Թամար ՇԱՇՄԵԼԱՇՎԻԼԻ

Զատիկ
Ետ քաշված վարագույրի ետևից,
ինչպես Մարիամի
շղարշի միջով,
արևի շողերն էին
թափանցում.
տրտում լույս թողնում
հայելու վրա,
նկարների,
ծաղիկների վրա կակտուսի…
Մատները շրշյունով
Նոր Կտակարանն էին
թերթում,
ձգվում էր երգեցողությունը
կեռնեխի…
Ձեռքերի ափերին
աստղեր էին
հայտնվում…

***
Միայնակ է
իմ հոգին-
ծալված մի հովհար…

Որտեղ ինձ ամպը կորդեգրի
Ինչպես երազը գարունի,
ինձ ճակատագիր քեզ եմ համարում
և մշուշային սիրամարգի պես
քեզ կսպասեմ ես երկնակամարում…
Կյանքի մարգագետնի եզրին.
արևի ճառագայթների տակ,
որտեղ ես ամպը կորդեգրեմ,-
այնտեղ էլ արցունքիս
տունն է անհատակ:

Սրտիս դռնակը մնաց բաց
Սրտիս դռնակը մնացել է բաց,
Ծածկեցի երկինքն աստղանկար…
Սե՜ր իմ, թեկուզև ուշացած,
Քամու հոգին ինձ որոնելու տար:

Մի՛ նայիր կասկածով, օ՜ր պայծառ,
Այդ հոգին դեպի՝ միասին գնանք…
Դու՝ աղոթասաց երազանքի ծառ,
Արցունքամորս տեղը իմանամ:

***
Սիղնախյան ճեփ-ճերմակ
առեղծվածն
արևի երգեհոնային
երաժշտությունն է,-
երգելով լուսավոր
ձյունը,
երբեմնի սիրում էիր
ցավերդ թեթևացնել…
Աստծո ողորմությամբ
ննջում էր սոճին,
ինչ-որ տեղ
աստղեր էին ծնվում…

***
Միմյանց են նայում
Հյուրանոց Սաքարթվելոն
և հնդկա-չինական
ոեստորանը.
ունայնության
երկու փայլատակում՝
երազայինի և իրականի,
րոպեն ու վայրկյանն
այս աշխարհի,
ասես սգավոր օրն
ու ծաղիկները մորենու,
ժամանակի մելամաղձում
միայնակ մնացած…

***
Տեսնում եմ՝ սարսափելի սևեռումս
ինձ է սպանում,
քանի՜ անգամ է
քեզ ոտնատակ են անում…
որթի պես խաղողի
հնամյա հայրենիքիս
լույս ճառագայթող…
մի վանք է մթամած հեռվում երևում.
աչքերը՝ կուրացած,
լուսացող գիշերների ետևում,-
թռչնի պես կմնաս
հաճարենու ճյուղին այն,
ի՜մ արցունքահատ,
փրկիչ՝ անորոշ բանաստեղծության…

Առ լուսաբացը Մցխեթայի
Սա ավելին է,
քան փորձանքը.
ողբում է հոգին՝
արևին զարմացնելով.
Մցխեթայի լուսաբացին,
երևում է Բեդիան՝
ծանր լռությամբ սեղմված…

Սվետիցխովելին
մշուշե կարապ է,
անցկացրած ցրտամեռ ձմեռներ,
այս երկինքն
ինչպե՞ս են համարձակվում բռնել
ձեռքերով
կամ թե չարամտությամբ…

Աբխազիայից ահա մի ամպ է գալիս,-
արևը կորցրած,
սա թախիծն է մանկանց,-
խա՛չ, լեր աստ օգնական ,-
քեզ եմ հիշում, մյուսին,
շորերն արցունքից
թրջված…

Սա ավելին է,
քան թե փորձանքը,
բայց ես
երբեմն-երբեմն
կտոկամ ցավին,
քանզի սա փորձություն է,
բախտ,
Մցխեթայի դարպասների մոտ
ինձ կփրկի Բեդիան,
իր Հիսուսային
ճերմակ դաշտերով…

Թարգմ.` Շանթ Մկրտչյանի
Վրացերենի տողացին`
Մաղվալա Գեուրկովա Սահակյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։