ԵՐԲ ԳՏՆՎՈՒՄ Է ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԵՎ ԵՐԲ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ալիս Հովհաննիսյան«Աղի կոմսը» թերևս Այվազյանի ամենահետաքրքիր և հիմնարար գործերից մեկն է, եթե ոչ` ամենաելակետայինը: Հաջորդը «Սինյոր Մարտիրոս»-ն է, հաջորդը՝ «Ավետարան` ըստ Հավլաբարի»-ն: Սրանցում կարելի է գտնել Այվազյանի փիլիսոփայության առանցքը: Հատկապես՝ հավատամքային, հատկապես` դավանանքի առումով: Որ նրա բոլոր հերոսները` անկախ սեռից, տարիքից, հասարակական դիրքից, ազգային պատկանելությունից, բարձր կամ թերի մտավոր զարգացածությունից, ճշմարտության մոլի բնախույզներ են` վեր է ամեն կասկածից: Այս առումով, ամենազորեղն ու հետևողականը, իհարկե, Միրզա Ասատուր խանն է «Ավետարան` ըստ Հավլաբար»-ից: Եսային՝ Աղի կոմսը, թեև ունի իր ժամանակաշրջանը` կուռ, գրեթե ամբողջական պատկերով, սակայն նրա տառապանքները, ճակատագիրը դուրս են ժամանակներից ու տարածություններից, քանի որ համամարդկային են բառի քրիստոնեական, նախաքրիստոնեական և հավիտենական իմաստներով: Մենք մարգարեու­թյուններից գիտենք աստվածամարտիկ հրեշտակի կամ Երկրի իշխան, կամ պարզապես Սատանա կոչվածի անդադրում աշխատանքի մասին և բազում նախազգուշացումների՝ նրա որոգայթից: Աղի կոմս Եսային, մազապուրծ փրկվելով Էրզրումի ջարդերից, դրվեց փորձության մի այլ ոլորտի մեջ: Համոզված էր, որ այստեղ իր կամքի տերն է ինքը, և կամքով, միայն կամքով հնարավոր է հասնել ամեն ինչի: Այսպես էին կարծում Ջեկ Լոնդոնի հերոսները, այսպես էր կարծում Հեմինգուեյը: Նրանք զորավոր կամքով հասան ամենաբարձունքին, որի մասին գուցե չէին էլ երազել, նրանք առաջ անցան աշտարակաշեն բաբելոնացիներից, կառուցեցին իրենց աշտարակը և այնտեղից տեսան երկնքի անսահմանության ահագնությունը, ու երբ այնտեղից նայեցին իրենց առաջ բացված վիհին, հասկացան… Թե ինչ հասկացան, թե ինչը նրանց մղեց ցած նետվելու այդ բարձունքից, այլ հարց է… բայց որ բարձունքը նրանց ունայնություն ներկայացավ, գրեթե պարզ է… Նրանց զգուշացրել էր Սողոմոնը, որ իրենցից հազարավոր տարիներ առաջ էր ցած նայել նույն, գուցեև ավելի բարձր կետից… Իսայ Ակիմիչին սպասում էր նույն անողորմ, անհասկանալիությունների մեջ հաջողու­թյան կայծոռիկներով դեպի մեծ լույսը հրապուրող ուղին: Նա հերոսաբար հաղթահարում էր ամեն ինչ… Եթե Տոլստոյը, Դոստոևսկին, Պաստեռնակը մարդուն փրկելու առաքելությամբ էին առաջնորդվում, և աշխարհացունց եղելություններն էին նրանց ուղենիշներ առաջադրում, ու նրանք հասկանում էին «ամեն ինչ աշխարհովի է» իմաստությունը, ապա նույնպիսի մի խառնակ ժամանակահատվածում՝ նույն Ռուսաստան երկրում ճամփա ելած հայորդին հավակնում էր սանդղամատերից հնարավորինս բարձրին հասնել… Գաղթականի ողորմելի վիճակը շատ անգամ է հանդիպում Այվազյանի երկերում, տեսնում ենք, թե մարդ արարածն իրեն տրված ընտրությունն ինչպես է կարողանում իր ուժերի չափով դեպի մեծ Լույսն օգտագործել… Նրանցից քչերը հասան այն բարձունքին, որին հասավ Իսայ Ակիմիչը… Շատերն ամենաթշվառ վիճակում անգամ կարողացան իրենց սերմը դնել հողմերի մեջ և շարունակվել, իսկ Եսային շատ էր տարվել իր ամենակարողության միֆով: Նրա միամորիկ որդին` Բոգդանը, սխալ նետված սերմ էր, քանի որ հայրը նրան ուզում էր նույն իր գտած ճամփեքի մարդը դարձնել, ավելի մեծ հաղթանակներով հրապուրել` այսպիսով կատարելության իր երազը շարունակական դարձնել, այսինքն` ապահովել իր գոյությունը նաև մահից հետո: Բայց այդպես չեղավ: Կիրքը, որ Եսայու մեջ իշխանության, ամենակարողության խաբկանքով էր հանդես եկել Երկրի իշխանի դրած թակարդում, Բոգդանի մեջ ի հայտ էր եկել նույն Բանսարկուի մյուս ամենաշատ կիրառվող փորձաքարի՝ կնոջ պարագայով: Բերյաշը` այդ անհասկանալի տարերային ուժը տարավ, կորցրեց Բոգդանին: Ընդ որում, Աղասին կարող էր այս պատմությունն առավել դրամատիկ, ողբերգական, նույնիսկ հերոսական դրվագումներով անել, բայց