Հայ ժողովրդի անկախությունը, անկախ պետականության ստեղծումը՝ նպատակ

Հունիսի 14-ին Հայաստանի գրողների միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Ազգային գրադարանի հետ համատեղ Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, հանգամանորեն ներկայացնելով Ա. Ահարոնյանի կենսագրությունը, անդրադարձավ այն իրադարձություններին, որոնք ի վերջո նրան կանգնեցրել են առաջին հանրապետության, հայկական անկախ պետականության ստեղծման ակունքների մոտ և դարձրել ամենաակտիվ գործիչներից: «Նա այն մտածող, գրող գործիչներից էր, որ շատ լավ հասկանալով ժողովուրդների, մարդկանց հոգեբանությունը` աշխատում էր միասնության բերել հայ ժողովրդին, լուծել բոլոր հակասությունները, հանդուրժողականություն սերմանել: Նրա նպատակը հայ ժողովրդի անկախությունն էր, անկախ պետականության ստեղծումը»: Ներկայացնելով նրա բազմաժանր գրականությունը՝ բանաստեղծություն, պատմվածք, վեպ, վիպակ, հուշագրություն, Պ. Դեմիրճյանը Ա. Ահարոնյանին համարեց սփյուռքահայ հուշագրական, ինքնակենսագրական արձակի հիմնադիրներից: Նրա համոզմամբ՝ Ահարոնյանի գնահատությունը նոր է սկսվել, քանի որ նրա մեծությունը որպես գրող, մտածող, ազգային-քաղաքական գործիչ դեռևս մեր ժողորդի բոլոր շերտերի գիտակցության մեջ ամրագրված չէ:
Գրաքննադատ, թարգմանիչ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը «Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» գրքի երևանյան վերահրատարակության առիթով» զեկուցման մեջ փորձեց բացատրել, թե ինչու գրվեց այս գիրքը և ինչով է այն կարևոր: «Մուրճ» ամսագրում պարբերաբար ծածկանունով լույս տեսնող նամակներում Ահարոնյանը պատմում է բանաստեղծական երկիր Շվեյցարիայի կյանքի մանրամասները: Ա. Թոփչյանը տեղեկացրեց, որ Ավետիս Ահարոնյանը Լոզանում ուսանելիս, որպես ապագա պետական գործիչ, խորապես ուսումնասիրում էր այդ դրախտային երկրի կայացումը դարերի միջով, նրա վարչական կառուցվածքը, տնտեսությունը, շվեյցարացու ազգային նկարագրի ձևավորումը, համայնքները, բանակը, այդ երկրի գյուղն ու գյուղացուն` ճանապարհորդելով այդ երկրի ներսում, ապրելով գյուղերում, գյուղացիների հետ զրուցելով: «Նա ոչ միայն սիրահարված է այդ երկրին, այլև դիտում է Շվեյցարիան որպես մոդել իր երկիրը վերակառուցելու համար: Շատ դժվար է լինելու Ավետիս Ահարոնյան կոչված շղթան վերականգնել մեր օրերում»,-ամփոփեց բանախոսը:
Ցերեկույթի ընթացքում Ա. Ահարոնյանի բանաստեղծություններից ներկայացրեց Գայանե Սամվելյանը, ինչպես նաև հնչեցին Շահում Ղազարյանի կատարմամբ:
Սեփ. լր.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։