***
Արժեզրկումների անխնա շրջան էր, երբ հեռացար երկրից։
Արժեզրկումների այդ շրջանը ոչ միայն շարունակվում է, այլև ավելի ու ավելի գարշադեմ է դարձել հիմա, երբ ձեռքդ թափ տվեցիր ու լքեցիր նաև այս աշխարհը։
Հենց լքեցիր, անօգնական շուրջս նայեցի ու մեկ էլ հանկարծ տեսա, որ մենակ եմ մնացել։
Տեսա, որ ոչ ոք չի մնացել մեր տղերքից, որ գլուխս դնեմ ուսին, ասեմ` Վանո ջան, Վանո ջան, ու լաց լինեմ։
Ես գիտեի, որ էլ չես գալու։
Գիտեի, որ էլ չեմ տեսնելու քեզ։
Շատ էի ուզում տեսնել ու պատկերացնել վերադարձդ, բայց չէր տեսնվում, չէր պատկերացվում։
Գիտեի, որ սարից իջնող աղբյուրի ակի մոտ չենք նստելու և հացուպանիր չենք ուտելու։
Զարմանալի բան է, Վանո. եթե ջանք էի թափում, որ վերադարձդ պատկերացնեմ, հենց այդ պատկերն էի տեսնում` նստած ենք շնկշնկան աղբյուրի մոտ, քո ձեռքով ինձ ես տալիս հացուպանիրը և քթիդ տակ Ջիվանի ես դնդնացնում։
Որովհետեւ քեզ լիարժեք, լիաթոք ու երջանիկ` այդ պահերին եմ տեսել։
Չեմ կարողանում ձեռքս ետ տանել ցավի վրայից։
Չգիտեմ` ետ տանեմ ու որտեղ դնեմ։
Ետ տանելու տեղը չեմ գտնում։
………………………………………………..
Անտանելի փոքրացել է աշխարհը ու հո չի ցավեցնում, հո չի ցավեցնում։
…Բայց մենք ցավի սովոր մարդիկ ենք, թասդ բե՛ր, Քանքարավոր Ընկեր։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ
***
Դուռը քո ետևից շրխկոցով փակող, հեռացող էիր։ Ես դա տեսել եմ, երբ 1969 թվականից համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող էինք և ընկեր։
Տեսել եմ, երբ դու իմ հարազատ Սարի թաղում էիր ժամանակավոր կենում։ Տեսել եմ, երբ ընկերական հավաքներում հանկարծ պոռթկում էիր, ու ինչ-որ մեկի հետ վեճը կռվի էր վերածվում։ Տեսել եմ նույն նորակերտ թաղամասում հարևանաբար ապրելու տարիներին, տեսել եմ, երբ տարբեր խմբագրություններում էիր աշխատել ու չէիր հանդուրժել խմբագրական կյանքի միապաղաղությունը, խմբագիրների՝ քեզ օտար պահվածքը։
Այսպես մինչև 88 թիվը, և դու Ղարաբաղյան շարժման մեջ մտար լրիվ պատրաստ գրողի ու ընդվզողի գրավոր ու բանավոր դիպուկությամբ։ Դարձար միտինգների ու թափ հավաքող հայրենական բարձր ալիքի սիրելիներից։
Նորանկախ պետության սյուներից էիր ու բանդաների, տեղական ու միջազգային հեղինակությունների ատելին։ Պաշտոններ եկան ու անցան՝ մի կողմ հրելով քո միանգամից առինքնող, անսպասելի և ուժգին գիրն ու գրիչը (մի օր գրել էիր, թե լուրջ ուսումնասիրել ես հայոց արձակը և հանգել քո ոճին)։ Զարմացա, ախր դու այդպես հանգիստ, գրողա-գիտնականավարի տիտիկ անող չէիր։ Պետական ծանրակշիռ ներկայությունդ ոմանց խանգարում էր, ոմանց՝ օժանդակում, սակայն Անկախության առաջին տարիների տնտեսական, սոցիալական հետևանքների մասին ունես փոքրիկ գրություն, որից մի բան ցցուն հիշվում է. դա լռված գործարանների մռայլ ուրվանկարն է։
Առաջին Արցախյան հերոսական ճակատամարտը վերջնական հաղթանակ համարողներին ու այդ փորձության միջով անցած ծանր կյանքով ապրող մարդկանց դժվար էր համոզել ընկալելու սպասվելիք վտանգներն ու նվաճած հողերը հանձնելը։