կարճ տևեց Բոգդանի կյանքը, ու շատ արագ վրա հասավ ավարտը… ինչո՞ւ… Քանի որ ի սկզբանե կործանում էր նախատեսված նրա համար: Ուրիշ կլիներ պատկերը, եթե այդ այլակերպ գործընթացից մաքրագործված դուրս գալու հույս լիներ, ինչպես դա եղավ սինյոր Մարտիրոսի, Արմինուսի պարագայում… Եսայու կյանքի գիծն ավելի երկար եղավ… ու թվում էր՝ իրեն տրված հնարավորությունների մեջ նա ավելի մեծ ընտրություն ուներ, և իր ընտրությամբ, բառի բուն իմաստով, ոսկեզօծված կառքը նրան ոչ միայն չհասցրեց զավակին փրկելու փութալիս, այլև խանգարիչ հանգամանք դարձավ… Զուր էր Եսային որդու դժբախտության պատճառը փնտրում Միկիշկայի՝ այդ «փանաքի, թզուկ, գոնջի» մեջ… որ եթե նրա ընկերակցությամբ մեծացած չլիներ` որդին իր նման դյուցազն էր լինելու: Պատճառն ի սկզբանե Լույսի ճանապարհը կորցրած լինելն էր, որ նա ոչ միայն իր, այլև իր սերմի համար անզգուշաբար անտեսել էր…
«Ավետարանում…» ճշմարտության որոնման մի այլ ընտրություն է, երբ Սերը հաղթում է Բանսարկուին, ում լարած որոգայթի մեջ չէր կարող ոտք դնել նա… հաղթեցին ինքը և սերմը…
Ասատուր Միրզա խանը հակառակ կողմից մոտեցավ լույսին: Նրա պատվարժանության աշտարակն արդեն կառուցված էր, երբ Երկրի իշխանը սկսեց փորձության ենթարկել նրան: Ամբողջ Թիֆլիսը ոտքի էր կանգնել նախ Ասատուր խանին Ցեցիլիայի ոստայնից փրկելու, հետո ստին նրան մոտ չթողնելու և հետո արդեն նրա հայտարարած ճշմարտությունն ընդունելու համար: Երբ նրան հենց Ցեցիլիան է ասում, որ Վարդուհին իր աղջիկը չի, իրենից չի, առանց տատանվելու ասում է.«Վարդիկը իմ աղջիկն է», «Ինքը չգիտի»: Այսինքն` «Ասատուր խանը համոզված էր, և բոլորը հասկացան, որ նա մի ուրիշ բան գիտի մանկաբարձի գիտցածից վեր, մարմնի սովորական ու հասարակ օրենքներից այն կողմ»: Մի շատ ավելի կարևոր, շատ ավելի վերին բան, քան սովորական մարդկային հարաբերություններից ծնվելն է: Այստեղ ավելի քան պարզ բացապարզվում է (Աղասու սիրած բառը) նրա հավատամքը, որ ձևավորվեց Ասատուր խանի, ուրեմն և` հեղինակի հավատամքի ընդդիմախոս մեկ այլ հավլաբարցու` Դավթի մեջ. «…և Դավիթը սսկեց ու մտքի մեջ ընկավ: Այդպիսի մտքեր մեկ-մեկ այցելում էին նրան, բայց նա վախենում էր ինքն իրեն հավատալ: Այդ մտքերը իր ծնողների, իր պապերի, իր հեռու նախնիների մասին էին: Եվ բոլոր հավլաբարցիների մեջ կային այդպիսիք: Եվ բոլորը սիրում էին Մեկին, իսկ այդ Մեկը մարդու Որդի էր և իր հարազատն էր: Եվ նրանք սիրով էին ղեկավարվում` գտնելու համար իր Մարդուն: Սերն էր ճշմարտությունը, միակ ապացույցը նրանց արյունակցության»:
Աղասի Այվազյանը մեր ժամանակների մեծագույն խորագիտակն էր, բազմագիտակը, էրուդիտը: Վկայությունը` այն գրադարանը, որը պահպանվում է նրա տանը, պահպանում է տիկին Գրետան, և որը նրա հետագա ուսումնասիրողների համար ուղեցույց է հանդիսանալու… Եվ ահա աշխարհի տարբեր քաղաքներում ու գրքերում իր բազմաթիվ դեգերումներից հետո, ինչպես Արմինուսը, ինչպես Մարտիրոս Երզնկացին, գրեց իր հայտնաբերած ճշմարտություններից ևս մեկը (իսկ դրանք բազմաթիվ են, դրանց հանդիպում ենք նրա ամենամեծ գործերից մինչև մեկ էջանոց էսսեները) և որոնց ելման կետից մինչև նպատակակետը ձգվող ուղին միշտ նոր բան գտնելու, իրենը գտնելու փիլիսոփայական բացապարզումների մի ելևէջ է, որով ընթանալիս մենք չենք կորցնում թելը, հաճույքով գնում ենք նրա ցույց տված ուղղությամբ, ինչպես թիֆլիսյան ցուցանակներով, քանի որ այդ ուղին, որքան էլ անսովոր, որքան էլ դժվարին, մեզ առաջ է տանում մեծ գեղագիտությամբ, որով երբ զինված ես, Երկրի իշխանի աղավաղածը, ստորությունը, գետնաքարշությունն էլ դառնում են ուղենիշներ: «Երկինքն ամպոտ չի լինում,- ասում է Աղասի Այվազյանը,- երկիրն է ամպոտը» («Պլատոնի տեղափոխությունը»): Մենք` Աղասի Այվազյանի հետևորդներս, չե՞նք զլանա փնտրել-գտնել նրա ստացած ազնվածին սերմը, հասկանալ դրա իրական արժեքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։