Ծնվել է Տրանսիլվանիայում (Ռումինիա), հունգարահայ ընտանիքում: Գիտությունների թեկնածու է Բուդապեշտի համալսարանում (Հունգարիա): 1996 թ.-ից ապրում է Բուդապեշտում: Նրա ուսումնասիրությունները, ինչպես նաև թեկնածուական թեզը Տրանսիլվանիայի հայության ինքնության մասին են: Գրում է հունգարերենով: Նրա աշխատությունները և ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բուլղարերեն, ռումիներեն և չեխերեն:
Այնուամենայնիվ, հայրս որոշեց, որ ես պիտի վերջինեշա1 լինեմ, գաղտնի ու մորս ցանկությանը հակառակ. կանանց կարծիքը անկարևոր էր ցեղի համար, այնպես որ, նա երբեք չէր համարձակվում բարձրաձայն ասել սրտինը, հայրս ինձ տղայի շորեր էր հագցնում փոքր տարիքից ու շարունակ խոսում երդվյալ կուսության, նրա առավելությունների, կանացի ստրկության մասին, և որ ես կին չէի դառնալու ու տղամարդու և նրա ընտանիքի սեփականությունը ու որպես կին ինքս կարող էի տնօրինել իմ կյանքը: Ասում եմ գաղտնի, որովհետև այն ժամանակ կառավարությունը բացարձակապես դեմ էր երդվյալ կուսությանը, Կանունին2 ընդհանրապես և այն ամենին, ինչ հետևում էր նրանից. արյան վրեժխնդրությունը, նզովքը, և որ զարմանալի է, նույնիսկ ազգային ձեռագործությունը, որ մեզ էր հասել մեր նախատատից և որ հետքն էր հին, թշնամական ռեժիմի, ու հավասարության փոխարեն այն կողմ էր մեկը մյուսի վրա իշխելուն: Բայց մեծ կործանարար էր հայրս. համարյա ամբողջ ժամանակն անց էր կացնում արյան վրեժխնդրության վրա, թավլի ու նարդի խաղալով, թեպետ նա, իհարկե, շատ էր աշխատում, դատապարտում էր ռեժիմը և նույնիսկ աղոթում այն ժամանակ ու հիմա, թեև այն նույնպես արգելված էր. կոմունիստները վտարել էին Աստծուն իմ հայրենիքից ինչ-որ հեռու մի տեղ, ու հիմա նա պատահմամբ գտել էր մեզ այստեղ՝ լեռնագագաթների միջև: Բայց աղոթքը չէր խանգարում հորս ծեծուջարդի ենթարկել ընտանիքը այն ժամանակ ու հիմա, չորս կանանց, որ տրված էին իրեն իբրև փորձություն՝ ինչպես սովոր էր մղկտալ հարբած ժամանակ:
Անցյալ ժամանակով եմ մտածում, որովհետև հուզմունքով եմ հիշում այդ ամենը ու հորս, ում ապտակները երբեք չեմ մոռանա, և ով, լինելով ծայրահեղությունների մարդ՝ մեկ ծեծում էր ընտանիքի անդամներին, մեկ էլ հետո՝ տառապելով խղճի խայթից, փորձում էր խաղաղվել Տիրոջով, երևալով նրան իբրև զոհ, որի ծանր մեղքերը ներողամտության են արժանի և զոհաբերություն անելու համար կտրում էր հացը ընտանիքի բերանից՝ առանց շնորհակալ լինելու մորս՝ խոնարհ, փոքրամարմին, աչքերն՝ ինչպես եղնիկի, որ լուռ կրում էր իր տառապանքը, մեծ քույրերիս, ում այդպես էլ երբեք լավ չճանաչեցի՝ լինելով ուշ երեխա. ժամանակի հետ կարողացա հասկանալ միայն, որ նրանք երկար ժամանակ է, ինչ ամուսնացել են, բայց տղա երեխա լույս աշխարհ չեն բերել, այդ իսկ պատճառով մարդիկ գյուղում սկսել էին շշնջալ, որ Լարիկալա ցեղը անիծված է ու ժամանակի հետ կջնջվի երկրի երեսից – ժամանակ, որ իմ մարդիկ նկատի չունեին՝ կարճ: Լուլեն ու Պուշկեն դարձան ոչ ավելի, քան ծառաներ իրենց ամուսինների տներում. նրանք աշխատում էին գիշեր-ցերեկ, լվանում տղամարդ հյուրերի ոտքերը, մենք նրանց առիթից առիթ էինք տեսնում, արձակուրդների ժամանակ, երբ ամբողջ ցեղն էր հավաքվում կամ էլ ընտանիքի արյան վրեժխնդրության որևէ զոհի թաղմանը, որին մասնակցելը պարտադիր էր ու նույնը վերաբերում է նաև հանգուցյալի համար սգալուն, ով ծաղկուն հասակում էր և ում մահը մեկ այլ վրեժխնդրության սկիզբ էր. այդտեղից է Անիծյալ լեռներ անունը, որի պատճառով իմ հայրենիքի տղամարդիկ կամաց-կամաց վերանում էին:
Մայրս շատ ժամանակ ուներ ինձ համար, երբ ես փոքր աղջիկ էի. նա սովորեցրեց ինձ հին ձեռագործության արվեստը, ինչպես ոլորուն օղակապեր անել, որ սովորել էր իր տատիկից և որոնց միջոցով կարելի էր շատ գեղեցիկ ասեղնագործություններ անել հասարակ մետաքսից ու բեհեզից շորին, մենք նույնիսկ քաշմիրի վրա էինք ասեղնագործում երեկոները՝ քթի տակ օրորոցային երգելով տղա երեխաների համար, մինչ հայրս սովորական տղամարդկային թեմաների շուրջ խոսում էր պանդոկում ու մեծ խանդավառությամբ սեղանի վրա պահում սուր դանակը: Կամաց-կամաց ես ասեղնագործել ու կարել սովորեցի: Մենք աշխատում էինք սեղանի վրայի միակ լամպի լույսի տակ, աչքներս՝ պատուհանին, որովհետև նրանք կարող էին մեզ ցանկացած պահի դուրս տանել ու հարցնել՝ հավատո՞ւմ ենք արդյոք կոմունիզմին: Դու չես կարող խաբել Էնվեր Խոջային, բայց խորամանկությամբ կարող ես գերազանցել նրան, սովոր էր ասել հայրս, իսկ ինչ քեզ է վերաբերում, աղջի՛կ, դու պիտի վերջինեշա լինես, որովհետև իմ հոր ճակատագիրը ցեղի մեջ բաժան-բաժան արվելը չէ: Դու մեր միակ հույսն ես՝ ասում էր նա:
Սկզբում ես չէի հասկանում, թե ի՞նչ է նշանակում լինել երդվյալ կույս, ես դա պարզեցի աստիճանաբար, երբ արդեն տղայի շորերով էի, հետո, երբ բոլորը գյուղում արդեն գիտեին, որ ես երբեք կին չեմ դառնալու: Նրանք խոսում էին ինձ հետ ինչպես տղայի, ու իմ մասին՝ նույնպես, ու երբ ես արդեն երդվել էի, իմ անունը Դարդանայից դարձավ Դարդան, նույնիսկ մայրս ինձ Դանա չէր ասում, միայն երբեմն, գաղտնի, երբ մենակ էինք: Տանը պիտի վարժվեի նոր կեցվածքիս. պիտի ուղիղ պահեի գլուխս, ասես վիզս բռնվել էր հանկարծակի, ասես պիտի ամեն պահի պատրաստ լինեի դեմ առ դեմ ելնելու սարսափելի մի կատաղած ցուլի, առաջին օրը նույնիսկ ինձ ծխախոտի տուփ տվեցին ռակիի հետ, որը ես պիտի կուլ տայի միանգամից, ու այն դեպքում, երբ դա առաջին անգամն էր իմ կյանքում, որ ռակի էի խմում. աղջիկները ոգելից խմիչք չէին խմում, բայց երբ խմեցի ու տհաճություն զգացի, ասես լեզուս վառվեր կրակից, ասես շնչահեղձվեի մի քանի րոպե կամ ինձ այդպես թվաց, երբ մի մարդ բարձր սկսեց ծիծաղել պանդոկում, ու ես դուրս վազեցի դարպասից ՝ փորձելով արցունքներս զսպել, բայց անկարող էի:
