիկյան հախճապակյա շրջանակի մեջ: Պահարանի վերևում պատից կախված էր Աբովյանի մեծադիր լուսանկարը:
– Երբ ուշի-ուշով դիտում էի լուսանկարը,- հիշում է Աղավնի Մեսրոպյանը,- գովելով իմ հետաքրքրությունս` մեծ երգիչն ըսավ. «Ուրեմն` աս օրվընե վերջ ա՛լ երբեք չմոռնաս, որ մեծանուն Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երաժշտությունը հետազոտող երգիչ-երաժիշտ եղած է»:*
Կոմիտասը ծաղիկներ շատ էր սիրում: Նրա հյուրասենյակում մշտապես բուրում էին վարդն ու շուշանը, մեխակն ու մանուշակը, անմոռուկն ու երիցուկը: Անխախտ սովորություն ուներ նա. մշտապես թարմացնում էր Աբովյանի և «Մոնա Լիզայի» նկարների կողքին դրված վարդափնջերը:
Մի առիթով էլ ասել է. «Ես կզգամ, որ մահս երջանիկ պիտի ըլլա… Գերեզմանես անպակաս պիտի ըլլան իմ սիրած ծաղիկներս»:
———————————
* Դերենիկ Դեմիրճյանը վկայում է, որ Խաչատուր Աբովյանը նաև տաղանդավոր կիթառահար է եղել:

One thought on “ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։