Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ջերմ մթնոլորտում կայացավ շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Մայր հայրենիք» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների նոր ժողովածուն մայրական սիրո, մայր բնության, մայր հայրենիքի մասին է:
Պատմության ֆակուլտետի շնորհալի ուսանողուհիները բանաստեղծություններ ասմունքեցին «Մայր հայրենիք» գրքից: Նոր ժողովածուի գաղափարական, գեղարվեստական արժանիքների մասին իրենց դրվատական կարծիքներն արտահայտեցին պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, գրող-հրատարակիչ Վան Արյանը, պատմաբան, բանաստեղծ Արմեն Կարապետյանը, անվանի գյումրեցի Ռազմիկ Դարբինյանը, «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը և ուրիշներ:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը և մի խումբ ուսանողների նվիրեց իր գրքերից:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ
«Շիրակ» թերթի խմբագրի տեղակալ