Ավելի ուշ վարժվեցի ծխախոտին, բայց ոչ երբեք ռակիին ու զենքի ծանրությանը ուսիս ու շատ այլ բաների, որոնք եկան այդ կուսության հետ, որովհետև ես կամաց-կամաց վարժվում էի տղայական գործերի, քլունգով քարերից փոքրիկ հողակտորն էի մաքրում, որ մեր ընտանիքը ուներ, ու դուրս էի տանում դարպասից, խիտ դարսելով միմյանց վրա, ասես պարիսպ սարքեի, որովհետև մեզանում ընդունված էր հնարավոր հարձակումների դեմ նախազգուշական միջոցներ ձեռնարկել, բահով փորում էի հողը, ցորեն ցանում ու չոր խոտ հավաքում՝ ձմռանը անասունների համար: Այնուամենայնիվ, թողնելով կանացի ճակատագիրը, ինչ-որ կերպ ազատ էի, թեև այդ ազատությունը իմ ընտրությունը չէր, հայրս էր բաժին հանել ինձ: Մյուս կողմից, ես լավ բաների էլ վարժվեցի. կիրակի օրերը կարող էի կարդալ հասարակության համար, երբևէ չէի կարող պատկերացնել՝ բոլորի առաջ ու շաբաթվա ընթացքում, երեկոները նույնպես, երբ մթնում էր, ու ես չէի աշխատում, իրականում, ցանկացած ժամանակ, թեև ընդունված էր, որ կանայք պիտի հետևի սենյակ քաշվեին, խոհանոցում լինեին կամ էլ երեխաների մոտ, բայց կինը չէր կարող խելացի երևալ՝ գիրքը ձեռքին, բավական էր, որ նա գյուղի դպրոցում այբուբենը սովորած լիներ: Մի գիրք կար Տուցլայում, ես այն խոտանոցում գտա, որ պատի ճեղքի մեջ էր՝ խոնավությունից պաշտպանելու համար. երևում է՝ անցյալում մեկը օգտագործել էր պատարագի ժամանակ, հին գիրք էր, փոշու հոտ էր գալիս, բորբոսնած, թրջվել էր շատ անգամ, բայց ես այն հաճույքով էի կարդում, նրանով ես իսկապես կարդալ սովորեցի, բազմաթիվ աշխարհագրական արտահայտություններ ու անուններ իմացա. այդպես Տուցլան դարձավ իմ իմացած միակ քաղաքը, որովհետև մենք երբեք չէինք ճամփորդում, որտեղ ծնվել եմ, ընդունված չէր ճամփորդել, չնայած մեզ համար ճամփորդություն էր, երբ հորս տրամադրությունը լավ էր, ու նա ընտանիքը տանում էր Բայրամի Կոպլիկում. մենք առևտուր չէինք անում, թեև տոնավաճառ էր լինում այնտեղ, ու շատ սիրուն բաներ կային, իսկ աղջիկը զարդեր սիրում էր, չնայած փոքր էր ու քիչ բան գիտեր աշխարհի մասին: Բայց ես կարդում էի նաև դաժան բաներ, որ հայրս տանն էր պահում, թղթեր, որ մեզ էին հասնում լեռներում հազվադեպ, ժամանակ առ ժամանակ: Էնվեր Խոջայի գաղտնի լրտեսների պատճառով մենք Աստվածաշունչը գաղտնի էինք կարդում, այդ պատճառով ես ավելի քիչ աղոթքներ գիտեի, քան անեծքներ:
————————
1 Virgjinesha – ալբաներեն բառ է, այն կույսերի անունը, ովքեր տղայի պես են ապրում:
2 Kanun – կանոն, օրենք. ալբաներեն է:
Թարգմանությունը անգլերենից՝ Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ
One thought on “ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ”