ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ներդաշնակության ուժը
բաժանվել է վանդակում Քաոսի:
Հոգին մարմնի պատա՛նդը չէ:
Երեկ մարմինս,
հիշողության ձյունը տնտղելիս,
հանկարծակի ծաղկեց
և սփռեց լույսի թերթիկներ
երազանքներիս շրջապտույտում…
Փողոցի համբույրը հոգի՜ էր թևածող…
Ներդաշնակության ուժը
բաժանվել է վանդակում Քաոսի:
Ո՞վ էր, որ բացեց
մարմնիս վանդակները,
որոնցից թևո՜ւմ են
աղավնիներ հույսի:
Իմ ոտքերի տակ լուսանո՜ւմ է ճանապարհը…
Իմ մեջ հասունանո՜ւմ է հայացքը նռան…
Լռության քարերը
ոգու խորաններ են,
որտեղ մո՛մ է աղոթում
իմ ճանապարհը…
ՍԵՐԸ ԼԵԶՈՒՆ Է ԲՆՈՒԹՅԱՆ
Ճանապարհի բիբը ե՜լքն է տիեզերքի,
ժամանակի կեռից կախվել է հիշատակը,
և, որպես փեթակ տառապանքի,
եռո՜ւմ է օրը, բակը,
ուր թռչկոտում են ճնճղուկները, ծիծեռնակը՝
թառում տողերիս երակների վրա,
Անսահմանի ա՜փն է: Ես անվարա՛ն
գրկում եմ տարածության հույսը, որպես փուչիկ,
լցնում ծաղիկներո՜վ շնչառության… Սերը
լեզո՜ւն է բնության: Բառերն,
առանց հիշողության,
նմա՜ն են նորածին երեխաների:
Բառերն
հեռանո՜ւմ են թիթեռ-թիթեռ՝ թողնելով
շուրթերիս և աստիճաններին վայրկյանների
ներկայությո՛ւնը Ոգու:
Իմ շուրթերից հավաքում է ժամանակը
հիշողությո՜ւնը:
Եվ ճանապարհն իր աչքերն է թարթում
լեռան գագաթի՛ն:
Սերը լեզո՜ւն է բնության ու… տառապանքի:
***
Մի կապույտ, կապույտ, կապույտ մի փուչիկ
լցնելով լույսով,
ծիծաղով,
հույսով
և հայրենի տան կապուտակ ծխով,
ես բաց թողեցի դեպ կապույտ երկինք,
որ պայթի այնտեղ
և իմ հոգու ողջ գեղեցկությունը
պարզի երկնքին,
որպես Նոր տան մեջ պայթած հեռագի՜ր…
***
Դու շա՜տ անմեղ ես, անմեղ ես, իմ սե՛ր,
անմեղ ես, ինչպես ծաղկի շրշյո՜ւնը,
քո անմեղության ժպիտը լուսե
աչքերիդ շողից
իմ աչքերի մեջ
աստղե՜ր կհյուսի…
Դու շա՜տ անմեղ ես, անմեղ ես, իմ սե՛ր,
անմեղ ես, ինչպես լույսի թրթի՜ռը…
Սիրո՜ւմ եմ ես քո անմեղությունը…
ԹԵ
Թե լռության շրթին
շո՜ւնչս է վիրավոր-
թո՛ղ տատմոր պես մոտենա ժամանակը
իմ տառապանքին:
Թե ազատությունը մենախոսող պոետի
հուշարձան է,
քարշ չտա՜նք նրան
հրասայլերի և ջիպերի ետևից:
Թե անունը գետնամած
ստվե՛ր է միայն,
թող հառնի՜ հողից
առասպելը ոգու:
Թե բռնաբարվում է կտավներում երկրի
կուսությունը գույնի,
թո՛ղ մանկությանս փուչիկից կախվի՜
սիրո ճանապարհը:
ՕՐԱԳՐԻ ԷՋԵՐԻՑ
ԺԱՄԱՆԱԿԸ ՓՈՐՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԲԱՌԵՐԻ
Ժամանակը փորում է աչքերը բառերի,
դարձնում… խրամատներ:
¥Հիշողության պարապո՜ւրդ:
Խղճի զոհասեղա՛ն¤:
Սահմանագծերի ափում բուսել է մի ծաղիկ,
որպես ավետի՜ս:
ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆԷԱՆՈՒՄ ԵՆ
Կյանքի սահմաններն անէանում են,
որպես փուչիկներ,
թե՞… որպես ցավի ու տառապանքի
խոլ հետագծեր…
ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՆԳՑՆՈՒՄ Է ԼԱՊՏԵՐԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ
Ժամանակը հանգցնում է լապտերը տարածության,
որպես բի՛բը խղճի:
Վառվում է միտքը,
որպես հույսի՜ մոմ:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ ՏՈՂԸ
Այս անգամ էլ կողմնորոշվեց տողը
բառերի ներքին ուղեցույցով:
Հիշողության քարտեզից բուսե՜լ է
մի ծաղիկ:
Բևեռների բռունցքը:
ԿՈՃԿՎԱԾ ԼՌՈՒԹՅԱՆ ԲԱՃԿՈՆԻՑ
Կոճկված լռության բաճկոնից
հանում եմ ներշնչանքի աղավնիներին
և թռցնո՜ւմ երկինք…
Կապույտը դառնում է Հույսի՜ ավազան:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻՆ ՀՊՎՈՂ ՄԱՏԸ
Հիշողության քարտեզին հպվող մատը
արևի ճառագայթն է:
Անհայտի պատուհաններում ակունքվո՜ւմ է
լույսը ներշնչանքի.
