Հավանայի արվարձանում, որտեղ գտնվում է Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանը, նախապատրաստական աշխատանքները օր-օրի մեծ թափ են ստանում, ԱՄՆ-ից արդեն տեղ են հասել առաջին բեռները:
Ամերիկյան հիմնադրամներից մեկի՝ կարճ ժամանակում հավաքած համարյա մեկ միլիոն դոլարը նախատեսված է ներկայանալի վիճակի բերելու այն տունը, որը թեև Ազատության կղզի ժամանած տուրիստների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, սակայն վերջին շրջանում անմխիթար վիճակում է: Այնինչ այս տանն է ծերուկ Հեմը գրել «Ծերունին և ծովը», «Ում համար են ղողանջում զանգերը» և այլ, համաշխարհային ճանաչման արժանացած ստեղծագործություններ:
Պատճառները, թե ինչու են ամերիկյան ֆինանսիստները այդպես բուռն աջակցել այդ ակցիային՝ հասկանալի են: Գլխավոր պատճառը երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացումն է:
1960 թ. գրողը վերադարձել է ԱՄՆ, բայց Հավանայի արվարձանում գտնվող տանը մնացել են Հեմինգուեյին պատկանող բազմաթիվ եզակի փաստաթղթեր, այդ թվում՝ մոտ 10 հազար նամակ, ստեղծագործությունների սևագրեր և լուսանկարների վիթխարի հավաքածու: Փաստաթղթերից շատերը վերականգնման կարիք ունեն, քանի որ պահվել են ոչ բարվոք պայմաններում: