ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 60

 

ԻՆՔՆ ԻՐ ՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ. ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես Պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

 

***

Ես դյուրահավատ չեմ: Այդպես մտածողներից շատերը «մատ» եղան թե՛ դրսում, թե՛ ներսում: Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղինանտեղի թշնամիներ փնտրելգտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե՛ ես, թե՛ բանակը:

 

***

Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերելհասցրել ենք 21րդ դարի շեմին, հիմա էլ նստենքմտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց և մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 19891995 թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես՝ ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ:

 

ՕՐՀՆՅԱԼ ԾՆՈՒՆԴ

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Ի՜նչ փառքով և ի՜նչ դժվարությամբ ենք ասում՝ շնորհավոր հոբելյանդ, Վազգեն Սարգսյան…

Երիտասարդ արձակագիրը Դավալուից հայտնվեց գրական միջավայրում՝ իր զինաթափող ժպիտով, պինդ, անսայթաք գրիչով և իրենց գյուղի թունդ գինով, որով օծվեց գրական զվարթ ընկերությունը, ու նա ընկալվեց վաղուց հարազատ ու շնորհալի:

Առաջին գիրքը՝ «Հացի փորձությունը»: Գնահատվեց: Կյանքի խոր ըմբռնում, կոշտ գիր: Հացը նրա էության տաք ու կենսաթրթիռ բնութագիրն էր, փորձությունը՝ ճակատագիրը՝ իր մեջ ներառած ֆուտբոլի կախարդական մագնիսը, գրի մոգական ագնին, զենքի հանդեպ ազգային, պատմական ձգողականությունը:

Եվ ժամանակը սրընթաց վազքով, Արցախական դղիրդով ձուլվեց Վազգենի հուժկու մկանունքին ու պայծառ հոգուն, թռավ օդ, իջավ հողին այնքան արագ, որ փլված ԽՍՀՄի, անկախացած Հայաստանի սրտագրի նման զգայուն ժամանակը չհասցրեց գրի առնել՝ սահմանային կռիվներն ու կազմավորվող երկրապահն ու Հայոց բանակը ցնծության ու կսկիծի, նահանջի ու խոյանքի, հպարտության ու մահապարտության հոգի ցնցող զանգահարությամբ էին արթուն և զգաստ պահում, մինչև Հաղթակամարի կառուցում, Եռաբլուրի արծվահայաց հսկումի ներքո:

Ինչքան մոտեցան իրար մեր Վազգենի գելխեղդ ծիծաղն ու մորմոքուն լռությունը, ուրախության ու կորստի արցունքները:

Բանակաշինություն, պետնախարար, Պաշտպանության նախարար, ռազմական, քաղաքական ու պետական գործիչ: Իմ ճանաչած ամենակազմակերպված ու ժողովրդական ոգին ըմբռնած, արագ վերընթացի էակն էր, ծնված այստեղ և հիմա, ճիշտ տեղում, մեծ նպատակի նշանով ու ջանասիրությամբ: Միասնության դաշինք: Ծաղկած ծիրանենու խորապատկերին՝ ինքն ու Կարեն Դեմիրճյանը:

Վարչապետ: Սեպտեմբերի 21, զինվորական շքերթ: Քափքրտինք մտած զօր ու գիշեր քննարկումներ, ծրագրեր և… Նրա հանդեպ թշնամության ու սպառնալիքի բացահայտ խոսք ու վեճ սրճարաններում, այլուրեք: Ոչ մի քայլ անվտանգությունն ապահովող պատկան մարմինների կողմից: Ամերիկայից վերադառնալուց հետո նա մռայլ էր, երկրի կոռուպցիայի պատկերն էին դրել դեմը: Նա իր բնույթին հարիր՝ կառավարության նիստում, այլ տիրույթներում ճակատներին մեխում էր ճշմարտությունը, դառը, ցավալի ու… Մերկ բռունցքով զարկում էր մեխի սուր ծայրին: Պատասխանը չուշացավ. գլխատվեց դաշինքը՝ Ազգային ժողովի դահլիճում, օրը ցերեկով:

Սա ողբերգության հետ ծաղր էր մեր ժողովրդի դեմքին՝ դրսից ու ներսից գծագրված, մինչ այժմ ո՛չ դրսինն է պարզորոշ, ո՛չ ներսի կազմակերպիչներն են բացահայտված ու դատապարտված:

20 տարի առանց Վազգեն Սարգսյանի և քսան տարի նրա հետ և միշտ նրա հետ, քանզի մեր ժողովուրդը միասնանալու խնդիր ունի, ուժեղ երկիր լինելու վճիռ ունի, մեր երկիրը ինքնավստահ ընթանալու կամք ունի, աշխարհի ուժեղների հետ բացճակատ խոսելու և իր ճշմարտությունը հասու դարձնելու խոհեմություն ունի…

Օրհնյալ լինի ծնունդդ, Զավեն հոր և Գրետա մոր զավակ Վազգեն…

Շնորհավոր 60ամյակդ, սպարապետ Վազգեն Սարգսյան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։