Եվ եղավ իշխանափոխություն։ Եվ եղավ դատ ու դատաստանի սպասում, և եղավ պարտադիր վտարանդիություն ու դուռը շրխկոցով փակելու ժամը։
Ձեր կողմերում եղել է մի լեգենդար ղաչաղ Վանիչկա, դու պատմել ես նրա մասին, ու ինձ միշտ թվացել է, թե դու կրում ես նրա ոգին, անունդ էլ խոսում է այդ մասին։
Հետո այն, ինչ դու, որպես Մենակ, գրել ես անցյալի ու քո միանձնության օրերի մասին։
Դու մենակ չէիր, քեզ հետ էր քո անդավաճան գիրը, և կյանքիդ բազում փառավոր ու տանջալից իրողություններից հեռանալուց հետո անվերապահ մնալու է «Կիրակի» և «Ծանր լույս», «Ափսոս էր երեխան» ստեղծագործությունների ներհուն կիրակին ու ամեն ինչից թեթև լույսը և ասելիք, ու հազար ափսոս և՛ երեխան, և՛ Վանո ըմբոստը, գրողը, գործիչն ու մահվան վրա դուռը շրխկոցով փակողը։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
…Սիրադեղյանի պատմվածքները կյանքից են գալիս և ոչ թե երևակայությունից, ոչ թե մտահայեցողական կառուցումների սիրուց: Անհնար է չճանաչել նրա նկարագրած միջավայրը, նրա հերոսներին, չուրախանալ հեղինակի դիտողականությամբ, մարդու նկատմամբ նրա ուշադրությամբ: Առանց այս վերջին հատկության Վ. Սիրադեղյանը որտեղի՞ց նկատեր Թերեզին, որն այնքան միամտաբար ուրախացել էր քաղաք տեղափոխվելով, դժվար ճակատագրի տեր այն կանանց, որոնց նվիրված են «Չոր օգոստոս», «Տղամարդկանց գերին», «Ապրող այրին», «Ողորմի հոգուն Գալուստի» պատմվածքները, «Դուռը» պատմվածքի հերոս Մայիսին: Առօրյա հոգսեր, սովորական, երբեմն գորշ կյանք, անգույն ճակատագիր, բայց Վ. Սիրադեղյանը նայում է նրանց հոգու խորքը, ցույց տալիս նրանց տառապանքները, նրանց կյանքի դրաման, ընդ որում, այս բոլորը շատ հեռու է սենտիմենտալիզմից, խղճահարություն հարուցելու ձգտումից: Պատումի մեջ հեգնանքի երակը բավական ուժեղ է, և սա լավ հակամիջոց է սենտիմենտալիզմի դեմ: Բայց ավելի էական է մի ուրիշ բան: Հեղինակը ձգտում է ճանաչել մարդուն, հասկանալ նրա կյանքի օրենքները, գաղտնիքները, և այս ձգտումը ինքնին խորապես արժեքավոր է. մարդասիրությունը սկսվում է այստեղից: Եվ մարդկային հոգեբանության մեջ թափանցելու, նրա գաղտնիքները ճանաչելու այս միտումը անհարիր է էժան սենտիմենտալիզմին և խղճահարությանը…
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Պատմություններ ծանոթ մարդկանց մասին»
«Սովետական գրականություն»
Թիվ 6, 1984
ՀԱՅՏՆԻ ԱՆՀԵՏԸ…
Կարծես ոչ թե տարիների ընթացքում մեկիկ-մեկիկ տներ էին կառուցվել, այլ նախաստեղծ էր, ծնվել էր միանգամից, սար ու լեռների հետ, դաշտ ու անտառների հետ: Այստեղ ապրող այրերն էլ ճիշտ իրենց գյուղի նման են, և գլխարկները գլխին՝ անպայման ծուռդիր: Գլխարկի ծուռ դրվելու մեջ առանձնահատուկ իմաստ կա. ի ծնե «ծուռ» լինելու, չենթարկվելու, չհանդուրժելու, քաջության, թշնամու և չուզողի առաջ աչք չճպելու, չխոնարհվելու իմաստ… Սա Կոթին է, Վանոյի հայրենյաց գյուղը:
…Տղան ժամանակավրեպ ծնվեց. ո՛չ «յոթնուկ» էր, ո՛չ էլ «իննուկ»: Եվ հրաշք… պարզ երկինքը միանգամից ամպոտեց, և սկսվեցին անձրևն ու ամպրոպը: Այդպիսի հեղեղ ո՛չ տեսել էին, ո՛չ էլ լսել: Տանիքը կաթկթում էր, հողե հատակին շարված աման-չամանին տեղ ու դադար չկար: Ծնամոքրին ու նորամանուկին տեղից տեղ էին տանում՝ փոխելով թրջված կարպետն ու վերմակը:
Երեկոյան կողմ անձրևն ու ամպրոպը ինչպես միանգամից սկսվել էին, այնպես էլ դադարեցին: Նորածնի մոտից չհեռացող հայրը բացեց տան դուռն ու նայեց պարզած երկնքին. «Տե՛ր Աստված, քո կամքն է, բայց իմ կարճ խելքով՝ այս նորաշխարհիկը կա՛մ ախմախ փինաչի է դառնալու, կա՛մ մեծ մարդ»: «Երկնավորը ձայնդ լսի, թող մեծ մարդ դառնա»,- մայրը թոնթորաց երեխայի բարուրը գրկառ:
Սրանք տողեր են հեղինակածս վավերագեղարվեստական պատմվածքից՝ նվիրված Վանո Սիրադեղյանին: Իր «անհայտության» մեջ գտնվելու ժամանակ եմ գրել: Սպասում էի, որ ինքն էլ կարդար, ու հիմա չգիտեմ, թե ինչ գրեմ, ինչից սկսեմ: Իր ծննդավայր Կոթի գյուղին մեզ մոտ «բարդ հասարակություն» են ասում… թերևս բարդ եղավ նաև Վանոյի ապրած կյանքը: Հայրենակիցներ ենք, տարբեր բնակավայրերում էինք ապրում, բայց դեռ մանկուց, հատկապես դպրոցական տարիներից ճանաչում էինք իրար: Երկուսս էլ ոտանավորներ էինք գրում, բայց ես առանձնահատուկ ակնածանքով էի վերաբերվում ինձնից մի երկու տարով մեծ «բանաստեղծին», հատկապես երբ իմանում էի, որ նա նորից հարևան ադրբեջանական գյուղի լամուկների «դաստիարակությամբ» է զբաղվել: Իհարկե, հաջորդ օրը դպրոցում «եղբայրական» հատուկ բաղադրությամբ շիլա էին կերցնում, նույնիսկ ստիպում, որ ամբողջ դասարանը «Շիրակա ստրանա մայա» երգի: Ու ամեն անգամ աճին (մայրը) պիտի ասեր. «Ա՛յ որդի, ի՞նչ գործ ունես էս շների հետ»:
Ուսումն այլ դպրոցում շարունակեց, այլ գյուղում, որտեղից թուրքի աուլները շատ ավելի հեռու էին: Սակայն այստեղ ևս չէր փայլում ո՛չ ճռճռան գնահատականներով ու ո՛չ էլ «օրինակելի» վարքով: Պարտուս էր, սովորում էր էլի ու մի օր էլ, ավարտական վկայականը գրպանում, Այրում կայարանից Երևան մեկնող գնացքի վագոնում էր արդեն: Անիվների միալար զնգոցի միջից շարունակ մոր խոսքերն էին հնչում. «Զենքով զորավորը մի օր զենքից կզարկվի, փողով զորավորին մի ուրիշ զորբա կհոշոտի: Խելքն ու գիտությունն են ամենազորավորը, պիտի սովորես…»:
Մեկ էլ մեր թերթի խմբագրությունում հանդիպեցինք. ես աշխատում էի, իր ուսումնական պրակտիկան էլ մեզ մոտ էին նշանակել: Ի՞նչ «պրակտիկա», մի քանի անգամ երևաց, նստում էր անկյունի սեղանի մոտ, գրպանից հանում կանաչ կազմով աշակերտական տետրն ու բարձրաձայն նոր գրած «ստիխները» կարդում:
Հաջորդ անգամ էլ Երևանում տեսա: Ո՞նց կարելի էր նրան չտեսնել… նախ՝ փարթամ, երկար մորուքը, որ նրան ավանդապահ հրեայի տեսք էր տալիս, ապա կանգնելու շա՜տ ինքնատիպ ձևը. աջ ոտքը նկատելիորեն մի կողմ ու թեք դրած, ձեռքերը թիկունքին, ափերն իրար ագուցած, գլուխը մի քիչ կախ, գլխարկն անպայման կոթիանման՝ անհնազանդ, ծուռդիր… «Կայանատեղին» «Երևան» ռեստորանի մուտքի աջակողմյան մայթն էր: Շուտով մի քանի ծանոթ ընկերներ էին հայտնվում, ապա մի քանի շիշ «Այրում» կամ «Հրազդան» գինի անկյունի սեղանին… Վանոյի զրույցներն աշխարհի մի ծայրից սկսվում, աշխարհի մյուս ծայրին շարունակվում կամ ավարտվում էին. սիրուն աղջիկներից մինչև Քուչակ, Նոստրադամուսից մինչև Ֆրոյդ, ամենախուժան անեկդոտից մինչև «Լինել, թե չլինել»:
Է՛հ, ի՞նչ գրես Վանոյի մասին, երբ ինքն այլևս երկնքում է, երբ նրա արած-չարածը բոլորը կամ գրեթե բոլորը գիտեն, մեկը հանցագործ է ասում, մյուսը՝ քավության նոխազ, երբ մեկը նրան տաղանդավոր գրող է համարում, մեկը՝ «Չալոյի» կամ «Ծիտիկ-ծիտիկի» հեղինակ…
Անտառի մոտ բնակվողները մի այսպիսի խաղ-զվարճանք գիտեն. իջեցնում են կաղնու մեծաճյուղը, հեծնում բոլորով և արձակում քարից կապված պարանը: Ճյուղը նրանց թափով վերև է նետում, և ով ճարպիկ է, ով հասցնում է, կառչում է ավելի վերին, ավելի բարձր ճյուղերից, իսկ մնացածը ինչպես վեր էին թռել, այդպես էլ շրխկոցով գետին են զարկվում… Վերին ճյուղերից կառչածները որպեսզի իրենք էլ չտապալվեն, չէին բռնում ցած գլորվողների ձեռքից…
Ամեն անգամ մտածում եմ. սա խա՞ղ է, թե՞ կյանքի դաժան օրենք… Ո՞վ պիտի կարողանար մնալ արդեն տարուբերվող, ճոճվող, կոտրվող ճյուղին, ո՞վ էր ցած գլորվելու կամ իր փոխարեն ներքև տապալելու կողքինին, որպեսզի ճյուղը դիմանար, պահեր օրը օրին ծանրացող ԲԵՌԸ:
Չգիտեմ, իրշուրջյա հրմշտոցի, քցոցիի մեջ Վանոն տեսա՞վ կողքի թշնամուն… Վճիռն արդեն կայացված էր. նա խանգարում էր ու պետք է հեռանար, թեկուզ աշխարհի ծայրը, միայն թե իրենց կողքին չլիներ, ու նրա կոշտ ու առնական պահվածքի ֆոնին չլղոզվեր իրենց փալասությունը:
Վճիռը կայացված էր, բայց ոչ ոք չէր կարող այդ մասին հայտնել նրան, առավել ևս՝ ստիպել, որ կատարի ծառի ճյուղերին թառած-մնացած գիշատիչների որոշումը: Չէին կարող, բայց բոլորը հայ էին, չէ՞ ու… փոսի վրա, վիհի վրա գորգ գցելն էլ հո կարող էին ու կարող: Իսկ դավադիր գորգի վրա հենց ինքը կանգնեց, առանց կողմնակի ջանքերի… Հազար ու մի ճամփով անցել, բայց նախկին գյուղացին էր մնացել՝ մի քիչ միամիտ, մի քիչ խաբվող, մի քիչ դյուրահավատ ու շա՜տ վստահող: Շրջապատի մարդիկ գիտեին նրա այս «թերությունը», թե կարելի է թերություն կոչել սարերի ու անտառի անաղարտ գրկում մեծացած լեռնականի միամիտ պարզությունը:
Վանոն մի պահ կարծես թե զգաստացավ, զգաց մոտեցող վտանգն ու շպրտեց բոլորի երեսին. «Չկարծեք, թե ձեր քավության նոխազը կդառնամ»: Բայց ուշ էր արդեն: Արդեն իսկ քավության նոխազ էր բոլոր մեղքերի ու սպանությունների հավաքական կրողը… Կա՛մ բոլորով էին կանգնելու ատյանի առաջ, կա՛մ Վանոն պետք է «անհետանար»:
Չգիտեմ, թե ինչպես կհասկացվի կամ կընկալվի գեղարվեստափոխաբերական իմաստով ասածս, սակայն մի բան հաստատ է. 20 տարիներն անգամ նրան գեթ մի օր գեթ մի պահ մոռացնել չտվեցին, ԱՆՀԵՏՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄՆԱԼ, ՔԱՆ ՇԱՏԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲԱԶՈՒՄ ԱՅՐԵՐ, ՔԱՆԶԻ ՈՒԺԵՂ ԷՐ, ՈՒԺ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱՅՆՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԵՐ ՏԱՐՈՒԲԵՐՎՈՂ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