Ապագայի ճի՜չը:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓԵՏՈՒՐՈՎ
ՈՉ ԹԵ ԳՐՈՒՄ
Այս անգամ փետուրով ոչ թե գրում,
այլ ավլո՜ւմ եմ
զոհասեղանը գագաթների:
Իմ քայլերից բխող վարդե՜ր են պահերը…
ԽԱՉՔԱՐԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՕՐՈՐՎՈՂ ԲԱՐՈՒՐԸ
Խաչքարի ձեռքերում օրորվող բարուրը
իմ ժամանա՛կն է:
Ես հանում եմ դեմքս
խորքից ճանապարհի,
որպես բիբլիական ցողո՜ւնն Անսահմանի:
ՈԳՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՋՐՎԵԺՆԵՐՈՒՄ
Ոգու ժամանակի ջրվեժներում
հոսում են տողերը,
որպես ձկներ…
Երջանկության թարթիչների վրա
թրթռո՜ւմ է լույսն իմ արմատների:
ԱՀԱ ԴՈՒՌԸ ՊՈԵԶԻԱՅԻ
Ահա դուռը պոեզիայի…
Տեսիլաժա՜մ է դեմքը բանաստեղծի:
Եվ բառարանի շրջանակը ճեղքում է
շնչառությունը տիեզերքի:
Բացվում է աներևույթ ձեռքը ճանապարհի.
ափի մեջ ծաղկո՜ւմ է
աստղը…
ԾԽՈՒՄ ԵՄ ՀՈՒՇԵՐԻՍ ԱԾՈՒԽԸ ԿԱՐՄԻՐ
Ծխում եմ հուշերիս ածուխը կարմիր,
և հոգուս խորքից բարձրանո՜ւմ է վեր
ցավերիս լույսը-
հրեշտակի՜ թև…
ՈԽԻ ԽԱՎԱՐԸ ԲԵԿՈՒՄ ԵՄ
Ոխի խավարը բեկում եմ
սուսերով լույսի:
Մի կարմիր ճիչ կա
արմատներում ոգու:
Անհայտի ցողունով բարձրանո՜ւմ է
տեսիլաժամը:
Դե՛մքը բանաստեղծի:
ԲՈՂԲՈՋԻ ՄԵՋ ՇՈՂՈՒՄ Է ԲԻԲԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ
Բողբոջի մեջ շողո՜ւմ է բիբը ճանապարհի,
որից ըմպում է ճյուղը խորհո՜ւրդը տիեզերքի:
Ես կանգնել եմ ծառի և անհունի միջև
և լսո՜ւմ եմ պատարագը լեռնապարերի:
ԵՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈԳՈՒՑ
Եվ դուրս են թռչում ճանապարհի ոգուց
աչքերն իմ մանկության,
որպես պատարագի մոմե՜ր:
Ես նայում եմ իմ խորքը,
և Անհունի հայացքը լուսավորո՜ւմ է
իմ գոյությունը:
ԱՊԱԳԱՅԻ ՃԻՉՈՎ
Ապագայի ճիչով
բացահայտվո՜ւմ է դեմքը քաղաքի,
որպես հիշողության տող,
շե՛մը Ազատության:
Եվ Անսահմանի պատուհաններում
ակունքվո՜ւմ է մի վարդ:
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱԽՏԸ
Բանաստեղծի բախտը
մի ստորակետ է,
որ փնտրում է իր հավիտենակա՜ն տեղը
կյանքի և մահվան միջև…
ԵՎ ԱՄԵՆ ՎԵՐՋԱԿԵՏ
Եվ ամեն վերջակետ
Ազատության շե՜մն է,
աչքե՛րը աստանդական Կատվի….
ՏԵՆԴ
Կարոտս տե՜նդ է, կարոտս՝ անո՛ւն,
Ոչ թե օթևան կամ փրկարար ձայն,-
Եվ տառապանքի ծո՜ւխն է բարձրանում,
Մոտենո՞ւմ ես, թե հեռանո՜ւմ անդարձ:
Մոտենո՞ւմ ես, թե հեռանո՜ւմ անդարձ:
Դու որպես երակ բաբախո՜ւմ ես դեռ,
Որպես ճանապարհ՝ ունես հեռվի կա՜նչ,
Եվ խցանվո՜ւմ ես… կրքերի փոշով:
Կարոտս տե՜նդ է, կարոտս՝ անո՛ւն,
Ոչ թե օթևան կամ փրկարա՜ր ձայն…
Մի ձեռք հավաքում անորոշության
Մրմուռ-մոխիրը, փռում է դարձյալ
Գալիք իղձերի ուսերի՛ վրա…
Եվ խարխափա՜նք է ծեսն ամենօրյա…
Անպայման ԱՆՍՈՎՈՐ մի բան ասելու ՃԻԳԸ թույլ չի տալիս, որ ասելիքը հստականա և գրողն արտահայտի իրեն: