ԽՈՍՈՂԸ, ԳՐՈՂԸ… / Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արքմենիկ-ՆիկողոսյանԿար ժամանակ, երբ մեր հասարակությունը հայ գրողին մեղադրում էր քաղաքական, այսպես կոչված, պասիվության մեջ` նրանք հրապարակներում ճառեր չէին ասում, իրենց ստեղծագործություններում չէին անդրադառնում նորօրյա քաղաքական վայրիվերումներին, անտարբեր էին իրենց ժողովրդի ճակատագրի հանդեպ… Նույնիսկ եղավ կարծիք, թե` մտավորականներն ու հատկապես գրողներն են մեղավոր, որ Հայաստանում «մարտի 1» եղավ: Դրանից առաջ Հրանտ Մաթևոսյանն էր սահմռկեցնելու չափ ծանր սահմանել` «Հոկտեմբերի 27-ի սցենարը մենք ենք գրել»… Իհարկե, այս ամենին կարելի էր հակադարձել, թե անցել են այն ժամանակները, երբ գրողը ճառում է հարթակներից, տարբեր ամբիոններից, և որ բոլոր բեմերը քաղաքական գործիչներն են զավթել, և որ` գրողն իր հոգևոր լիցքեր կրող, ծանր խոսքը դժվար թե կարողանար ասել մեր հոգեզուրկ և էժանագին ճառերի ժամանակներում (ում էր պետք, կամ լսողն ով էր)… Բայց որ` իր փակ տարածության մեջ, իր ու սպիտակ թղթի անկաշառ հարաբերությունների տարածության մեջ, իր գրի տարածության մեջ նույնպես հայ գրողը, սակավ բացառություններով, մնաց անհաղորդ իր երկրի քաղաքական-հասարակական անցուդարձին, մի տեսակ հարմարվողական դիրք բռնեց, փաստ է: Այլաբանության, խորհրդանիշների լեզվով անդրադարձներ, երբեմն բարձրարժեք գեղարվեստական իրացումներով` շատ կան, ու սա էլ խնդրի ամենազարմանալի կողմն է, որ ընկալման երկու դիտանկյուն է պարտադրում: Առաջինը հարց-հանդիմանանք է` ինչո՞ւ այլաբանորեն պատկերել ի­րականությունը, երբ մենք ազատ ու դեմոկրատական երկրում ենք ապրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է: Երկրորդում` հարց-տագնապ է: Միգուցե մեր երկրում խոսքի ազատությունն այդքա՞ն էլ երաշխավորված չէ, որ գրողները դիմում են այլաբանության լեզվին…
Ինչևէ, այսօր տարբեր սոցիալական կայքերի ու հատկապես facebook-ի լայն ժողովրդականությունը Հայաստանում կատարվող տարաբնույթ իրադարձությունները հրապարակայնորեն քննարկելու, քննադատելու, գովելու, փառաբանելու առիթ է ընձեռում բոլորին, այդ թվում` գրողներին: Երբեմն չափազանց շատ են թեժանում կրքերը, կարծիքներ են բախվում, վիրտուալ հաշվեհարդարներ են տեղի ունենում, «վռազ» մահախոսականներ հնչեցվում… Ու հիմա չենք կարող առաջվա պես ասել, թե գրողն անտարբեր է, ընդհակառակը նույնիսկ: Բայց ցավալի է այն, որ այդ ամենը գրականություն չի դառնում, չի դառնում փոխանցվող խոսք, որ ժամանակների մասին ճշմարտության վավերացման գլխավոր գրավականն է: Սա է, որ ինձ տագնապեցնում է, քանզի եթե նույնիսկ facebook-յան տարածության մեջ հնարավոր է հեղափոխություն ծրագրել, ապա երկիր ու պետություն կայացնելը, առավել ևս այն իբրև ժառանգություն` գալիք սերունդներին հանձնելը քիչ է հավանական, եթե ազգային գրականության մեջ դրա տեսլականը չունես, այդ տեսլականի համար` քո կռիվը չունես: Չմոռանանք` facebook-ը, ի վերջո, վիրտուալ տարածություն է, իսկ հայրենիքը` իրական, շոշափելի գոյություն, մեր միսն ու արյունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։